ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հակոբ Ա Կլայեցի (1267 - 1286)

ՀԱԿՈԲ Ա ԿԼԱՅԵՑԻ
(Սսեցի, Տարսոնացի, Մեծքարեցի, Հռետոր, Գիտնական) (1268–1286)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1268–ից: Հաջորդել է Կոստանդին Ա Բարձրբերդցուն:

Ծնվել է մոտ 1206–ին: Մահացել է 1286–ի փետրվարի 12–ին Հռոմկլայում, ամփոփվել տեղի հայրապետական հանգստարանում:
Մինչև կաթողիկոս ընտրվելը աչքի է ընկել գիտունությամբ, մեկնիչի, տաղերգուի, ճարտասանի ձիրքով: Ըստ Սամուել Անեցու` նա «սուրբ և առաքինի այր էր, որը մեկնաբանում էր դժվար լուծելի խնդիրներ պարունակող գրքեր»: Հակոբ Ա Կլայեցու մասին մեծ գովեստով է խոսում նաև Վահրամ Րաբունին: Մինչև կաթողիկոս ընտրվելը երկու անգամ` 1242–ին և 1254–ին Հակոբ Կլայեցին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա Նիկիա` կայսրության վերնախավի հետ Հայ և Բյուզանդական եկեղեցիների միավորման շուրջ բանակցություններ վարելու համար: Երկար տարիներ եղել է Կիլիկիայի Մեծ քարի ուխտի առաջնորդ, Կոստանդին Ա Բարձրաբերդցի կաթողիկոսի տեղապահ և գաղափարակից (Հռոմկլա դղյակում, որից և նրա Կլայեցի մականունը): Կոստանդին Ա–ի վախճանվելուց հետո, 1268–ի փետրվարի 12–ին Մամեստիա քաղաքում գումարված Ազգային–եկեղեցական ժողովում ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Որպես առաջին հայրապետական կոնդակ` օգտագործել է Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրական» երկասիրությունը` հավելելով վերջինիս ընթերցումը պարտադրող մի թուղթ և տարածել Հայաստանի առաջատար եկեղեցական վիճակներում ու վանքերում: 1268–ին Հեթում I թագավորը Հակոբ Ա Կլայեցուն հրավիրել է արքունիք և պահանջել գերությունից վերադարձած որդուն` Լևոնին օծել Հայոց թագավոր: Բայց կաթողիկոսը դեմ է եղել Հեթում I–ին, իբրև կարողունակ և փորձառու թագավորի հրաժարականին, ուստի մերժել է նրա առաջարկը: Հեթում I–ի վախճանվելուց հետո` 1270–ի հունվարի 6–ին, Ծննդյան տոնին Հակոբ Ա Կլայեցին Տարսոնի Ս. Սոֆիա եկեղեցում գումարել է Ազգային–եկեղեցական ժողով, որտեղ Լևոն III Հեթումյանին օծել է Հայոց թագավոր: Վերջինս և Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսը, գործելով համադաշն, գերադասել են չեզոքություն պահպանել Արևմուտքի հետ ունեցած առնչություններում: Հակոբ Ա Կլայեցին մերժել է 1274–ին Լուգդոն (Լիոն) քաղաքում Գրիգոր Ժ պապի հրավիրած ժողովին մասնակցելու հրավերը: Ժողովում արծարծվել են նոր խաչակրաց արշավանք սկսելու, ինչպես նաև կաթոլիկ և ուղղափառ եկեղեցիների միաբանության խնդիրները: Քանի որ ժողովում կարող էր առաջադրվել նաև Հայ և Լատին եկեղեցիների միավորման պահանջը, ուստի Հակոբ Ա Կլայեցին հրաժարվեց մեկնել այնտեղ: Հայոց Լևոն III թագավորը Արևմուտքի հետ հարաբերությունները չսրելու նպատակով պատվիրակ է առաքել Լուգդոնի ժողով:
Հակոբ Ա Կլայեցին 1275–ին և 1276–ին Կիլիկիայի վրա Եգիպտոսի մամլուքների հարձակումների ժամանակ ժողովրդի կրած տառապանքներին, երկրի ավերվածություններին, Սսի թագավորական պալատի հրդեհման ականատես եղավ: 1279–ին եգիպտական 13 հազարանոց զորքը պաշարեց կաթողիկոսանիստ Հռոմկլան, որը, սակայն չկարողացավ գրավել: Եգիպտոսի կողմից 1268–ի Անտիոքի դքսության ոչնչացումից հետո վերջինիս հույն պատրիարքները ապաստանել էին Կիլիկիայի Հայոց թագավորությունում: Նրանցից Եվտիմեոսը, նկատի առնելով անցյալում Անտիոքի պատրիարքության առաջատար դիրքը քրիստոնեական աշխարհում, հավակնում էր գերակայություն ունենալ Հակոբ Ա Կլայեցու նկատմամբ: Սակայն նա վճռական հակահարված ստացավ կաթողիկոսի և Լևոն III թագավորի կողմից: Վերջինիս հրամանով Եվտիմեոսը դատապարտվեց աքսորի: Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսը նպաստել է 1285–ին տաճարական ուխտի (օրդենի=tamplier) մագիստրոսի միջնորդությամբ Կիլիկիայի թագավորության և Եգիպտոսի սուլթանության միջև պայմանագրի կնքմանը:
Հակոբ Ա Կլայեցու հովվապետության տարիները բեղմնավոր էին հայ մշակույթի զարգացման, Հայաստանի հոգևոր կենտրոնների, վանքերի ու եկեղեցիների հետ հոգևոր հաղորդակցության ընդլայնման առումով:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets