ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Ա Բարձրաբերդցի (1221 - 1267)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ա ԲԱՐՁՐԱԲԵՐԴՑԻ
(Բարձրաբերդցի, Մավռիանցի) (1221–1267)
Ամենայն Հայոց կաթողիկոս` 1221–ից: Հաջորդել է Հովհաննես Զ Սսեցուն:

Ծն. թ. անհտ., Բարձրբերդ (Կիլիկիա): Մահացել է 1267–ի ապրիլի 9–ին Հռոմկլայում:
Սկզբնական կրթությունն ստացել է Տարսոնի մոտակայքի Մլիճ վանքում, որը նշանավոր գրչավայր էր, ապա նաև Հռոմկլայի կաթողիկոսարանում: Եղել է Մլիճի, հավանաբար նաև Բարձրբերդի եպիսկոպոս, աչքի է ընկել հոգևոր բարձր արժանիքներով, վարել Հայոց եկեղեցու միասնությանը, դավանական ինքնորոշմանը նպատակաուղղված քաղաքականություն: Կաթողիկոս է առաջադրվել Կոստանդին պայլի կողմից: Կոստանդին Ա Բարձրբերդցու գահակալման սկզբնական շրջանում գժտություններ են ծագել հայերի ու լատինների միջև, որի հետևանքով Կիլիկիայից վտարվել են Մամեստիայի և Տարսոնի լատին եպիսկոպոսները: Հռոմի Հոնորիոս Գ պապը (1216–1227) դիմել է Կոստանդին Ա Բարձրբերդցուն (1223), որպեսզի վերականգնվեն նրանց իրավունքները: Կաթողիկոսը չի արձագանքել պապի հորդորին: Նա մասնակցել է 1226–ի հունիսի 7–ին Տարսոնում կայացած Հեթում I–ի թագադրմանը: 1252–ի հունվարի 22–ին Կոստանդին Ա Բարձրբերդցին գլխավորել է Զապել թագուհու հուղարկավորության թափորը: Նրա օրոք` 1220–ականներին, ավարտվել է Սսի թագավորական Ս.Սոֆիա եկեղեցու կառուցումը: 1238–ին Անտիոքի կաթոլիկ պատրիարքի մեղքով վերստին բարդացել են Հայոց և Լատին եկեղեցիների փոխհարաբերությունները: Վերջինս Կոստանդին Ա Բարձրբերդցուց պահանջել է հնազանդվել իրեն` այն հիմամբ, որ Կիլիկիան հնուց ի վեր եղել է Անտիոքի աթոռի գերակայության ներքո: Հռոմի Գրիգորիոս Թ պապը (1227–1241), օրինական համարելով Անտիոքի պատրիարքի պահանջը, 1238–ի հունվարի 26–ին երկու եպիսկոպոսներ է ուղարկել Կիլիկիա` Կոստանդին Ա Բարձրբերդցու մոտ, կատարել տալու այդ պահանջը և Հայոց կաթողիկոսին իջեցնելու մետրոպոլիտի աստիճանի: Բայց Կոստանդին Ա Բարձրբերդցին Հեթում թագվորի և Կոստանդին թագավորահոր սաստմամբ ի դերև է հանել նրանց նկրտումները: Հռոմի պապը չի բողոքել դրա դեմ` կամենալով շահել հայերի զորակցությունն Արևելքում հաստատված խաչակիրներին: Կոստանդին Ա Բարձրբերդցին մերձակցություն է ունեցել Ասորվոց պատրիարքի հետ և նրա ուղեկցությամբ 1241–ին ուխտի գնացել Երուսաղեմ: Նույն թվին Հռոմկլայում կաթողիկոսի հետ հանդիպել է Վարդան Արևելցին, կատարել նրա հրամանով Միքայել Ասորու Ժամանակագրության հայերեն թարգմանությունը` հավելումներով: 1243–ին Հեթում I թագավորի սատարմամբ Կոստանդին Ա Բարձրբերդցին ժողով է գումարել Սիսում` եկեղեցականների մոտ նկատվող աշխարհիկ գայթակղությունները, կանոնազանցումները վերացնելու նպատակով: Ժողովում կազմվել է նրա Շրջաբերականը` ուղղված Հայաստանի բոլոր գավառների հոգևոր առաջնորդներին, բնակչությանը: Կոստանդին Ա Բարձրբերդցու հանձնարարությամբ Վարդան Արևելցին մեկնել է Հայոց աշխարհ, շրջել գրեթե բոլոր գավառներում և ստանալով նրանց հոգևոր առաջնորդների գրավոր համաձայնությունը Շրջաբերականին` ներկայացրել է կաթողիկոսին: Կոստանդին Ա Բարձրբերդցին իր գոհունակությունն է արտահայտել այդ առթիվ` արևելահայոց եկեղեցիներին ուղարկելով մեծագին եկեղեցական սպասքներ: 1247–ին իր բանագնաց Թեոդոս վարդապետին ուղարկել է մոնղոլ զորապետի մոտ և նրա համաձայնությունը ձեռք բերելով վերակառուցել է տվել Արտազի Ս. Թադեի վանքը, հիմնել միաբանություն և վանքը դարձրել Հայոց չորս նշանավոր Աթոռներից մեկը: 1247–ին Հույն և Լատին եկեղեցիների միջև արծարծված բանավեճերի ժամանակ հույն պատրիաք Մանուելը դիմել է Կոստանդին Ա Բարձրբերդցուն և Հեթում I թագավորին` աջակցելու իրենց: Արձագանքելով նրանց` Կոստանդին Ա Բարձրբերդցին բանակցություններ է վարել պատրարքի և Հովհաննես III Վատաձիս կայսեր (1222–1254) հետ` բարելավելով Բյուզանդիայի հետ ունեցած հարաբերությունները: Նույն թվին Հռոմի Իննոկենտիոս Դ պապը (1243–1254) Հեթում I թագավորին գրավոր առաջարկ է ուղարկել հայերին «ճշմարիտ հավատի բերելու» վերաբերյալ: Առաջարկը գրավոր հերքել է Կոստանդին Ա Բարձրբերդցին (հերքման գիրը չի ուղարկվել պապին, քանի որ նույն ժամանակ ձեռնարկված խաչակրաց նոր արշավանքը հայերի վերնախավում ծնել է քաղաքական նոր հույսեր): 1250–ին Կոստանդին Ա Բարձրբերդցու համաձայնությամբ Ասորվոց կաթողիկոսական աթոռը ապաստանել է Հռոմկլայում: Նույն թվին Կոստանդին Ա Բարձրբերդցին վերսկսել է բանակցությունները հույների հետ` փորձելով հարթել երկու եկեղեցիների միջև առաջացած դավանաբանական տարակարծությունները: 1259–ին նա Հեթում I թագավորի հետ մեկնել է Միջագետք, հանդիպել մոնղոլ զորապետ Հուլավուի հետ, ամրապնդել հայ–մոնղոլական դաշինքը, բարելավել քրիստոնյաների կացությունը: Կոստանդին Ա Բարձրբերդցին ականատես եղավ 1266–ին եգիպտական զորքի հարձակմանը, որի հետևանքով թշնամին անլուր ավերածություններ գործեց:
Կոստանդին Ա Բարձրբերդցին միշտ հավատարիմ է մնացել հայոց մշակութային արժեքներին: Թորոս Ռոսլինին, Հովհաննես Գրչին և ուրիշների ընդօրինակել է տվել բազմաթիվ ձեռագրեր, հովանավորել է գրիչներին, ծաղկողներին, նվիրատվություններ կատարել Հովհաննավանքին (1243), Խորանաշատի վանքին (1246), Արցախի Տիրամայր վանքին (1246) և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets