ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

1895-1896 ԹԹ. ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԸ

Ամեն մի ժողովրդի գոյությունը մեծապես կախված է պաշտպանվելու, արտաքին հարվածներին դիմակայելու նրա ընդունակությունից: Համիդյան կոտորածների առաջին օրերին արեւմտահայերը հանկարծակիի եկան: Սակայն որոշ վայրերում հայերը կարողացան կազմակերպված դիմադրություն ցույց տալ ջարդարարներին:
Հատկապես աչքի ընկավ Զեյթունը, որը հայկական ազատագրական պայքարի նշանավոր կենտրոններից էր: Հայկական կոտորածներին ի պատասխան, 1895թ. հոկտեմբերին զեյթունցիներն ապստամբության դրոշ բարձրացրին: Ղեկավարներն էին հնչակյան գործիչ Աղասին (Կարապետ Թուրսարգիսյան) եւ Ենիտունյան (Նորաշխարհյան) իշխանական տոհմի նշանավոր ներկայացուցիչ Նազարեթ Չաուշը: Ապստամբները գրավեցին Զեյթունի կառավարչատունն ու զորանոցը, գերեցին բոլոր թուրք պաշտոնյաներին, իսկ 700 թուրք ասկյարների անցկացրին սրի տակով: Նրանց ձեռքն անցավ մեծաքանակ զենք ու զինամթերք: Զորանոցի վրա բարձրացրին կարմիր դրոշ, որի վրա գրված էր` «Զեյթունի անկախ իշխանություն»: Ստեղծվեց ժամանակավոր հեղափոխական կառավարություն` Աղասու գլխավորությամբ: 
Սուլթանական կառավարությունը նրանց դեմ ուղարկեց Մուստաֆա Ռեմզի փաշայի բանակը` Մարաշից եւ Ալի բեյի բանակը` Ադանայից: Թուրքական 30.000-ոց կանոնավոր բանակին միացան նույնքան անկանոն զորամասեր: Նրանց տրամադրության տակ կար հրետանի: Այդ հսկայական ուժերին դիմադրում էին 6.000 զեյթունցի կռվողներ: Թուրքերը բազմիցս փորձեցին գրավել Զեյթունը, բայց ամեն անգամ պարտության մատնվեցին: Սուլթանը Ռեմզի փաշայի փոխարեն հրամանատար նշանակեց Հալեպի Էդհեմ փաշային, սակայն դրանից վիճակը չփոխվեց, եւ զեյթունցիները շարունակեցին հերոսաբար պաշտպանվել: Ռազմական գործողությունների ընթացքում թուրքերը կորցրին 20.000 զինվոր, զեյթունցիները` 3.500 կռվող:
Զեյթունի դեպքերի վրա սկսեցին ուշադրություն դարձնել եվրոպական մեծ տերությունները, որոնց միջամտության հետեւանքով Աբդուլ Համիդը ստիպված էր դադարեցնել ռազմական գործողությունները: Թուրքերը ստիպված էին բանակցություններ սկսել հերոս լեռնականների հետ: Փոխադարձ զիջումներով, 1896թ. հունվարի 30-ին Հալեպում կնքվեց համաձայնագիր: Ըստ դրա, ապստամբներին ընդհանուր ներում շնորհվեց: Հնչակյան գործիչները պետության ծախսով մեկնելու էին արտասահման, փախստականներն անարգել վերադառնալու էին իրենց բնակավայրերը: Զեյթունում նշանակվելու էր քրիստոնյա կառավարիչ, իսկ թուրքական բանակն այնտեղից հեռանալու էր, մնալու էր միայն մեկ զորամաս: Չեղյալ հայտարարվեցին նախորդ տարիներից մնացած բոլոր հարկային պարտքերը, իսկ հարկերը կրճատվեցին: Ապստամբները վերադարձնելու էին բռնագրաված զենքերը: Համաձայնագրի գործադրումը վերահսկելու էին մեծ տերությունների հյուպատոսները: Այդ նպատակով Մարաշում տերությունները բացելու էին հյուպատոսարաններ: 
Մեծ տերությունների ճնշման տակ թուրքական իշխանությունները ստիպված եղան կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Զեյթունում կառավարիչ նշանակվեց ազգությամբ հույն Յուվանսկին:
Ինչպես տեսնում ենք, հերոսական պայքարի միջոցով զեյթունցիները չենթարկվեցին կոտորածների եւ նույնիսկ որոշ զիջումներ կորզեցին Օսմանյան կայսրությունից: 1895թ. Զեյթունի ապստամբությունը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից էր, որը ցույց տվեց, որ հայերն էլ գիտեն կռվել ու հաղթել: 
1895թ. հոկտեմբերի 16-ին մահմեդական ամբոխը եւ ոստիկանությունը հարձակվեցին Ուրֆայի հայկական թաղամասի վրա: Գրեթե երկու ամիս քաղաքի հայ բնակչությունը հերոսաբար դիմադրեց թուրք ջարդարարներին: Գավառապետը, տեսնելով հայերի համառ դիմադրությունը, որոշեց նենգության դիմել: Նա թուրք զինվորներ ուղարկեց՝ հայերին մահմեդական ամբոխից պաշտպանելու պատրվակով, իսկ հայերից հավաքեց զենքերը: 1895թ. դեկտեմբերի վերջին, զորքի աջակցությամբ, թուրքերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա եւ կազմակերպեցին կոտորած, որն ընդհատումներով շարունակվեց մինչեւ հունվարի 16-ը: Այդ ոճրագործությանը զոհ գնացին մոտ 10.000 հայեր:
Մալաթիայում 1895թ. հոկտեմբերից իշխանությունները սկսեցին զինել թուրքերին ու քրդերին` նախապատրաստելով կոտորածների: Նոյեմբերի 4-ին կառավարիչ Ալի Ռիզա փաշան իր մոտ հրավիրեց քաղաքի նշանավոր հայերին, պահանջեց դավանափոխ լինել եւ մերժում ստանալուց հետո սպանեց: Դրանից հետո մահմեդական ամբոխը, ոստիկանությունը եւ զինվորները հարձակվեցին հայկական թաղամասերի վրա: Եղիշե քահանա Խաչատրյանի գլխավորությամբ հայերը դիմեցին ինքնապաշտպանության եւ փախուստի մատնեցին ջարդարարներին: Սակայն ուժերն անհավասար էին: Ի վերջո, թշնամին կարողացավ կոտրել ինքնապաշտպանությունը եւ նոյեմբերի 4-9-ը տեղի ունեցած կոտորածին զոհ գնաց 3.000 մարդ:
1896թ. հունիսի 3-ին թուրք հրոսակները Վանում սկսեցին հայկական ջարդեր: Մահմեդական բնակչությանը զենք բաժանվեց, եւ մոլլաները մզկիթներում սկսեցին հայերին կոտորելու կոչեր անել: Քաղաք եկան նաեւ տարբեր քուրդ ու թուրք ավազակախմբեր: Առաջին օրը, հանկարծակիի գալով, հայերը բազմաթիվ զոհեր տվեցին, սակայն հաջորդ օրը կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն: Հայկական բոլոր կուսակցությունները, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, միավորեցին ուժերը: Արմենական կուսակցության հիմնադիր Մկրտիչ Ավետիսյանի ղեկավարությամբ ստեղծվեց ինքնապաշտպանության խորհուրդ, որի մեջ մտան դաշնակցական Պետոն (Ալեքսանդր Պետրոսյան) եւ հնչակյան Մարտիկը (Մարտիրոս Սարուխանյան): Հայերը հետ մղեցին թուրքերի բոլոր գրոհները, չնայած վերջինները զինված էին թնդանոթներով եւ նորագույն հրացաններով: 
Վանի կուսակալը, տեսնելով, որ զենքի ուժով չեն կարողանում հաջողության հասնել, առաջարկեց դադարեցնել դիմադրությունը, հաշտություն կնքել, իսկ կռվողներին` անարգել հեռանալ Պարսկաստան: Հայերը մերժեցին նրա առաջարկը՝ լավ իմանալով թուրքերի խոսքի արժեքը: Սակայն հարցին միջամտեց Անգլիայի հյուպատոսը, որի խորհրդով հայերն ընդունեցին թուրքական առաջարկը, մանավադ, որ սպառվում էր զինամթերքը:
Հունիսի 8-ին մոտ 1.000 հայեր Մ. Ավետիսյանի գլխավորությամբ դուրս եկան քաղաքից եւ շարժվեցին դեպի պարսկական սահմանը: Սակայն Ս.Բարդուղիմեոս վանքի մոտ նրանց վրա հարձակվեցին թուրք-քրդական ուժերը եւ գրեթե բոլորին ոչնչացրին: Փրկվեցին մոտ երեք տասնյակ հայեր: Դրանից հետո թշնամին Վանում եւ Վասպուրականի մյուս բնակավայրերում կոտորածներ կազմակերպեց, վանքերում ոչնչացրին հազարավոր արժեքավոր ձեռագրեր: Վանի նահանգում սպանվեց ավելի քան 20.000 հայ:
Ինքնապաշտպանական մարտեր տեղի ունեցան նաեւ Չարսանջակում, Մուշում, Մարզվանում, Շատախում: Բայց գրեթե ամենուրեք գերակշիռ ուժերի դեմ պայքարում հիմնականում անզեն հայերն ի վերջո պարտվում էին, քանի որ անհնար էր կռվել կազմակերպված բանակ ունեցող պետության դեմ: Այնուամենայնիվ, բոլոր այն վայրերում, ուր հայերը դիմեցին ինքնապաշտպանության, ավելի քիչ զոհեր եղան, քան այնտեղ, ուր հանձնվել էին թուրքերի ողորմածությանը:
Այս իրադարձությունները եկան ամրապնդելու այն համոզումը, որ հայերը բռնություններից ու կոտորածներից կարող են ազատվել միայն զինվելու եւ պայքարելու շնորհիվ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets