ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1830-1860-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 

Արեւելյան Հայաստանի գրավումից անմիջապես հետո ռուսական կառավարական շրջաններին եւ հայ գործիչներին զբաղեցնում էր այդ երկրամասերի կարգավիճակի հարցը:
Այս շրջանում ցարական կառավարությունը քննարկում էր Արեւելյան Հայաստանում 80.000 մալոռուս կազակների բնակեցնելու հարցը, որպեսզի ապահովեն սահմանների անվտանգությունը, յուրացնեն նոր տարածքները եւ ավելի ամրապնդեն Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում: 
Այդ նախագծի իրականացումը փոփոխություններ կմտցներ երկրամասի ժողովրդագրական պատկերի մեջ` ի վնաս հայերի: Ի հակադրություն դրա հայ գործիչներից Խաչատուր Լազարյանը ռուսական կառավարությանը ներկայացրեց մի նախագիծ, որով նախատեսվում էր վերականգնել հայկական թագավորությունը Ռուսական կայսրության կազմում: Հայոց թագավորությունը ընդգրկելու էր ռուսական տիրապետության տակ գտնվող բոլոր հայկական պատմական տարածքները` Երեւանի, Նախիջեւանի, Ղարաբաղի, Շաքիի եւ Շամախիի մարզերը: 
Չնայած ցարական իշխանությունները նպատակ չունեին բավարարելու հայ ժողովրդի ազգային բաղձանքները, այնուամենայնիվ նրանք ստիպված էին որոշակի զիջումների գնալ, որպեսզի ավելի չխորացնեն դժգոհությունը Անդրկովկասում միակ հավատարիմ ժողովրդի մեջ: Նման պայմաններում ռուսական կառավարությունը ստիպված էր հրաժարվել իր ծրագրերից եւ փնտրել կառավարման այնպիսի համակարգ, որը որոշ չափով կհամապատասխաներ հայկական ակնկալություններին եւ դեմ չէր լինի ցարիզմի հեռահար քաղաքական նպատակներին: 
1828թ. մարտի 21-ին կայսր Նիկոլայ I-ի հրամանագրով ստեղծվեց Հայկական մարզը, որի մեջ մտան Թուրքմենչայի պայմանագրով Ռուսաստանին անցած Երեւանի, Նախիջեւանի խանությունները, Օրդուբադի գավառը: Նրանից դուրս թողնվեցին արեւելահայկական մյուս տարածքները` Լոռին, Փամբակը, Ղազախը, Շամշադինը, Շիրակը, Ղարաբաղը, Գանձակը, Զանգեզուրը: 
Նորաստեղծ մարզը կառավարելու էր մարզային վարչությունը, որի պետ նշանակվեց գեներալ Ա. Ճավճավաձեն: Մարզային վարչության մեջ մտնում էին երկու ռուս զինվորական, հայ եւ մահմեդական մեկական ներկայացուցիչ: 1830-1838թթ. Հայկական մարզի պետն էր գեներալ Բ. Բեհբութովը, որը զգալի աշխատանք կատարեց մարզում ռուսական օրենքների հաստատման ուղղությամբ: Հայկական մարզի ստեղծումը, փաստորեն, մասնակի զիջում էր հայ ժողովրդի ազգային պետականության վերականգնման ձգտումներին եւ նրա ստեղծումը ժամանակավոր բնույթ էր կրում: 
Ցարիզմին մտահոգում էր Անդրկովկասում միասնական վարչակարգ հաստատելու եւ ընդհանուր օրենքներով երկրամասը կառավարելու հարցը: 1840թ. Անդրկովկասը բաժանվեց երկու վարչական միավորների` Վրացա-իմերեթական նահանգ` Թիֆլիս կենտրոնով եւ Կասպիական մարզ` Շամախի կենտրոնով: 
Վրացա-իմերեթական նահանգի մեջ մտան Թիֆլիսի, Թելավի, Գորիի, Բելոկանի, Քութայիսի, Գուրիայի, Ելիզավետպոլի, Երեւանի, Նախիջեւանի, Ալեքսանդրապոլի, Ախալցխայի գավառները, իսկ Կասպիական մարզի գավառներն էին` Շիրվանը, Ղարաբաղը, Շաքին, Բաքուն, Թալիշը, Դերբենդը եւ Ղուբան: Այսպիսով, 12-ամյա գոյությունից հետո Հայկական մարզը վերացվեց: 
Այս վարչական բաժանումից հետո ցարիզմը տարբեր օրինագծերի միջոցով փորձում էր Անդրկովկասում ամրապնդել իր իշխանությունը եւ երկրամասում ստեղծել տեղական առանձնահատկություններից զուրկ ռուսական վարչակարգ: 
1846թ. Անդրկովկասը ենթարկվեց նոր վարչական բաժանման: Ստեղծվեցին չորս նահանգներ` Թիֆլիսի, Քութայիսի, Շամախու եւ Դերբենդի: Միայն 1849թ. կազմավորվեց Երեւանի նահանգը, որի մեջ ընդգրկվեց նախկին Հայկական մարզի տարածքը: 
Արեւելյան Հայաստանը գրավելուց հետո ցարական կառավարությունը ուշադրությունը սեւեռեց նաեւ Հայ Առաքելական եկեղեցու վրա: Եկեղեցին վճռորոշ դերակատարություն ուներ հայ ժողովրդի կյանքում: Ռուսաստանը լավ էր հասկանում, որ եկեղեցին մեծ դեր կարող էր խաղալ իր արտաքին քաղաքական ծրագրերում, մանավանդ որ Արեւմտյան Հայաստանը Ռուսաստանի հետաքրքրությունների շրջանակում էր գտնվում: Այդ առումով ռուսական կառավարական շրջանակները լավ էին հասկանում, որ անհրաժեշտ է, թեկուզ առերեւույթ, հայոց եկեղեցին պահպանի նախկին դիրքը, միաժամանակ գտնվելով կառավարության համար ընդունելի շրջանակներում: Այդ նկատի առնելով ցարիզմը ձեռնամուխ եղավ հայոց եկեղեցու ներքին կյանքի կարգավորման եւ Ռուսաստանում նրա տեղի, դերի ու նշանակության որոշմանը: 
Թիֆլիսում ստեղծվեց գաղտնի հանձնաժողով, որը պետք է հայոց եկեղեցու ներքին կյանքը սահմանող կանոնադրություն մշակեր: Այդ հանձնաժողովի ներկայացրած նախագծի հիման վրա 1836թ. մարտի 11-ին Նիկոլայ I-ը ստորագրեց «Պոլոժենիե» անունով հայտնի կանոնադրությունը: 
Այն սահմանում էր հայ եկեղեցու կազմակերպական կառուցվածքը, ըստ որի հայ եկեղեցու գլուխ շարունակում էր մնալ կաթողիկոսը, որն ընտրվում էր համազգային ընդհանուր ժողովում: Սակայն ժողովը պետք է ընտրեր երկու թեկնածու եւ ներկայացներ ցարին, որն իր հայեցողությամբ կաթողիկոսական աթոռին պետք է հաստատեր նրանցից մեկին: Ռուսաստանից դուրս ապրող հայերի հետ կաթողիկոսը կապ պահպանելու էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության միջոցով: Կաթողիկոսի իշխանությունը սահմանափակում էր Սինոդը, որը կիսանկախ էր եւ գտնվում էր կառավարության նշանակած պրոկուրորի հսկողության տակ: Փաստորեն, հայ եկեղեցին գրեթե ամբողջությամբ դրվում էր կառավարության հսկողության տակ, սակայն նրանից չէր ստանում նյութական որեւէ օժանդակություն: «Պոլոժենիեն» հայ եկեղեցու դավանանքը հռչակում էր ազատ, իսկ հոգեւորականները ազատվում էին հարկ ու տուրքից: Եկեղեցին կարող էր բացել հայկական դպրոցներ` ծխական, թեմական եւ այլն: Նախատեսվում էր Էջմիածնում ստեղծել հոգեւոր ճեմարան: Փաստորեն, հայ ժողովրդի լուսավորության գործը թողնվում էր եկեղեցու տնօրինության տակ: 
«Պոլոժենիեն» դժգոհությամբ ընդունվեց հայ եկեղեցու, ժողովրդական զանգվածների եւ արեւմտահայության կողմից, քանի որ այն դիտվում էր որպես հայ եկեղեցու դարերով սրբագործված իրավունքներն ու ազգային ավանդույթները սահմանափակող օրենք: 
Ցարիզմի գաղութային քաղաքականության բնորոշ գծերից էր Արեւելյան Հայաստանի բնակեցումը Ռուսաստանից բերված աղանդավորներով, որոնք բնակեցվեցին Թիֆլիս-Ալեքսանդրապոլ ճանապարհին, Սեւանի ավազանում եւ այլ վայրերում: Այդ ռուսաբնակ գյուղերը զբաղեցնում էին լավագույն հողատարածքները եւ կառավարության տված արտոնությունների շնորհիվ շատ արագ բարգավաճեցին: Այս ամենը լուրջ դժգոհություններ էր առաջացնում տեղական բնակչության մոտ: 
Անդրկովկասում իր հենարանն ամրապնդելու նպատակով ցարական կառավարությունն ուժեղացրեց հողատեր-կալվածատերերի դիրքերը: Դրան էր ուղղված 1846թ. դեկտեմբերի 6-ի օրենքը, որով Անդրկովկասի խաները, բեկերը եւ մելիքները ճանաչվեցին հողի ժառանգական սեփականատերեր: 
Սակայն, պետք է նշել, որ Արեւելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նպաստեց երկրի զարգացմանը, թեեւ այն դեռեւս հետամնաց ագրարային երկիր էր եւ բնակչության 90 տոկոսը գյուղացիներ էին: Չնայած ցարիզմի գաղութային քաղաքականությանը արեւելահայությունը Ռուսական կայսրության կազմում զարգացման եւ անվտանգության ավելի իրական երաշխիքներ ստացավ, որը նպաստեց երկրի տնտեսական, հասարակական-քաղաքական, մշակութային կյանքի բնականոն զարգացմանը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets