ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Մխիթար Ա Գռներցի (1341 - 1355)

ՄԽԻԹԱՐ Ա ԳՌՆԵՐՑԻ
(Տեր Մխիկ) (1341–1355)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1341–ից: Հաջորդել է Հակոբ Բ Անավարզեցուն:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 1355–ին Սիս քաղաքում: Ամփոփվել է Սիս քաղաքի հայրապետական հանգստարանում:
1341–ին Լևոն V թագավորի (1320–1342) հրամանով գահընկեց է արվել Հակոբ Բ Անավարզեցի կաթողիկոսը: Հայոց կաթողիկոս է ընտրվել է Բարձրաբերդ թեմի Գռներ ուխտի առաջնորդ Մխիթար արքեպիսկոպոսը: Մինչև կաթողիկոս դառնալը նա արդեն բավական հայտնի եկեղեցական–քաղաքական գործիչ էր: 1335–ին մամլուքների հետ հաշտություն կնքելու նպատակով Կիլիկիայի Լևոն V թագավորը Մխիթար Գռներցուն ուղարկում է Եգիպտոսի սուլթան Ալ Նասիրի մոտ: Մխիթարը հաջողությամբ է իրագործում այդ հանձնարարությունը:
Մխիթար Ա Գռներցու կաթողիկոսության շրջանում Կիլիկիո Հայոց թագավորության և Հայոց եկեղեցու համար բարդ ու խճողված իրավիճակ էր ստեղծվել: Կիլիկյան Հայաստանը ապրում էր իր գոյության վերջին տասնամյակները: Մխիթար Ա Գռներցու կաթողիկոս օծվելուց շատ չանցած մահացավ Լևոն V թագավորը: Հեթումյան արքայատոհմը դադարեց գոյություն ունենալուց և Հայոց գահի համար պայքար սկսվեց նրանց ազգականների միջև: Սսի Հայոց կաթողիկոսությունը ևս ներքաշվեց քաղաքական տարբեր խմբավորումների միջև տեղի ունեցող պայքարի հոլովույթում: Դյուրին չէին նաև Հայոց կաթողիկոսության և պապականության փոխհարաբերություները: Վերջինիս միջոցով էր Կիլիկյան Հայաստանը փորձում օգնություն ստանալ Արևմտյան Եվրոպայից:
Այդ ժամանակ պապական արքունիքում գտնվող կաթոլիկ հայ գործիչները, որոնք աշխատում էին Հայոց եկեղեցին միավորել հռոմեական եկեղեցու հետ, Բենեդիկտոս ԺԲ պապին (1334–1342) ներկայացրել են Հայոց եկեղեցուն վերագրվող «117 մոլորություններ» պարունակող մի գրքույկ: Պապը պահանջում էր, որ Հայոց կաթողիկոսը եկեղեցական ժողով հրավիրի` քննարկելու «117 մոլորությունները»: Հայոց եկեղեցուն վերագրվող «մեղադրանքների» ցանկն իր մեջ ներառում էր բազմաթիվ, ամենատարբեր բնույթի հարցեր, մասնավորապես կաթոլիկ եկեղեցու հետ ունեցած ծիսադավանաբանական տարբերությունները և Հայոց եկեղեցու առանձին գործիչներին վերագրվող անհիմն մեղադրանքներ:
1342–ին Սիս քաղաքում Մխիթար Ա Գռներցու նախաձեռնությամբ հրավիրում է եկեղեցական ժողով, որին մասնակցում էին 30 եպիսկոպոս (ներառյալ կաթողիկոսը), 15 վարդապետ, 7 ավագերեց: Ժողովը կետ առ կետ քննարկեց Հայոց եկեղեցուն ներկայացված «117 մոլորությունները» և կազմեց դրանց պատասխանները պարունակող տեքստը: Երբ պապական արքունիքում քննարկեցին «մեղադրանքների» պատասխանները, պարզվեց, որ 53 կետի շուրջ տարակարծություններ կան, ուստի Կղեմես Զ պապը (1342–1352) 1346–ին Կիլիկիա է ուղարկում նոր պատվիրակություն, որի նպատակն էր հանդիպել Մխիթար Ա Գռներցի կաթողիկոսին և պարզաբանումներ ստանալ 53 մեղադրանքների շուրջ: Չցանկանալով խաթարել պապականության և Կիլիկյան Հայաստանի դիվանագիտական հարաբերությունները` Մխիթար Ա Գռներցին ընդունում է պապի պատվիրակությանը, որը ութ ամիս մնաց Կիլիկիայում: Հաշվի առնելով ստեղծված այն քաղաքական իրավիճակը, որ միջեկեղեցական հարաբերությունները հետամուտ էին լուծելու քաղաքական որոշակի խնդիրներ, քանզի պապականությունը փորձում էր ռազմաքաղաքական և նյութական օժանդակություն կազմակերպել Կիլիկյան Հայաստանի համար, Մխիթար Ա Գռներցի կաթողիկոսը Հռոմի հետ միաբանության խոստումներ է տալիս: Սրա դիմաց Կղեմես Դ պապը խոստանում է Կիլիկիա ուղարկել 1000 հեծյալ և յուրաքանչյուր տարի տրամադրել 12.000 ոսկի: Հայոց կաթողիկոսը գիտակցում էր, որ պապականության կազմակերպած օժանդակությամբ անհնար էր չեզոքացնել Կիլիկյան Հայաստանին սպառնացող վտանգը, ուստի իրական ոչինչ չձեռնարկեց Հայոց եկեղեցին հռոմեական եկեղեցուն միավորվելու համար: Պատահական չէ, որ պապական արքունիքում նորից հրապարակ հանվեց Հայոց եկեղեցուն վերագրվող «մոլորությունների» մի նոր ցանկ, որը բաղկացած էր 16 կետերից: Կղեմես Զ պապը 1351–ի սեպտեմբերի 29–ին նամակ է ուղարկում Մխիթար Ա Գռներցի կաթողիկոսին և պահանջում բացատրություն տալ այդ կետերի շուրջ: Վերջինս պատասխան նամակում հայտնում է, որ Հայոց եկեղեցին ընդհանուր առմամբ տարակարծութուններ չունի կաթոլիկ եկեղեցու հետ: Այդ ժամանակ Կղեմես Զ հանձնարարում է Կիլիկյան Հայաստանում գտնվող կաթոլիկ հոգևորականներին ուսումնասիրել հայոց դավանանքը, սակայն վերջիններս` պատճառաբանելով, որ չունեն վստահելի թարգմանիչ, հրաժարվում են այս հանձնարարությունը կատարելուց: Պապական արքունիքը որպես թարգման Կիլիկիա է ուղարկում միարարական շարժման հայտնի գործիչ Ներսես Պալիանենցին: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար Մխիթար Ա Գռներցին 1354–ին Իննոկենտիոս Զ պապի (1352–1362) մոտ նոր դեսպանություն է ուղարկում, որը գլխավորում էր նախկին կաթողիկոս Հակոբ Բ Անավարզեցին: Վեջինիս նշանակումը պատվիրակության ղեկավար պատահական չէր և ուղենշում էր Հայոց կաթողիկոսության քաղաքական կողմնորոշման մեջ տեղի ունեցող որոշակի փոխհարաբերությունները: Պապականության կողմից անընդհատ ներկայացվող պահանջները և դրանց հաջորդած օգնության ուշացումը հասցրին նրան, որ Հայոց կաթողիկոսը կյանքի վերջում հրաժարվեց այդ հարաբերություններից:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets