ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՁԲ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 15-18-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Սոսկալի դժվարությունների հանդիպելով հանդերձ հայ մշակույթը 15-18-րդ դարերում շարունակում էր զարգանալ: Այն զարգանում էր նվիրյալ անհատների եւ մշակութային հարուստ ժառանգության շնորհիվ:
15-րդ դարում շարունակում էր գործել Տաթեւի համալսարանը, որը ղեկավարում էր խոշոր աստվածաբան, փիլիսոփա, ազգային-եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթեւացին: Համալսարանն ավարտողները գրում էին ավարտաճառեր եւ ստանում կրթական աստիճան: 17-րդ դարի սկզբներից սկսում է գործել Սյունյաց Մեծ անապատի դպրոցը, որի շրջանավարտները Հայաստանի տարբեր վայրերում դպրոցներ էին բացում: 1763թ. Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երեւանցու նախաձեռնությամբ բացվում է Էջմիածնի դպրոցը: Դպրոցներ են բացվում նաեւ հայկական գաղթօջախներում: 15-րդ դարում գործում էր Ղրիմի հայոց Անտոն վանքի, 17-րդ դարից Նոր Ջուղայի, 18-րդ դ. սկզբներից Վենետիկի սուրբ Ղազար կղզու վանական դպրոցները, 18-րդ դարից սկսում է գործել նաեւ Պոլսի Սկյուտարի դպրոցը:
16-րդ դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն` սկզբնավորվեց տպագրական գործը: 1512 թվականին Վենետիկում Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ առաջին հայերեն տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»: Հետագայում հայկական տպարաններ ստեղծվեցին Կ.Պոլսում, Լվովում, Նոր Ջուղայում, Ամստերդամում: Ի դեպ, Նոր Ջուղայի հայկական տպարանը առաջինն էր Պարսկաստանում, Իսկ Ամստերդամի հայկական տպարանում 1668թ. առաջին անգամ տպագրվել է հայերեն Աստվածաշունչը:
Տպագրական գործի զարգացումը ազդակ հանդիսացավ հայ պարբերական մամուլի առաջացման համար: 1794թ. Մադրասում Հարություն Շմավոնյանի ջանքերով լույս տեսավ առաջին հայկական պարբերականը` «Ազդարար» ամսագիրը:
15-18-րդ դարերում զարգանում էր նաեւ հայ գրականությունը: 15-րդ դարի բանաստեղծ Մկրտիչ Նաղաշը գրել է բնության, գեղեցկության եւ պանդխտության մասին: Իր ստեղծագործություններում սիրո թեման է արծարծել 16-րդ դարի բանաստեղծ Նահապետ Քուչակը: Այս շրջանում տարածված էին «Տաղարան» եւ «Աղվեսագիրք» ժողովածուները, որոնցից առաջինում հավաքվում էին ժողովրդական եւ բանահյուսական երգեր, իսկ երկրորդում առակներ եւ երգիծական ստեղծագործություններ:
18-րդ դարի հայ գրականության փայլուն ներկայացուցիչն է Սայաթ Նովան (Հարություն Սայադյան): Ծնունդով լոռեցի այս բանաստեղծը ապրել եւ ստեղծագործել է Թիֆլիսում: Նա իր երգերում արծարծել է սիրո, ազատության արդարության գաղափարները: Սայաթ Նովան ստեղծագործել է մի քանի լեզուներով:
15-րդ դարում բժշկագիտության մեջ մեծ հռչակ էր ձեռք բերել Ամիրդովլաթ Ամասիացին, որը եղել է թուրքական սուլթանի անձնական բժիշկը: Նա ժամանակակիցների համար հասկանալի լեզվով գրել է դեղաբույսերի եւ դեղանյութերի վերաբերյալ աշխատություններ: 
Առաջընթաց տեղի ունեցավ նաեւ պատմագիտության ասպարեզում: 15-րդ դ. պատմիչ Թովմա Մեծոփեցին որպես ժամանակակից ու ակատատես գրում է Լենկթեմուրի արշավանքների մասին: 17-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցին իր «Պատմության» մեջ ներկայացնում է 17-րդ դ. առաջին կեսին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները: Նույն ժամանակաշրջանի աչքի ընկնող պատմիչներից էր նաեւ Զաքարիա Քանաքեռցին:
18-րդ դարի առաջին տասնամյակների Հայաստանի պատմությունը ներկայացրել են երեք հեղինակներ: Ստեփանոս Շահումյանը գրեց Դավիթ Բեկի պատմությունը, Եսայի Հասան Ջալալյանը` Ղարաբաղի պատմությունը, իսկ Աբրահամ Կրետացին` թուրք-պարսկական կռիվների պատմությունը: 
18-րդ դ. վերջին լույս է տեսնում Միքայել Չամչյանի «Հայոց պատմություն» եռահատոր աշխատությունը: Այն գրելիս հեղինակն օգտագործել է հայ եւ օտար բազմապիսի աղբյուրներ: Մ. Չամչյանը երկրորդն էր Մովսես Խորենացուց հետո, որ գրեց հայ ժողովրդի ամբողջական պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ իր ապրած օրերը:
Հայ գիտության ասպարեզում լուրջ իրադարձություն էր 1717թ. Վենետիկի սուրբ Ղազար կղզում Մխիթար Սեբաստացու կողմից Մխիթարյան միաբանության ստեղծումը, որը անգնահատելի գործունեություն ծավալեց հատկապես հայագիտության բնագավառում: Մխիթարյանների գիտամշակութային գործունեությունը շարունակվում է նաեւ մեր օրերում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets