ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

31.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ: ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Նորաստեղծ Հայաստանի արտաքին դրությունը խիստ ծանր էր: ՀՀ կառավարությունը արտաքին քաղաքականության ասպարեզում որդեգրել էր զգուշավոր քաղաքականություն: Ընդհուպ մինչեւ Թուրքիայի կապիտուլյացիան ՀՀ-ն աշխատեց հավատարիմ մնալ Բաթումի պայմանագրին:
ՀՀ արտաքին դրությունը սկսեց բարելավվել համաշխարհային պատերազմի ավարտից հետո: ՀՀ-ն հարաբերություններ հաստատեց եվրոպական երկրների, առաջին հերթին հաղթող տերությունների հետ: Հայաստանում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները բացեցին Պարսկաստանը, Վրաստանը, Ադրբեջանը: Հայաստանն էլ այս երկրներում ուներ իր դեսպանները: Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Հարավային Ռուսաստանի կառավարությունը ՀՀ-ում ունեին իրենց մշտական ներկայացուցիչները: Մի փոքր ուշ ՀՀ-ն իր ներկայացուցչությունները կամ հյուպատոսարանները ունեցավ այդ երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Եգիպտսում, Եթովպիայում: 1920թ. հունվարին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց Հայաստանի անկախությունը: Ցավոք, հնարավոր չեղավ բարիդրացիական հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ:
Թեեւ ՀՀ կառավարությունն ամեն ջանք գործադրեց գործադրեց հարեւանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար, սակայն այդ ձգտումը չընդունվեց հարեւանների կողմից: Փաստորեն, ընդհուպ մինչեւ կործանումը ՀՀ-ն բարիդրացիական հարաբերություններ ուներ հարեւաններից միայն Պարսկաստանի հետ: Սահմանային-տարածքային խնդիրների եւ քաղաքական հակադիր կողմնորոշումների, ինչպես նաեւ պատմական-քաղաքական իրողությունների պատճառով ՀՀ-ը սուր հակասություններ ուներ Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ:
ՀՀ հարաբերությունները հարթ չէին Վրաստանի հետ: Պատճառը վերջինիս տարածքային նկրտումներն էին պատմական հայկական տարածքների նկատմամբ: Անդրկովկասից թուրքական զորքերի հեռանալուց հետո` 1918թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը եւ Լոռին: 1918թ. դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը: Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված: Դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլուում: Դրանից հետո Վրաստանի մայրաքաղաք տանող ճանապարհը մնացել էր գրեթե անպաշտպան, սակայն Անգլիայի եւ Ֆրանսիայի միջամտությունը, կանխեց հայկական զորքերի առաջխաղացումը: 1918թ. դեկտեմբերի 28-ին կողմերի միջեւ կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին: Ստորագրված ժամանակավոր համաձայնագրով Լոռիում ստեղծվում էր «Չեզոք գոտի»՝ անգլիական զորքերի հսկողությամբ եւ անգլիացի նահանգապետի ղեկավարությամբ, որն ուներ հայ եւ վրացի օգնականներ: Իսկ Ախալքալաքը, չնայած ՀՀ բողոքներին, ժամանակավորապես տրվեց Վրաստանին:
Ադրբեջանի հետ հարաբերությունները եւս սրված էին՝ կապված Արցախի, Նախիջեւանի, Զանգեզուրի եւ այլ հայկական տարածքների նկատմամբ Ադրբեջանի ունեցած հավակնությունների հետ: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի տարածքային նկրտումներին սկզբնապես աջակցում էր Թուրքիան, ապա նրան փոխարինած Անգլիան: Հենց Անգլիայի միջամտությամբ կանխվեց Անդրանիկի զորամասի առաջխաղացումը դեպի Շուշի, որը կարող էր վճռական դեր խաղալ Արցախի հետագա ճակատագրի որոշման հարցում: Ավելին, Անգլիայի թողտվությամբ եւ համաձայնությամբ 1919թ. հունվարին Ադրբեջանը Արցախի եւ Զանգեզուրի նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին: Սակայն, որքան էլ Ադրբեջանը ջանաց Անգլիայի հովանավորությամբ իրեն ենթարկել Արցախը եւ Զանգեզուրը հաջողության չհասավ:
ՀՀ արտաքին դրությունն ավելի բարդացավ 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացումից հետո, երբ Ռուսաստանը ազդարարեց իր վերադարձը տարածաշրջան եւ թիկունք կանգնեց նորահռչակ խորհրդային Ադրբեջանին՝ պաշտպանելով ՀՀ նկատմամբ նրա ունեցած տարածքային պահանջները: Ցավոք, ՀՀ իշխանությունները այդ պատմական պահին ճիշտ չկողմնորոշվեցին ռազմաքաղաքական իրադարձությունների զարգացման հարցում, միանշանակորեն ապավինեցին Արեւմուտքին եւ չկարողացան երկիրը հեռու պահել ավելորդ փորձություններից:
ՀՀ կառավարությանը եւ ամբողջ հայ ժողովրդին հուզող առաջնահերթ խնդիրներից էր Արեւմտյան Հայաստանի տարածքների հարցը: 1919թ. հունվարին Փարիզում սկսված հաշտության վեհաժողովին ներկայացվեց հայկական պահանջների հուշագիր: Ըստ դրա, հայկական պետության մեջ էին մտնելու Արեւելյան, Արեւմտյան Հայաստանները եւ Կիլիկիան: Այսպիսով` ստեղծվելու էր «ծովից ծով» Հայաստանը: Այդ նախագիծը ներկայացրել էին ՀՀ պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը եւ արեւմտահայերի շահերը ներկայացնող Ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարը: Այդ ծրագրին արտաքուստ հավանություն էին տվել Անգլիան եւ ԱՄՆ-ը: 
Սակայն հետագա իրադարձությունները, հատկապես Թուրքիայում սկսված քեմալական շարժումը եւ ԱՄՆ Սենատի կողմից Հայաստանի մանդատի մերժումը, անհնար դարձրին «ծովից ծով» Հայաստան ստեղծելու նախագիծը: 1920թ. ապրիլին Սան Ռեմոյի կոնֆերանսում մեծ տերությունների ղեկավարները քննարկեցին Հայկական հարցը եւ եկան այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությանը կարող էր միացվել միայն Արեւմտյան Հայաստանի մի մասը: Սան Ռեմոյում որոշվեցին այն սահմանները, որոնք արտացոլվեցին Սեւրի պայմանագրում:
1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սեւրում համաշխարհային պատերազմում հաղթած երկրների եւ սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Նրանով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրեւ ազատ եւ անկախ պետություն: Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի եւ Տրապիզոնի նահանգները: ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին էր թողնվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանագծման գործը, որը կատարվեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Հիշյալ նահանգներում Հայաստանը ստանում էր 90.000 կմ2 տարածք՝ դեպի Սեւ ծով ելքով: Հայաստանի տարածքը դառնում էր ավելի քան 160.000 կմ2: 
Սակայն Սեւրի պայմանագրին վիճակված չէր իրականություն դառնալ եւ այն մնաց թղթի վրա: Անհրաժեշտ էր վերագրավել Արեւմտյան Հայաստանի տարածքները, որոնք անցել էին ռազմա-քաղաքական լուրջ գործոնի վերածված քեմալականների հսկողության տակ: Իսկ քեմալականները չեղյալ հայտարարեցին Սեւրի պայմանագիրը՝ շեշտելով, որ անգամ մի թիզ հող չեն զիջելու հայերին: Մեծ տերությունները մտադիր չէին զոհողությունների գնալ Սեւրի պայմանագրի իրագործման համար: Իսկ հայ ժողովուրդը ի զորու չեղավ սեփական ուժերով գործնականացնել այն:
Սեւրի պայմանագիրն ունի բարոյական եւ իրավական մեծ նշանակություն հայ ժողովրդի համար, քանզի նրանով աշխարհի հզոր երկրները եւ նրանց փոքր դաշնակիցները Թուրքիայի հետ ճանաչում էին հայ ժողովրդի իրավունքները իր պատմական հայրենիքի մեծագույն մասի նկատմամբ, ճանաչում էին Միացյալ Հայաստան ունենալու հայության իրավունքը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets