ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Կոստանդին Զ Վահկացի (1429 - 1439)

ԿՈՍՏԱՆԴԻՆ Զ ՎԱՀԿԱՑԻ 
(1430–1439)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1430–ից: Հաջորդել է Պողոս Բ Գառնեցուն:

Ծն. թ. անհտ., ծնվել է Վահկա ամրոցում: Մահացել է թունավորմամբ 1439–ին Սիս քաղաքում:
Նախապես Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի միաբան, լուսարարապետ: 1413–ին ուղարկվել է Կաֆա` «վասն նոցա սիրոյ և խաղաղութեան»: Վերադառնալուց հետո անդամագրվել է Սսի կաթողիկոսարանի միաբանությանը: Եղել է Սսի կաթողիկոսական աթոռի նշանավոր միաբաններից: Բարձրանալով կաթողիկոսական գահ` Կոստանդին Զ Վահկացին նախ և առաջ փորձեց վերականգնել Սսի Հայոց կաթողիկոսության Ամենայն Հայոց տիտղոսի իրավունքները: Այդ ժամանակ ոչ միայն Կիլիկիայում, այլև Հայաստանում քաղաքական անիշխանություն էր տիրում: Թուրքմենական և քրդական ցեղապետներն աշխատում էին ստեղծել առանձին անկախ իշխանություններ: Հայկական քաղաքական որևէ կազմավորման բացակայության պայմաններում միակ կառույցը, որն ի վիճակի էր իր շուրջը համախմբելու հայ հասարակությանը` Հայոց եկեղեցին էր, ուստի Կոստանդին Զ Վահկացի կաթողիկոսն աշխատում էր Սսի Հայոց կաթողիկոսությունը վերստին դարձնել համահայկական կրոնական կենտրոն: Պետականության բացակայությունը հնարավորություն էր տալիս, որ Հայոց կաթողիկոսությունը յուրացներ աշխարհիկ իշխանությանը հատուկ գործառույթներ: Ելնելով ստեղծված իրավիճակից` Կոստանդին Զ Վահկացին աշխատում էր Սսի կաթողիկոսությանը վերադարձնել Հայոց եկեղեցու թեմակալ առաջնորդների ձեռնադրության և օծման իրավունքը: Այս ճանապարհով նա փորձում էր Հայոց եկեղեցու ներսում ստեղծել կառավարման միակենտրոն համակարգ: 1430–ին Կոստանդին Զ Վահկացին Մկրտիչ Նաղաշին ձեռնադրում է Ամիդի (Դիարբեքիր) թեմակալ առաջնորդ:
Այդ ժամանակ պապական արքունիքում նորից սկսեցին քննարկել քրիստոնյա երկրների միավորման խնդիրը: Մահմեդականության աճող վտանգը, որն արդեն սպառնում էր նաև Բյուզանդիայի գոյությանը, ստիպում էր ճանապարհներ գտնել այն կանխելու համար: Բացի խաչակրաց արշավանքներ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկված քայլերից, աշխատում էին ստեղծել համաքրիստոնեական դաշինք` ընդդեմ մահմեդականության: Սրա համար նախ և առաջ անհրաժեշտ էր միավորել քրիստոնյա եկեղեցիները: Այս խնդրի կենսագործումն իր ձեռքը վերցրեց Եվգենիոս Դ պապը (1431–1441): Իտալիայում ժողով հրավիրելու և եկեղեցիների միավորման խնդիրը լուծելու նպատակով պապը հանձնառական նամակներ է ուղարկում Բյուզանդիայի կայսրին, Կ. Պոլսի պատրիարքին, քրիստոնյա մյուս եկեղեցիների առաջնորդներին, ինչպես նաև Հայոց կաթողիկոս Կոստանդին Զ Վահկացուն: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները պետք է միավորվեին կաթոլիկ եկեղեցու հետ պապականության գերագահության ներքո:
Հայոց եկեղեցու դիրքորոշումը պարզելու համար Կոստանդին Զ Վահկացին դիմում է Մկրտիչ Նաղաշին: Հայոց կաթողիկոսին ուղղված 1436–ի մայիսի 16–ի թվակիր նամակում Մկրտիչ Նաղաշը հայտնում է, որ Հայոց եկեղեցին կաթոլիկ և հունական եկեղեցիների հետ միության մեջ է եղել առաջին երեք տիեզերական ժողովների ընդունած դավանանքի շրջանակներում: Քաղկեդոնի Չորրորդ տիեզերական ժողովում այդ եկեղեցիներն ընդունեցին երկաբնակության դավանանքը: Եկեղեցիների միավորման գործընթացը կազմակերպելու համար Մկրտիչ Նաղաշը առաջարկում էր, որ կաթոլիկ և հունական եկեղեցիները հրաժարվեն երկաբնակությունից: Ստանալով այդպիսի պատասխան` կաթողիկոսը որոշեց առժամանակ ձեռնպահ մնալ եկեղեցիների միավորման շուրջ վարվող բանակցություններից:
Հայոց կաթողիկոսության փոխարեն եկեղեցիների միավորման շարժման գլուխ կանգնեց Ղրիմի թերակղզում հաստատված Հայոց եկեղեցական թեմը: Այս գործում Ղրիմի հայերին օժանդակում էին այնտեղ հաստատված ջենովացիները: Ղրիմի Հայոց եկեղեցու առաջնորդները և բարձրաստիճան աշխարհիկ գործիչները 1438–ի մայիսի 12–ին նամակով դիմեցին Կոստանդին Զ Վահկացի կաթողիկոսին` հորդորելով շարունակել միաբանության գործընթացը և պատվիրակություն ուղարկել պապական արքունիք կամ Ջենովա: Կոստանդին Զ Վահկացի կաթողիկոսի հրահանգով կազմվեց Իտալիա մեկնող պատվիրակության կազմը: Նրանցից երեքը` Սարգիս, Մարկոս և Թովմա վարդապետները ներկայացնում էին Ղրիմի թեմը, իսկ Հովակիմը Հալեպի եպիսկոպոսն էր: Մեծ Հայքը և Կիլիկիան պատվիրակության կազմում ներկայացուցիչներ չունեին և հեռու մնացին կաթողիկոսի ձեռնարկումներից:
Քրիստոնեական եկեղեցիների միավրման համար ժողովը հրավիրվել էր 1438–ի հունվարին Ֆերրարա քաղաքում և շարունակվեց Ֆլորենցիայում: 1439–ի հուլիսի 6–ին ընդունվեց հռչակագիր կաթոլիկ և հունական եկեղեցիների միավորման մասին: Հայոց պատվիրակությունը Ֆլորենցիա հասավ 1439–ի օգոստոսին, երբ արդեն ընդունվել էր միաբանության հռչակագիրը: Քանի որ հայ պատվիրակությունը չէր մասնակցել հռչակագրի ընդունմանը, ապա Եվգենիոս Դ պապը հայ–հռոմեական եկեղեցիների միավորման համար 1439–ի նոյեմբերի 22–ին ընդունեց հատուկ կոնդակ. «Հրահանգ առ հայս»: Իրականում հայ–հռոմեական եկեղեցիների միավորում այդպես էլ տեղի չունեցավ և «հռչակագիրը» մնաց թղթի վրա: Մինչև պատվիրակության վերադարձը` 1439–ին Կոստանդին Զ Վահկացին թունավորմամբ արդեն վախճանվել էր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets