ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

20-րդ դարի սկզբին միջազգային իրադրությունը չափազանց լարված էր: Մեծ տերությունները բաժանվել էին երկու ռազմաքաղաքական խմբավորումների եւ ձգտում էին պատերազմի միջոցով վերաբաժանել աշխարհը: Դա հանգեցրեց նրան, որ 1914թ. օգոստոսի 1-ին բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Խմբավորումներից մեկը Անտանտն (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) էր, մյուսը Քառյակ միությունը (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Թուրքիա, Բուլղարիա): Հայաստանում բախվում էին Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Թուրքիայի շահերը: Ռուսաստանը ցանկանում էր գրավել Արեւմտյան Հայաստանը, իսկ Ֆրանսիան` Կիլիկիան: Թուրքիան ձգտում էր Արեւելյան Հայաստանի վրայով դուրս գալ դեպի Կովկաս, Միջին Ասիա եւ իրականացնել պանթուրքիզմի ծրագիրը:
Ռուսաստանը Կովկասյան ճակատում կենտրոնացրել էր 200.000 զինվոր, իսկ թուրքերը` 300.000: Այստեղ ռազմական գործողությունները սկսվեցին 1914թ. նոյեմբերին: Թուրքերի Կովկասյան բանակը ղեկավարում էր ռազմական նախարար Էնվերը, որը հույս ուներ թվական գերակշռության շնորհիվ արագ հաղթանակի հասնել: Սակայն 1914թ. դեկտեմբերի 9-ից 1915թ. հունվարի 5-ը տեղի ունեցած Սարիղամիշի ճակատամարտում թուրքական բանակը ջախջախիչ պարտություն կրեց: Էնվերը հազիվ փրկվեց գերվելուց` հայ զինվոր Հովհաննես Չաուշի օգնությամբ: 
Այդ հաղթանակի շնորհիվ կանխվեց թուրքական բանակի ներխուժումը Կովկաս: 1915թ. ապրիլի 18-ին տեղի ունեցավ Դիլմանի ճակատամարտը: Գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ ռուսական բանակը եւ Անդրանիկի կամավորական գունդը փայլուն հաղթանակ տարան թուրքական մեծաթիվ բանակի նկատմամբ: Այնուհետեւ ռուսական զորքերը, հայկական կամավորական ջոկատների ակտիվ մասնակցությամբ, 1915-1916թթ. ազատագրեցին Արեւմտյան Հայաստանի զգալի մասը` Վանը, Մուշը, Բիթլիսը, Էրզրումը: 1916թ. աշնանից ռազմաճակատում հարաբերական անդորր հաստատվեց, որը շարունակվեց մինչեւ 1918թ. հունվար:
Պատերազմի սկսվելուց հետո ռուսական բանակ զորակոչվեցին 200.000 արեւելահայեր, իսկ թուրքական բանակ` մոտ 300.000 արեւմտահայեր: Մոտ 50.000 հայեր զորակոչվեցին Անգլիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների բանակներ: 
Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովի առաջարկով Արեւելյան Հայաստանում կազմավորվեցին նաեւ կամավորական գնդեր, որոնցում ընդգրկվեցին արեւմտահայեր եւ գաղութահայեր: Կամավորագրվելու եւ Արեւմտյան Հայաստանը թուրքական բռնապետությունից ազատագրելու ցանկություն հայտնեցին մի քանի տասնյակ հազար հայեր, սակայն ռուսական իշխանությունները սահմանափակվեցին մոտ 10.000 կամավորներով: Նրանց ոգեւորում էր այն հանգամանքը, որ ռուսները որոշ խոստումներ էին տվել պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանին ինքնավարություն տալու մասին: Հայկական կամավորական գնդեր կազմավորելու առաջարկով հանդես եկան նաեւ թուրքերը, սակայն հայ գործիչները կտրականապես մերժեցին դա:
Կամավորական առաջին գնդի հրամանատար նշանակվեց Անդրանիկ Օզանյանը, երկրորդինը` Դրոն (Դրաստամատ Կանայան), երրորդինը` Համազասպ Սրվանձտյանը, չորրորդինը` Քեռին (Արշակ Գավաֆյան), հինգերորդինը` Խանասորի Վարդանը (Սարգիս Մեհրաբյան), վեցերորդինը` Արշակ Ջանփոլադյանը, հետո` Գրիգոր Ավշարյանը, ապա` Հայկ Բժշկյանը (Գայ), յոթերորդինը` Հովսեփ Արղությանը: 1915թ. ապրիլին Թիֆլիսի Հայոց ազգային բյուրոյի որոշմամբ II, III, IV, V ջոկատները միավորվեցին եւ ստեղծվեց Արարատյան գունդը, որի հրամանատար դարձավ Վարդանը: Հայ կամավորներն ամենաակտիվ մասնակցությունն ունեցան Արեւմտյան Հայաստանի ազատագրմանը, աչքի ընկան քաջությամբ ու բարձր մարտունակությամբ: Նրանք խոշոր դերակատարություն ունեցան հայության եղեռնից փրկված բեկորներին, հատկապես մանուկներին, հավաքելու, թուրքերի ու քրդերի գերությունից փրկելու գործում:
1916թ. սկզբին կամավորական ջոկատները վերակազմավորվեցին եւ ընդգրկվեցին ռուսական բանակի կազմի մեջ: Դա պայմանավորված էր նրանով, որ Ռուսաստանը մտադրություն չուներ ինքնավարություն տալ Արեւմտյան Հայաստանին, իսկ հայկական ազգային զորամասերը կարող էին հայկական պահանջատիրության համար լուրջ գործոն հանդիսանալ:
Հայերի մարտական ուժն օգտագործել փորձեցին նաեւ ֆրանսիացիները, որոնք ձգտում էին գրավել Կիլիկիան: Մերձավոր Արեւելքում Ֆրանսիան միայն փոքրաթիվ զորամասեր ուներ եւ վախենում էր, որ եթե Կիլիկիան ու Սիրիան գրավվեն անգլիական զորքերի կողմից, ապա դժվար կլիներ իրավունքներ ներկայացնել այդ երկրամասերի նկատմամբ: Այդ պատճառով ֆրանսիական իշխանությունները որոշեցին Կիպրոսում կազմավորել հայկական կամավորական զորամաս, որը կռվելու էր Ֆրանսիայի դրոշի ներքո եւ ֆրանսիացի սպաների հրամանատարությամբ: 1916թ. հոկտեմբերին ֆրանսիական կառավարությունը համաձայնություն կայացրեց Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբար փաշայի հետ` Հայկական լեգեոն կազմավորելու հարցի շուրջ: Հայ կամավորների աջակցության դիմաց Ֆրանսիան խոստանում էր ինքնավարություն տալ Կիլիկիային: 1917թ. մուսալեռցիներից, եգիպտահայերից, հայ ռազմագերիներից, ԱՄՆ-ից եւ այլ վայրերից եկած կամավորներից Կիպրոսում կազմավորվեց Հայկական լեգեոնը: Չնայած կամավորագրվել ցանկացող հայերի թիվը մի քանի տասնյակ հազար էր, սակայն ֆրանսիացիները զինվորագրեցին միայն 4.000-ին: Ֆրանսիան եւս մտադիր չէր հայերին ինքնավարություն տալ եւ զգուշանում էր ավելի մեծաթիվ հայկական բանակ կազմավորելուց: Լեգեոնը աչքի ընկավ 1918թ. սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած Արարայի ճակատամարտում, որից հետո թուրքերը Պաղեստինյան ճակատում այլեւս դիմադրություն չկարողացան ցույց տալ: Հայկական լեգեոնը մասնակցեց Պաղեստինի, Լիբանանի, Սիրիայի եւ Կիլիկիայի ազատագրմանը: Նրա պաշտպանության տակ ավելի քան 150.000 հայեր վերադարձան Կիլիկիա եւ վերականգնեցին ավերված օջախները: Սակայն Ֆրանսիան հետզհետե նվազեցրեց հայ լեգեոներների թիվը, իսկ 1920թ. լեգեոնը կազմալուծեց:
Այսպիսով` մեծ տերությունները կարիքի պահին փորձում էին հենվել հայ զինվորական ուժի աջակցության վրա` խոստանալով բավարարել հայ ժողովրդի արդարացի պահանջները, սակայն հետագայում ամենատարբեր պատրվակներով հրաժարվում էին կատարել խոստումները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets