ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

23.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Մառ ամրոցի ճակատամարտ

ԱՄԱՆՈՍԻ ԼԵՌՆԵՐ
1266 օգոստոսի 23- 25 – Մառ ամրոցի ճակատամարտ:

Մամլուքներ Կալաունի և Շնջարի գլխավորած Մամլուքյան սուլթանության բանակը (90.000, որից 45.000 հեծյալ) հարավից մոտեցավ Ամանոսյան լեռներին: Տեղեկանալով այդ մասին` Հեթում Ա-ն օգնություն հայցելու նպատակով մեկնեց Ջահան գավառում տեղակայված Իլխանության բանակի ճամբար, իսկ Սմբատ Սպարապետի, արքայորդիներ Լևոնի և Թորոսի, ինչպես նաև Կոստանդին պայլի գլխավորած Կիլիկիայի թագավորության բանակը (15.000) կենտրոնացրեց Պլատանա կիրճի մոտակայքում: Թշնամուն դիմակայող Հայկական բանակը խնդիր ստացավ ժամանակ շահելու, ուժերը կենտրոնացնելու և Իլխանության բանակի ժամանումը ապահովելու նպատակով հնարավորինս երկար կասեցնել թշնամու առաջխաղացումը: Հաշվի առնելով թշնամու քանակական ճնշող առավելությունը` Կիլիկիայի թագավորության բանակը պատրաստվեց վարել լեռնային պաշտպանողական մարտ: Այդ նպատակով օգոստոսի 23-ի վաղ առավոտյան Հայկական բանակը ուղղություն վերցրեց դեպի արևելք և ամուր պաշտպանական դիրքեր գրավեց Պլատանա կիրճի արևելյան մուտքի մոտ` Մառ ամրոցի մոտակայքում: Հայկական բանակի թևերում արքայորդիների գլխավորությամբ տեղավորվեց հեծելազորը, իսկ կենտրոնում տարածվող անտառում` հետևակը: Ընդ որում կենտրոնի առաջին գծում տեղավորվեց ծանր, իսկ երկրորդում` թեթև հետևակը: Հետևակի դիրքերը ուժեղացված էին նաև նիզականետ և քարանետ մեքենաներով: Կենտրոնի, ինչպես նաև ողջ բանակի ղեկավարությունը իր վրա վերցրեց Սմբատ Սպարապետը: Օգոստոսի 23-ի երեկոյան Հայկական դիրքերին մոտեցած Մամլուքյան սուլթանության բանակը դադարեցրեց առաջխաղացումը և մարտակարգ ընդունեց` հիմնական ուժերը տեղաբաշխելով Հայկական մարտակարգի ձախի դիմաց: Տեղեկանալով այդ մասին` նույն գիշեր էլ Հայկական բանակի հրամանատարությունը կենտրոնից և աջից լրացուցիչ ուժեր տեղափոխեց դեպի ձախ: 
I փուլ – Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը ողջ ճակատով անցավ հարձակման: Սակայն բռնկված և մինչև օրվա երկրորդ կես շարունակված համառ մարտում Հայկական բանակը, արդյունավետ օգտագործելով նաև նիզականետ ու քարանետ մեքենաները, ետ մղեց թշնամու բոլոր գրոհները: 
II փուլ – Երեկոյան թշնամին վերսկսեց կարճ ժամանակով ընդհատված մարտը: Ու թեև Մամլուքյան սուլթանության բանակի հերթական գրոհները կրկին ետ մղվեցին, սակայն նույն գիշեր էլ մի շարք դավաճան իշխաններ, ահաբեկվելով թշնամու հետագա հարձակումներից, իրենց հեծյալ գնդերով սկսեցին աստիճանաբար լքել մարտադաշտը` կազմալուծելով Հայկական բանակի թևերի պաշտպանական ողջ համակարգը: 
III փուլ – Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան Մամլուքյան սուլթանության բանակը կրկին վերսկսեց հարձակումները` հատկապես հզոր հարվածներ հասցնելով Հայկական բանակի թուլացած թևերին: Սակայն վերսկսված մարտում թշնամուն միայն մեծ դժվարությամբ հաջողվեց հաղթահարել շարքում մնացած Հայ ռազմիկների դիմադրությունը և գրավել Հայկական բանակի թևային պաշտպանական դիրքերը: Խենթորեն խիզախ ու անհավասար այդ մարտում շատ քաջերի հետ միասին ընկան նաև արքայորդի Թորոսը, Սմբատ Սպարապետի որդի Կոստանդինը, Կոստանդին պայլի որդի Լիկը և ուրիշներ, իսկ արքայորդի Լևոնը, սպարապետի որդի Վասիլ Թաթարը, ինչպես նաև Ժիրարդենը, Ատոմը և այլոք գերվեցին: 
IV փուլ – Կեսօրին, հաշվի առնելով թևանցման իրական վտանգը, սպարապետի հրամանով կենտրոնում մարտնչող Հայկական հետևակը ոչնչացրեց նիզականետ ու քարանետ մեքենաները և, բաժանվելով մանր խմբերի, հաջողությամբ հեռացավ մարտադաշտից: 

ՆՇՈՒՄ
Հայերը կորցրին մոտ 7.000, թշնամի` մոտ 20.000 զինվոր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets