ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Դ Լամբրոնացի (1322 - 1326)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Դ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ
(Դրազարկցի) (1323–1326)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1323–ից: Հաջորդել է Կոստանդին Գ Կեսարացուն:

Ծնվել է Լամբրոն ամրոցում մոտավորապես 1240–ին: Մահացել է 1326–ին Սիս քաղաքում, ամփոփվել Դրազարկի վանքում:
Մինչև կաթողիկոս դառնալը Կոստանդին Լամբրոնացին զբաղեցրել է Դրազարկի ուխտի առաջնորդի պաշտոնը, ուստի նրան հաճախ անվանել են նաև Դրազարկցի: Հետագայում նա ստանձնում է Սսի արքեպիսկոպոսի պաշտոնը: Մայրաքաղաքի արքեպիսկոպոսները սովորաբար Հայոց արքունիքին մոտ կանգնած մարդիկ էին և ակտիվորեն մասնակցում էին ոչ միայն եկեղեցական, այլև Կիլիկիո Հայոց պետության քաղաքական կյանքին: Սսի արքեպիսկոպոսին էր պատկանում նաև ջանցլերի կամ «Մեծաց ջանցլերի»` արքունի քարտուղարության պաշտոնը:
Սսի արքեպիսկոպոս Կոստանդին Լամբրոնացին մասնակցել է Սսի 1307–ի և Ադանայի 1317–ի ժողովներին: Սսի ժողովի արձանագրությունը ստորոգողների դասաշարում Կոստանդին Լամբրոնացին զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, իսկ Ադանայի ժողովում` երրորդը: Սա վկայում է ոչ միայն այն մասին, որ Սսի արքեպիսկոպոսությունը հայոց հոգևոր նվիրապետության շրջանակներում բարձր դիրք էր զբաղեցնում, այլև` արքեպիսկոպոս Կոստանդին Լամբրոնացու ամիջական մասնակցությունը քրիստոնեական եկեղեցիների միավորման ծրագրի մշակմանը: Այդ ժամանակ մահմեդական երկրներով շրջափակված Կիլիկյան Հայաստանը ամբողջովին կտրվել էր քրիստոնյա աշխարհից և հայտնվել ռազմաքաղաքական ու մշակութային մեկուսացման մեջ: Մահմեդականությունը սպառնում էր Կիլիկիո Հայոց թագավորության գոյությանը, ուստի հայ հասարակական–քաղաքական շրջանակները աշխատում էին եկեղեցիների միավորման ճանապարհով քրիստոնյա երկրներից ռազմաքաղաքական օժանդակություն ստանալ:
Կաթողիկոսական գահ է բարձրացել և օծվել 1323–ի հունվարի 6–ին: Կոստանդին Դ Լամբրոնացու կաթողիկոսության սկզբնական շրջանում Կիլիկյան Հայաստանը գտնվում էր ռազմաքաղաքական բարդ իրավիճակում: Կիլիկիա էին արշավել ոչ միայն Եգիպտոսի մամլուքները, այլև հայերի դաշնակից մոնղոլները: Քանի որ Լևոն V թագավորն անչափահաս էր, ապա Հայոց կաթողիկոսը ստիպված զբաղվում էր նաև քաղաքական գործունեությամբ: Եգիպտոսի Մամլուքյան սուլթանության հետ խճճված հարաբերությունները կարգավորելու խնդիրն իր վրա վերցրեց Կոստանդին Դ Լամբրոնացին: Չնայած ծեր տարիքին ու տկարությանը` նա անձամբ մեկնեց Եգիպտոս` սուլթան Նասիրի հետ բանակցություններ վարելու: Կաթողիկոսի գործադրած ջանքերի շնորհիվ 1323–ի մայիսի 31–ին Կիլիկիո Հայոց թագավորության և Եգիպտոսի սուլթանության միջև կնքվեց հաշտության պայմանագիր: Մամլուքները պարտավորվեցին տասնհինգ տարի չարշավել Կիլիկիա: Այս պայմանագիրը որոշ ժամանակ խաղաղություն բերեց Կիլիկիո Հայոց թագավորությանը և երկարաձգեց նրա գոյությունը:
Հայոց կաթողիկոսը որոշակի ջանքեր գործադրեց նաև մոնղոլների հետ հարաբերությունները կարգավորելու համար: Չնայած հայ–մոնղոլական դաշիքը դեռևս չէր կորցրել իր իրավական ուժը, սակայն Փոքր Ասիայում տեղակայված մոնղոլական զորքերը հաճախ դաշնակցում էին Եգիպտոսի մամլուքների ու կարամանների հետ և ասպատակում Կիլիկյան Հայաստանը: Հովհաննես ԻԲ պապի, Կոստանդին Դ Լամբրոնացի կաթողիկոսի և հայոց արքունիքի բանակցությունները Իլխան Աբու–Սայիդի հետ հաջողությամբ պսակվեցին: Իլխանը կարգադրեց պատժել Կիլիկիա արշաված մոնղոլ զորահրամանատար Թեմուրտաշին: Բացի սրանից պետության արևմտյան սահմանները պաշտպանելու համար Աբու–Սայիդը ուղարկեց 20.000 զինվոր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնեին նաև Կիլիկիո Հայոց թագավորությանը:
Հայոց կաթողիկոսը լավ էր հասկանում, որ Եգիպտոսի հետ կնքած հաշտության պայմանագիրը և հարաբերությունների կարգավորումը իլխանության հետ ժամանակավոր հաջողություններ էին, ուստի օգնության շուրջ շարունակում էր բանակցություններ վարել նաև Բյուզանդիայի և պապականության հետ: Ավերված Այաս նավահանգստի վերաշինման համար Հովհաննես ԻԲ պապը Կիլիկիա ուղարկեց 30.000 ֆլորին գումար: Չնայած իր կարճատև գահակալությանը` Կոստանդին Դ Լամբրոնացին մեծ դեր է կատարել Կիլիկյան Հայաստանի կյանքում: Նրա դիվանագիտական հեռատես գործունեության արդյունքում ամրապնդվել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը և բարձրացել նրա դերը Մերձավոր Արևելքի երկրների քաղաքական հոլովույթում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets