ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1730-1740-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 

1730-ական թթ. քաղաքական իրադրությունը Արեւելյան Հայաստանում եւ Իրանում էականորեն փոխվեց: Իրանական պետությունը կարողացավ հաղթահարել երկարատեւ ճգնաժամը: Աֆղանների եւ թուրքերի դեմ մղվող պայքարում աչքի ընկավ տաղանդավոր զորավար Նադիր խանը: Նա 1729թ. ջախջախեց աֆղաններին եւ ազատագրեց Սպահանը: 1732թ. շահ Թահմասպը թուրքերի հետ հաշտություն կնքեց, որով ճանաչեց Անդրկովկասի անցումը Թուրքիային: Դա դժգոհություն առաջացրեց Իրանում, որն օգտագործելով Նադիրը գահընկեց արեց Թահմասպին եւ իր խնամակալության ներքո շահ հռչակեց նրա նորածին որդուն՝ Աբաս III-ին:
Նադիրը հայտարարեց, որ շարունակելու է պատերազմը թուրքերի դեմ: Այսպիսով, փաստորեն Իրանի տիրակալ դարձավ Նադիր խանը: Նա ջանում էր պահպանել Իրանի ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, վերականգնել պետական սահմանները: Նրան իր կողմը գրավելու եւ հակաթուրքական պայքարի ճակատում պահելու համար Ռուսաստանը 1732թ. Իրանի հետ կնքեց պայմանագիր, որով վերադարձնում էր մերձկասպյան շրջանների մի մասը: 
1734թ. Նադիր խանը արշավեց Անդրկովկաս: Նա ձգտում էր թուրքերի դեմ օգտագործել հայերի մարտական ուժերը, որոնք դեռեւս բավական կենսունակ էին: Այդ նպատակով Նադիրը սիրաշահում էր առավել ազդեցիկ մելիքներին եւ հատկապես Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը: Իրանական առաջնորդը քաջ գիտակցում էր, որ օսմանցիների դեմ վճռական մարտերը տեղի են ունենալու այն տարածքում, որի հիմնական բնակչությունը հայերն են: Միաժամանակ, Նադիրը բարձր էր գնահատում հայ զինվորների մարտական որակները: Դեռեւս Իրանի հարավում թուրքերի դեմ մղած կռիվների ընթացքում Նադիրի բանակում ծառայում էին 6 հայ հազարապետներ` հայկական զորքերով: 
1735թ. Գանձակի պաշարման ժամանակ Նադիրի բանակին միացան Ղարաբաղի, Սյունիքի եւ այլ վայրերի հայ մելիքներն իրենց զորքերով: Գեղարքունիքում Նադիրը մեծ պատիվներ տվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցին: Այդ շրջանի հայ իրականության ամենանշանավոր գործիչը Դիզակի մելիք Եգանն էր, որը մեծ հարգանք էր վայելում Նադիրի մոտ: Հայ մելիքներն ամեն կերպ աջակցում էին Նադիրին, ապահովում էին նրա բանակի հանդերձավորումն ու պարենը, որի պատճառը թուրքերի դաժան տիրապետությունից շուտափույթ ազատվելու ձգտումն էր: 
Նադիրը այցելեց Էջմիածին, հանդիպեց կաթողիկոս Աբրահամ Կրետացուն, նոր հրովարտակներով վերահաստատեց հայ եկեղեցու եւ հոգեւորականության հնուց եկող իրավունքները, մեծ նվերներ (15կգ ոսկե ջահ, գորգեր Քերմանից եւն) տվեց վանքին: 
1735թ. հուլիսի 8-ին իրանական զորքերի հետ հայ զինվորները մասնակցեցին Եղվարդի վճռորոշ ճակատամարտին: Չնայած թուրքերի թվական գերակշռությանը, նրանց զորքը գլխովին ջախջախվեց: Օսմանցիների նահանջի ճանապարհները կտրել էին հայկական աշխարհազորայինները: Քասախ գետի կիրճում թուրքական բանակն ամբողջապես ոչնչացվեց իրանական ու հայկական զորքերի կողմից: 
Նադիր խանի տարած հաղթանակները չափազանց բարձրացրին նրա հեղինակությունը: Նա այլեւս ավելորդ համարեց երկիրը կառավարելու խնդրում ձեւականությունների պահպանումը եւ 1736թ. փետրվարին Մուղանի դաշտում Իրանի բոլոր նշանավոր գործիչների ներկայությամբ հռչակվեց Իրանի շահ (1736-1747թթ.): 
1735թ. Գանձակում կնքված ռուս-իրանական համաձայնագրով Ռուսաստանը հրաժարվեց մերձկասպյան բոլոր շրջաններից, իսկ 1736թ. Էրզրումում կնքված հաշտության պայմանագրով թուրքերը հրաժարվեցին Անդրկովկասից: 
Այսպիսով, Նադիր շահը վերականգնեց Իրանի ամբողջականությունը եւ որոշ ժամանակ հաստատվեց խաղաղություն: Նա բավական լավ էր տրամադրված հայ բնակչության եւ մելիքների հանդեպ: Նադիրը ճանաչեց Երեւանի հայ մելիքներ Մելիք-Մկրտումի եւ Մելիք-Հակոբջանի իրավունքները: Մելիք-Հակոբջանը նշանակվեց Երեւանի փողերանոցի կառավարիչ: Նադիրը Երեւանի բեկլերբեկ նշանակեց Փիր-Ահմադ խանին, որին հանձնարարեց հոգատար լինել հայ բնակչության նկատմամբ եւ հաշվի առնել Հայոց կաթողիկոսի, Մելիք-Մկրտումի եւ Մելիք-Հակոբջանի կարծիքները: Խանի գործողություններից դժգոհ լինելու դեպքում կաթողիկոսը իրավունք ուներ նրան նախազգուշացնել, իսկ եթե խանը շարունակեր իր ուղին, ապա հայրապետը պետք է դիմեր շահին: 
Արարատյան երկրի քալանթար նշանակվեց Մելիքջան Մելիք-Շահնազարյանցը, որը բեկլերբեկից հետո երկրորդ ազդեցիկ պաշտոնյան էր: Այսպիսով, Արարատյան երկրի ներքին կառավարումը անցավ հայ մելիքների եւ հոգեւորականության ձեռքը: 
Նադիրի օրոք ավելի ընդարձակվեց Արցախի հայ մելիքների իշխանությունը: Մելիքությունները ճանաչվեցին Գանձակի բեկլերբեկությունից անկախ եւ կազմավորվեց ինքնուրույն վարչական միավոր՝ «մահալ-ե խամսե»: Այսպիսով, Ղարաբաղի հինգ մելիքությունները ճանաչվեցին ինքնավար երկիր: Խամսայի սահմանները Գանձակի հարավից ձգվում էին մինչեւ Արաքս գետը: Ղեկավար նշանակվեց Դիզակի մելիք Եգանը, որի նստավայրը Տող ավանն էր: Մելիք Եգանը, ինչպես Անդրկովկասի մյուս բեկլերբեկերը, ենթարկվում էր սիպահսալար (զորահրամանատար) Իբրահիմին՝ Նադիր շահի եղբորը, որի նստավայրը Թավրիզն էր: Գյուլիստանի մելիքությունում իշխում էին Բեգլարյանները, Ջրաբերդում` Իսրայելյանները, Խաչենում` Հասան-Ջալալյանները, Վարանդայում` Շահնազարյանները, Դիզակում` Եգանյանները: Ինչպես տեսնում ենք, Նադիրը հաշվի առավ արցախահայության 15-ամյա պայքարը եւ ճանաչեց զենքի ուժով ձեռք բերած նրանց ինքնավարության իրավունքը: Հայկական պետության բացակայության պայմաններում, փաստորեն, մելիքությունները հանդիսանում էին հայկական պետականության տարրերի կրողներ: 
Նադիրի օրոք Իրանի տնտեսությունը երկարատեւ պատերազմների հետեւանքով հայտնվել էր չափազանց ծանր վիճակում: Երկրից ծայրահեղ դաժանությամբ հավաքում էին ռազմական հարկերը եւ պարտույթները: Մի քանի տարի շարունակ Անդրկովկասում մոլեգնում էր սովը: Նադիրը որոշ չափով թեթեւացրեց հայ բնակչությունից եւ հոգեւորականությունից գանձվող հարկերը: 1739թ. Նադիրը գրավեց Դելին եւ թալանեց Մեծ Մողոլների գանձարանը: Նա այնքան մեծ հարստության տիրեց, որ երեք տարի Իրանի ամբողջ բնակչությանն ազատեց հարկերից: Կյանքի վերջին շրջանում Նադիրը դարձել էր կասկածամիտ ու դաժան բռնակալ, կուրացնել տվեց սեփական որդուն, որից հետո հայտնվեց կիսախելագար վիճակում: 1747թ. Նադիրը սպանվեց իր մերձավորների ձեռքով: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets