ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԾԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ

Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, երիտթուրքերն իրականացրին արեւմտահայերի բնաջնջման անմարդկային ծրագիրը: Դա Թուրքիայի մի քանի տասնամյակ վարած հայասպան քաղաքականության շարունակությունն էր` ավելի մեծ ծավալներով ու ավարտուն տեսքով: Հայկական ցեղասպանությունը Թուրքիայի պետական քաղաքականության հիմքում էր դրվել տնտեսական եւ քաղաքական նկատառումներով: Ըստ թուրքերի, հայերը սեպի պես խրվել էին մահմեդական աշխարհում, ունեին ռուսական կողմնորոշում, խանգարում էին պանիսլամական ու պանթուրքական ծրագրերի իրականացմանը: Կարեւոր դեր էր խաղում նաեւ Հայկական հարցի միջազգայնացումը, որը հնարավորություն էր ընձեռում մեծ տերություններին միջամտելու Թուրքիայի ներքին գործերին: Միաժամանակ թուրքերը խանդով էին նայում ձեռներեց, գործունյա եւ աշխատասեր հայ ժողովրդի հաջողություններին տնտեսության ու մշակույթի ասպարեզներում: Գիտակցելով իրենց անլիարժեքությունը` թուրքերը ցանկանում էին ջարդերի միջոցով ազատվել հայերի մրցակցությունից տնտեսության մեջ, տիրել նրանց ունեցվածքին: 
Թուրքական կառավարությունը ցեղասպանությունն իրականացնելու համար մշակեց գաղտնի ծրագիր: Առաջին փուլում պետք է ոչնչացնեին թուրքական բանակ զորակոչված հայ զինվորներին եւ զինաթափեին հայ բնակչությանը, ապա` ձերբակալեին, աքսորեին եւ ոչնչացնեին հայ մտավորականությանը, աչքի ընկնող գործիչներին, վերջին փուլում կազմակերպելու էին բոլոր հայերի բռնագաղթը դեպի Միջագետքի անապատներ եւ անխնա բնաջնջեին: Հայերի կոտորածի համար օգտագործվեցին բանակը, ոստիկանությունը, քրդերը, չերքեզները, բանտերից այդ նպատակով արձակված մարդասպանները, մահմեդական խուժանը: Այսպիսով, ցեղասպանության հստակ ծրագիր էր մշակվել, մնում էր գործի դնել այդ հրեշավոր մեխանիզմը:
Ընդհանուր տեղահանությունն ու կոտորածները սկսելուց առաջ երիտթուրքերը որոշեցին ոչնչացնել հայ զինվորներին ու մտավորականությանը, որպեսզի առանց կռվող ու ղեկավարող ուժի մնացած բնակչությանը զրկեին դիմադրություն ցույց տալու հնարավորությունից: 
Պատերազմը սկսվելուն պես թուրքական բանակ զորակոչվեց շուրջ 300.000 հայ: 1915թ. սկզբներին հայ զինվորներին սկսեցին զինաթափել: Նրանց փոքր խմբերով զորամասերից դուրս տանելով` գնդակահարում էին: Հայ զինվորներին օգտագործում էին նաեւ աշխատանքային գումարտակներում: Աշխատանքներն ավարտելուց հետո այդ զինվորներին նույնպես սպանում էին: Այդ ամենը կատարվեց խիստ գաղտնիության պայմաններում, եւ հայ զինվորները հանկարծակիի գալով՝ հիմնականում չկարողացան դիմել ինքնապաշտպանության: Հայերի կռվող ուժի կազմակերպված ոչնչացումը թուրք ջարդարարներին հնարավորություն տվեց առանց մեծ դժվարության ցեղասպանության ենթարկել անպաշտպան մնացած հայ բնակչությանը: 
Մեծ Եղեռնի երկրորդ խոշոր գործողությունը արեւմտահայ հասարակական-քաղաքական, հոգեւոր, մտավորական գործիչների ձերբակալությունը, աքսորը եւ ոչնչացումն էր: Դրանով թուրքերը ցանկանում էին հայերին զրկել կազմակերպող, առաջնորդող ուժից: Ամենախոշոր հարվածը հասցվեց պոլսահայությանը, ուր կենտրոնացած էր արեւմտահայ մտավորականության սերուցքը: Նախօրոք կազմված ցուցակների համաձայն, 1915թ. ապրիլի 24-ին միայն Կ.Պոլսում ձերբակալվեցին ավելի քան 650 հայ մտավորականներ` գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, մանկավարժներ, բժիշկներ, հոգեւորականներ, հրապարակախոսներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ձերբակալվածներին ուղարկեցին Անատոլիայի խորքերը, ուր մեծ մասը դաժանաբար սպանվեց: Ծանր հարված հասցվեց հայ եկեղեցուն ու հոգեւորականությանը: Թուրքերն ավերեցին, հրկիզեցին ու կողոպտեցին հայկական 2.150 եկեղեցիներ ու վանքեր, կոտորեցին մոտ 4.000 հոգեւորականների: 
Եղեռնի երրորդ եւ ամենազարհուրելի գործողությունը հայ բնակչության զանգվածային տեղահանությունն ու կոտորածն էր: Նրանց աքսորում էին դեպի Սիրիայի անապատները՝ հատկապես Ռաս-ուլ-Այն ու Դեր-Զոր, ուր կազմակերպվեցին զանգվածային ջարդեր: Արեւմտահայերի բռնի տեղահանությունն ու ջարդը հիմնականում տեղի ունեցավ 1915թ. մարտ-հոկտեմբեր ամիսներին եւ ընդգրկեց կայսրության ամբողջ տարածքը: Մի քանի ամիսների ընթացքում Օսմանյան կայսրության գրեթե ամբողջ հայ բնակչությունը դաժանաբար ոչնչացվեց: 
Ցավոք, հայկական կուսակցություններն ու կազմակերպությունները, հասարակական-քաղաքական գործիչները ժամանակին չկարողացան ճիշտ ընկալել ու կանխատեսել թուրքերի ծրագրած ոճրի ահավորությունը, որի հետեւանքով ի վիճակի չեղան ժողովրդին կողմնորոշելու ինքնապաշտպանության: Եթե հայ բնակչությունն ամենուրեք փորձեր զենքով պաշտպանվել, ապա թուրքերը չէին հասնի իրենց հրեշավոր նպատակին՝ արեւմտահայության բնաջնջմանը:
Կոտորածներն իրենց անմարդկային դաժանությամբ ու վայրագությամբ գերազանցեցին ինչպես մինչ այդ, այնպես էլ հետագայում համաշխարհային պատմությանը հայտնի բոլոր մեթոդները: Մի ամբողջ ժողովրդի ոչ թե ոչնչացրին, այլ` հոշոտեցին ու տանջամահ արեցին: Հայոց ցեղասպանությունը թուրքերի վայրի եւ արյունարբու բարոյական նկարագրի ամենավառ արտահայտությունն էր:
Ընդհանուր առմամբ 1915-1916 թթ. ոչնչացվեց ավելի քան մեկուկես միլիոն արեւմտահայ, որոնցից 800.000-ը կոտորվեց դեռ ճանապարհին, իսկ մնացածը բնաջնջվեց արաբական անապատներում: Փրկվեցին միայն քչերը, այն էլ արաբների բարյացակամության շնորհիվ: Մահմեդականացվեցին ավելի քան 200.000 հայ կանայք, աղջիկներ ու մանուկներ: Փաստորեն, ամբողջությամբ հայաթափվեց մեր հայրենիքի մեծագույն մասը: Շուրջ մեկ միլիոն արեւմտահայեր, ավերակ հայրենի օջախները լքելով, գաղթականի ցուպ վերցրին եւ ստիպված եղան դեգերել օտար ափերում: Ամենուրեք նրանց հետապնդում էին սովն ու համաճարակները: Փախստականներից միայն քչերին հաջողվեց դուրս գալ այդ ծանր մղձավանջից, այն էլ տարիներ անց: 
Օսմանյան կայսրության 66 քաղաքներ ու 2.500 գյուղեր ամբողջությամբ հայազրկվեցին: Հայաթափված երկրամասերի մի մասն անմիջապես բնակեցվեց մահմեդականներով, իսկ մեծ մասը մնաց ավերակ ու ամայի: Մեծ վնաս հասցվեց բազմադարյան հայ պատմամշակութային արժեքներին: Հայերի կողմից հայրենի հողում հազարամյակներ շարունակ ստեղծված արժեքները ամիսների ընթացքում դարձան բարբարոսության զոհ: Ամենասարսափելին հայրենիքի կորուստն էր: Դարեր շարունակ հայ ժողովուրդը վերապրել էր բազմաթիվ թշնամիների բերած արհավիրքները, սակայն շարունակել էր գոյատեւել իր հայրենի հողի վրա, իսկ Մեծ Եղեռնի հետեւանքով պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի 90 տոկոսը հայաթափվեց եւ զրկվեց իր բնիկ տերերից:
Ընդհանուր առմամբ, 1890-ական թվականներին սկսված, 1915թ. իր գագաթնակետին հասած եւ մինչեւ 1922թ. շարունակված թուրքերի իրականացրած ցեղասպանությանը զոհ գնաց 2,5-3 մլն հայ: 
Ցեղասպանությունների պատմության մեջ Հայոց ցեղասպանությունն առաջինն էր եւ ամենամեծերից: Այն իրականացվեց չափազանց դաժանորեն ու նպատակաուղղված ձեւով, որի ընթացքում թուրքերը լուծեցին պատմաքաղաքական, սոցիալ-տնտեսական մի շարք ռասիստական, շովինիստական նպատակներ: Ցեղասպանությունը հազարամյակների պատմության ընթացքում հայ ժողովրդի կրած ամենածանր եւ ամենաաղետաբեր հարվածն էր: Այն մարդկային, տարածքային, ռազմաքաղաքական, մշակութային, բարոյական զարհուրելի կորուստ էր, որի դասերը երբեք չպետք է մոռանանք:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets