ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.07.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԼԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ 1760-80-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ 

18-րդ դարի 60-80-ական թթ. հայ ազատագրական մտքի կենտրոններ շարունակում էին մնալ գաղթավայրերը: Մեծ ակտիվություն դրսեւորեցին հատկապես հնդկահայ եւ ռուսահայ գաղթավայրերը:
Հնդկահայերը լուրջ քայլերի դիմեցին հայ ազատագրական պայքարի կազմակերպման, շարժման գաղափարական մշակման ուղղությամբ: Դա գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ վաճառականները, չդիմանալով անգլիացիների ոչ հավասար պայմաններում ընթացող մրցակցությանը եւ հալածանքներին, դուրս էին մղվում հնդկական շուկաներից: Այս ամենը բերեց նրան, որ հնդկահայերը սկսեցին մտորել պատմական հայրենիքի ազատագրման ուղիների եւ անկախ պետականություն ստեղծելու մասին: 
1771թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվեց հայ իրականության մեջ առաջին քաղաքական խմբակը: Դրա ղեկավար կորիզը կազմում էին հարուստ ակնավաճառ Շահամիր Շահամիրյանը, նրա որդիները` Հակոբը եւ Եղիազարը, ղարաբաղցի քահանա Մովսես Բաղրամյանը, հարուստ առեւտրական Գրիգոր Խոջաջանյանը, Հովսեփ Էմինը: Շ. Շահամիրյանը Հայաստանի ազատագրության հարցի շուրջ ակտիվ նամակագրություն հաստատեց Արցախի մելիքների, Էջմիածնի ու Գանձասարի կաթողիկոսների, վրաց Հերակլ II թագավորի եւ այլոց հետ: Շ. Շահամիրյանը գտնում էր, որ Հայաստանը պետք է ազատագրվի համահայկական ապստամբության միջոցով, որը ղեկավարելու էին Ս. Էջմիածինն ու Արցախի մելիքները: Նա մեծ տեղ էր հատկացնում հայ-վրացական համագործակցությանը եւ Ռուսաստանի օժանդակությանը: 
Խմբակի անդամները իրենց գործունեության ընթացքում մեծ տեղ էին հատկացնում ազատագրական գաղափարների քարոզմանն ու տարածմանը: Այդ նպատակով 1772թ. Մադրասում հիմնեցին հայկական տպարան, որտեղ տպագրվեցին մի շարք աշխատություններ, որոնց նպատակն էր ազատագրական գաղափարների տարածումը: Այնտեղ տպագրվեց Մ. Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գիրքը, ուր շարադրված էին խմբակի անդամների հայացքները Հայաստանի ազատագրման վերաբերյալ: Երիտասարդության ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու եւ հայրենասիրական զգացումներ արթնացնելու համար «Նոր տետրակում» ներկայացված էին հայոց պատմության հերոսական դրվագները: «Նոր տետրակը» քարոզում էր, որ ազատություն պետք է ձեռք բերել սեփական ուժերով եւ զինված պայքարի միջոցով, իսկ օտարների աջակցության վրա հույս դնելը ուղղակի մոլորություն է, հայ ժողովրդի տառապանքներին վերջ դնել հնարավոր է միայն սեփական պետություն ունենալու դեպքում, որտեղ պետք է հաստատվեին հանրապետական կարգեր: Կարեւոր տեղ էր հատկացվում ժողովրդի շրջանում լուսավորության եւ գիտության տարածմանը: 
Մադրասի խմբակի մյուս կարեւոր հրատարակությունը «Որոգայթ փառաց» գիրքն էր, որի հեղինակը Շ. Շահամիրյանն է: Այն իրենից ներկայացնում էր Հայաստանի ապագա հանրապետության 521 հոդվածից կազմված սահմանադրության նախագիծը: Այդտեղ մերժվում էին միապետական կարգերը եւ կառավարման լավագույն ձեւ էր հռչակվում հանրապետությունը, որտեղ իշխանության օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է լինեին ընտրովի: 
18-րդ դարի երկրորդ կեսին ռուսահայ գաղթավայրերում եւս ակտիվորեն քննարկվում էին Հայաստանի ազատագրության տարբեր ծրագրեր: Նրանց ոգեւորում էր այն հանգամանքը, որ Ռուսաստանը ակտիվ քաղաքականություն էր սկսել Կովկասում, լուրեր էին տարածվում ռուսների դեպի Անդրկովկաս իրականացվելիք արշավանքի մասին: 
1769թ. Աստրախանի մեծահարուստ գործարանատեր Մովսես Սարաֆյանը ռուսահայ մի շարք գործիչների` Հովհաննես Լազարյանի, Գրիգոր Կամպանյանի գիտությամբ, կազմեց եւ կայսրուհի Եկատերինա II-ին ներկայացրեց Հայաստանի ազատագրության մի ծրագիր: Այն նախատեսում էր, որ Ռուսաստանը եւ Վրաստանը պետք է պատերազմ սկսեին Թուրքիայի դեմ: Ռազմական գործողություններին գործուն մասնակցություն էին ունենալու Արցախի մելիքները, ինչպես նաեւ այլ վայրերի հայերից կազմված կամավորական ջոկատներ: Ազատագրված Հայաստանում նախատեսվում էր Ռուսաստանի հովանավորությամբ վերականգնել թագավորությունը, իսկ Արցախի մելիքներից մեկը պետք է դառնար թագավոր: Հայերը անհրաժեշտության դեպքում զորք էին տրամադրելու Ռուսաստանին, իսկ վերջինս Հայաստանը պաշտպանելու էր այլ պետությունների ոտնձգություններից: Մովսես Սարաֆյանի ծրագիրը չիրագործվեց, սակայն կարեւոր նշանակություն ունեցավ ազատագրական հետագա ծրագրերի կազմման համար: 
1780-ական թթ. սկզբներին Ռուսաստանը գործնական քայլերի դիմեց Անդրկովկասը գրավելու համար: Ռուսական կառավարությունը հասկանում էր, որ հայերը նպաստավոր դեր կարող են ունենալ այդ քաղաքականության ճանապարհին: Ուստի արշավանքը կազմակերպելու, դրանում հայերի դերակատարությունը հստակեցնելու եւ ոգեւորելու համար 1780թ. Պետերբուրգում հրավիրվեց խորհրդակցություն, որին մասնակցեցին իշխան Գ. Պոտյոմկինը, զորավար Ա. Սուվորովը, որը պետք է գլխավորեր նախատեսվող արշավանքը, Հովհաննես Լազարյանը, Հովսեփ արք. Արղությանը: Քննարկվեց հայոց պետականության վերականգնման հնարավորությունը: Այդ արշավանքը նախատեսվում էր իրականացնել 1783թ., սակայն տարբեր պատճառներով ռուսական արշավանքը հետաձգվեց: Այդ շրջանում է, որ հայ գործիչները մշակեցին եւ ռուսական կառավարությանը ներկայացրին Հայաստանի ազատագրության եւ հայ-ռուսական դաշնագրի երկու նախագիծ: 
Առաջին նախագիծը 1783թ. ռուսական կառավարությանը ներկայացրեց Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանը եւ հայտնի է «Հյուսիսային ծրագիր» անունով: Ըստ դրա, ռուսական զորքերի օգնությամբ ազատագրված Հայաստանում վերականգնվելու էր հայկական թագավորությունը: Հայոց թագավորի թեկնածուին պետք է առաջադրեր ռուսական կայսրուհին: Հայոց թագավորը պետք է օծվեր Ս. Էջմիածնում, դավաներ հայոց կրոնը եւ երկիրը կառավարեր հայկական օրենքներով: Հայոց թագավորությունը ունենալու էր զինանշան, դրոշ եւ սեփական դրամ: Երկրի մայրաքաղաք դառալու էր Վաղաշապատը կամ Անին: Վերականգնվելու էին իշխանական տների ժառանգական իրավունքները: Հայաստանը Ռուսատանին վճարելու էր հարկ եւ անհրաժեշտության դեպքում տրամադրելու էր զորք: Նախագծում խոսվում էր հայ-ռուսական հավիտենական բարեկամության մասին: 
Այդ նույն շրջանում Շ. Շահամիրյանը կազմեց Հայաստանի ազատագրության «Հարավային ծրագիրը»: Ըստ դրա ռուսական զորքերի կողմից Հայաստանը ազատագրելուց հետո երկրում ստեղծվելու էր պառլամենտական հանրապետություն: Երկրի օրենսդիր մարմինը կոչվելու էր «Հայոց տուն», իսկ գործադիրը` «Նախարարությունը», որի գլուխ 
պետք է կանգներ ազգությամբ եւ դավանանքով հայ նախարարը: Հայաստանը անհրաժեշտության դեպքում Ռուսաստանին տրամադրելու էր զորք, իսկ ռուսական 6.000-ոց զորքը 20 տարի ժամանակով մնալու էր Հայաստանում, որի ծախսերը հոգալու էր հայկական կողմը: Հայաստանը Ռուսաստանին վճարելու էր խորհրդանշական չափի հարկ: Հայաստանի եւ Ռուսատանի միջեւ կնքվելու էր բարեկամական անխախտ պայմանագիր: Իսկ Երկու երկրների միջեւ վեճերի ծագման դեպքում դիմելու էին երրորդ պետության միջամտությանը, որի որոշումը պարտադիր էր լինելու երկու կողմի համար: 
Փաստորեն, «Հյուսիսային ծրագրով» Հայաստանում վերականգնվելու էին միապետական կարգերը եւ երկիրը կախման մեջ էր գտնվելու Ռուսաստանից, իսկ «Հարավային ծրագրով» Հայաստանում ստեղծվելու էր պառլամենտական հանրապետություն եւ կախվածությունը Ռուսաստանից կրելու էր ձեւական բնույթ: Պետք է նշել, որ «Հարավային ծրագիրը» իր բնույթով ավելի առաջադիմական էր, սակայն «Հյուսիսային ծրագիրը» իրականություն դառնալու ավելի մեծ հնարավորություններ ուներ, քանի որ այն համապատասխանում էր ժամանակի ոգուն ու պատմական պայմաններին: Հայ-ռուսական դաշնագրի երկու նախագծերն էլ ներկայացվեցին ցարական արքունիքին, սակայն դրանցից ոչ մեկն էլ կյանքի չկոչվեց: Ռուսաստանը չէր պատրաստվում որեւէ պայմանագիր կնքել գոյություն չունեցող պետության հետ եւ գործում էր ելնելով միմիայն իր իրական շահերից: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets