ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

22.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԿԻԼԻԿԻԱՅԻ 1909Թ. ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԸ ԵՎ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԱՐՏԵՐԸ

Կիլիկիան ընդգրկված էր Ադանայի եւ Հալեպի վիլայեթների մեջ: Այստեղ բնակվում էին մոտ 400.000 հայեր, որոնք կազմում էին բնակչության մեծամասնությունը: Հայերի ձեռքում էր կենտրոնացված երկրամասի առեւտրի, արհեստագործության ու գյուղատնտեսության զգալի մասը:
1909թ. Կիլիկիայում տեղի ունեցան հայկական զանգվածային կոտորածներ: Դա ցեղասպանություն իրականացնելու երիտթուրքերի առաջին փորձն էր: Այն նպատակ ուներ հայաթափել Կիլիկիան, որը համիդյան ջարդերի ժամանակ խուսափել էր զանգվածային ջարդերից, եւ հայերն այնտեղ կազմում էին մեծամասնություն: Այսպիսով, թուրքերը ձգտում էին թալանել հայերի ունեցվածքը, զգալիորեն պակասեցնել հայերի թիվը եւ կանխել հնարավոր ազգային ելույթները: 
1909թ. ապրիլի 1-ին Ադանայում իշխանությունների նախաձեռնությամբ սկսվեցին հայկական կոտորածներ: Քաղաքի երեք հայկական թաղամասերում շուտով կազմակերպվեց ինքնապաշտպանություն` Կարապետ Լաչինյանի գլխավորությամբ: Մեծաթիվ եւ լավ զինված հրոսակներին դիմադրում էին 173 զինված հայեր: Մահմեդական խուժանի բոլոր գրոհները արժանի հակահարված ստացան եւ ավարտվեցին անհաջողությամբ: Ի վերջո, համոզվելով, որ ինքնապաշտպանության դիմած հայերին զենքի ուժով չեն կարող հաղթել, թուրքական իշխանությունները որոշեցին գնալ խորամանկության: Նրանց միջամտությամբ եռօրյա ջարդերն ու ինքնապաշտպանությունն ավարտվեցին: Իշխանությունները խաբեությամբ հավաքեցին հայերի մոտ եղած զենքերը, իսկ ապրիլի 12-ին իշխանությունների նախաձեռնությամբ Ադանայում նոր կոտորած կազմակերպվեց, որին զոհ գնաց 18.000 հայ: 
Ջարդերի ալիքը տարածվեց Կիլիկիայի նաեւ մյուս բնակավայրերում եւ խլեց մոտ 30.000 հայի կյանք: Ջարդերը կատարվեցին անենադաժան մեթոդներով, չէին խնայում նաեւ կանանց ու երեխաներին: Կոտորածներից ու թալանից հետո տեղի հայերը հայտնվեցին չափազանց ծանր կացության մեջ: Հայերի միայն նյութական կորուստը կազմեց 20 միլիոն թուրքական լիրա: 
Հաշվի առնելով 1895-1896թթ. համիդյան կոտորածների դառը փորձը, Կիլիկիայի հայ բնակչությունը գրեթե ամենուրեք դիմեց ինքնապաշտպանության եւ հիմնականում փրկվեց ոչնչացումից: 
Շեյխ Մուրադ գյուղի հայերը, լսելով Ադանայում սկսված կոտորածի մասին, դիմեցին ինքնապաշտպանության: Ապրիլի 2-5-ը նրանք համառ դիմադրություն ցույց տվեցին թուրք ջարդարարներին: Զինամթերքի սպառվելուց հետո, ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը նրանք բարեհաջող հեռացան եւ ապաստանեցին Ադանայում: 
Ջարդարարներին համառ դիմադրություն ցույց տվեցին Դյորթ Յոլի (Չոք Մարզվան) հայերը: Այն գտնվում էր Միջերկրական ծովի մոտ, ուներ 4850 հայ բնակիչ: Այդտեղ ապաստանեցին նաեւ շրջակա ավերված գյուղերի բազմաթիվ հայեր: Ապրիլի 3-ից թուրքերը բազմիցս փորձեցին գրավել գյուղը, բայց ամեն անգամ մեծ զոհեր տալով` փախուստի էին դիմում: Տասնօրյա ինքնապաշտպանությունը ավարտվեց Ալեքսանդրետի անգլիական հյուպատոսի միջամտությամբ, որից օգնություն էին խնդրել Դյորթ Յոլի հայերը: Այսպիսով, զենքի միջոցով նրանք փրկվեցին թուրքական յաթաղանից:
Հերոսական էր Հաճն քաղաքի 12-օրյա ինքնապաշտպանությունը: Ապրիլի 4-15-ը Ներսես վարդապետ Դանիելյանի գլխավորությամբ հաճնցիները հետ մղեցին թուրքական մեծաթիվ ուժերին: Ի վերջո, Մերսինի անգլիական հյուպատոսի միջնորդությամբ քաղաքի պաշարումը վերացվեց եւ տեղի հայերին բնաջնջելու ծրագիրը ձախողվեց: 
Ապրիլի 2-6-ը Սիս քաղաքի հայերը հետ մղեցին թուրքերի գրոհները, որոնք ստիպված էին ձեռնունայն հեռանալ: Ինքնապաշտպանության ոգեշնչման ու կազմակերպման գործում կարեւոր դեր ունեցավ Կիլիկիայի հայոց կաթողիկոս Սահակ Բ Խապայանը: 
Այդ իրադարձությունների ժամանակ զեյթունցիները որոշեցին նախահարձակ լինել եւ օգնել Հաճնին կամ Սիսին, բայց Կիլիկիայի կաթողիկոսի հորդորով մարտական գործողությունների չդիմեցին:
Այսպիսով, գրեթե բոլոր վայրերում, որտեղ հայերը դիմեցին ինքնապաշտպանության, փրկվեցին թուրքական յաթաղանից: Նախորդ տարիների դառը փորձից հետո, Կիլիկիայի հայերը զենք վերցրին եւ կարողացան ձախողել տեղի մոտ կես միլիոն հայերին ոչնչացնելու հին ու նոր թուրքերի հայասպանական քաղաքականությունը:
Երիտթուրքերը փորձեցին Կիլիկիայի կոտորածների ողջ մեղքը բարդել Համիդի եւ նրա կողմնակիցների վրա: Մարտի 31-ին Համիդը փորձել էր պետական հեղաշրջում իրականացնել, սակայն անհաջողության էր մատնվել եւ գահազրկվել: Ոճրագործության մեղավորներին հայտնաբերելու եւ վնասների չափը ճշտելու համար Կիլիկիա ուղարկվեց խորհրդարանական պատվիրակություն, որի հետաքննությունից պարզ դարձավ, որ այն ծրագրվել եւ իրականացվել է իշխանությունների հրահանգով ու վերահսկողությամբ: Այդ ոճրագործության համար որեւէ թուրք պաշտոնյա չպատժվեց, իսկ նահանգապետը նույնիսկ կառավարական պարգեւի արժանացավ:
Փաստորեն, Հայկական հարցը լուծելու գործում երիտթուրքերը որդեգրել էին Աբդուլ Համիդի քաղաքականությունը: Նրանց որդեգրած թե՛ օսմանիզմի, թե՛ պանթուրքիզմի քաղաքականությունը նախատեսում էր հայերի ձուլումն ու ոչնչացումը: Կիլիկիայի կոտորածները նախերգն էին այն մեծ ոճրի, որ իրականացրին երիտթուրքերը 1915-1916թթ.:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets