ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԽԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՍԱՍՈՒՆԻ 1894Թ. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ: ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՅԻՍՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Թուրքերի ու քրդերի կատարած անօրինականությունների, բռնությունների, թալանի ու հարստահարումների հետեւանքը եղավ Սասունի 1894թ. ապստամբությունը: Սասունը Արեւմտյան Հայաստանի լեռնային գավառներից էր, մտնում էր Բիթլիսի վիլայեթի մեջ: Սասունցիները հարկ էին վճարում թե՛ օսմանյան կառավարությանը, թե՛
քուրդ ցեղապետերին: 
Այդ ճնշումների հետեւանքով արդեն 1880-ական թթ. ազատատենչ եւ զենք կրելու սովոր ըմբոստ լեռնականները պայքարի մեջ մտան քուրդ ու թուրք հարստահարիչների դեմ: Այստեղ ծնունդ առավ ֆիդայական շարժումը: Ազատատենչ եւ ազատագրական պայքարի հարուստ ավանդույթներ ունեցող Սասունում պարարտ հող կար ազատագրական գաղափարների քարոզչության համար եւ ազգային կուսակցություններն իրենց ուշադրությունը սեւեռեցին այս երկրամասի վրա: 1891-1893թթ. Սասունում լայն քարոզչություն ծավալեց հնչակյան գործիչ Միհրան Տամատյանը: Նրա ձերբակալումից հետո կազմակերպչական աշխատանքները շարունակեցին Մեծն Մուրադը (Համբարձում Պոյաճյան), Հրայրը (Արմենակ Ղազարյան), Գեւորգ Չավուշը (Ղազարյան), Շենիկի իշխան Գրգոն (Գրիգոր Մոսեյան) եւ ուրիշներ: Նրանք կոչ էին անում գլուխ չխոնարհել օտար հարստահարիչների առաջ, չվճարել ծանր հարկերը եւ զենքով պաշտպանել սեփական իրավունքներն ու արժանապատվությունը: 
Այդ գաղափարները ոգեւորությամբ ընդունվեցին սասունցիների կողմից, որոնք հրաժարվեցին ուժերից վեր հարկեր տալ թուրքերին ու քրդերին: Սուլթանը փորձեց քրդերի միջոցով հնազանդեցնել ըմբոստ սասունցիներին, մանավանդ որ դրանով ավելի կսրեր հայ-քրդական հակասություններն ու թշնամությունը: Քրդերը 1891-1894թթ. մի քանի անգամ արշավեցին Սասունի վրա, սակայն պարտություն կրեցին: Այդ ամբողջ ընթացքում Սասունը շրջափակված էր թուրքական բանակի եւ քրդական զորքերի կողմից եւ ամբողջովին կտրված էր արտաքին աշխարհից: 
Ի վերջո, համոզվելով, որ քրդերն ի վիճակի չեն պարտության մատնել հայերին, թուրքական կառավարությունը որոշեց կանոնավոր բանակի ուժերով ճնշել սասունցիներին: Նախատեսվում էր Անդրկովկասից մեծ քանակությամբ զենք ու մարտիկներ օգնության ուղարկել Սասունին, սակայն ակնկալված օգնությունն այդպես էլ տեղ չհասավ: 
Սասունի դեմ ուղարկվեց Զեքի փաշայի` թնդանոթներով ու նորագույն հրացաններով զինված 10.000-ոց կանոնավոր բանակը, որին միացան մի քանի տասնյակ հազար քրդեր: Հայերն ունեին մոտ 2.000 կռվողներ, որոնք զինված էին կայծքարե հին հրացաններով եւ սրերով: Ինքնապաշտպանության ղեկավարն էր Մեծն Մուրադը: Զեքի փաշան պահանջեց միանգամից վճարել 7 տարվա հարկերը, սակայն սասունցիները կտրականապես մերժեցին: 
1894թ. հուլիսի 27-ին թշնամին մի քանի ուղղություններով հարձակման անցավ, բայց արժանի հակահարված ստացավ: Թուրքական ու քրդական ուժերը մոտ երկու շաբաթ բոլոր կողմերից հարձակվում էին Սասունի վրա, բայց հայերը բազմիցս պարտության մատնեցին հակառակորդի գերակշիռ զորքերին: Սակայն ուժերը խիստ անհավասար էին, վերջանում էր հայերի զինամթերքն ու պարենը: Հայկական ուժերը մարտերով նահանջեցին դեպի Անդոկի, Քեփի ու Տալվորիկի բարձունքները: Օգոստոսի 24-ին ապստամբությունը ճնշվեց: Ղեկավարների մի մասը զոհվեց, իսկ Մուրադը եւ Գեւորգ Չավուշը ձերբակալվեցին: Շատ կանայք թշնամու ձեռքը չընկնելու համար ժայռերից ցած նետվեցին: Սասունի լեռներում ու անտառներում կոտորածները շարունակվեցին մինչեւ հոկտեմբեր: Թուրքերը անասելի բռնություններ իրականացրին, կոտորեցին 10.000-ից ավելի մարդ, հրդեհեցին ու թալանեցին շուրջ 40 գյուղ: 
Այսպիսով, որեւէ տեղից օգնություն չստանալով, Սասունը պարտվեց: Այնտեղ սկսված ապստամբությունը համահայկականի վերաճելու հույսերը չարդարացան: Կոտորածները հուզեցին համայն հայությանը, բարձրացված բողոքներն ու դիմումները միջազգային արձագանք ունեցան: Մեծ ճանաչում ունեցող բազմաթիվ առաջադեմ մտավորականներ պահանջեցին միջամտել Թուրքիայի ներքին գործերին եւ վերջ տալ սուլթանի ջարդարարական քաղաքականությանը: 
Մեծ տերությունների Կ. Պոլսի դեսպանները 1895թ. հունվարին հանձնախումբ ուղարկեցին Սասուն, կատարվածը տեղում ուսումնասիրելու համար: Հետաքննիչ հանձնախումբը, փաստերն ուսումնասիրելով, եկավ այն եզրակացության, որ Սասունի հայ բնակչության նկատմամբ կատարվել է եղեռնագործություն: Սասունի դեպքերի տպավորության տակ Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դեսպանները սուլթան Աբդուլ Համիդից պահանջեցին Հայաստանում իրականացնել բարենորոգումներ, որոնց գործադրումը Թուրքիան պարտավորվել էր Բեռլինի համաձայնագրի 61-րդ հոդվածով: 
1895թ. մայիսի 11-ին անգլիական, ռուսական, ֆրանսիական դեսպանները սուլթանին ներկայացրին բարենորոգումների ծրագիր: Ըստ դրա, անհրաժեշտ էր Արեւմտյան Հայաստանի 6 նահանգներում (Էրզրում, Սեբաստիա, Բիթլիս, Վան, Խարբերդ եւ Դիարբեքիր) ամրապնդել կենտրոնական իշխանությունը, բարելավել կառավարման համակարգը, դատական ու հարկային գործը, ապահովել հասարակական կյանքի զարգացումը, կարգավորել արտադրության ու տնտեսության զարգացումը, քրիստոնյաներին պաշտպանել քրդերի կամայականություններից: Նահանգապետերը նշանակվելու էին բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության` 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների հովանավորությամբ Բ. Դռանը կից ստեղծվելու էր վերահսկող մշտական հանձնաժողով, որը հետեւելու էր բարենորոգումների գործադրմանը: Բոլոր քաղաքացիական ու ոստիկանական պաշտոնները պետք է հավասարապես բաշխվեին քրիստոնյաների ու մահմեդականների միջեւ: Խաղաղ ժամանակ համիդիե գնդերը զինաթափվելու եւ պահեստի պահեստի հեծելազորի էին վերածվելու: Բարենորոգումների ենթակա էր նաեւ հայաշատ Կիլիկիան: Ծրագրի գործադրությունը վերահսկելու էր սուլթանի կողմից ընտրված եւ տերությունների հավանությանն արժանացած բարձր կոմիսարը: 
Սկզբում սուլթանը կտրականապես հրաժարվեց ընդունել բարենորոգումների մայիսյան ծրագիրը, իսկ Կ. Պոլսի դեսպաններին դիտողություն արեց, որ խառնվում են կայսրության ներքին գործերին: Սակայն, տերությունների ճնշման տակ սուլթանը խոստացավ որոշ փոփոխություններ կատարելուց հետո ընդունել այդ ծրագիրը, բայց տարբեր պատրվակներով ձգձգում էր դրա իրականացումը: 
Ստեղծված սպասողական, լարված վիճակում հասունացավ բողոքի ցույց կազմակերպելու գաղափարը: Տերությունների ուշադրությունը գրավելու եւ նրանց աջակցությամբ Մայիսյան բարենորոգումների ծրագիրն իրագործելու ակնկալիքով, 1895թ. սեպտեմբերի 18-ին հնչակյանները խաղաղ ցույց կազմակերպեցին Կ. Պոլսում, որի մասին նախապես տեղեկացրել էին թուրքական իշխանություններին ու տերությունների դեսպանատներին` ոստիկանների զինված միջամտությունը կանխելու համար: Մոտ 4.000 ցուցարարներ Կ.Պոլսի հայոց Մայր եկեղեցուց շարժվեցին դեպի կառավարության նստավայր` Բաբ Ալի, որպեսզի կառավարությանը հանձնեն մայիսյան բարենորոգումների ծրագիրն ընդունելու պահանջով դիմումը: Սակայն թուրք ոստիկաններն ու զինվորները փակեցին ցուցարարների ճանապարհը եւ կրակ բացեցին նրանց վրա, որից հետո հայկական ջարդեր սկսվեցին մայրաքաղաքում: Դրան զոհ գնացին 2.700 մարդ: 
Ամենուրեք ծավալվող համընդհանուր զայրույթն ու դիվանագիտական ճնշումը թուլացնելու նպատակով Աբդուլ Համիդը ստիպված էր 1895թ. հոկտեմբերի 18-ին վավերացնել բարենորոգումների նախագիծը` դրանում կատարելով էական փոփոխություններ: Բարձր կոմիսար նշանակվեց Շաքիր փաշան, որը մեկնեց Հայաստան, իբր թե բարենորոգումները կենսագործելու: 
Սակայն դա միայն ձեւականություն էր, քանի որ սուլթանը ոչ միայն բարենորոգումներ կատարելու ցանկություն չուներ, այլեւ մտադիր էր Հայկական հարցը լուծել` հայերին բնաջնջելով: Հետեւաբար, բարենորոգումների պահանջին ի պատասխան Աբդուլ Համիդը կազմակերպեց հայերի զանգվածային կոտորածներ: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets