ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

20.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՁԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՆՈՐԱԳՈՒՅՆ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը այն իրադարձությունն էր, որը հայ ժողովրդին հնարավորություն տվեց ոտքի կանգնել եւ զարկ տալ իր մշակույթի զարգացմանը: Թեեւ ՀՀ գոյության տարիները հայ մշակույթի զարգացման համար դժվարին տարիներ էին, այնուամենայնիվ այդ շրջանում արձանագրվեցին դրական տեղաշարժեր: Որոշակիորեն բարելավվեց կրթական գործը: Եթե 1918-1919 ուստարում երկրում գործում էին 133 տարրական դպրոցներ, որոնցում սովորում էին 11 հազար աշակերտներ, ապա 1919-1920 ուստարում արդեն գործում էին 456 տարրական դպրոցներ՝ 41 հազարից ավելի աշակերտներով: Երկրում գործում էին նաեւ 20 միջնակարգ ուսումնական հաստատություններ՝ 283 ուսուցիչներով եւ 5.000-ից ավելի սովորողներով:
ՀՀ կրթամշակութային կյանքում կարեւորագույն տեղ է զբաղեցնում համալսարանի հիմնումը: 1919թ. մայիսի 16-ին որոշում կայացվեց համալսարան բացելու մասին, իսկ բացումը կատարվեց 1920թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում: 1920-1921 ուստարում այն փոխադրվեց Երեւան: 
ՀՀ իշխանությունները մեծ գումարներ հատկացրին գիտական ու գեղարվեստական երկերի թարգմանության, աշխատությունների հրատարակության համար: Այդ տարիներին հիմնադրվեցին գրադարանային եւ թանգարանային մի շարք հաստատություններ: Ստեղծվեց Հնությունների պաշտպանության կոմիտե, որը Թ. Թորամանյանի գլխավորությամբ ձեռնամուխ եղավ Անիի ավերակների ուսումնասիրությանը: 1920թ. հուլիսին կազմակերպվեց գիտական արշավախումբ՝ Հայաստանի հնագիտական քարտեզ կազմելու նպատակով, չափագրվեցին մեծ թվով հուշարձաններ, հայտնաբերվեցին նոր հուշարձաններ: 1919թ. մայիսին նկարիչներ Գ. Բաշինջաղյանի, Մ. Սարյանի եւ այլոց մասնակցությամբ Երեւանում բացվեց հայ արվեստագետների առաջին ցուցահանդեսը: Այստեղ կառավարության կողմից պետական թանգարանի համար ձեռք բերված կտավները հիմք դարձան Պետական պատկերասրահի համար:
Հայ մշակույթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերելք ապրեց Հայաստանի խորհրդայնացումից հետո: Առաջին հերթին խնդիր դրվեց վերացնել անգրագիտությունը: ՀԽՍՀ Ժողկոմխորհը 1921թ. սեպտեմբերին հատուկ դեկրետ հրապարակեց Հայաստանում չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին, ամբողջ հանրապետությունում հիմնվեցին անգրագիտության վերացման կայաններ` «լիկկայաններ»: Արդյունքում 1940թ. անգրագիտությունը Հայաստանում հաղթահարվեց:
Վիթխարի աշխատանք կատարվեց ժողովրդական կրթության զարգացման ուղղությամբ: Բոլոր բնակավայրերում սկսվեց դպրոցների կառուցում: Միայն 1926-1932թթ. կառուցվեց մոտ 500 դպրոցական շենք: Ձեռնարկված քայլերի հետեւանքով 1932թ. Հայաստանում լուծվեց տարրական կրթության հարցը եւ խնդիր դրվեց ամբողջությամբ անցնել յոթնամյա կրթության: Եթե 1921-1922 ուստարում՝ Հայաստանում կար 47.000 աշակերտ, ապա 1940-1941 ուստարում` 350.000:
Աննախընթաց զարգացում ապրեց բարձրագույն կրթությունը: Երեւանի պետական համալսարանի կողքին բացվեցին նորերը: 1923թ. հիմնվեց Երեւանի պետական կոնսերվատորիան, 1928թ.՝ անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1930թ. համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվեցին գյուղատնտեսական, պոլիտեխնիկական, բժշկական եւ մանկավարժական ինստիտուտները: Վերջինս համալսարանի մանկավարժական ֆակուլտետի հիման վրա բացվել էր դեռեւս 1922թ.-ին, սակայն 1924-1925թթ. դարձյալ միացվել էր համալսարանին: 1940թ. Հայաստանում գործում էր 9 բուհ՝ 11.000 ուսանողով:
Խորհրդային Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց նաեւ գիտության զարգացմանը: Արդեն 1921թ. Էջմիածնի մատենադարանի եւ թանգարանի հիմքի վրա ստեղծվեց Հայաստանի Գիտական ինստիտուտը, որը 1925թ. վերափոխվեց Գիտության եւ արվեստի ինստիտուտի: Այստեղ աշխատում էին պատմաբաններ Լեոն, Հակոբ Մանանդյանը, Աշոտ Հովհաննիսյանը, գրականագետ՝ Մանուկ Աբեղյանը, լեզվաբաններ՝ Հրաչյա Աճառյանը, Գրիգոր Ղափանցյանը, ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյանը եւ ուրիշ անվանի գիտնականներ: 
Գիտության զարգացման առումով բեկումնային եղավ 1935թ., երբ հիմնվեց ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղը, որը միավորեց հանրապետության բոլոր գիտահետազոտական ինստիտուտներն ու հիմնարկները: Նրա առաջին նախագահ ընտրվեց բնագետ-երկրաբան, ակադեմիկոս Լեւինսոն-Լեսսինգը: 1938թ. նախագահ ընտրվեց նշանավոր արեւելագետ Հովսեփ Օրբելին:
1939թ. կառավարության որոշմամբ Մատենադարանը Էջմիածնից տեղափոխվեց Երեւան՝ Ժողկոմխորհին կից պետական ձեռագրատան կարգավիճակով: 
Զարգացում ապրեց նաեւ գրականությունը: 1920-ական թթ. իրենց գրական գործունեությունը սկսեցին Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին (Աճեմյան), Նաիրի Զարյանը, Վահրամ Ալազանը եւ ուրիշներ: Իրենց գործերով խորհրդահայ գրականությունը հարստացրին Հ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը եւ ուրիշներ: 1932թ. ստեղծվեց Հայաստանի գրողների միությունը:
Կերպարվեստը եւս զարգացում ապրեց: 1932թ. ստեղծվեց Հայաստանի խորհրդային կերպարվեստագետների միությունը: Իրենց բարձրարժեք ստեղծագործությունները նորերով հարստացրին Հակոբ Կոջոյանը եւ Մարտիրոս Սարյանը: Նշանավոր նկարիչներ էին նաեւ Եղիշե Թադեւոսյանը, Փանոս Թերլեմեզյանը եւ այլն:
Բարձր զարգացման հասան ճարտարապետությունն ու քանդակագործությունը: Ճարտարապետության գլխավոր ներկայացուցիչը Ալ. Թամանյանն էր: Նա կազմեց Երեւանի գլխավոր հատակագիծը: Նրա նախագծերով ստեղծվեցին օպերայի եւ բալետի թատրոնի, Հայաստանի կառավարության հոյակապ շենքերը եւ այլն:
Մեծ վերելք ապրեց երաժշտությունը: 1923թ. բացվեց առաջին երաժշտական բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Երեւանի պետական կոնսերվատորիան, որի առաջին ռեկտորն էր Ռոմանոս Մելիքյանը: Ստեղծվեց պետական ֆիլհարմոնիան: 1933թ. Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ցուցադրմամբ բացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնը: Իրենց ստեղծագործություններով աչքի ընկան երգահաններ Ալ. Սպենդիարյանը, Արմեն Տիգրանյանը, Արամ Խաչատրյանը:
Վերելքի ուղի բռնեց թատերական կյանքը, որի նշանավոր ներկայացուցիչներն էին Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը: 1922թ. «Պեպո» պիեսի ներկայացմամբ բացվեց Երեւանի պետական դրամատիկական թատրոնը, որը 1937թ. կոչվեց Գ. Սունդուկյանի անվան: 
Սկիզբ դրվեց հայկական կինոարվեստին: 1923թ. ստեղծվեց Պետկինոն (1957թ.՝ Հայֆիլմ): 1925թ. ցուցադրվեց «Խորհրդային Հայաստան» կինոակնարկը, ապա՝ հայ իրականության առաջին գեղարվեստական կինոնկարը՝ «Նամուս»ը: 1935թ. ցուցադրվեց հայկական առաջին հնչյունային կինոնկարը՝ «Պեպո»ն:
Զարգացում ապրեց գրադարանային համակարգը: 1922թ. Երեւանում հիմնվեց հանրապետական հանրային գրադարանը, որը 1925թ. կոչվեց Ալ. Մյասնիկյանի անունով: 1940թ. Հայաստանում կար 908 հանրային գրադարան՝ 900 հազարից ավելի գրքային ֆոնդով:
Հայ ժողովրդի մշակութային կյանքի կարեւորագույն իրադարձությունը 1939թ. «Սասունցի Դավիթ» էպոսի հազարամյակի տոնակատարությունն էր, որի կապակցությամբ լույս տեսավ նրա ակադեմիական հրատարակությունը:
Չնայած բազում դժվարություններին` նոր ձեւավորվող Սփյուռքում նույնպես 1920-ական թթ. սկսած արձանագրվեցին մշակութային ձեռքբերումներ: Սփյուռքահայ տարբեր համայնքներում բացվեցին տասնյակ դպրոցներ, որոնք մեծ դեր խաղացին մատաղ սերնդին հայեցի դաստիարակելու գործում: Սփյուռքահայ մշակույթի մեջ կարեւոր դեր էր կատարում մամուլը: Արդեն 1927թ. տարբեր համայնքներում լույս էին տեսնում ավելի քան 55 անուն թերթ ու հանդես: Ժամանակի աչքի ընկնող հանդեսներից էին «Հայրենիք»ը, «Վեմ»ը: 
Սփյուռքահայ գրական աշխարհը ներկայացնում էին Երվանդ Օտյանը, Զապել Եսայանը, Վազգեն Շուշանյանը, Շահան Շահնուրը, Ավետիս Ահարոնյանը, Լեւոն Շանթը, Վահան Թեքեյանը, Արշակ Չոպանյանը եւ ուրիշներ: 
Հայրենական մեծ պատերազմի դժվարագույն տարիներին անգամ հայ մշակույթը արձանագրեց մեծ նվաճումներ:
1943թ. ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան, որի շուրջը համախմբվեցին խոշոր գիտնականներ` ֆիզիոլոգ Լեւոն Օրբելին, ֆիզիկոսներ Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյանները, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, լեզվաբան Հրաչյա Աճառյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը եւ ուրիշներ: Ակադեմիայի առաջին պրեզիդենտ ընտրվեց ականավոր արեւելագետ Հովսեփ Օրբելին:
Պատերազմի տարիներին մեծ նվաճումներ արձանագրեց հայ գրականությունը: Ավետիք Իսահակյանը ստեղծեց ռազմակոչային քնարերգության մի այնպիսի գլուխգործոց, ինչպիսին է «Ռազմակոչը»: Նաիրի Զարյանը գրեց «Ձայն հայրենականը», Հովհաննես Շիրազը` «Բիբլիականը», քնարական պոեմները եւ այլն: Դերենիկ Դեմիրճյանը գրեց «Վարդանանք», Ստեփան Զորյանը` «Պապ թագավոր» պատմավեպերը, որոնք անցյալի հերոսական օրինակներով խորացնում էին ժողովրդի հայրենասիրական ոգին: Այդ տարիներին ստեղծվեցին հայրենասիրական թեմաներով պիեսներ: Նրանցից է Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» ողբերգությունը, որում արծարծվում է հայ ժողովրդի նախնիների հերոսական պայքարը ազատության համար:
Հետպատերազմյան տարիներին հայ մշակույթն ապրեց աննախընթաց բուռն վերելք: 1950-ական թթ. վերջին Հայաստանում մտցվեց պարտադիր ութամյա կրթություն: 1965թ. դրությամբ Հայաստանում գործում էին 1.247 դպրոցներ եւ 42 միջնակարգ մասնագիտական ուսումնարաններ: 1980թ. Հայաստանում գործում էր 1500 դպրոց՝ 600.000 սովորողներով:
Հետպատերազմյան ժամանակաշրջանում շարունակեց զարգացում ապրել բարձրագույն կրթության համակարգը: Նոր բուհեր կամ նրանց մասնաճյուղեր ստեղծվեցին Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր), իսկ հետագայում նաեւ Ստեփանավանում եւ Գորիսում: 1980թ. հանրապետության գործում էին 14 բուհեր` ավելի քան 50.000 ուսանողներով:
Եթե նախախորհրդային շրջանում Հայաստանում չկար ոչ մի գիտահետազոտական հիմնարկ, ապա 1965թ. դրանց թիվը հասնում էր 85-ի, որոնցում աշխատում էին 6500 գիտնականներ, այդ թվում՝ 58 ակադեմիկոսներ, 200-ից ավելի դոկտորներ եւ 1800-ից ավելի թեկնածուներ: 
Հետպատերազմյան տարիներին շարունակվեց գրադարանային ցանցի ընդլայնումը: 1976թ. Հայաստանում կար 1327 գրադարան, որոնց գրքային ֆոնդը կազմում էր 11 մլն միավոր եւ 37 թանգարան: 
Հայրենական Մեծ պատերազմի ավարտից անմիջապես հետո հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանը: Այն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, ակադեմիկոս, 1947թ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի պրեզիդենտ, մեծ հայրենասեր Վիկտոր Համբարձումյանի գլխավորությամբ կարճ ժամանակ անց դարձավ համաշխարհային մասշտաբի աստղաֆիզիկական գիտահետազողական կենտրոն:
Նշանակալի ձեռքբերումներ արձանագրվեցին էլեկտրատեխնիկայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, քիմիայի բնագավառներում: Տաղանդավոր ֆիզիկոսներ Աբրահամ եւ Արտեմ Ալիխանյան եղբայրների ղեկավարությամբ 1967թ. Երեւանում գործարկվեց ԽՍՀՄ ամենախոշոր էլեկտրոնային արագացուցիչը: Նշանավոր քիմիկոս էր Արաքսի Բաբայանը, որը դարձավ ՀԽՍՀ ԳԱ առաջին կին ակադեմիկոսը: Նրա աշխատանքների գլուխգործոցն է «Ֆավորսկի-Բաբայան» կոչվող ռեակցիայի հայտնաբերումը, որը հայ քիմիկոսի մասնակցությամբ ստեղծված միակ անվանական ռեակցիան է: 
1960-80-ական թթ. բուռն վերելք ապրեց ճարտարապետությունը եւ քանդակագործությունը: Ստեղծվեցին բազմաթիվ բարձրարժեք կառույցներ՝ Մատենադարանի եւ Պատմության թանգարանի շենքերը, Եղեռնի զոհերին եւ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշարձանները, Հրազդան մարզադաշտը, «Զվարթնոց» օդանավակայանը, Երեւանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, աշխարհում ամենաբարձրերից մեկը հանդիսացող Արզնիի կամուրջը (118 մ) եւ այլն: Նշանավոր ճարտարապետներից էին Ռաֆայել Իսրայելյանը, Կարո Հալաբյանը եւ ուրիշներ:
Քանդակագործության ոլորտի նշանավոր ներկայացուցիչներից էին Նիկողայոս Նիկողոսյանը, Լեւոն Թոքմաջյանը, Երվանդ Քոչարը եւ ուրիշներ: Բարձրարժեք հուշարձաններից են Սասունցի Դավթի, Միքայել Նալբանդյանի, Դավիթ Բեկի հուշարձանները եւ այլն: 
Նոր բարձրունքների հասավ հայ կերպարվեստը` ի դեմս Մ. Սարյանի, Գրիգոր Խանջյանի, Մինաս Ավետիսյանի, Էդվարդ Իսաբեկյանի:
Վիթխարի վերելք ապրեց հայ թատերական կյանքը: Հանրապետության տարբեր քաղաքներում հիմնվեցին բազմաթիվ թատրոններ: Ոլորտի նշանավոր ներկայացուցիչներն էին Հրաչյա Ներսիսյանը, Վահրամ Փափազյանը: Նրանց ավանդույթները շարունակեցին Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Արուս Ասրյանը, Մհեր Մկրտչյանը (Ֆրունզիկ) եւ ուրիշներ, որոնք հայ թատրոնը դարձրին իրոք ժողովրդական:
Վերելք ապրեց նաեւ հայկական կինոն, ստեղծվեցին բազմաթիվ մեծարժեք կինոնկարներ` «Նահապետը», «Ձորի Միրոն», «Մենք ենք, մեր սարերը», «Հարսնացուն հյուսիսից», «Հին օրերի երգը», «Նռան գույնը» եւ այլն: Ճանաչված կինոբեմադրիչներ էին Հենրիկ Մալյանը, Ֆրունզե Դովլաթյանը, Սերգեյ Փարաջանովը:
Բարձր զարգացման հասավ հայ երաժշտական արվեստը: Իր բեղմնավոր գործունեությունն էր շարունակում Ա. Խաչատրյանը, որի «Սպարտակ» բալետը ստացավ համաշխարհային հնչեղություն: Ժամանակաշրջանի մյուս խոշորագույն կոմպոզիտորներից էին Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը, Կոստանդին Օրբելյանը, Ռոբերտ Ամիրխանյանը: Նշանավոր երգիչներ էին Լուսինե Զաքարյանը, Գոհար Գասպարյանը, Հովհաննես Բադալյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ռուբեն Մաթեւոսյան: 
Նոր բարձրունքների հասավ հայ լեզվաբանությունը: Այս բնագավառի հսկան Հրաչյա Աճառյանն էր: Նա տիրապետում էր 18 լեզուների եւ հեղինակ է ավելի քան 200 աշխատությունների՝ 250 հազարից ավելի էջերով: Իրենց գործունեությունն էին շարունակում Ստեփան Մալխասյանցը, Գրիգոր Ղափանցյանը: Լեզվաբանական դպրոցի ավանդույթները շարունակեցին Գեւորգ Ջահուկյանը, Էդուարդ Աղայանը: Գրական նոր գոհարներ էին ստեղծում Ավ. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Հր. Քոչարը, Ն. Զարյանը, Ստ. Զորյանը, Վահագն Դավթյանը, Գուրգեն Մահարին: Նրանց կողքին եւ նրանցից հետո իրենց ստեղծագործություններով աչքի ընկան Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը, Գեւորգ Էմինը, Պարույր Սեւակը, Հրանտ Մաթեւոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Սերո Խանզադյանը եւ ուրիշներ:
Հսկայական էին պատմագիտության նվաճումները: Տասնյակ արժեքավոր աշխատություններ հրատարակեցին Մկրտիչ Ներսիսյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Երեմյանը, Ծատուր Աղայանը, Գալուստ Գալոյանը, Հրանտ Ավետիսյանը, Լենդրուշ Խուրշուդյանը, Սիմոն Կրկյաշարյանը, Ազատ Համբարյանը, Մանվել Զուլալյանը, Հրաչիկ Սիմոնյանը, Վլադիմիր Ղազախեցյանը, Լեւոն Շահինյանը եւ ուրիշներ: Հայ պատմագիտության մեծ նվաճումներից էր Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտի կողմից հայ ժողովրդի պատմության ութհատորյակի հրատարակումը:
Հայաստանի մշակույթային կյանքի մեծագույն ձեռքբերումներից էր 12 հատորյա Հայաստանի մեծարժեք հանրագիտարանի հրատարակումը (1974-1988թթ.):
Հայ մշակույթի զարգացման մակարդակը խորհրդային տարիներին թույլ է տալիս ասել, որ այդ ժամանակաշրջանում այն ապրեց իր երկրորդ «Ոսկեդարը»:
Հայ մշակույթը, հաղթահարելով բազում դժվարություններ, զարգանում էր նաեւ Սփյուռքում: Այստեղ գործում էին հարյուրավոր հայկական դպրոցներ, որոնց դերը չափազանց մեծ էր հայապահպանության առումով: 1960-80-ական թթ. Սփյուռքում հրատարակվում էր մոտ 150 անուն պարբերական: Այն մեծ դեր էր կատարում ինչպես հայապահպանության, հայ քաղաքական մտքի զարգացման, այնպես էլ գեղարվեստական գրականության զարգացման առումներով: Մշակույթի ոլորտներից Սփյուռքում զարգացում էին ապրում հատկապես գրականությունը եւ պատմագրությունը: 
Գրական խոշոր կենտրոններ էին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Լիբանանի հայ համայնքները: Սփյուռքի նշանավոր գրողներից էին Ենովք Արմենը, Վիլյամ Սարոյանը, որը, սակայն, ստեղծագործում էր օտար լեզվով, Համաստեղը, Շահան Շահնուրը եւ ուրիշներ: 
Սփյուռքահայ պատմագրության նշանավոր ներկայացուցիչներից են Արշակ Ալպոյաճյանը, Ռիչարդ Հովհաննիսյանը, Վահագն Դադրյանը:
Արվեստի բնագավառում եւս արձանագրվեցին որոշակի հաջողություններ: Արվեստի հայտնի ներկայացուցիչներից էին համաշխարհային համբավ վայելող երգիչ-երգահան Շառլ Ազնավուրը, կինոռեժիսոր Ռուբեն Մամուրյանը, կոմպոզիտոր Ալան Հովհաննեսը, օպերային երգիչ Լիլի Չուգասզյանը եւ ուրիշներ: 
Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումից հետո, երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, մշակույթին տրվող ֆինանսավորման կրճատման, արտաքին մշակութային ուժգին ճնշման եւ այլ պատճառներով, հայ մշակույթը միառժամանակ անկում ապրեց: Հանրապետությունից հեռացան հարյուրավոր հայ մտավորականներ, փակվեցին կամ պարապուրդի մատնվեցին բազմաթիվ գիտահետազոտական հիմնարկներ, մի մասն էլ իր գոյությունն ապահովելու համար ապավինեց արտասահմանյան ֆինանսավորմանը, որը նշանակում էր հայ գիտությունը ծառայեցնել արտասահմանի շահերին: Փակվեցին 2000-ից ավելի գրադարաններ. 1987թ. Հայաստանում գոյություն ունեցող 3300 գրադարանից 2006թ. պահպանվել էր 1042-ը:
Երկրի սոցիալ-տնտեսական դրության որոշակի կայունացման շնորհիվ հայ մշակույթն աստիճանաբար բռնեց զարգացման ուղին: Աստիճանաբար վերելք ապրեց 1990-ական թվականներին անկում ապրած թատերական կյանքը, վերաբացվեցին փակված կինոթատրոններից մի քանիսը: Աշխուժացավ հայ երաժշտական կյանքը: Ստեղծագործական գործունեության ազատության շնորհիվ որոշակի վերելք նկատվեց նկարչության, քանդակագործության ոլորտներում: Մշակութային կարեւոր ձեռքբերումներից էր մեծ թվով կրթամշակութային օջախների վերանորոգումը եւ համապատասխանեցումը ժամանակի պահանջներին: 
Շոշափելի նվաճումներ արձանագրեց հայ պատմագիտությունը: Անկախության տարիներին հայ պատմագրությունը հնարավորություն ստացավ լիարժեք անդրադարձ կատարելու հայ ազգային-ազատագրական շարժման, Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, Հայաստանի առաջին հանրապետության, Հայ եկեղեցու պատմության եւ բազում այլ կարեւոր հարցերին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets