ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

25.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Հովհաննես Է Աջակիր (1474 - 1484)

ՀՈՎՀԱՆՆԵՍ Է ԱՋԱԿԻՐ 
(1474–1484)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1474–ից: Հաջորդել է Սարգիս Բ Աջատարին:

Ծն. թ. և տեղը անհտ.: Սպանվել է 1506–ի հոկտեմբերի 17–ին Կ. Պոլսում:
Կաթողիկոսական Աթոռի` Ս. Էջմիածին վերադարձից հետո հոգևոր դասն այդպես էլ ի զորու չեղավ ջանքերը մեկտեղել կենտրոնական նվիրապետությունն ամրապնդելու և նվիրապետական տարբեր կառույցների միջև կանոնական հարաբերություններ հաստատելու գործում: Այդ իրավիճակը ձևավորվել էր ոչ միայն հոգևոր գործոններով, այլև հայ ժողովրդի հասարական–քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքի իրողություններով, ինչպես նաև Հայ եկեղեցու նկատմամբ իսլամական պետությունների և մեծ ու փոքր իշխանությունների վարած կրոնական քաղաքականությամբ: Դրանց ազդեցությամբ է պայմանավորված եղել և այն, որ XV դարի երկրորդ կեսի Հայոց կաթողիկոսների գործունեության վերաբերյալ խիստ աղքատիկ տեղեկություններ են հասել մեզ: Այդ իսկ պատճառով նրանց գործունեության վերաբերյալ արժեքային մոտեցումները պետք է բխեցնել իրենց իսկ կողմից ղեկավարվող եկեղեցական հարաբերությունների վերլուծությունից: Այդ օրինաչափությունը բնորոշ է նաև Հովհաննես Է Աջակիր Ամենայն Հայոց կաթողիկոսի վեհապետության շրջանին: Նրա օրոք ևս շարունակվել է Էջմիածնի կաթողիկոսական իրավասությունների սահմանների վերաբերյալ նախորդ կաթողիկոսների շրջանում Աղթամարի հակաթոռության կողմից սկսված հակականոնական պայքարը: Հայ եկեղեցու պատմության այս փուլում ազգային հավաքականության անունից հանդես եկող Մայր Աթոռի և Հովհաննես Է Աջակիրի գործունեության ամենանշանավոր իրադարձությունն է 1476–ի Աղթամարի կաթողիկոսարանից այլ սրբությունների հետ Ս. Էջմիածին վերադարձված Լուսավորչի Աջը, որի համար էլ Մ. Օրմանյանը նրան մեծարում է «Աջակիր» պատվանունով: Հավանաբար կենտրոնական նվիրապետական իշխանությունն ամրապնդելու միտումով էլ Հովհաննես Է Աջակիրը նույն թվականին Ս. Էջմիածնի հեղինակավոր միաբաններից աթոռակից է դարձրել Սարգիս եպիսկոպոսին:
Եկեղեցական միության կայացմանը մեծապես արգելակել է նաև վարչաքաղաքական տարբեր պայմաններում գործառող էջմիածնապատկան թեմերի ենթակայության համար մղվող պայքարը, որն առավել սուր տեսքով հանդես է եկել Արևմտյան Հայաստանում: Դավանաբանական միասնության և ազգային համերաշխության պահպանության դիրքերից հանդես եկող Ս. Էջմիածինը անհաշտ պայքար է մղել հայ հոգևոր դասի այն ներկայացուցիչների դեմ, ովքեր առաջին քայլերն էին կատարում Մայր Սթոռից անջատվելու և «թուրքահայ կաթողիկոսություն» ստեղծելու ուղղությամբ: Դրանից զատ ներեկեղացական կյանքի հակասական միտումներ էին ձևավորվել նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի, ինչպես նաև միմյանց դեմ Օսմանյան սուլթանության տարածքում գործող Սսի կաթողիկոսության, Երուսաղեմի և Կ. Պոլսի պատրիարքությունների մրցակցության տեսքով: Դեռևս շարունակվում էր կենտրոնական նվիրապետությունից անկախ Երուսաղեմի պատրիարքության գործունեությունը: Լարված հարաբերություններ էին ձևավորվել Սսի ինքնակոչ կաթողիկոսության և Կ. Պոլսի պատրիարքության միջև:
Արևմտահայ նվիրապետական կենտրոնների և Մայր Աթոռի միջև կանոնական թույլ հարաբերությունների, երբեմն էլ` դրանց բացակայության պայմաններում մեկը մյուսի հետևից Էջմիածնապատկան թեմերն անցնում էին Կ. Պոլսի Հայոց պատրիարքության գերիշխանության տակ: Դրականն այստեղ թերևս այն էր, որ Կ. Պոլսի պատրիարքության հոգևոր գործունեության ծավալումն ուղեկցվում էր Սսի կաթողիկոսության հետ կանոնական հարաբերությունների թուլացմամբ և Մայր Աթոռի հետ աստիճանաբար ընդլայնվող կապերի ամրապնդմամբ: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Կ. Պոլսի պատրիարքության կանոնակարգային հարաբերությունների աստիճանական ծավալումը դարակազմիկ նշանակություն ունեցավ հզորացող Օսմանյան սուլթանության տարածքում Հայ եկեղեցու միավորիչ գործունեությունը և ազգապահպանության գործընթացները խթանելու գործում:
XV դարի վերջերին կրոնաքաղաքական միանգամայն նոր իրավիճակ ձևավորվեց ակ-կոյունլուների և օսմանյան սուլթանության ավերիչ պատերազմներից հետո: Սուլթանությունը սահմաններն ընդարձակեց արևելքում, և Հայաստանի պատմական տարածքների մեծագույն մասը հոծ ազգաբնակչությամբ անցավ օսմանյան գերիշխանության ներքո: Այդ պայմանների թելադրանքով Արևմտյան Հայաստանի հոգևոր կյանքը մասնակի կերպարանափոխության ենթարկվեց, որի առանցքը Հովհաննես Է Աջակիրի վեհապետության շրջանում դարձավ Կ. Պոլսի պատրիարքությունը: Արևմտահայ հոգևոր և հասարակական կյանքի կենտրոնական նվիրապետության կարգավիճակով գործող Կ. Պոլսի պատրիարքությունը բեղուն գործունեություն ծավալեց ինչպես եկեղեցական կառույցն ամրապնդելու, այնպես էլ թեմական վիճակներ ստեղծելու ուղղությամբ: Արևմտահայ թեմական կառույցների` նախկինում պատրիարքական փոխանորդների կարգավիճակով իրականացվող ղեկավարությունը աստիճանաբար իր տեղը զիջեց թեմակալ առաջնորդությանը: Կրոնական և ազգային աստիճանակարգված այդ կառույցների ամբողջացումն ու դրանց միջև կանոնական հարաբերությունների հաստատումը չափազանց կարևոր դեր կատարեցին սուլթանության տարածքում արմատավորված կրոնական խտրականության և քրիստոնեության հալածանքներին դիմադարձ կանգնելու, օտարամոլ քարոզչությունից հավատացյալ ժողովրդին զերծ պահելու, ինչպես նաև ազգահավաք և միավորիչ գործունեության եկեղեցական ղեկավարությունն իրականացնելու գործում:
Հովհաննես Է Աջակիրի կաթողիկոսության շրջանում իրավիճակը բավականին ծանր էր նաև Արևելյան Հայաստանում: Օտար տիրակալների հովանավորությամբ, «ընդհանրական կաթողիկոսի» տիտղոսի համար մղվող հակականոնական պայքարից զատ, նույն այդ հովանավորությամբ Աղթամարի հակաթոռությունն իր հոգևոր գերիշխանությանը ենթարկեց էջմիածնապատկան որոշ թեմեր: Հակաթոռության դեմ մղվող պայքարում Մայր Աթոռի միաբանությանը մեծապես սատարում էր միայն Սյունյաց մետրոպոլությունը: Ճիշտ է, ինչպես Գանձասարի կաթողիկոսությունը, այնպես էլ Սյունյաց մետրոպոլությունը պահպանել էին կանոնական հարաբերությունները Մայր Աթոռի հետ, սակայն ձևավորված հասարակական–քաղաքական պայմանների ազդեցությամբ նրանք ևս գործառում էին գրեթե ինքնավար վիճակում:
Ակ-կոյունլուների տիրապետության թուլացման շրջանում Հայ եկեղեցին թեև որոշակի արտոնություններ էր ձեռք բերել, սակայն դա ակնհայտորեն անբավարար է եղել Մայր Աթոռի տնտեսական կացությունը բարելավելու գործում: Դա, ինչպես նաև հայ ավատական ընտանիքների մնացորդների և ունևոր դասի նկատմամբ իրականացվող բռնագրավումների և սեփականազրկման, ինչպես նաև շարունակ ուժգնացող կրոնական ու քաղաքական հալածանքների պայմաններում Հովհաննես Է Աջակիրի գործունեությունը, ուղղվել է ինչպես հայրապետական աթոռի ամրապնդմանը, այնպես էլ տնտեսական վիճակի բարելավմանը: Հայոց կաթողիկոսը ձգտել է հարկային արտոնություններ ձեռք բերելու ճանապարհով ամրապնդել Մայր Աթոռի միաբանության ու արևելահայ հոգևոր դասի իրավասությունները: Նա գործնական քայլերի է դիմել նաև ազգային, տնտեսական ու կրոնական հալածանքներին դիմադարձ կանգնելու և ժողովրդի տնտեսական ու հոգևոր ծանր վիճակը թեթևացնելու ուղղությամբ` դա դիտելով իբրև Մայր Աթոռի հասարակական–տնտեսական հիմքերի ամրապնդման կարևոր գործոն: Հովհաննես Է Աջակիրին չի հաջողվել իրագործել ցանկալին և նա հարկադրված է եղել օժանդակություն և աջակցության որոնել գաղութահայության շրջանում:
Դարաշրջանի հայ իրականության առանձնահատկություններից հաջորդը եղել է գաղութահայության հոգևոր և հասարակական կացության կարգավորումը, ազգային ինքնության պահպանումը և Ս. Էջմիածնի հետ կապերի ամրապնդումը: Լինելով համահայկական եկեղեցական շահերի պաշտպանության ջատագով` Հովհաննես Է Աջակիրը Հայ եկեղեցու առաջին բարձրագույն նվիրապետն էր, որը Մայր Ափոռ Ս. Էջմիածին–գաղութահայություն հարաբերությունները կարգավորելու միտումով 1484–ին մեկնել է տարաշխարհ: 1485–ին «գաղթական հայերու հոգևորական կացությանը հսկելու և գաղթական հայերե նյութական նպաստներ հավաքելու և անհագ տիրապետողներու դրամական քաղցը հագեցնելու համար» Հովհաննես Է Աջակիրը Էջմիածնի միաբաններ Սարգիս եպիսկոպոսի և Դավիթ աբեղայի հետ ուղևորվել է Լեհաստան: Պետք է ենթադրել, որ այստեղ ևս Հայոց հայրապետի առաքելությունը որոշակի արգելքների է հանդիպել: Գուցե այդ անհաջող առաքելությունն էլ դարձել է պատճառ, որ 1484–ից հետո Հովհաննես Է Աջակիրն այլևս Մայր Աթոռ չի վերադարձել, ինչն էլ հիմք է դարձել ենթադրելու, որ նա հրաժարվել է կաթողիկոսությունից:
Ու թեև Հովհաննես Է Աջակիրը թողել է կաթողիկոսական գործունեությունը, սակայն չի հրաժարվել իր եկեղեցանվեր առաքելությունից: Մ. Օրմանյանը հավաստում է, որ շարունակելով ազգանպաստ առաքելությունը, նա իր համախոհների հետ հաջորդ 20 տարիները ևս անցկացրել է գաղութահայության շրջանում: Պետք է ենթադրել, որ Հովհաննես Է Աջակիրը նպատակամղված գործունեությամբ մի կողմից ձգտել է մեղմել հայ ժողովրդի և եկեղեցու դեմ 1488–ի ակ-կոյունլուների կրոնական հալածանքների ծանր հետևանքները, իսկ մյուս կողմից փորձել է կանոնական հարաբերությունների ամրապնդման միջոցով է՛լ ավելի սերտացնել Մայր Աթոռի և գաղութահայության հոգևոր, հասարակական, տնտեսական, մշակութային ու կրթական կապերը: Այդ նպատակով Հովհաննես Է Աջակիրի գլխավորած հայրապետական նվիրակները, շարունակելով իրենց գործունեությունը, այցելել են գաղութահայության բազմաթիվ կենտրոններ. «Մեծ Հովհաննես եպիսկոպոս ազնվակա և տեր Սարգիս եպիսկոպոս և Դավիթ կույս աբեղա, մյուռոնով և օրհնությամբ կու գան Բյուզանդիա, անկե կանցնին Կաֆա, Մոլտավիա, Սուչավա, Իլվով, Աքքըրման, և կը դառնան Կոստանդնուպոլիս»: Այստեղ էլ 1506–ին թուրքական իշխանությունները ձերբակալել են նրանց, առաջարկել դավանափոխ լինել և մերժում ստանալով` 1506–ին բոլորին էլ գլխատել են:
Ինչպես նախորդ կաթողիկոսների, այնպես էլ Հովհաննես Է Աջակիրին հայրապետության շրջանում վարչական, շինարարական, հոգևոր–մշակութային և կրթական գործունեության վերաբերյալ ոչ մի հիշատակություն չի պահպանվել:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets