ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ ԵՎ ՍԱՍՈՒՆԻ 1904Թ. ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սուլթանական կառավարությունը միշտ ուշադրության կենտրոնում էր պահում հայ ազատագրական շարժման օջախ համարվող Սասունը: Թուրքերը փորձում էին ամբողջությամբ հայաթափել այդ երկրամասը, ճնշել ֆիդայական շարժումները: Թուրքերն ու քրդերը ավելի սաստկացրին հալածանքները, ամեն օր տեղի էին ունենում սպանություններ, բռնագրավում էին հայերի գույքն ու հողը, ապրելու համար անբարենպաստ պայմաններ ստեղծում: Այս պայմաններում հայի առջեւ երկու ճանապարհ էր մնում` կամ կոտորվել ու արտագաղթել կամ զենքով պաշտպանել սեփական կյանքը, գույքը, արժանապատվությունը եւ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը:
Ժողովրդի պաշտպանության գործը հիմնականում ծանրացել էր փոքրաթիվ ֆիդայիների ուսերին: Աղբյուր Սերոբի դավադիր սպանությունից (1899թ.) հետո ֆիդայական շարժման ղեկավարությունը Սասունում ստանձնեցին Անդրանիկը եւ Գեւորգ Չաուշը: Նրանք տեսնում էին ժողովրդի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, հոգեկան ընկճվածությունը: Սասունցիների մարտական ոգին բարձրացնելու նպատակով ֆիդայիները Հակոբ Կոտոյանի առաջարկով որոշեցին ամրանալ Մուշ քաղաքի մոտ գտնվող Ս. Առաքելոց վանքում եւ երկարատեւ դիմադրություն ցույց տալ թուրքական բանակին: Դրանով ցանկանում էին ցույց տալ հայերի մարտական որակները, բարձրացնել ժողովրդի ոգին եւ մեծ տերություններին հիշեցնել խոստացված բարենորոգումների մասին:
1901թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկի ու Գեւորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 40 ֆիդայիներ ամրացան Առաքելոց վանքում, որը անմիջապես պաշարվեց թուրքական մեծաթիվ ուժերի կողմից: Չնայած թվական բազմակի գերազանցությանը, թուրքերի բոլոր գրոհներն ավարտվեցին պարտությամբ: Վանքի կռվի լուրը մեծ արձագանք ունեցավ Եվրոպայում եւ անհանգստացրեց սուլթանական կառավարությանը: Թուրքերը ստիպված էին բանակցություններ սկսել Անդրանիկի հետ: Նա պահանջեց իրականացնել Մայիսյան բարենորոգումների ծրագիրը, զինաթափել քուրդ ավազակներին, վերադարձնել հայերից ապօրինաբար գրավված հողերն ու գյուղերը, հարկերը հավաքել հայ գյուղացիների միջոցով, ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Կատարվեց միայն վերջին պահանջը եւ ազատվեցին Մուշում բանտարկված մոտ երեք տասնյակ հայեր: 
Մարտերը շարունակվեցին մինչեւ նոյեմբերի վերջերը: Այդ ընթացքում թուրքական զորքը մեծ կորուստներ ունեցավ նաեւ ցրտից ու համաճարակներից: Սակայն ֆիդայիները վանքում երկար չէին կարող մնալ, քանի որ սպառվում էր պարենը եւ զինամթերքը: Նոյեմբերի 27-ին նրանք աննկատ հեռացան բոլոր կողմերից պաշարված վանքից: Առաքելոց վանքի կռիվը մեծ արձագանք ունեցավ, այն բարձրացրեց ֆիդայիների հեղինակությունը եւ հայ բնակչության ոգին:
Սասունը վերջնականապես հնազանդեցնելու եւ հայաթափելու նպատակով թուրքերը 1902թ.-ից նրա շուրջը տեղակայեցին բազմաթիվ զորամասեր ու քրդական ուժեր: Փաստորեն երկրամասը հայտնվեց շրջափակման մեջ: Հայկական կուսակցությունները ջանում էին դրսից զենք ներմուծել, սակայն դա մեծ դժվարությունների հետ էր կապված: Ռուս սահմանապահները, թուրքերն ու քրդերը ուշադիր պահպանում էին սահմանները, եւ հայկական զինատար ու մարտական խմբերի միայն փոքր մասն էր կարողանում հասնել նպատակակետին: Միայն Թորգոմի 23 հեծյալներից կազմված «Մրրիկ» խումբն էր, որ Կարսից 1903թ. ամռանը, մեծ դժվարություններ հաղթահարելով, անվնաս հասավ Սասուն: Դա բավական բարձրացրեց սասունցիների տրամադրությունն ու մարտական ոգին:
1903թ. վերջին Սասունում կազմվեց Զինվորական խորհուրդ, որի ղեկավար ընտրվեց Անդրանիկը: Թուրքերը Սասունի ուղղությամբ կենտրոնացրին մոտ 10.000-ոց կանոնավոր բանակ եւ հազարավոր քրդերի: Թուրքական բանակի հրամանատարն էր 1894թ. Սասունի ապստամբությունը ճնշած Զեքի փաշան: Թշնամուն դիմագրավելու էին մոտ 200 ֆիդայիներ եւ 1000 զինված սասունցիներ: 
1904թ. մարտի վերջին թուրքերն անցան հարձակման: Անդրանիկի, Գեւորգ Չավուշի, Հրայրի, Սեբաստացի Մուրադի գլխավորությամբ սասունցիները հերոսական դիմադրություն ցույց տվեցին: Ապրիլի 13-ին Շենիկի պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվեց հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներից մեկը` Հրայրը: Չնայած հայերի համառ դիմադրությանը, թուրքերը քայլ առ քայլ առաջանում էին: Դրան նպաստում էր հայերի զենքի ու զինամթերքի պակասը: Ապրիլի 20-23-ը մղված մարտերի արդյունքում թշնամին գրավեց ապստամբների կենտրոն Գելիեգուզան գյուղը, ապա` Տալվորիկը: Մոտ 120 զինյալներով Սեբաստացի Մուրադը մարտերով ճանապարհ բացեց եւ անզեն բնակչության մի մասին ու վիրավորներին տեղափոխեց Մշո դաշտ, ապա որոշ քանակությամբ զինամթերք հայթայթելով վերադարձավ Սասուն: Մայիսի սկզբին թշնամին գրավեց Սասունը եւ կոտորեց մոտ 8.000 մարդ: Ֆիդայիներն ու սասունցի մարտիկների մի մասն ամրացավ լեռներում ու անտառներում եւ շարունակեց պայքարը:
Կենդանի մնացած սասունցիներին կառավարությունը մտադիր էր բնակեցնել Մշո դաշտում, սակայն նրանք սպառնացին կրկին ապստամբել, իսկ տերությունները միջամտեցին, եւ սուլթանը ստիպված էր հրաժարվել Սասունն ամբողջությամբ հայաթափելու քաղաքականությունից: 
Սասունի կոտորածները մեծ արձագանք գտան ողջ աշխարհում: Անգլիայի եւ Ֆրանսիայի կառավարությունները կառավարությունները դատապարտեցին այդ ոճիրը, եւ նրանց ջանքերի շնորհիվ ջարդերի ալիքը չտարածվեց այլ վայրերում, իսկ Սասունը չբնակեցվեց քրդերով: Ռուսաստանը շարունակում էր վարել ոչ հայանպաստ քաղաքականություն եւ մինչեւ Սասունի դեպքերը մերժել էր Անգլիայի ու Ֆրանսիայի առաջարկը, որպեսզի ճնշում գործադրեն սուլթանի վրա՝ հայկական ջարդերից խուսափելու համար: Իսկ Գերմանիան ու Ավստրո-Հունգարիան անտարբեր մնացին Սասունի ողբերգական դեպքերի հանդեպ:
Փաստորեն, հերոս լեռնականների զինված դիմադրության շնորհիվ ձախողվեց Սասունը հայաթափելու սուլթանական կառավարության ծրագիրը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets