ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

01.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

1920 Թ. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Թուրքիան չէր կարող հաշտվել Սեւրի հաշտության պայմանագրի հետ, քանզի հավակնություններ ուներ պատմական հայկական տարածքների նկատմամբ: Արդյունքում, 1920թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը: ՀՀ վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր:
Թվական, զինական եւ վարչական-կազմակերպչական գերազանցություն ունեցող թուրքերը համառ կռիվներից հետո սեպտեմբերի 29-ին գրավեցին Սարիղամիշն ու Կաղզվանը, 30-ին՝ Մերդենեկը: 
ՀՀ կառավարությունը դիմեց բացառիկ քայլերի, սեպտեմբերի 30-ին երկիրը հայտարարվեց ռազմական դրության մեջ, զենքի կանչվեցին մինչեւ 35 տարեկանները, զինվորական նախարարությանը ենթարկվեցին երկաթուղին, տրանսպորտային միջոցները, ռադիոկայանները, ռազմաճակատ եւ սահմանամերձ շրջաններ ուղարկվեցին պետական մի շարք գործիչներ: Հայ քաղաքական ուժերը, ի բացառություն բոլշեւիկների, կանգնեցին կառավարության կողքին: Պետք է նշել, որ ժողովրդի մեծ մասը չգիտակցեց պահի պատմական կարեւորությունը եւ ոտքի չկանգնեց հայրենիքի պաշտպանության համար: Պատերազմի առաջին օրերին ՀՀ կառավարությունը օգնության խնդրանքով դիմեց եվրոպական երկրներին, սակայն` անօգուտ: 
Հոկտեմբերի 20-ին թուրքերը հարձակման անցան Սուրմալուի ճակատում եւ գրավեցին մի շարք տարածքներ: Սակայն հաջորդ օրը հայկական ուժերը հակահարձակման անցան եւ վերագրավեցին կորցրած տարածքները: Հոկտեմբերի 24-ին թշնամին հարձակման անցավ Իգդիրի եւ Մարգարայի ուղղությամբ: Արյունահեղ, զոհառատ մարտերը տեւեցին երեք օր: Վերջապես հոկտեմբերի 26-ին Սուրմալուի ճակատում Դրոյի գլխավորությամբ հայկական զորքերը անցան հակահարձակման եւ թշնամուն հարկադրեցին փախուստի դիմել: Այդ մարտերում իր համարձակությամբ ու ռազմագիտական հնարքներով աչքի ընկավ Կուռո Թարխանյանը:
Կարսի ճակատում պատկերն այլ էր, այստեղ զորքերը ոչ միայն վատ էին կազմակերպված, այլեւ զինվորականների միջեւ հարաբերությունները լավ չէին: Հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների եւ զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց: Երեք օր անընդմեջ թուրքերը Կարսում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր: Այստեղ հայերի պարտության պատճառների մեջ դեր ունեցավ նաեւ այն, որ ի տարբերություն թուրքական զորքի հրամանատար Կարաբեքիրի, որն անձամբ էր տեղում գլխավորում ռազմական գործողությունները, հայկական զորքի հրամանատար գեներալ Թ. Նազարբեկյանը գտնվում էր Երեւանում, իսկ Մ. Սիլիկյանը՝ Կարսից 70 կմ հեռու՝ Ալեքսանդրապոլում: Իհարկե դա գցում էր հայկական զորքի բարոյական եւ մարտական ոգին:
Թշնամին շարունակեց ընդհանուր հարձակումը՝ փորձելով դուրս գալ Ախուրյան եւ գրավել Ալեքսանդրապոլը: Հայկական զորքի պարտությունը ակնհայտ էր, եւ անհրաժեշտ էր զինադադար կնքել: Նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին ՀՀ համար: Թուրքերի հետ Ալեքսանդրապոլում հաշտության պայմանագիր կնքելու նպատակով կազմվեց պատվիրակություն Ալ. Խատիսյանի գլխավորությամբ: ՀՀ-ը խնդրեց այսպես կոչված դաշնակից տերությունների ներկայացուցիչների օգնությունը, սակայն մերժում ստացավ:
1920թ. նոյեմբերի 23-ին Հ. Օհանջանյանի կառավարությունը հրաժարական տվեց եւ կազմվեց նորը` Ս. Վրացյանի գլխավորությամբ:
Նոյեմբերի 24-ին Ալեքսանդրապոլում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ Հայաստանն արդեն խորհրդայնացել էր, իսկ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից: Ալեքսանդրապոլի պայմանագրով Թուրքիային էր անցնում 1914թ. դրությամբ Արեւելյան Հայաստանի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ Կարսը, Սարիղամիշը, Կաղզվանը, Արդահանը, Օլթին, Սուրմալուի գավառը: Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր Ախուրյան եւ Արաքս գետերի հունով: Իսկ Նախիջեւանի, Շարուրի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչեւ որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին Հայաստանը չպետք է մասնակցեր: Փաստորեն դրանք եւս կցվում էին Թուրքիային: ՀՀ կառավարությունը համաձայնվում էր չեղյալ համարել Սեւրի պայմանագիրը, պետական կառավարումից հեռացնել իմպերիալիստական նպատակներ հետապնդողներին, այսինքն՝ ՀՀ ընդարձակմանը ձգտող գործիչներին: 
Ալեքսանդրապոլի պայմանագիրը որեւէ իրավական ուժ չուներ, որովհետեւ այն ստորագրող ՀՀ պատվիրակությունը այլեւս կորցրել էր իր լիազորությունները, քանի որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը այլեւս գոյություն չուներ, իսկ Խորհրդային Հայաստանի իշխանությունները դեռեւս պատվիրակություն չէին ուղարկել:
Այսպիսով, հայ-թուրքական պատերազմում Հայաստանը ջախջախիչ պարտություն կրեց, որի հետեւանքով ոչ միայն չիրականացվեց Սեւրի պայմանագիրը, այլ նաեւ Հայաստանի Հանրապետությունը կորցրեց իր տարածքների զգալի մասը եւ անկախությունը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets