ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Գ Կեսարացի (1307 - 1322)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Գ ԿԵՍԱՐԱՑԻ
(Հերձվածող, Առաջին աղթարմա) (1307–1322)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1307–ից: Հաջորդել է Գրիգոր Է Անավարզեցուն:

Ծնվել է մոտ 1240–ին, ծն. վայրն անհայտ է: Մահացել է 1322–ի հունվարի 6–ին Սիս քաղաքում:
Մինչև հայրապետ ընտրվելը եղել է Կեսարիայի արքեպիսկոպոս: Կաթողիկոս է օծվել 1307–ի մարտի 23–ին Սսում: Վարել է լատին եկեղեցուն միանալու ուղեգիծ: 1307–ին Սսի Ս. Սոֆիա եկեղեցում Հեթում ll թագավորի հետ հրավիրել է ժողով, որն ընդունել է լատինամետ որոշումներ: Այնուհետև Կոստանդին Գ Կեսարացին նվիրակներ է ուղարկել Սյունիք, որպեսզի արևելահայ հոգևորականությանն ընդունել տա նշված ժողովի որոշումները: Սակայն Արևելյան Հայաստանի եկեղեցիներն ու վարդապետները մերժել են նրա առաջարկը:
1308–ի հունվարին Կոստանդին Գ Կեսարացին Տարսոն քաղաքում Օշին Հեթումյանին օծել է Հայոց թագավոր: Վերջինիս հետ միասին կաթողիկոսը շարունակել է Կիլիկիայի թագավորությունում տարածել կաթոլիկություն, որի հետևանքով երկրում պառակտում է սերմանել` էականորեն թուլացնելով նրա ռազմական ուժերը: Դա հարուցել է նաև հարևան մահմեդական իշխանությունների թշնամանքը: Սակայն Կիլիկիայի ժողովուրդը կտրուկ կերպով դեմ է արտահայտվել նրանց լատինամետ քարոզարշավին, որը կասեցնելու նպատակադրումով 1308–ին Ադանա քաղաքում, առանց կաթողիկոսի մասնակցության, նրա հանդեպ ընդդիմադիր դիրքավորում ունեցող հոգևորականները ժողով են գումարել` միաձայն մերժելով Սսի նշված ժողովի լատինամետ որոշումները: Օշին թագավորը և Կոստանդին Գ Կեսարացին դիմել են բռնի միջոցների` բանտ նետելով, անգամ մահավճիռներ կայացնելով իրենց ընդդիմացողների նկատմամբ: Նրանք ամեն գնով ջանացել են չեղյալ համարել Ադանայի հիշյալ ժողովի լատինամերժ վճիռները և հաստատել Սսի 1307–ի ժողովի որոշումները: Լատինադավանության դեմ ծառացել է նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, որը 1311–ին խզել է հարաբերությունները Սսի Մայր Աթոռի հետ: Օշին թագավորին և Կոստանդին Գ Կեսարացի կաթողիկոսին սատար է կանգնել Ֆրանսիայի Ավինյոն քաղաք տեղափոխված Հովհաննես ԻԲ պապը (1316–1334), որը 1316–ին հատուկ թղթով նրանց կոչ հղեց` կենսագործել Սսի 1307–ի ժողովի որոշումները: 1317–ի հուլիսի 10–ին Օշին թագավորը և Կոստանդին Գ Կեսարացին Ադանայում նոր ժողով են գումարել` 17 եպիսկոպոսների, 7 վարդապետների և մեծաթիվ քահանաների, կրոնավորների մասնակցությամբ: Թագավորի և կաթողիկոսի ճնշման ներքո ժողովականները ստիպված համաձայնել են Հռոմի եկեղեցու հետ Հայոց եկեղեցու միության վերաբերյալ որոշմանը, ակնկալելով, որ դրա շնորհիվ կաթոլիկադավան Եվրոպան զորակից է լինելու կիլիկահայությանը: Սակայն նրանց հույսերը չեն արդարացել:
Օշին թագավորին հաջորդած Լևոն V Հեթումյանը 1321–ի հունվարին Սսում թագավոր է օծվել Կոստանդին Գ Կեսարացու կողմից: Լևոն V–ն ու Կոստանդին Գ Կեսարացին շարունակել են Օշինի լատինամետ ուղեգիծը: 1322–ին նրանք Օշին պայլի (խնամակալի) հետ միասին դիմել են Հովհաննես ԻԲ պապին` խնդրելով զորակցել Կիլիկիայի Հայոց թագավորությանը: Պապն այդ նպատակով նույն թվականին ժողով է գումարել, որտեղ որոշվել է կիլիկահայությանը ցուցաբերելիք օգնության դիմաց նրան առաջարկել ընդունել կաթոլիկություն: Իբրև օգնություն` 1322–ի դեկտեմբերի 26–ի կոնդակով պապը բոլոր քրիստոնյաներին կոչ է արել աղոթել հայերի հոգիների փրկության համար:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets