ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Գրիգոր Է Անավարզեցի (1293 - 1307)

ԳՐԻԳՈՐ Է ԱՆԱՎԱՐԶԵՑԻ
(Տուրքերիցանց, Մեծքարեցի, Սսեցի, Ջրող, Երգեցող, Երկրորդ Վկայասեր, Հոռոմ) (1293–1307)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1293–ից: Հաջորդել է Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն:

Ծնվել է մոտ 1240–ին Կիլիկիայի Անավարզա քաղաքում: Մահացել է 1307–ին Սիս քաղաքում:
Ժամանակին համարվել է Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին, սակայն պարզվել է, որ Հակոբ Բ Անավարզեցու մորեղբայրն է: Կրթությունն ստացել է Մեծ քարի (Մեծ այրի) վանքում, տիրապետել ասորերենին, լատիներենին, հունարենին, հմտացել երաժշտության և բանաստեղծության մեջ: Հետագայում ստանձնել է Մեծ քարի ուխտի առաջնորդությունը: 1263–ից մինչև կաթողիկոս դառնալը Անարզաբայի (Անավարզա) արքեպիսկոպոսն էր: 1293–ին կաթողիկոս ընտրվելով` պարտադրված էր ավերված Հռոմկլայից Աթոռը տեղափոխել Սսի արքեպիսկոպոսական առաջնորդարան: Գրիգոր Է Անավարզեցու և Հեթում ll թագավորի ջանքերով կաթողիկոսանիստ Հռոմկլայից եգիպտական մամլուքների կողից գերված սրբազան մասունքները վերադարձվել են Սսի վեհարան (1301):
Երկու–երեք տարվա հաջորդականությամբ իրար հաջորդող կիլիկյան թագավորների պարագայում, փաստորեն երկրի արտաքին բոլոր հարաբերությունները վարում էր Գրիգոր Է Անավարզեցին: Ստիպված է եղել սերտ հարաբերություններ վարել կաթոլիկների հետ` ձգտելով Անտիոքի եպիսկոպոսական աթոռը ենթարկել Հայոց կաթողիկոսությանը, ինչպես և պետական–քաղաքական խնդիրների լուծման հարցում աջակցություն ստանալու նպատակով:
Կղեմես Գալանոս ճիզվիտ պատմագիրը, անհայտ աղբյուրներից քաղելով` ավանդել է Անավարզեցուն վերագրվող` «Թուղթ տեառն Գրիգորի Հայոց կաթողիկոսի, զոր գրեաց առ կրօնաւոր թագաւորն Հեթում, հայր արքային Հայոց Լևոնի» վերտառությամբ նամակը, որի համաձայն կաթողիկոսը պատարագի բաժակին ջուր է խառնելիս եղել` պատճառ հանդիսանալով Ջրող մականվան առաջացմանը: Նույն նամակի հետ է կապվում այն կարծիքը, համաձայն որի Գրիգոր Է Անավարզեցին Հակոբ Ա Կլայեցու քրոջ որդին էր: Սակայն ռամկորենով շարադրված լինելու պատճառով թուղթն անհարիր է համարվել Գրիգոր Է Անավարզեցու գրչին, մերժելով նաև ջուր խառնելու և զարմիկության տեսակետները: Լատինների հետ վարած սերտ հարաբերությունների արդյունք են Գրիգոր Է Անավարզեցու խմբագրած Հայսմավուրքը, ուր Փրկչի ծնունդը դրված է եղել դեկտեմբերի ԻԵ, ինչպես և Հայ եկեղեցու կողմից չընդունված հոգևոր գործիչներին նվիրված շարականները: Գրիգոր Է Անավարզեցու Հայսմավուրքը օրացուցային ճշտումներով և կրճատումներով հրատարակվել է իբրև տերիսրայելյան խմբագրություն: Այստեղ ամփոփված են Գրիգոր Է Անավարզեցու` հունական, ասորական և լատինական աղբյուրներից հայերենի վերածած վարքերն ու վկայաբանությունները: Սրբերի հիշատակը թարգմանություններով հավերժացնելու համար Գրիգոր Է Անավարզեցին ստացել է Երկրորդ Վկայասեր անվանումը: Հեղինակային արձակ գործերն են դրվատներն ու ներբողյանները, որ նույնպես օգտագործված են Հայասմավուրքում: Աստվածածնին նվիրված վեց ներբողներից բացի հայտնի են Անավարզեցու «Դրուատ գովեստի ամենայն սրբոց» (նույնն է` «Ներբողեան ասացեալ ի սրբոց վարդապետաց»), «Դրուատ ներբողի սմին իսկ նաւակատեաց մեծի աւուր տօնի գովեստի սուրբ տնօրինականացն Քրիստոսի սրբեալ տեղեացն Երուսաղէմի» գործերը: Ժամանակին Գրիգոր Է Անավարզեցու ներբողները մի քանի շարականագիրների անունների նույնության պատճառով վերագրվել են Գրիգոր Գ Պահլավունուն:
Հորինել է բազմաթիվ շարականներ: Հայ շարականագրության մեջ միայն Ներսես Շնորհալին և Գրիգոր Է Անավարզեցին են արժանացել Երգեցող պատվանվանը, որ տրվում էր երաժշտության մեջ երևելի հաջողությունների համար: Ցուցակագրված երեսուներեք կանոն շարականից միայն 16–ն է պահպանվել, մեկ Մանկունք (Հիման յառաքեալսն) և երեք Մեծացուսցե: Գրել է նաև «Թուղթ առ Իննովկենտիոս Ը պապ», «Գանձ Պետրոսի», «Նուագ առ սրբազնութիւն ամենասրբոյ մարմնոյ և արեան Տեառն» և այլ երկասիրություններ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets