ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Բ Կատուկեցի (1286 - 1289)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Բ ԿԱՏՈՒԿԵՑԻ
(Պրոնագործ) (1286–1289)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1286–ից: Հաջորդել է Հակոբ Ա Կլայեցուն:

Ծնվել է մոտ 1210–ին Կիլիկիայի Կատուկ ավանում, մահացել 1293–ից հետո:
Ուսանել է կաթողիկոսանիստ Հռոմկլա դղյակի հայրապետանոցում, ապա ձեռնադրվել է վարդապետ և նշանակվել Բարձրբերդի մոտակայքի նշանավոր գրչավայր Խորին անունով վանքի առաջնորդ: Զուգահեռ զբաղվել է նաև այծի մորթին (պրոն) մշակող արհեստով, ուստի ստացել է Պրոնագործ մականունը: 1286–ի ապրիլի 13–ին ընտրվել է Հայոց կաթողիկոս, օծվել Սսի Ս. Սոֆիա Մայր եկեղեցում:
Կոստանդին Բ Կատուկեցու գահակալությունն ընթացել է համեմատաբար խաղաղ իրավիճակում, երբ Լևոն III թագավորի շրջահայաց քաղաքականության շնորհիվ պահպանվեցին Եգիպտոսի հետ ձեռք բերված հաշտությունը և հայ–մոնղոլական դաշինքը: Սսի Մայր Աթոռը պահպանեց Հայոց եկեղեցու որդեգրած դավանանքը և հոգևոր–եկեղեցական դաշնությունը Հյուսիս–արևելյան Հայաստանի եկեղեցիների և Աղթամարի կաթողիկոսության հետ: 1287–ին Կոստանդին Բ Կատուկեցին Ստեփանոս Օրբելյանին ձեռնադրել է «Սյունյաց մեծ աթոռի մետրոպոլիտ» և հատուկ շրջաբերականով հաստատել Սյունյաց մետրոպոլիտական աթոռը և վերջինիս առաջատար դիրքը արևելահայ եպիսկոպոսների նկատմամբ: Այդ քայլով Կոստանդին Բ Կատուկեցին կամեցել է Սսի կաթողիկոսական աթոռի հետ սերտորեն առնչակցել Սյունյաց աթոռը և վերջինիս միջոցով նաև Հայաստանի մյուս եկեղեցական կենտրոնները:
Կոստանդին Բ Կատուկեցու օրոք Լևոն III թագավորի թողտվությամբ Կիլիկիայի Հայոց պետության մեջ հաստատվեցին Լատին եկեղեցու ֆրանցիսկյան միաբանության անդամները, որոնք կաթոլիկություն տարածեցին երկրում, ստանձնելով նաև կիլիկահայության և եվրոպական պետությունների միջև քաղաքական միջնորդի դերը: Երկրում առաջացած լատինամետ հոսանքի գլուխ կանգնեց Հեթում II թագավորը, որը, հակառակ Կոստանդին Բ Կատուկեցու, ջանում էր իրականացնել Հայ և Լատին եկեղեցիների միավորումը: Նա 1289–ին լատինամետ հոգևորականների հետ ժողով հրավիրեց մայրաքաղաք Սիսում: Ժողովին Կոստանդին Բ Կատուկեցին չհրավիրվեց: Ժողովականները նրա վրա բարդեցին մտացածին մեղադրանքներ, կանոնազանցումներ, աշխարհիկ գայթակղություններ, ուստի Կոստանդին Բ Կատուկեցին կամովին հրաժարվեց կաթողիկոսական պաշտոնից, որից հետո լատինամոլ կղերականները նրան նետել տվեցին Լամբրոն բերդաքաղաքի բանտ, քանի որ, ինչպես հավաստում է Ստեփանոս Օրբելյանը, երկյուղում էին, որ Կոստանդին Բ Կատուկեցին կարող է հեռանալ արևելահայ եկեղեցականների մոտ և նրանց կողմից հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս: Նույն պատմիչի վկայությամբ բանտ նետվելու պահին Կոստանդին Բ Կատուկեցին վերցրել է Լուսավորչի Աջը և օրհնել Հայոց թագավորությունն ու հայ ժողովրդին: Նա չորս տարի անցկացրել է բանտում, ապա Հեթում II կամքով ազատ է արձակվել և 1293–ին նշանակվել Սկևռա վանքի առաջնորդ: Նույն վանքի` «Սկևռայի Սրբարան» կոչված մասնատուփի վրա պահպանվել է Կոստանդին Բ Կատուկեցու արձանագիր հիշատակարանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets