ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

19.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՁԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 19-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ

Հայ մշակույթը 19-րդ դարում մեծ վերելք ապրեց: Այս հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ Արեւելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, որտեղ կային բարենպաստ պայմաններ հայ ժողովրդի տնտեսական ու մշակութային առաջընթացի համար: Միաժամանակ հայ մշակույթը շարունակեց իր վերելքը նաեւ գաղթօջախներում: Հայ մշակույթի խոշոր կենտրոններն էին Թիֆլիսը, Բաքուն, Նոր Նախիջեւանը, Մոսկվան, Կ.Պոլիսը, Վենետիկը եւ այլն: Վենետիկում եւ Վիեննայում հաստատված Մխիթարյան միաբանության անդամները շարունակեցին իրենց բեղուն գիտակրթական ու մշակութաստեղծ գործունեությունը:
Մշակույթի կարեւոր ոլորտներից է դպրոցը: Վերընթաց ուղի մտավ կրթական գործը, ինչի համար բարենպաստ հող ստեղծեց մի շարք նշանավոր հայկական միջնակարգ դպրոցների բացումը: 1799թ. Զմյուռնիայում բացվեց Մեսրոպյան վարժարանը, 1810թ.` Աստրախանի Աղաբաբյան դպրոցը, 1815թ.` Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1824թ.` Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1837թ.` Երեւանի, իսկ 1838թ.` Շուշիի թեմական դպրոցները, 1838թ. Կ.Պոլսում` Սկյուտարի ճեմարանը, 1874թ.` Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, 1878թ.` Վանի վարժապետանոցը, 1881թ.` Էրզրումի Սանասարյան վարժարանը եւ Երեւանի ուսուցչական սեմինարիան:
19-րդ դ. երկրորդ կեսին բացվեցին նաեւ իգական դպրոցներ` Շուշիում` Մարիամ-Ղուկասյան, Երեւանում` Գայանյան, Թիֆլիսում` Գայանյան, Մարիամյան-Հովնանյան, Ախալցխայում` Եղիսաբեթյան, Ալեքսանդրապոլում` Արղության:
20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում եւ Թուրքիայի հայաբնակ այլ շրջաններում, ի հեճուկս թուրքական բռնապետության արգելքների ու հալածանքների, գործում էին 300-ից ավելի հայկական դպրոցներ` մոտ 40.000 աշակերտներով: Արեւելյան Հայաստանում եւ Ռուսական կայսրության հայաբնակ այլ շրջաններում գործում էին տարբեր տիպի 400 հայկական դպրոցներ` մոտ 30.000 աշակերտներով եւ 900 ուսուցիչներով: Հայկական դպրոցներին ծանր հարված հասցրեց հայ եկեղեցական գույքը բռնագրավելու մասին 1903թ. ցարական հրամանագիրը, որը բարեբախտաբար 1905թ. չեղյալ համարվեց: 20-րդ դարի սկզբին շարունակում էին գործել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Մոսկվայի Լազարյան ճեմարանը, Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը, Երեւանի եւ Շուշիի հոգեւոր թեմական դպրոցները եւ այլն:
Բարձր զարգացման հասավ հայ մանկավարժական միտքը: Այդ ոլորտում խոշոր ներդրում ունեցան Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ռեթեոս Պերպերյանը եւ ուրիշներ:
Բարձր զարգացման հասան հայագիտությունն ու պատմագրությունը: Հայագիտական եւ պատմագիտական արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մաղաքիա Օրմանյանը, Քերովբե Պատկանյանը, Ալեքսանդր Երիցյանը, Մկրտիչ Էմինը, Լեոն, Ղեւոնդ Ալիշանը, Նիկողայոս Ադոնցը եւ ուրիշներ: 
Մ. Օրմանյանի հրատարակած բազմաթիվ աշխատություններից են «Հայոց եկեղեցին», եռահատոր «Ազգապատումը»: Նա իրավացիորեն գտնում էր, որ հայոց եկեղեցին ազգային բնույթ ունի, եւ որ հայ եկեղեցու եւ ազգի պատմությունը կազմում են միասնություն: Լեոն հրատարակեց մեծաթիվ արժեքավոր ուսումնասիրություններ: Ն. Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» մեծարժեք աշխատությունը համակողմանիորեն ներկայացնում է միջնադարյան Հայաստանը:
Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի գրչին են պատկանում Հայաստանի պատմությանը, հուշարձաններին ու պատմական աշխարհագրությանը նվիրված 45 հատոր մեծարժեք աշխատություններ:
19-րդ դարում աննախադեպ վերելք ապրեց հայ գրականությունը: Խ.Աբովյանի շնորհիվ հիմք դրվեց հայ նոր գրականությանը: Նրա «Վերք Հայաստանի, ողբ հայրենասերի» պատմավեպը աշխարհաբարով գրված առաջին ստեղծագործությունն էր: 
Թուրքական լծի տակ գտնվող արեւմտահայության ծանր վիճակը եւ ազատագրական ձգտումները 19-րդ դարի երկրորդ կեսին այն գործոններն էին, որոնց ազդեցությամբ հայ գրականության մեջ մեծ ծավալ ստացավ հայրենասիրությամբ ոգեշնչված եւ ազատագրական պայքարի մղող բանաստեղծությունների ու պատմավեպերի հրատարակությունը: Րաֆֆու, Մուրացանի, Մ. Պեշիկթաշլյանի, Մ. Նալբանդյանի եւ այլոց ստեղծագործությունները մինչ այժմ էլ գոտեպնդում են հայ երիտասարդությանը:
Գարեգին Սրվանձտյանին ենք պարտական «Սասնա ծռեր» էպոսի այժմյան տեսքի համար, քանզի նա հավաքեց եւ հրատարակեց հայ ժողովրդի հավաքական ուժը, ոգին, արդարամտությունը խորհրդանշող այս արժեքավոր բանահյուսական ստեղծագործություն-հերոսապատումը:
Հայ երգիծաբանության հիմնադիրը հանդիսացավ մեծանուն գրող Հակոբ Պարոնյանը: Նշանավոր դրամատուրգ ու երգիծաբան էր Գաբրիել Սունդուկյանը: Նրանք խիստ քննադատության էին ենթարկում տիրող անարդարությունները, աղճատված բարքերը: Նրանց ստեղծագործությունները, երբեմն` կատակերգական, երբեմն` ողբերգական, խթանեցին հայ թատերարվեստի զարգացմանը: 
20-րդ դարասկզբին հայ գրական երկնակամարում էին հայ պոեզիայի եւ արձակի փայլուն ներկայացուցիչներ Միսաք Մեծարենցը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Երվանդ Օտյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Տերյանը, Նար Դոսը, Դոսը, Մուրացանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհ. Թումանյանը, Գաբրիել Սունդուկյանը, Լեւոն Շանթը, Ավետիս Ահարոնյանը, Արփիար Արփիարյանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, մանկագիր Ղազարոս Աղայանը, Ավ. Իսահակյանը, Պերճ Պռոշյանը: 
Արեւմտահայ երգիծաբան Ե. Օտյանը երգիծանքի միջոցով ծաղր ու ծանակի էր ենթարկում ազգային այն գործիչներին, որոնք խոսքով ներկայանում էին որպես հայրենասերներ, հեղափոխականներ, իսկ իրականում արժեզրկում էին սուրբ գաղափարները: Նա սպանիչ ծաղրի է ենթարկում նաեւ կեղծ բարերաներին, աշխարհիկ եւ կրոնական հարստահարիչներին: Ավ. Իսահակյանը գրում է նշանավոր «Աբու Լալա Մահարի», «Սասնա Մհեր» պոեմները եւ այլն: 
20-րդ դարի առաջին երկու տասնամյակների հայ գրականության կենտրոնական դեմք Հովհ. Թումանյանը հրատարակեց «Անուշ», «Լոռեցի Սաքոն», «Մարո», ապա «Սասունցի Դավիթ», «Թմկաբերդի առումը» մեծարժեք պոեմները եւ այլն:
Երաժշտությունը եւս զարգացում էր ապրում: Երաժշտական արվեստի հսկաներից էր Կոմիտասը, որը հավաքեց եւ մշակեց շուրջ 3000 երգ: Տիգրան Չուխաջյանը գրեց առաջին հայկական օպերան` «Արշակ Բ»: Ալեքսանդր Սպենդիարյանը հիմնադրեց սիմֆոնիկ երաժշտությունը` գրելով «Ալմաստ օպերան: Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրեց համանուն օպերան, որը բեմադրվեց Ալեքսանդրապոլում 1912թ.: Զարգանում էր նաեւ աշուղական երգարվեստը, որի փայլուն ներկայացուցիչներից էին Ջիվանին եւ Շերամը:
Հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոնը հիմնվում է Կ.Պոլսում, 1846թ.: Այն հիմնականում ունեցել է կրկեսային եւ մնջախաղային բնույթ, բայց ներկայացրել է նաեւ պատմական դրամաներ ու մելոդրամներ: 1847թ. Կ.Պոլսի Բերա թաղամասում կառուցվել է թատրոնի մշտական շենք կրկեսային եւ դրամատիկական ներկայացումների համար: Թատրոնն ունեցել է նվագախումբ, դիրիժոր, դերասանների մշտական կազմ:
1851թ. Թիֆլիսում ստեղծվեց Թամամշյանի թատրոնը: 1861թ. Կ.Պոլսում հիմնադրվեց Արեւելյան թատրոնը: 1863թ. Կ.Պոլսում Հակոբ Վարդովյանի ստեղծած թատրոնում ներկայացումներ էին տրվում հայերենով եւ թուրքերենով: Թատերարվեստի զարգացման գործում խոշոր ավանդ ներդրեցին դերասաններ Պետրոս Ադամյանը, Գեւորգ Չմշկյանը, Սիրանույշը, Հովհաննես Աբելյանը եւ ուրիշներ:
19-րդ դարի նշանավոր նկարիչներից էին Հակոբ եւ Աղաթոն Հովնաթանյանները, որոնք շարունակեցին իրենց տաղանդավոր տոհմի ավանդույթները: Ճանաչված նկարիչ էր Ստեփան Ներսիսյանը, որի վրձնին են պատկանում բազմաթիվ հայ նշանավոր գործիչների դիմանկարներ: Համաշխարհային ճանաչում ունեցող ծովանկարիչ էր Հովհաննես Այվազովսկին, որը բազմաթիվ կտավներ է կերտել նաեւ հայկական թեմաներով: 20-րդ դարասկզբի հայ կերպարվեստի նշանավոր ներկայացուցիչներն էին Վարդգես Սուրենյանցը, Գեւորգ Բաշինջաղյանը, Փանոս Թերլեմեզյանը, Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ:
Օսմանյան կայսրության բարձրարվեստ ճարտարապետական կոթողներից շատերի հեղինակներն են հայկական Պալյան եւ ՈՒթուճյան նշանավոր տոհմերի ներկայացուցիչները, որոնց սուլթանները վստահում էին արքունի ճարտարապետի պաշտոնը: 
20-րդ դարի սկզբի ճարտարապետության հայտնի դեմքերից էին Ալեքսանդր Թամանյանը, Թորոս Թորամանյանը, Հովհաննես Քաջազնունին եւ ուրիշներ: 
Բնագիտության ասպարեզի խոշոր գիտնականներից էր ֆիզիկոս Հովհաննես Ադամյանը, որը հանդիսացավ գունավոր հեռուստատեսության հիմնադիրը:
Հայ մշակույթին ծանր, շատ կողմերով անդառնալի հարված հասցրեց 1915-1916թթ. Հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ոչնչացվեց արեւմտահայ մտավորականությունը, Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող հազարավոր պատմա-մշակութային հուշարձաններ եւ տասնյակ հազարավոր հնագույն ձեռագրեր: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets