ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

30.08.2013

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Ստեփանոս Ե Սալմաստեցի (1542 - 1564)

ՍՏԵՓԱՆՈՍ Ե ՍԱԼՄԱՍՏԵՑԻ
(Կոստանդնուպոլսեցի) (1545–1567)
Ամենայն Հայոց կաթողիկոս 1545–ից: Հաջորդել է Գրիգոր ԺԱ Բյուզանդացուն:

Ծն. թ. անհտ., Սալմաստ, մահացել է 1567–ին Վաղարշապատում:
XVl դ. սկզբների թուրք–իրանական պատերազմների ժամանակ օսմանցիների կողմից գերեվարվել է նաև Ստեփանոս Սալմաստեցու ընտանիքը, որը բնակոթյուն է հաստատել Կ. Պոլսում: Կրթությունն ստացել է այստեղ, հմտացել լեզուների (պարսկերեն, թուրքերեն, արաբերեն, լատիներեն և այլն), իմաստասիրական առարկաների ուսումնառության և աստվածաբանության մեջ: Կ. Պոլսում և Լեհաստանի հայկական գաղթավայրերում զբաղեցրել է հոգևոր բարձր պաշտոններ:
1540–ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացու կողմից հրավիրվել է Ս. Էջմիածին և նշանակվել Մաղարդի (Երնջակ) Ս.Ստեփանոս վանքի վանահայր: Այստեղ ծավալել է մանկավարժական բուռն գործունեություն, ուսուցանել է բազմաթիվ աշակերտների, ժամանակակիցների կողմից հորջորջվել է «քաջ րաբունապետ» տիտղոսով: 1541–ին Գրիգոր ԺԱ Բյուզանդացին նրան նշանակել է աթոռակից կաթողիկոս: Ստեփանոս Սալմաստեցին մեծ ջանքեր է թափել Մայր Աթոռի հեղինակությունը բարձրացնելու, այն երիտասարդ, կարող ուժերով համալրելու ուղղությամբ: Այստեղ կատարել է շինարարական և վերանորոգչական լայն աշխատանքներ, վերաբացել է Ս. Էջմիածնի դպրոցը:
1545–ին Ստեփանոս Սալմաստեցին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս: Մայր Աթոռի տնտեսական ծանր վիճակը թեթևացնելու միտումով 1547–ին Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Միքայել Ա Սեբաստացի) նշանակել է աթոռակից կաթողիկոս, ավելի ուշ` նաև Գրիգոր եպիսկոպոս Վաղարշապատցուն (հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գրիգոր ԺԲ) և Բարսեղ եպիսկոպոս Վաղարշապատցուն: Նման իրողությունը խիստ թուլացրել է կաթողիկոսարանի կենտրոնամետ քաղաքականությունը:
Ստեփանոս Ե Սալմաստեցին համարվում է հետագա դարերի ազգային և մտավոր զարթոնքի նախակարապետը: Նրա ջանքերով է Հայաստանի ազատագրության հարցը դարձել միջազգային քննարկման առարկա: Կապեր է հաստատել հակաօսմանյան լիգա ստեղծելու միտումով գումարված Տրիտենդյան եկեղեցական ժողովի (1545) հետ: 1547–ին Էջմիածնում հրավիրել է արևելահայ մելիքների և բարձրաստիճան հոգևորականների («Տէրանց Հայոց») գաղտնի խորհրդաժողով: Նույն թվականին աթոռակից Միքայել եպիսկոպոս Սեբաստացուն փոխանցելով կաթողիկոսարանի գործերը, գլխավորել է մելիքների հանձնարարական նամակներով Արևմտյան Եվրոպա մեկնող պատվիրակությունը: 1548–ին ժամանել է Վենետիկ, ուր բանակցություններ է վարել Հանրապետության դոժի հետ: Պահպանված փաստաթղթերից ակներև է դառնում, որ Հայոց հովվապետն իր քաղաքական ակնկալությունները կապել է Վենետիկի հետ, որը պետք է լիներ Հայաստանն ազատագրող եվրոպական համադաշնության կազմակերպիչն ու ոգին: Այնուհետև նա մեկնել է Հռոմ, հանդիպումներ ու բանակցություններ վարել Պողոս Գ և Հուլիոս Գ պապերի հետ: Սակայն Վատիկանում հայ–հռոմեական բանակցությունները հիմնականում կրել են դավանաբանական բնույթ: Քաղաքական երկխոսության փոխարեն Հռոմն առաջադրել է զույգ եկեղեցիների միության հնարավորության հարցը: Բանակցությունների ընթացքից հիասթափված Հայոց կաթողիկոսը մեկնել է Վիեննա ապա` Վարշավա, խորհրդակցել «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր Կարլոս V-ի և Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ ll Օգոստոսի հետ: Ավարտելով դիվանագիտական բանակցությունները Արևմուտքում` Ստեփանոս Ե Սալմաստեցին 1551–ին Լեհաստանի, Արևմտյան Ուկրաինայի և Ղրիմի հայկական գաղթավայրերն այցելելուց հետո 1552–ին վերադարձել է Հայաստան:
Ստեփանոս Ե Սալմաստեցին զբաղվել է նաև մատենագրությամբ. մեկնել է Հովհաննեսի Ավետարանը, գրել է Քրիստոսի և ավետարանիչների վարքը, հեղինակել տաղեր («Եղուկ եւ վայ ինձ» և այլն):
1552–ին Լվովում Ստեփանոս Ե Սալմաստեցու վախճանվելու և այնտեղ կաթոլիկ ծեսով թաղվելու մասին կարծիքը ժխտվում է հիշատակարանների վկայություններով: Լվովի հայոց Մայր եկեղեցում նրա անունով կեղծ տապանաքարն ու արձանագրությունը հետապնդել են տեղի հայերին դավանափոխության մղելու նպատակ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets