ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

24.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սարգիս Բ Աջատար (1470 - 1474)

ՍԱՐԳԻՍ Բ ԱՋԱՏԱՐ
(1469–1474)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1469–ից: Հաջորդել է Արիստակես Բ Աթոռակալին:

Ծն. թ. և վայրը անհտ., մահացել 1474–ին Վաղարշապատում:
Սարգիս Բ Աջատարի գործունեության վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել XV դարի 60–ականներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ներքին կյանքում տեղ գտած բուռն իրադարձությունների համատեքստում:
XV դարի 60–ականները Հայ եկեղեցու պատմության ծանրագույն շրջաններից է: Կիրակոս Ա Վիրապեցու ուղղորդված կրոնական քաղաքականության հետևանքով ասպարեզ իջած Վասպուրականի և արևելյան գավառների (Սյունյաց) եպիսկոպոսների հակամարտությունը, ցանկացած գնով սեփական դիրքերի ամրապնդմանը միտված մրցակցող կողմերի հավակնությունները, մահմեդական իշխանությունների միջամտությամբ կաթողիկոսական աթոռի բռնազավթումները և այլն խաթարել էին եկեղեցու ներքին միասնությունն ու համերաշխությունը: Ներեկեղեցական կյանքում տեղ գտած հակասական այդ միտումների ազդեցությամբ անկատար մնացին Մայր Աթոռի նորոգությանն ու բարեկարգությանը միտված ջանքերը, է՛լ ավելի խորացան Ս. Էջմիածնի և Աղթամարի հակաթոռության պառակտումը, դադարեցին հարաբերությունները Երուսաղեմի պատրիարքության և վերահաստատված Սսի աթոռի հետ:
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի իշխանության համար Ամենայն Հայոց Գրիգոր Ժ Ջալալբեկյանց և Աղթամարի Զաքարիա Գ կաթողիկոսների անհաշտ մրցակցության պայմաններում էլ հիշատակվում է Սարգիս եպիսկոպոսը: 1460–ին Զաքարիա Գ–ն կարա-կոյունլու Ջհանշահի օժանդակությամբ և Սարգիս եպիսկոպոսի աջակցությամբ կարողացել է տիրանալ Ամենայն Հայոց կաթողիկոսությանը: Կաթողիկոսական աթոռի բռնազավթումն ինչպես կանոնական, այնպես էլ եկեղեցական ներքին կյանքի տեսակետից արդարացված չէր և, բնականաբար, հոգևոր դասի կողմից միանշանակ չէր կարող ընդունվել: Երբ մեկ տարի անց Գրիգոր Ժ Ջալալբեկյանցը և Արիստակես Աթոռակալը վերականգնեցին իրենց կանոնական իրավունքները, Էջմիածնի միաբան (ենթադրաբար` փակակալ կամ լուսարարապետ) Սարգիս եպիսկոպոսը կարողացել է Մայրավանքից հափշտակել Ս. Գրիգոր Լուսավորչի Աջը, նշանավոր ուրարը և խաչվառի դրոշը: Մ. Օրմանյանը ոչ առանց հիմքի ենթադրում է, որ Զաքարիա Գ Աղթամարեցու գործակից Սարգիս եպիսկոպոսն անօրինակ այդ հափշտակությամբ փորձել է դյուրացնել իր հովանավորի մուտքն Էջմիածին: Սակայն այդ ձեռնարկումն ակնհայտորեն չի հաջողվել և Զաքարիա Գ–ն այդ սրբություններն իր հետ տեղափոխել է Աղթամար` է՛լ ավելի խորացնելով Էջմիածնի և Աղթամարի հակասությունները:
Զաքարիա Գ–ի Էջմիածնից հեռանալուց հետո զառամյալ Գրիգոր Ժ Ջալալբեկյանց հայրապետն Արիստակես Աթոռակալի կողքին Սարգիս եպիսկոպոսին հռչակում է կաթողիկոսի երկրորդ աթոռակից (1462), ինչը կաթողիկոսի վեհապետության շրջանի ներեկեղեցական կյանքի հակասական դրսևորումներից հաջորդն էր: Ազգային–եկեղեցական ավանդություններին և եկեղեցական կանոններին հակադիր «աթոռակից կաթողիկոսների» ինստիտուտի ներմուծումը, այսինքն` «գործի վրա եղող և գործը չլքանող կաթողիկոսի մը քով, համահավասար անունով և դիրքով, օծումով և արտոնություններով կաթողիկոս մը ևս պահելը», ինչպես նկատում է Մ. Օրմանյանը, կարող էր դուռ բանալ նոր պառակտումների առջև, քանի որ կանոնական առումով «Ամենայն Հայոց հայրապետությունը հատուկ և միակ աթոռ մըն է», ուստի, «ցորչափ աթոռի տեր կաթողիկոս մը կենդանի է, ուրիշ մը համահավասար կաթողիկոս չի կրնար ընդունվիլ»:
Եկեղեցու ներքին կարգ ու կանոնի, վարչական և կազմակերպչական տեսանկյուններից աթոռակցությունը պետք է ըմբռնել իբրև «կաթողիկոսակից` լիազոր փոխանորդի կամ գործակից օգնականի կերպարանով, և ոչ ավելի»: Աթոռակցությունը կարող էր դրական դեր կատարել, եթե այն համապատասխանում էր ներեկեղեցական հարաբերությունների ու նորմերի, իրավունքների ու պարտականությունների ավանդական ըմբռնումներին, այսինքն` միտված էր «անհակառակ և առանց դժվարության հաջորդության» պահպանելուն: Աթոռակցությունը կարող էր դրական համարվել և այն տեսանկյունից, երբ աթոռակիցների ձեռնադրումն ընդունելի կլիներ եկեղեցու և հոգևոր դասի կողմից, ինչը թույլ կտար կաթողիկոսի մահվանից հետո շրջանցել ժողով հրավիրելու հետ կապված բազում դժվարություններ, իսկ հայրապետական աթոռը կարող էր ժառանգել աթոռակիցը (աթոռակիցներից ավագը): Այլ կերպ, Մ. Օրմանյանի խոսքերով ասած, աթոռակցությունը Հայ եկեղեցու հոգևոր կյանքից ներս դրսևորվող, բայց կանոնական հիմնավորում չունեցող այնպիսի երևույթ էր, «երբ կարևորը հնարավոր չէ, հնարավորը կ’ըլլա կարևոր»:
Իսկ եթե աթոռակիցները տարբեր նպատակներ էին հետապնդում, այն հանգեցնում էր զանազան պառակտումների, թուլացնում կենտրոնական նվիրապետությունը, մրցակցություն ծնում հավակնորդ աթոռակիցերի կամ նվիրապետների միջև: Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի հայրապետության շրջանը դրա լավագույն վկայությունն է, որը Մ. Օրմանյանը միանգամայն իրավացիորեն բնութագրում է հետևյալ կերպ. «հայրապետական աթոռին միահեծան վերանորոգության բարեգուշակ ձեռնարկը` իր օրով և իր պատճառով վտանգվեցավ: Իրմե սկսավ նաև աթոռակից կաթողիկոսներու դրությունը, ուսկից եթե մի պատահական օգուտ հառաջ եկավ` հաջորդությանց ապահովվելովը, շատ ավելի ծանր ու հետզհետե աղետաբեր եղան անոր հետևանքները, և շուրջ երկու դար վրդովեցին հայրապետական Մայրաթոռը»: Հակաթոռությունների պայքարի այդ շրջանում էլ Արիստակես Բ Աթոռակալը Սարգիս եպիսկոպոսին հռչակում է առաջին աթոռակից (1465), իսկ նրա մահվանից հետո, վերջինս հաջորդության կարգով 1469–ին հռչակվում է Ամենայն Հայոց կաթողիկոս:
Սարգիս Բ Աջատարի հայրապետության շրջանի գործունեության վերաբերյալ չափազանց աղքատիկ տեղեկություններ են պահպանվել: Պետք է ենթադրել, որ Մայր Աթոռի կյանքում նրա ունեցած բացասական դերակատարությունն անհետևանք չի անցել Հայ եկեղեցու նոր գահակալի համար: Ինչպես վասպուրականցիներին աջակցելու հետևանքով նվիրապետական երկու կենտրոնների միջև հակամարտությունների խորացմանն աջակից դառնալը, այնպես էլ Մայրավանքից Ս.Գրիգոր Լուսավորչի Աջի հափշտակությունը չէր կարող արգելք չհանդիսանալ վեհապետի և միաբաության միջև նորմալ փոխհարաբերություններ հաստատելու գործում: Իր իսկ մեղքով զրկված լինելով կաթողիկոսական իշխանության խորհրդանիշ համարվող Ս. Գրիգոր Լուսավորչի Աջից` Սարգիս Բ Աջատարը որքան էլ ձգտեր նպաստել ներեկեղեցական կյանքի փխրուն ամբողջականության պահպանմանը, նրա ձեռնարկումները չէին կարող ընկալվել որպես «առաջնորդությամբ Աստուծո և կամավ Սուրբ Լուսավորչին»: Հավանաբար այդ ամենն էլ պայմանավորել են կաթողիկոսի առաջնահերթ այն գործունեությունը, որը միտված է եղել Լուսավորչի Աջը վերադարձնելուն: Սակայն Սարգիս Բ Աջատարի կողմից ձեռնարկված կանոնական փորձերն անհաջող են եղել, որի պատճառով էլ նա հարկադրված է եղել Ս. Էջմիածնի միաբան Վրթանես եպիսկոպոս Օծոփեցուն հանձնարարել Աղթամարի կաթողիկոսությունից հափշտակել Լուսավորչի Աջը և վերադարձնել Մայր Աթոռ:
Սարգիս Բ Աջատարի կաթողիկոսության շրջանում որևէ առաջընթաց չի արձանագրվել նաև Մայր Աթոռի հոգևոր–վարչական դիրքերն ամրապնդելու գործում: Այդ փաստն է վկայում Ս. Էջմիածնի և Սարգիս ԲԱջատարի նախկին աջակիցների` Աղթամարի հակաթոռության միջև հարաբերությունները կարգավորելու անհաջող փորձը, որի վկայությունը Էջմիածնի և Աղթամարի կաթողիկոսություններն իր իշխանության տակ միավորելու Աղթամարի Ստեփանոս Գ Տղա կաթողիկոսի հակականոնական պայքարն էր: Նույնը պետք է ասել նաև Սյունյաց և Վասպուրականի մրցակցող հոգևորականների դեռևս շարունակվող վիճաբանությունները համահարթելու փորձերի մասին:
Հիշատակության բացակայությունը խոսում է և այն մասին, որ Սարգիս Բ Աջատարի օրոք քիչ թե շատ արդյունավետ որևէ քայլ չի կատարվել նաև Հայ եկեղեցու ավանդական (Սյունյաց մետրոպոլություն, Գանձասարի կաթողիկոսություն, Երուսաղեմի պատրիարքություն) և նորահաստատ (Սսի կաթողիկոսություն, Կ. Պոլսի պատրիարքություն) նվիրապետական կենտրոնների, ինչպես նաև պատմական Հայաստանի և գաղութահայության թեմական այլ կառույցների հետ հարաբերություններ հաստատելու և դրանց կանոնական կարգավորման ուղղությամբ: Այդ ամենը, բավականին առաջացած տարիքը, ինչպես նաև հեղինակության պակասը Սարգիս Բ Աջատարին հարկադրել են 1470–ին աթոռակից օծել Հովհաննես եպիսկոպոսին:
Սարգիս Բ Աջատարի կաթողիկոսության շրջանն ընթացել է բավականին բարդ հասարակական–քաղաքական իրավիճակում: Թուրքմենական ցեղերի աղետաբեր մրցակցությունը, իսկ մի փոքր ավելի ուշ` ակ-կոյունլուների և օսմանյան սուլթանության միջև սկիզբ առած պատերազմները, շարունակական ավերածությունները և թալանը, հայ ժողովրդի հանդեպ կիրառվող կրոնական հալածանքները, գերեվարությունները, աննախադեպ ծանր հարկերն ու տուրքերը բավականին ծանր կացություն էին ստեղծել Մայր Աթոռի գործունեության համար: Այդ ամենի հետևանքով էլ Սարգիս Բ Աջատարի հայրապետության շրջանում իսպառ բացակայում են վարչական, շինարարական, հոգևոր–մշակութային և կրթական գործունեության վերաբերյալ հավաստի փաստերը: Սարգիս Բ Աջատարի վեհապետության շրջանում միավորիչ դրական գործունեությամբ նշանավորվել է միայն Կ. Պոլսի Հայոց պատրիարքության գործունեությունը: Դրա վկայությունն այն է, որ Հովակիմ պատրիարքի օրոք Կ. Պոլսում արդեն գործում էին հայկական 6 եկեղեցիներ:
Կաթողիկոսական գահին Սարգիս Բ Աջատարին հաջորդել է Հովհաննես Է Աջակիրը, որի հայրապետության շրջանում էլ Մայրավանքից հափշտակված սրբությունները վերադարձվել են Էջմիածին: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets