ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հակոբ Բ Անավարզեցի կամ Կլայեցի (1327 - 1341)

ՀԱԿՈԲ Բ ԱՆԱՎԱՐԶԵՑԻ
(Տարսոնացի, Սսեցի) (1327–1341, 1355–1359)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1327–ից և 1355–ից: Հաջորդել է Կոստանդին Դ Լամբրոնացուն և Մխիթար Ա Գռներցուն:

Ծնվել է մոտ 1280–ին Կիլիկիայի Տարսոն քաղաքում: Մահացել է 1359–ին Սիս քաղաքում` Կիլիկիայում բռնկված համաճարակից:
Գրիգոր Է Անավարզեցի կաթողիկոսի (1293–1307) քեռորդին: Ուսանել է Սսի կաթողիկոսարանում, կարգվել հայրապետանոցի եպիսկոպոս, ապա` Կիլիկիայի Հայոց թագավորության Կապան գավառի եպիսկոպոսական վիճակի առաջնորդ, Անարզաբա քաղաքի արքեպիսկոպոս: Լևոն V թագավորի հանձնարարությամբ դիվանագիտական առաքելությամբ մեկնել է Եվրոպա` ռազմական օգնություն խնդրելու:
Հայոց կաթողիկոս է օծվել 1327–ի հունվարին: Հակոբ Բ Անավարզեցու օրոք Կիլիկիայում և բուն Հայաստանում եռանդուն կերպով քարոզչություն էին ծավալում Դոմինիկյան լատին միսիոներները, որոնց հանդեպ կաթողիկոսն իր գահակալման առաջին շրջանում հանդուրժամտություն էր ցուցաբերում, սակայն հայ ունիթորների պառակտիչ գործունեությունը հիասթափեցրել է նրան: Հակոբ Բ Անավարզեցին նրանց պարագլուխ Հովհաննես Քռնեցի վարդապետին զգուշացրել է Հայաստանում լատինադավանություն տարածելու բացասական հետևանքների մասին, սակայն չի կարողացել կասեցնել կաթոլիկության քարոզարշավները Կիլիկյան Հայաստանում և Սյունիքի Նախիջևան և Երնջակ գավառներում: Ուստի նա Լևոն V թագավորի զորակցությամբ աքսորել է տվել ունիթորների առավել եռանդուն քարոզիչներին, ապա նամակով Բենեդիկտոս ԺԲ պապից (1334–1342) պահանջել կարգի հրավիրել իր քարոզիչներին և արգելել նրանց պառակտիչ գործողությունները: Վերջիններս պապին հղած թղթում ամբաստանել են Հակոբ Բ Անավարզեցուն և Լևոն V թագավորին` լատին քարոզիչներին հալածելու, նրանց հիմնած եկեղեցիները փակելու համար:
Հակոբ Բ Անավարզեցու օրոք Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրայության զորքերը 1335–ին և 1337–ին ավերիչ հարձակումներ են ձեռնարկել Կիլիկիայի Հայոց թագավորության վրա: Կաթողիկոսն օժանդակել է Լևոն V թագավորին` Եգիպտոսի հետ հաշտություն կնքելու, որը խախտվել է 1340–ին, երբ եգիպտական զորքը ներխուժել է Կիլիկիայի տարածք` գրավելով նրա զգալի մասը: Այդ պայմաններում ունիթորները շարունակել են իրենց գործունեությամբ ավելի խորացնել ժողովրդի տարրաբաժանումը հակառակ կողմերի: Նրանք պահանջել են գահընկեց անել Հակոբ Բ Անավարզեցուն` նրան մեղադրելով լատինադավաններին հալածելու մեջ: Լևոն V-ը չի պաշտպանել կաթողիկոսին, քանի որ վերսկսել է հարաբերությունները Արևմուտքի հետ` հուսալով ստանալ նրա զորակցությունը: Ստեղծված պայմաններում 1341–ի հունվարին Հակոբ Բ Անավարզեցին կամովին հրաժարվել է կաթողիկոսի իրավազորությունից` չկամենալով ընդդիմանալ Հայոց թագավորին, ինչպես նաև Հռոմի կաթոլիկ եկեղեցուն: Կաթողիկոս է ընտրվել Մխիթար Ա Գռներցին: Բայց վերջինիս վախճանվելուց հետո կիլիկահայ վերնախավի մեծ մասը, համոզված լինելով, որ Լատին եկեղեցու հետ մերձեցումը չի արդարացնում իրենց հույսերը, այլ միայն սրում է հարաբերությունները մահմեդական հարևանների հետ, 1355–ին երկրորդ անգամ կաթողիկոս է ընտրել Հակոբ Բ Անավարզեցուն` առանց օծելու (քանի որ Հայոց եկեղեցին օծումը չի կրկնում): Ծերունազարդ Հակոբ Բ Անավարզեցին շարունակել է հավատարմությունը Հայ եկեղեցու դավանությանը, կանոններին, որևէ դիմում չի հղել Հռոմի պապին: Նույնպիսի դիրքորոշում է ունեցել նաև Կիլիկիայի Կոստանդին lV թագավորը: Իննոկենտիոս Զ պապի (1352–1362) կողմից 1356–ին հրապարակած կոնդակով լատինադավան հայերի համար հիմնվել է Նախիջևանի եպիսկոպոսական թեմը, և հայ ունիթորները եռանդուն պայքար են տարել Հայոց առաքելաշավիղ եկեղեցու, նրա հետևորդների դեմ, սակայն հաջողության չեն հասել: Դրանում մեծ է եղել Հակոբ Բ Անավարզեցու ավանդը: Նա չի ճանաչել նրանց հիմնած թեմի իրավասությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets