ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Ե Սսեցի (1372 - 1374)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Ե ՍՍԵՑԻ 
(1372–1374)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1372–ից: Հաջորդել է Մեսրոպ Ա Արտազեցուն:

Ծն. թ. անհտ., մահացել է 1374–ին Սիս քաղաքում:
Նախապես եղել է Սսի Մայր Աթոռի միաբան, արքունի եպիսկոպոս: Վայելել է Կիլիկիայի լատին թագավոր Կոստանդին lll Լուսինյանի հովանավորությունը: Լինելով Ամենայն Հայոց կաթողիկոս, Մխիթար Ա Գռներցու գաղափարակիցն ու հետևորդը` համամիտ է եղել վերջինիս կրոնադավանաբանական ու քաղաքական ուղեգծին: Գործուն մասնակցություն է ունեցել կաթոլիկ արևմուտքի հետ համագործակցելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին: Մասնակցել է Սսի 1345–ի եկեղեցական ժողովին, որն ընդունել է հայ և լատին եկեղեցիների ունիան:
Նրա կաթողիկոսության շրջանում Կիլիկիո Հայոց թագավորությունը շարունակվում էր հոգեվարք ապրել: Հայոց թագավորության վարչաքաղաքական ենթակայության ներքո էին մնացել միայն Սիս և Անավարզա քաղաքները և մի քանի բերդեր: Խախտվել էր Հայոց եկեղեցու ներսում հնուց ի վեր ձևավորված նվիրապետական աստիճանակարգությունը: Սսի Հայոց կաթողիկոսության իրավունքների մի մասն անցել էին Աղվանից և Աղթամարի կաթողիկոսություններին և Երուսաղեմի պատրիարքությանը: Ստեղծված պայմաններում Հայոց կաթողիկոսի ընտրության և օծման արարողություններն ավանդական եղանակով չէին կարող կատարվել, ուստի Կոստանդին Ե Սսեցին կաթողիկոս է նշանակվել Կոստանդին V թագավորի (1365–1373) հրամանով: Կաթողիկոս հռչակվելուց հետո շարունակել է իր լատինամետ քաղաքականությունը: Կիլիկյան Հայաստանի համար ստեղծված օրհասական դրությունը ստիպում էր Կոստանդին Ե Սսեցի կաթողիկոսին մասնակցել արքունիքում երկրի փրկությանը նպատակաուղղված ռազմաքաղաքական գործառույթներին: Կոստանդին V թագավորի մահից հետո գլխավորել է այն քաղաքական ուժերին, որոնք ձգտել են հայոց գահը հանձնել կաթոլիկ Լուսինյաններին: Կոստանդին Ե Սսեցին է եղել Կիպրոսի արքայազն Լևոն Լուսինյանին Կիլիկիա հրավիրելու և Հայոց թագավոր հռչակելու նախաձեռնողը: Այդ նպատակով նա հատուկ պատվիրակություն է ուղարկել Կիպրոսի Պետրոս ll թագավորի մոտ, իսկ 1373–ի սեպտեմբերին` հեռակա կարգով, Լևոն Լուսինյանին հռչակել Հայոց թագավոր: Սակայն Կոստանդին Ե Սսեցուն վիճակված չէր Լևոն Լուսինյանին օծել Հայոց թագավոր, քանզի մինչև վերջինիս Սիս հասնելը, 1374–ի գարնանը կաթողիկոսը վախճանվեց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets