ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

27.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Կ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԵՂԵՌՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ

1918թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան ճանաչվեց պարտված պետություն: Օրակարգի հարց դարձավ երիտթուրք ոճրագործներին պատժելը, որոնցից շատերը, կանխազգալով վտանգը, փախել էին արտասահման:
Թուրքական նոր կառավարությունը որոշում կայացրեց Օսմանյան կայսրությանը Առաջին համաշխարհային պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին, ինչպես նաեւ «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին: 
Կազմվում է հետաքննիչ հանձնախումբ, որը սկսում է հավաքել արեւմտահայության կոտորածներին վերաբերող մեղադրական ապացույցներ՝ ծածկագիր հեռագրեր, պաշտոնական հրահանգներ եւ հրամաններ, ինչպես նաեւ ականատեսների վկայություններ: Դրանց հիման վրա ձերբակալվում են բազմաթիվ երիտթուրք ոճրագործներ, սակայն հայկական կոտորածների հիմնական կազմակերպիչները հասցրել էին փախուստի դիմել եւ ծպտված ապրել Եվրոպայում:
1919թ. մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդի (1918-1922) հատուկ հրամանագրով երիտթուրքական կուսակցության պարագլուխներն ու նախարարները հանձնվում են Կ. Պոլսի ռազմական արտակարգ դատարանին: 1919 թ. ապրիլին Կ. Պոլսում սկսվում է երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության անդամների դատավարությունը, որը ձգձգվում է մինչեւ 1920թ. հունվար: 
1919թ. ապրիլի 8-ին դատարանը մահվան դատապարտեց Յոզղաթի ջարդերի կազմակերպիչ Քեմալ բեյին, որը կախաղան բարձրացվեց: Դա թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտված միակ ոճրագործն էր, որը մահապատժի ենթարկվեց թուրքերի կողմից:
Դատարանը հեռակա կարգով մահվան դատապարտեց ներքին գործերի նախարար, ապա մեծ վեզիր Թալեաթ փաշային, ռազմական նախարար էնվեր փաշային, ծովային նախարար Ջեմալ փաշային, Թեշքիլաթը մահսուսեի նախագահ Բեհաեդդին Շաքիրին, կրթության նախարար, Թեշքիլաթը մահսուսեի անդամ դոկտոր Նազըմ բեյին, Տրապիզոնի նահանգապետ Ջեմալ Ազմի բեյին եւ նրա գործակից Նայիլ բեյին: Տասնյակ ցեղասպաններ ստացան տարբեր պատժաչափեր: 
Մեղադրական եզրակացություններում բերված փաստաթղթերը վկայում էին, որ արեւմտահայության տեղահանություններն ու կոտորածները ռազմական կամ կարգապահական միջոցառում չեն եղել, սահմանափակ կամ տեղական բնույթ չեն կրել, այլ եղել են կանխամտածված եւ իրականացվել են երիտթուրքերի կուսակցության եւ կառավարության նախաձեռնությամբ, հատուկ կենտրոնի հրահանգներով ու գաղտնի հրամաններով:
Դատավարության ընթացքում հարյուրից ավելի երիտթուրք ոճրագործների անգլիական իշխանությունները աքսորեցին Մալթա կղզի: Դրանց մի մասը հետագայում փոխանակվեց թուրքական գերության մեջ գտնվող անգլիացի զինվորների հետ, մյուս մասն էլ կամաց-կամաց ազատ արձակվեց: Նրանցից շատերը հետագայում դարձան Մուստաֆա Քեմալի գործընկերները:
Ինչպես տեսանք, երիտթուրք ղեկավարներին ներկայացվել էր երկու մեղադրանք. Թուրքիայի ներքաշումը պատերազմի մեջ եւ հայ ժողովրդի բնաջնջումը: Դա փաստորեն երիտթուրքական պետական մարմինների իրականացրած հրեշավոր ոճրագործության պաշտոնական ճանաչումն էր հենց թուրքական իշխանությունների կողմից: Այսպիսով, առաջինը թուրքական պետական իշխանություններն ու դատարանն էին, որ ընդունեցին հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության փաստը եւ դատապարտեցին այն իրականացնողներին: 
Ցավոք, այժմյան թուրքական իշխանությունների հիշողությունը բավական թույլ է, որպեսզի հիշեն իրենց նախնիների իրականացրած ոճիրը եւ այն դատապարտած թուրքական դատարանի որոշումները: 
Ինչպես տեսանք, թուրքական դատարանի կողմից երիտթուրք ոճրագործների մի մասը հեռակա կարգով մահվան դատապարտվեց, սակայն նրանք գտնվում էին երկրի սահմաններից դուրս: Թուրքական իշխանությունները, բնականաբար, այնքան էլ շահագրգռված չէին այդ հանցագործներին հայտնաբերելու եւ դատարանի վճիռներն ի կատար ածելու հարցով: 
Այս պայմաններում էր, որ երիտթուրք հանցագործներին պատժելու գործը ստանձնեց Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը: 1919 թ. սեպտեմբերի 27-ին Երեւանում իր աշխատանքները սկսեց Հ.Յ.Դաշնակցության 9-րդ ընդհանուր ժողովը, որը տեւեց մինչեւ հոկտեմբերի վերջը: 
Համագումարի օրակարգում էր նաեւ Մեծ Եղեռնի գլխավոր հանցագործներին պատժելու հարցը: Ժողովը որոշեց անպատիժ չթողնել հայ ժողովրդի դահիճներին: Կազմվեց այդ գործն իրականացնող Պատասխանատու մարմին՝ նշանավոր հրապարակախոս Շահան Նաթալու եւ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Գարեգին Փաստրմաճյանի (Արմեն Գարոյի) ղեկավարությամբ: Գործողությունը հունական դիցաբանության վրիժառության աստվածուհու անունով կոչվեց «Նեմեսիս» եւ իրականացվելու էր խիստ գաղտնիության պայմաններում: 
Բավական դժվար գործ էր հայտնաբերել աշխարհի տարբեր անկյուններում կեղծ անունների տակ ծպտված երիտթուրք ոճրագործներին, սակայն այդ խնդիրը լուծվեց ամենայն բարեխղճությամբ եւ կարճ ժամկետներում:
Թալեաթի ոչնչացումը հանձնարարվեց Սողոմոն Թեհլերյանին: Շահան Նաթալու պահանջով ոճրագործին սպանելուց հետո հայ վրիժառուն չպիտի փախչեր, որպեսզի տեղի ունենար դատավարություն, որին տրվելու էր քաղաքական բնույթ եւ բարձրացվելու էր ցեղասպանության ու Թուրքիային բռնակցված հայկական տարածքների հարցը: 
1921թ. մարտի 15-ին Ս. Թեհլերյանն օրը ցերեկով Բեռլինում սպանեց գլխավոր եղեռնագործ Թալեաթին եւ կամավոր հանձնվեց ոստիկանությանը: 1921թ. հուլիսի 2-Յ-ը տեղի ունեցավ դատավարություն, որը վարում էր Բեռլինի նահանգային դատարանը: Հրավիրվել էին բազմաթիվ վկաներ: Դատի ժամանակ հայ վրիժառուն հանդես եկավ ամբողջ հայ ժողովրդի անունից, նկարագրեց զարհուրելի ոճիրը, մեղադրեց հանցագործներին եւ հայտարարեց, որ լուծել է իր նահատակված ժողովրդի արդար վրեժը: Գերմանական դատարանը, հակառակ որոշակի շրջանների ճիգերին, արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին՝ անպարտ ճանաչելով նրան Թալեաթի սպանության համար: Փաստորեն, դա նույնպես երիտթուրքերի հրեշավոր ոճրագործությունը հաստատող ու դատապարտող իրողություն էր: 

1921թ. դեկտեմբերի 6-ին Հռոմում Արշավիր Շիրակյանը սպանեց Թուրքիայի 1913-1917թթ. վարչապետ Սայիդ Հալիմ փաշային: 

1922թ. ապրիլի 17-ին, Բեռլինում Արամ Երկանյանը սպանեց Հատուկ կազմակերպության նախագահ Բեհաեդդին Շաքիրին, իսկ Արշավիր Շիրակյանը՝ Տրապիզոնի նախկին վալի Ջեմալ Ազմի բեյին:

1922 թ. հուլիսի 25-ին Պետրոս Տեր-Պողոսյանը, Ստեփան Ծաղիկյանը եւ Արտաշես Գեւորգյանը Թիֆլիսում գնդակահարեցին իթթիհատական եռապետության անդամ Ջեմալ փաշային: 

1922թ. օգոստոսի 4-ին Միջին Ասիայում կարմիր զորահրամանատար Հակոբ Մելքումյանի ջոկատի հետ ընդհարման ժամանակ սպանվեց էնվեր փաշան:

Հայ վրիժառուների արդար դատաստանից չխուսափեցին նաեւ մուսավաթական Ադրբեջանի վարչապետ Ֆաթալի խան Խոյսկին, որին սպանեց Արամ Երկանյանը՝ 1920թ. հունիսի 19-ին Թիֆլիսում եւ ներքին գործերի նախարար Բեհբուդ խան Ջիվանշիրը, որին սպանեց Միսաք Թոռլաքյանը 1921թ. հուլիսի 19-ին Կ.Պոլսում: Նրանք մեղավոր էին 1918թ. սեպտեմբերին Բաքվում եւ 1920թ. մարտին Շուշիում կազմակերպված հայկական ջարդերի համար: Մ. Թոռլաքյանը ձերբակալվեց, սակայն Կ. Պոլսի ռազմական դատարանի կողմից ազատ արձակվեց:

Հայ վրիժառուները պատժեցին նաեւ ազգությամբ հայ դավաճաններին, որոնց մատնությամբ էր թուրքական ոստիկանությունը ձերբակալել հայ մտավորականներին:

Այդ «ահաբեկչական» գործողությունների շնորհիվ պատժվեցին Եղեռնի գլխավոր մեղսակիցները, որի միջոցով որոշ չափով իրականացվեց արդարադատությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets