ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ 1912-1914 ԹԹ.

Երիտթուրքերի օրոք արեւմտահայերի վիճակը չբարելավվեց եւ կրկին ջարդերի սպառնալիքը կախվեց նրանց գլխին: Չնայած Պոլսի հայոց պատրիարքարանի եւ օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորների դիմում-բողոքներին, թուրքական իշխանությունները խոստումներից այն կողմ չանցան եւ որեւէ նախաձեռնություն չցուցաբերեցին հայերի դրությունը բարելավելու ուղղությամբ:
Հայ քաղաքական գործիչները, այս պայմաններից ելնելով, որոշեցին մեծ տերություններին հիշեցնել Բեռլինի պայմանագրի 61-րդ հոդվածի եւ 1895թ. Մայիսյան բարենորոգումների ծրագրի մասին եւ պահանջել դրանց գործադրումը: Դրա համար առիթ հանդիսացավ 1912թ. հոկտեմբերին սկսված Բալկանյան պատերազմում Թուրքիայի կրած պարտությունը, որի հետեւանքով Արեւելյան հարցը կրկին դարձավ միջազգային դիվանագիտության քննարկման առարկա:
1912թ. հոկտեմբերին Թիֆլիսում տեղի ունեցավ Ռուսական կայսրության հայաշատ վայրերի ներկայացուցիչների համագումար, որը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցին, որպեսզի նրա միջնորդությամբ ռուսական կառավարությունը պահանջի Արեւմտյան Հայաստանում բարենորոգումների գործադրումը: Նույն հարցով կաթողիկոսին դիմեց նաեւ Կ. Պոլսի պատրիարք Հովհաննես Արշարունին: Համագումարն ընտրեց Ազգային բյուրո, որը հետապնդելու էր Հայկական հարցի արդարացի լուծման գործընթացին: Դեկտեմբերին նմանատիպ մարմին ստեղծվեց նաեւ Կ. Պոլսում` Ապահովության խորհուրդը: 
Գեւորգ Ե-ը հայկական նահանգներում բարենորոգումներ կատարելու հարցը բարձրացնելու խնդրանքով դիմեց Կովկասի փոխարքա Ի. Վորոնցով-Դաշկովին եւ կայսր Նիկոլայ II-ին: Միաժամանակ, կաթողիկոսը նոյեմբերի 10-ին եգիպտահայ նշանավոր գործիչ Պողոս Նուբար փաշային լիազորեց կազմել Ազգային պատվիրակություն եւ Հայկական հարցը բարձրացնել եվրոպական տերությունների առջեւ: Ազգային պատվիրակության մեջ ընդգրկվեցին Եվրոպայի հայոց թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Ութուճյանը, արեւելագետ, Եգիպտոսի պետական համալսարանի ռեկտոր Յաղուբ Արթին փաշան, իրավաբան Հարություն Մոստիչյանը, ճանաչված հասարակական գործիչ Մինաս Չերազը: 
Հայկական հարցի վերաբացումից եւ տերությունների հնարավոր միջամտության հեռանկարից անհանգստացած` 1912թ. դեկտեմբերին թուրքական կառավարությունը մի ծրագիր առաջ քաշեց, ըստ որի բարենորոգումներ էին իրականացվելու հայկական 6 վիլայեթներից 4-ում (Վան, Բիթլիս, Խարբերդ, Դիարբեքիր), սակայն ոչ մի երաշխիք չկար, որ դրանք կիրականացվեն: Դա էր պատճառը, որ հայ գործիչները թերահավատորեն մոտեցան այդ նախաձեռնությանը: 1913թ. հունվարին Էնվերը պետական հեղաշրջում իրականացրեց եւ նոր կառավարությունը կտրականապես հրաժարվեց որեւէ բարենորոգում կատարել Հայաստանում:
Կ. Պոլսի Ապահովության խորհուրդը եւ Ազգային պատվիրակությունը կազմեցին բարենորոգումների ծրագիր, ըստ որի հայկական 6 վիլայեթները միավորվելու էին մեկ նահանգի մեջ, որից դուրս էին թողնվելու մահմեդականներով բնակեցված ծայրամասերը, բոլոր պաշտոնները հավասարապես բաշխվելու էին հայերի եւ մահմեդականների միջեւ, նշանակվելու էր եվրոպացի գեներալ-նահանգապետ, որին էին ենթարկվելու զինված ուժերն ու ոստիկանությունը, նա էր նշանակելու բոլոր պաշտոնյաներին, հայերը ծառայելու էին երկրամասի տարածքում, քրդերը զինաթափվելու էին, հայերին էին վերադարձվելու բռնագրավված հողերը, պաշտոնական լեզու էին լինելու թուրքերենը, հայերենը եւ քրդերենը: 
Ազգային պատվիրակությունը ակտիվ բանակցություններ սկսեց եվրոպական կառավարությունների հետ, ինչպես նաեւ քայլեր ձեռնարկեց Եվրոպայի հասարակական կարծիքը հօգուտ հայկական բարենորոգումների տրամադրելու ուղղությամբ: Պ. Նուբարը Հայկական հարցը Եվրոպային ներկայացնում էր ոչ թե հայերի նկատմամբ խղճահարություն առաջացնելու տեսանկյունից, ինչպես դարեր շարունակ վարվել էին հայ գործիչները, այլ փորձում էր Հայաստանում բարենորոգումների գործադրման շահավետությունը ցույց տալ եվրոպացիներին: Իսկ հակառակ պարագայում սպառնում էր, որ հայերն այլեւս չեն հանդուրժի տիրող վիճակը եւ ապստամբություն կբարձրացնեն, որի արդյունքում Ռուսաստանը կարող էր գրավել Արեւմտյան Հայաստանը: Դա բավական արդյունավետ եղավ:
Այս անգամ Հայկական հարցի պաշտպանությամբ հանդես եկավ Ռուսաստանը, որի նախաձեռնությամբ 1913թ. հուլիսին, Կ. Պոլսում տերությունների դեսպանները քննարկեցին հայկական բարենորոգումների ռուսական նախագիծը, որի հիմքում դրված էր հայկական տարբերակը: Սակայն այդ ծրագրին դեմ արտահայտվեց Գերմանիան, որին աջակցում էին Ավստրո-Հունգարիան եւ Իտալիան: Ռուսաստանին, քիչ թե շատ, աջակցում էին Ֆրանսիան եւ Անգլիան: 
Պ. Նուբարի ջանքերով 1913թ. սեպտեմբերին Ռուսաստանը եւ Գերմանիան համաձայնության եկան եւ Թուրքիային առաջարկեցին բարենորոգումների միասնական ծրագիր: Թուրքական իշխանությունները տարբեր պատրվակներով սկսեցին ձգձգել այդ նախագծի ընդունումը, եւ Հայկական հարցը կրկին կանգնեց ձախողման շեմին: Պ. Նուբարի նախաձեռնության ու ջանքերի շնորհիվ եվրոպական տերությունները սկսեցին տնտեսական ճնշում գործադրել Թուրքիայի վրա` պահանջելով բարենորոգումներ կատարել Արեւմտյան Հայաստանում: Տնտեսական եւ դիվանագիտական հատկապես մեծ ճնշում էր գործադրում Ռուսաստանը: 
Այդ ամենի շնորհիվ, 1914թ. հունվարի 26-ին ստորագրվեց ռուս-թուրքական համաձայնագիր հայկական բարենորոգումների վերաբերյալ: Համաձայնագրով Արեւմտյան Հայաստանը բաժանվում էր երկու նահանգների. մեկի կազմում էին Վանը, Բիթլիսը, Խարբերդը, Դիարբեքիրը, մյուսում` Էրզրումը, Սեբաստիան եւ Տրապիզոնը: Վերջին վիլայեթի ընդգրկումով արհեստականորեն ստեղծվելու էր մահմեդականների մեծամասնություն: Նահանգները ղեկավարելու էին եվրոպացի գեներալ-նահանգապետերը, որոնց թեկնածությունն առաջարկելու էին տերությունները, իսկ սուլթանը հաստատելու էր: Սուլթանը նշանակելու էր բարձր պաշտոնյաներին, իսկ մյուսներին` նահանգապետը: Վանի, Բիթլիսի, Էրզրումի վիլայեթներում պաշտոնները բաշխվելու էին հավասարության հիմունքներով, իսկ մյուսներում` ըստ մահմեդականների եւ քրիստոնյաների տոկոսային հարաբերակցության: Հայերը իրավունք էին ստանում զենք կրել, իսկ համիդիե գնդերը վերածվելու էին պահեստի հեծելազորի: Յուրաքանչյուր ազգի կրթության համար հատկացվելու էր այնքան գումար, որքան այդ նպատակով հարկ կմուծեին: Նահանգապետներն էին լուծելու հողային վեճերը: 
Չնայած համաձայնագիրը շատ բաներով թերի էր, սակայն հայերին տալիս էր քիչ թե շատ առաջընթացի առաջընթացի եւ զարգացման հնարավորություն: Դա կարող էր քաղաքացու տարրական իրավունքներ ապահովել արեւմտահայության համար, նպաստել նրանց տնտեսական, քաղաքական ու մշակութային առաջընթացին:
Գեներալ-նահանգապետեր ընտրվեցին հոլանդացի Լ. Վեստենենկը եւ նորվեգացի Ն. Հոֆը: Առաջինի նստավայրն էր լինելու Էրզրումը, երկրորդինը` Վանը: Սակայն նահանգապետները դեռ չէին անցել իրենց պարտականությունների կատարմանը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, եւ երիտթուրքերը, մի կողմ դնելով բարենորոգումների ծրագիրը, որոշեցին Հայկական հարցը լուծել` ամբողջությամբ բնաջնջելով հայ ժողովրդին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets