ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ

XIXդ. երկրորդ կեսից հայ ազգային-ազատագրական շարժման բնորոշ կողմերից մեկը դարձավ ֆիդայական-հայդուկային պայքարը: Հայ ազատագրական միտքը, որը դարեր շարունակ ազգային ձգտումների իրագործումը կապել էր արտաքին ուժերի հետ, Բեռլինի կոնգրեսում հանդիպելով «մարդասեր» հորջորջվող արեւմտյան մեծ տերությունների քար անտարբերությանը անտարբերությանը հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ, հանգեց այն եզրակացության, որ Հայկական հարցը կարելի է լուծել միայն զենքի ուժով: Հայերի ազատագրական պայքարի համար ոգեշնչման առարկա էր Օսմանյան կայսրության որոշ քրիստոնյա ժողովուրդների (հույներ, ռումինացիներ, սերբեր եւ այլն) ազգային-ազատագրական պայքարը եւ մեծ պետությունների միջամտությունների շնորհիվ նրանց անկախացումը: 
Մկրտիչ Խրիմյանի «երկաթե շերեփի» գաղափարը հետզհետե տիրապետող դարձավ հայ ազատագրական մտքի մեջ: Ֆիդայական շարժումը պայմանավորված էր նաեւ հայ ժողովրդի ազգային, գրական-մշակութային զարթոնքով: Հայ ժողովրդի մտածողության եւ տրամադրությունների մեջ արմատական փոփոխություններ առաջացրեցին Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը, Մ. Խրիմյանի գրություններն ու քարոզները, Մ. Նալբանդյանի, Ռ.Պատկանյանի, Ղ. Ալիշանի, Րաֆֆու, Ծերենցի եւ այլոց հայրենասիրական ստեղծագործությունները: 
Թուրքական բռնապետության դեմ սկսվեց հայ ժողովրդի ազատագրական շարժման նոր` զինված պայքարի փուլը: Այլ ուղի չկար, քանի որ նախկին կրավորական, սեփական ծանր դրությանը հարմարվելու հաշտվողական պահվածքը, կամ արտաքին ուժերի օգնությանը սպասելու ուղեգիծը տանում էին դեպի ոչնչացում: 
Սակայն ստեղծված պայմաններում անհնար էր համընդհանուր ապստամբություն կազմակերպելը, եւ հայ ժողովուրդը որդեգրեց ֆիդայական կամ հայդուկային պայքարի ուղին: Այսպիսով, հայ ազատագրական պայքարը հիմնականում ստացավ ֆիդայական կռիվների կերպարանք: Ֆիդային թուրքական բռնակալության դեմ պայքարող ժողովրդական վրիժառուն էր, որը տուն եւ ընտանիք թողած նվիրաբերվել էր հայրենիքի ազատագրության սրբազան գործին: Նա իր մեջ մարմնավորում էր ազգի կռվող ոգին, արիությունը, վեհանձնությունը եւ անկոտրում կամքը: 
Ֆիդայիները փոքր խմբեր կազմած զինված պայքար էին մղում թուրք եւ քուրդ հարստահարիչների դեմ, վրեժխնդիր էին լինում նրանց կատարած բռնությունների համար, փորձում էին պաշտպանել հայ գյուղացիների շահերը: Նրանք պատսպարվում էին լեռներում ու անտառներում եւ իշխանությունների անընդմեջ հետապնդումների պատճառով անընդհատ փոխում էին իրենց թաքստոցը: Ֆիդայիները մեծ հեղինակություն ունեին եւ վայելում էին հայ բնակչության սերն ու համակրանքը: 
Ֆիդայական շարժումը առաջ եկավ տարերայնորեն` մահմեդական կեղեքիչների անտանելի հարստահարությունների ու բռնությունների հետեւանքով: Արեւմտյան Հայաստանում` սեփական հայրենիքում հայը փաստորեն հողազուրկ, իրավազուրկ, արհամարհված եւ կեղեքվող տարր էր մահմեդականների լծի տակ: Օսմանյան կայսրությունում ուժեղ էր պետական գաղափարախոսության վերածվող հայատյացությունը: Պետականորեն քաջալերվող կեղեքման, հարստահարման եւ թալանի քաղաքականության հետեւանքով հայ գյուղացիության թշվառությունը հետզհետե ավելի էր մեծանում: Այդ ամենի հետեւանքով աննախադեպ չափեր ընդունեց գաղթը: 
Չնայած տիրող հուսահատ վիճակին, որոշ համարձակ եւ հայրենասեր անհատներ որոշեցին զենքի միջոցով պաշտպանել սեփական իրավունքներն ու արժանապատվությունը, որով սկզբնավորվեց ֆիդայական-հայդուկային շարժումը: Այդ պայքարը սկզբնական շրջանում տարերային, անկազմակերպ բնույթ էր կրում, անհատ ֆիդայիներն ու խմբերը գործում էին առանձին-առանձին, սակայն կուսակցությունների ասպարեզ իջնելուց հետո շարժումը ձեռք բերեց կազմակերպված քաղաքական պայքարի բնույթ: 
Ֆիդային երդվում էր ամբողջությամբ նվիրվել սեփական ժողովրդի պաշտպանության եւ հայրենիքի ազատագրության սրբազան գործին: Նա չուներ տուն եւ ունեցվածք, արգելվում էր ամուսնանալ, աննկատ տեղաշարժվելու նպատակով արգելվում էր ձի ունենալ: Նրանք փաստորեն անմնացորդ նվիրվում էին ազատագրական պայքարին: 
Ֆիդայական շարժումը հետզհետե ծավալվեց ու մեծ թափ ստացավ: Հայ ժողովրդի լավագույն զավակները նվիրվեցին հայրենիքի ազատագրության եւ սեփական ժողովրդի պաշտպանության վեհ գործին: Երզնկայում ու Սեբաստիայում աչքի ընկան Գալուստ Արխանյանի (Մնձուրի Առյուծ), Ռուբեն Շիշմանյանի (Դերսիմի Քեռի), Հովհաննես Մինասյանի (Մինասօղլու), Դանիել Չավուշի հայդուկային խմբերը: Ակտիվ գործունեություն ծավալեցին Արամ Աչըքպաշյանը ու Ժիրայրը (Մարտիրոս Պոյաճյան): Կեսարիա-Սեբաստիա հատվածում գործում էին մեծ եւ փոքր «Չելլո»ներ կոչվող հայդուկային խմբերը: Վասպուրականում, հատկապես Շատախում, աչքի ընկան Չաթոն ու Շերոն: 
Ֆիդայական շարժման ամենանշանավոր կենտրոնները դարձան Սասունը եւ Տարոնը, ուր գործում էին Մարգար վարժապետը (Ամիրյան), Արաբոն (Ստեփանոս Մխիթարյան), Գեւորգ Չավուշը (Ղազարյան), Աղբյուր Սերոբը (Վարդանյան), Սպաղանց Մակարը (Տոնոյան), Հրայր Դժոխքը (Արմենակ Ղազարյան), Անդրանիկը (Օզանյան) եւ այլ հայրենանվեր գործիչներ: Արեւելյան Հայաստանում եւս ստեղծվեցին հայդուկային խմբեր եւ անցան Արեւմտյան Հայաստան: Նրանցից աչքի ընկան Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան), Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), Նիկոլ Դումանը (Նիկողայոս Տեր-Հովհաննիսյան) եւ ուրիշներ: 
Զինված պայքար ծավալելու համար ամենաառաջնահերթը ժողովրդին զինելն էր: Օսմանյան կայսրությունում հայերն իրավունք չունեին զենք ունենալ, եւ բնականաբար չափազանց դժվար խնդիր էր զենք հայթայթելն ու հայ բնակչությանը հասցնելը: Անդրկովկասում ու Պարսկաստանում կազմակերպվում էին զինատար խմբեր, որոնք մեծ դժվարություններ հաղթահարելով անցնում էին արեւմտյան հայաստան (Երկիր): Կարսը, Երեւանը, Սալմաստը, Ուրմիան վերածվեցին կարեւոր հենակետերի: Հատկապես կարեւոր հենակետ դարձավ թուրք-պարսկական սահմանի մոտ գտնվող Ս.Թադեի (Դերիկի) վանքը: 1891թ. Թավրիզում Դաշնակցությունը հիմնեց «Խարիսխ» զինագործական արհեստանոցը: Սակայն ազատագրական պայքարը ղեկավարող կուսակցությունների նյութական անմխիթար վիճակի եւ զինատար ուղիների դժվարանցանելիության հետեւանքով չլուծվեց արեւմտահայությանը բավարար չափով զինելու հարցը: Դա չափազանց բացասական հետեւանքներ ունեցավ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ընթացքի վրա: 
Հայ ազատագրական շարժման ղեկավարների կարծիքով ֆիդայական պայքարը բարենպաստ պայմանների դեպքում վերաճելու էր համընդհանուր ապստամբության, որը պետք է հարկադրեր մեծ տերություններին ճնշում գործադրել սուլթանի վրա` լուծելու Հայկական հարցը: 
Ֆիդայիների գործողությունների հետեւանքով բազմաթիվ թուրք եւ քուրդ հարստահարիչներ ստիպված էին լինում չափավորել բռնությունները: Սակայն շարժումը ուներ նաեւ բացասական հետեւանքներ, քանի որ թուրքական զորքերը ֆիդայիներին հետապնդելու պատրվակով ներխուժում եւ ավերում էին հայկական գյուղերը: Այդ բռնությունները իրենց հերթին ծնում էին նոր ֆիդայիներ, որոնք փոխարինում էին նահատակներին: 
Պետք է նշել, որ ֆիդայական պայքարը չհասավ իր հետապնդած գլխավոր նպատակին` ժողովրդի ազատագրմանը թուրքական բռնապետությունից, քանի որ մանր կռիվներով անհնար էր հաղթանակի հասնել հզոր կայսրության դեմ: Համընդհանուր ապստամբության համար անհրաժեշտ էին նյութական հսկայական միջոցներ, որից զուրկ էր հայ ազատագրական շարժումը, քանի որ հայ մեծահարուստներից շատերը դեմ էին հեղափոխական պայքարին եւ որեւէ կերպ չաջակցեցին ազատագրական պայքարին: 
Այնուամենայնիվ, ֆիդայական-հայդուկային պայքարը հայ ժողովրդի պատմության ամենահերոսական էջերից է, որի բովով անցած սերունդը ի վերջո Հայաստանի անկախ պետականության կերտողն ու ապավենը հանդիսացավ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets