ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

14.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ 1920-2008 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

Պատմական անբարենպաստ պայմանների բերումով հայերը ստիպված են եղել անընդհատ արտագաղթել սեփական հայրենիքից: Դարերի ընթացքում ձեւավորվել է հայկական սփյուռքը: Ժամանակակից սփյուռքահայ համայնքները մեծապես համալրվել են Հայոց մեծ եղեռնի պատճառով Արեւմտյան Հայաստանից եւ Թուրքիայի տարբեր վայրերից տեղահանվածների հաշվին:
1920-ական թվականներին սփյուռքահայության թիվը հասնում էր մոտ մեկ միլիոնի: Նրանք հիմնականում տեղաբաշխված էին Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Եգիպտոսում, Բուլղարիայում, Հունաստանում, Ռումինիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում: Հայության ստվար զանգված էր պահպանվել Կ.Պոլսում:
Սկզբնական շրջանում սփյուռքահայերն ապրում էին դժվարին պայմաններում: Առավելապես ծանր էր Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հաստատվածների վիճակը: Զրկված լինելով քաղաքական եւ սոցիալական իրավունքներից, ինչպես նաեւ չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում եւ լեզվի իմացություն, գերազանցապես երկրագործ եւ արհեստավոր ներգաղթողները ստիպված են եղել կատարել ծանր եւ ցածր վարձատրվող աշխատանքներ:
Մերձավոր Արեւելքում հաստատված հայերը հայտնվել էին համեմատաբար ավելի լավ վիճակում: Այդ երկրներում հայկական համայնքների հնուց ի վեր գոյության ունեին, ինչպես նաեւ այստեղի սոցիալ-տնտեսական ցածր զարգացածության հանգամանքը, հնարավորություն տվեց ներգաղթող հայերին արագորեն հարմարվելու: Սակայն ընդհանուր առմամբ տասնամյակներ են պահանջվել, որ սփյուռքահայերի նոր սերունդները կարողանան կրթություն ստանալ, ինքնահաստատվել եւ հաստատուն տեղ ունենալ իրենց ապրած երկրների տնտեսական, հասարակական, մշակութային կյանքում եւ այլ ոլորտներում:
Բացի կյանքի դաժան սոցիալ-տնտեսական խնդրից, սփյուռքահայերը կանգնեցին նաեւ իրենց ազգային նկարագիրը պահպանելու հրամայականի առջեւ: Իրենց հաստատված երկրներում սփյուռքահայերը ստեղծում են մշակութային, կրթական հաստատություններ: Բացվեցին դպրոցներ, թերթեր: Գրեթե բոլոր համայնքներում հիմնվեցին հայկական եկեղեցիներ: Եկեղեցին ազգապահպանման, միասնական լինելու առումով կարեւոր դեր է կատարել: Կրթամշակութային հաստատություններից առավել արդյունավետ գործեց 1936թ. Բեյրութում ստեղծված Համազգային հայ կրթամշակութային միությունը:
Սփյուռքահայ գաղութներում իրենց գործունեությունը շարունակեցին հայ հասարակական-քաղաքական կազմակերպությունները: Քաղաքական կուսակցություններից առավելը ազդեցիկը Հայ Հեղափոխական Դաշնակցությունն էր, որը քննադատական վերաբերմունք ուներ խորհրդային վարչակարգի նկատմամբ: Սփյուռքում գործեղ մյուս երկու` Ռամկավար-ազատական եւ Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունները համեմատաբար ավելի լոյալ էին վերաբերվում խորհրդային վարչակարգին: 
Հասարակական կազմակերպություններից առավել մեծ հեղինակություն ուներ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: Ակտիվ էին նաեւ Հայ օգնության միություն, Հայ օգնության խաչ բարեգործական կազմակերպությունները:
Խորհրդային Հայաստանում սփյուռքի հետ կապեր հաստատելու եւ զարգացնելու համար 1921թ. ստեղծվեց Հայաստանի օգնության կոմիտեն, որի առաջին նախագահը Հովհաննես Թումանյանն էր: Հայաստանի օգնության կոմիտեն իր մասնաճյուղերն ստեղծեց սփյուռքահայ տարբեր համայնքներում: 
Սփյուռքահայ համայնքների ձեւավորման հենց սկզբից Հայաստանի առաջին Հանրապետության, ապա նաեւ Խորհրդային Հայաստանի կառավարությունները կարեւոր խնդիր են համարել հայրենադարձության կազմակերպումը: 1919-1920թթ. Հայաստանի կառավարությունը կազմակերպել է Ադրբեջանի Շամախի, Նուխի, Արեշ եւ այլ գավառների հայության տեղափոխումը Հայաստան: Այս առաջին կազմակերպված հայրենադարձության շնորհիվ Հայաստան տեղափոխվեց շուրջ 20.000 հայ:
Հայկական հարցի լուծման տապալումից եւ գաղթական հայությանը Արեւմտյան Հայաստանում կրկին տեղավորելու հույսերը կորցնելուց հետո առավել կարեւորվեց հայրենադարձության խնդիրը: 1921-1936թթ. Խորհրդային Հայաստանի կառավարությունը կազմակերպեց մոտ 42.000 հայերի հայրենադարձությունը Միջագետքից, Իրանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Հունաստանից, Բուլղարիայից: Հայրենադարձները բնակեցվում էին նորաստեղծ բնակավայրերում, որոնք անվանակոչվում էին Արեւմտյան Հայաստանի քաղաքների եւ երկրամասերի անունով` Նոր Կիլիկիա, Նոր Խարբերդ, Նոր Մալաթիա, Նոր Արաբկիր, Նոր Բութանիա:
Սփյուռքահայությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին ակտիվ մասնակցություն ունեցավ ֆաշիզմի դեմ մղվող պայքարում: Արտասահմանի հայերը դրականորեն արձագանքեցին ֆաշիզմի դեմ համախմբվելու Խորհրդային Հայաստանի ականավոր մտավորականության կոչին: Սփյուռքում հավաքված միջոցներով ստեղծվեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը 1944թ. ուղարկվեց ռազմաճակատ: Սփյուռքահայությունը ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ եվրոպական երկրներում կազմակերպված Դիմադրական շարժմանը: Ֆրանսիայում կազմավորված բազմազգ ջոկատը բանաստեղծ Միսաք Մանուշյանի գլխավորությամբ զգալի վնասներ հասցրեց ֆաշիստներին: Հետմահու (1944թ. փետրվարին Մ. Մանուշյանին ֆաշիստները մահապատժի ենթարկեցին) նրան տրվել է Ֆրանսիայի ազգային հերոսի կոչում:
Սփյուռքահայության կյանքը էական փոփոխությունների ենթարկվեց Երկրորդ աշխարհամարտից հետո: Արդեն պատերազմի վերջին շրջանում Խորհրդային Հայաստանում ստեղծվեց Արտասահմանյան երկերների հետ մշակութային կապի կոմիտեն, որի գործունեության հիմնական նպատակը հայրենիքի հետ սփյուռքահայերի կապերի ընդլայնումն ու ամրապնդումն էր:
1946-1948թթ. Խորհրդային Հայաստանը կազմակերպեց սփյուռքահայերի եւս մեկ լայնածավալ հայրենադարձություն, որի ընթացքում Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից եւ այլ երկրներից Հայաստանի վերադարձավ մոտ 90.000 հայ: 
Սփյուռքահայերը վերադառնում էին ոչ միայն Հայաստան, այլեւ` քաղաքական իրերի բերումով, մի երկրից տեղափոխվում էին մեկ ուրիշ երկիր: Այսպես` Եգիպտոսում, Լիբանանում, Կիպրոսում, Իրանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո բազմաթիվ հայեր այս երկրներից արտագաղթեցին Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա: Խորհրդային Միության փլուզումից հետո Հայկական սփյուռքի աշխարհագրական սահմաններն ընդլայնվեցին: 
Խորհրդային վարչակարգի փլուզումից հետո Հայաստանի եւ սփյուռի միջեւ հարաբերությունները նոր որակ ստացան: Ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմնական միջոցները կուտակվում են սփյուռքահայ բարերաների կողմից եւ ուղղվում Հայաստանի վերաշինությանը: Հայրենիքին օգտակար լինելու, սփյուռքահայ համայնքներն ուժեղացնելու եւ այլ նպատակներով պարբերաբար անցկացվում են տարբեր տիպի միջոցառումներ: 1999 թվականից կազմակերպվում են Հայաստան-Սփյուռք համաժողովներ: Պարբերաբար տեղի են ունենում նաեւ Հայաստան-Սփյուռք խորագրով առանձին համաժողովներ` մամուլի, կրթության, մշակույթի, գործարարության ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ: 2001թ.-ից անցկացվում են համահայկական մարզական խաղեր:
Սփյուռքի խնդիրների լուծմանն առավել աջակցելու, հայրենադարձությանը կազմակերպված բնույթ հաղորդելու, ինչպես նաեւ սփյուռքի ներուժը հանուն Հայաստանի զարգացման հնարավորինս արդյունավետ օգտագործելու նպատակով 2008թ. Հայաստանի Հանրապետությունում ստեղծվեց Սփյուռքի նախարարություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets