ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

28.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԸ 1917 Թ. ՌՈՒՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ռուսաստանի առանց այն էլ թույլ տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի մեջ, կրկին սրվեցին սոցիալական, ազգային եւ մյուս հիմնախնդիրները, որոնք լուծում չէին ստացել ռուսական առաջին հեղափոխության տարիներին: Այդ ամենը հանգեցրեց 1917թ. փետրվարյան հեղափոխությանը: Ռուսաստանում միապետությունը տապալվեց եւ անցում կատարվեց դեպի ժողովրդավարական ուղի: Իշխանությունն անցավ Ժամանակավոր կառավարությանը, որը պետք է կառավարեր մինչեւ Սահմանադիր ժողովի հրավիրումը, ուր որոշվելու էր երկրի պետական կառուցվածքի ձեւը, լուծում էին տրվելու մյուս կարեւոր հիմնահարցերին:
1917թ. մարտի 9-ին ստեղծվեց Անդրկովկասի հատուկ կոմիտեն (ռուսերեն հապավումով` Օզակոմ), որին անցավ երկրամասի գործադիր իշխանությունը` լուծարված Կովկասի փոխարքայության փոխարեն:
Ժամանակավոր կառավարությունը, ի տարբերություն ցարական իշխանությունների, վարում էր ընդգծված հայանպաստ քաղաքականություն:
1917թ. ապրիլի 26-ին Ժամանակավոր կառավարությունը հրամանագիր հրապարակեց, որով Արեւմտյան Հայաստանի գրաված շրջանների կառավարումը վերցնում էր կովկասյան իշխանությունների ու բանակի հրամանատարությունից եւ ենթարկում անմիջապես կենտրոնական կառավարությանը: Հայաստանի գերագույն կոմիսար նշանակվեց գեներալ Պ.Ավերյանովը, իսկ նրա քաղաքացիական գծով տեղակալ` նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ Հակոբ Զավրիյանը: Արեւմտյան Հայաստանը բաժանվեց 3 շրջանների` Էրզրումի, Վանի, Խնուսի: Հայ գաղթականներին թույլատրվեց վերադառնալ հայրենիք, գրեթե բոլոր պաշտոնները տրվեցին հայերին, կազմավորվեցին հայկական ոստիկանական ջոկատներ: Այդ քայլերը պայմաններ էին ստեղծում պատերազմից հետո Արեւմտյան Հայաստանին ինքնավարություն տալու համար:
Միաժամանակ քննարկվում էր Անդրկովկասում նոր վարչական բաժանում կատարելու հարցը, որով նահանգները կազմվելու էին ըստ ազգային տարածքների: Նախատեսվում էր, որ Արեւելյան Հայաստանը եւս որոշակի ինքնավարություն էր ստանալու Ռուսաստանի կազմում:
1917թ. մայիսին Երեւանում կայացած արեւմտահայերի I համագումարն ընտրեց Արեւմտահայ ազգային խորհուրդ, որի նախագահ ընտրվեց Կոմսը (Վահան Փափազյան), իսկ սեպտեմբերին Թիֆլիսում արեւելահայերի համագումարն ընտրեց Արեւելահայ ազգային խորհուրդ, որի նախագահ դարձավ Ավետիս Ահարոնյանը: Այդ խորհուրդները իրենց վրա վերցրին հայության երկու հատվածների կառավարման գործառույթները:
1917թ. հոկտեմբերի 25-ին Վ.Լենինի գլխավորությամբ բոլշեւիկյան (հետագայում` կոմունիստական) կուսակցությունը հեղաշրջում կատարեց, տապալեց Ժամանակավոր կառավարությանը եւ Ռուսաստանում հաստատեց խորհրդային կարգեր: Երկրում միահեծան իշխելու, մյուս կուսակցություններին ու այլախոհներին հալածելու բոլշեւիկների քաղաքականությունը Ռուսաստանում հանգեցրեց քաղաքացիական պատերազմի, որը շարունակվեց մի քանի տարի: 
Հոկտեմբերյան հեղաշրջման լուրը բացասաբար ընդունվեց Անդրկովկասում: Այն խոր անհանգստություն պատճառեց հատկապես հայությանը: Բանն այն է, որ բոլշեւիկների որդեգրած պատերազմին անհապաղ, առանց տարածքային գրավումների վերջ տալու եւ հաշտություն կնքելու քաղաքականությունը ենթադրում էր ռուսական զորքերի հեռացում նաեւ արեւմտահայկական տարածքներից: Դա նշանակում էր Արեւմտյան Հայաստանի կորուստ եւ այնտեղ վերադարձած արեւմտահայ բեկորների նոր ջարդեր: 
Բոլշեւիկների նկատմամբ անվստահությամբ լցված Անդրկովկասի քաղաքական ուժերը ձեռնամուխ եղան երկրամասային նոր իշխանության ստեղծմանը: Ռուսաստանից փաստացիորեն անջատված Անդրկովկասում նոյեմբերի 15-ին ստեղծվեց Անդրկովկասի կոմիսարիատը, որը կազմվեց անդրկովկասյան երեք հիմնական ազգերի՝ հայերի, վրացիների եւ կովկասյան թուրքերի (1918թ. մայիսից` ադրբեջանցիներ) ներկայացուցիչներից: Կոմիսարիատը չճանաչեց բոլշեւիկյան իշխանությունը եւ անտեսելով Անդրկովկասի համար ստեղծված ծանր ռազմա-քաղաքական իրադրությունը` որդեգրեց Ռուսաստանից անջատվելու ուղի: 
Կովկասյան հրամանատարության եւ Թուրքիայի միջեւ 1917թ. դեկտեմբերի 5-ին Երզնկայում կնքվեց զինադադար, որով նախատեսվում էր անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները եւ զորքերի տեղաշարժերը թիկունքից առաջավոր գիծ:
Բոլշեւիկները հայտարարեցին ազգային հարցերը արդարացի սկզբունքներով լուծելու պատրաստակամության մասին, Ռուսաստանի ժողովուրդների իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման իրավունքի օգտին՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն ձեռք բերելը: 1917թ. դեկտեմբերի 29-ին խորհրդային կառավարությունն ընդունեց «Թուրքահայաստանի մասին» դեկրետը: Դրանով ճանաչում էին արեւմտահայերի ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն: Դեկրետը նախատեսում էր ռուսական զորքերի անհապաղ դուրսբերում եւ հայկական ժողովրդական միլիցիայի ստեղծում, հայ գաղթականների անարգել վերադարձ հայրենիք, ժողովրդական կառավարության կազմակերպում:
«Թուրքահայաստանի մասին» դեկրետը ուներ պատմաքաղաքական մեծ նշանակություն, քանզի միջազգային մասշտաբով առաջին անգամ ճանաչվում էր արեւմտահայության լիակատար ինքնորոշման իրավունքը, բարձրացվում էր Արեւմտյան Հայաստանին անկախություն տալու հարցը: Սակայն դեկրետը մնաց թղթի վրա, քանի որ ռուսական 300.000-ոց բանակի հապշտապ դուրսբերումը թուրքերին հնարավորություն տվեց կրկին գրավել Հայաստանը: Անկասկած ցեղասպանություն վերապրած հայության համար գործնականում անհնար էր կարճ ժամանակում ստեղծել ռուսական հզոր բանակին փոխարինող ուժ: 
1917թ. նոյեմբերին ռուսական բանակի հրամանատարության որոշմամբ Արեւմտյան ճակատում կռվող հայ զինվորների մեծ մասը պետք է տեղափոխվեր Կովկասյան ճակատ, ուր գեներալ Թ. Նազարբեկյանի գլխավորությամբ ստեղծվելու էր 65.000-ոց Հայկական կորպուս: Արեւմտահայ ազգային խորհրդին թույլատրվեց կազմավորել 35.000 երկրապահ դիվիզիա, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը` ստանալով գեներալի կոչում: Այսպիսով` որոշակի քայլեր ձեռնարկվեցին 100.000-ոց հայկական բանակ ստեղծելու համար, որն ի վիճակի կլիներ պաշտպանելու Կովկասյան ռազմաճակատը: Դա նաեւ իրական հնարավորություն կտար պատերազմից հետո ինքնավար կամ անկախ հայկական պետություն ստեղծելու համար: Սակայն Ռուսաստանում սկսված քաղաքացիական պատերազմը թույլ չտվեց հայրենիք վերադառնալ մյուս ճակատներում մարտնչող հայ զինվորներին, եւ այստեղ չկազմավորվեց նախատեսվող 100.000-ոց հայկական բանակը: Հետեւաբար, խորհրդային իշխանության հայանպաստ հայտարարությունները գործնականում անիրագործելի էին, իսկ ռուսական բանակի հեռացումը հայությանը կանգնեցրեց նոր ցեղասպանության վտանգի առաջ: Ցավոք, հայ քաղաքական ու ռազմական կառույցները չկարողացան տնօրինել ռազմաճակատից հեռացող ռուսական բանակների թողած անհամար զենք-զինամթերքը, որը, կարճ ժամանակ անց, մեծամասամբ ընկավ թուրքերի ձեռքը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets