ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

16.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Ձ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 5-8-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր պատմության «Ոսկե դարը»: Հայոց «Ոսկեդարը» հանդիսացավ 5-րդ դարը, որն ամենից առաջ պայմանավորված էր հայոց գրերի ստեղծմամբ: Հայոց այբուբենը հանդիսացավ հայ ժողովրդի մշակութային կյանքի ամենախոշոր իրադարձությունը եւ պաշտպանական հզոր վահան հանդիսացավ օտարերկրյա նվաճողների վարած քաղաքականության դեմ: Հայոց գրերի առաջացումը պատահականություն չէր եւ այն, պետության բացակայության պայմաններում, հայապահպանման կարեւոր դեր էր ունենալու աշխարհասփյուռ ողջ հայության համար:
Հայոց գրերը ստեղծվել են 405թ. Մեսրոպ Մաշտոցի (361-440 թթ.) կողմից, որը Տարոն գավառի Հացեկաց գյուղից էր: Մաշտոցի եւ հայոց գրերի ստեղծման մասին մեզ մանրամասն տեղեկություններ է հայտնում Մաշտոցի աշակերտ Կորյունը իր «Վարք Մաշտոցի» աշխատության մեջ: Այդ ժամանակ Հայաստանում կրթությունը հունարեն էր եւ ասորերեն, եկեղեցական արարողակարգը կատարվում էր ասորերեն: Մաշտոցը Տարոնում ստանում է կրթություն, այնուհետեւ Վաղարշապատի արքունիքում անցնում է ծառայության իբրեւ զինվոր եւ գրագիր: Հետո նա դառնում է հոգեւորական եւ մեկնում Գողթան գավառ քարոզելու: Այստեղ նա մայրենի լեզվով գրքեր չլինելու պատճառով դժվարությունների է հանդիպում եւ այդ ժամանակ էլ հղանում է ստեղծել հայոց գրեր: Նա այդ մտադրությամբ Վաղարշապատում ներկայանում է կաթողիկոս Սահակ Պարթեւին եւ Վռամշապուհ թագավորին: Նրանք տալիս են իրենց հավանությունը: 
Վաղարշապատում Մաշտոցին հայտնում են, որ Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտ կան հայկական նշանագրեր: Թագավորի կարգադրությամբ բերվում են այդ գրերը եւ Մաշտոցն ու Սահակը, հավաքելով մանուկներին, մոտ երկու տարի դասավանդում են այդ «դանիելյան» գրերը: Նրանք շուտով հասկանում են, որ այդ գրերը լիովին չեն արտահայտում հայերենի հնչյունային համակարգը եւ անհրաժեշտ է ստեղծել նոր, ավելի կատարյալ նշանագրեր: Այդ նպատակով Մաշտոցը մի քանի աշակերտների հետ մեկնում է ժամանակի կրթական կենտրոնները` Ամիդ ու Եդեսիա: Եդեսիայում էլ Մաշտոցը ստեղծում է 36 տառերից բաղկացած հայոց այբուբենը, որից հետո վերադառնում է Վաղարշապատ: Մայրաքաղաքում նրան ընդունում են մեծ հանդիսություններով: Մաշտոցյան այս գիրը հայ հնագրության մեջ կոչվում է «բոլորաձեւ երկաթագիր»: 
Մեսրոպ Մաշտոցը, Սահակ Պարթեւը իրենց աշակերտներ Հովհան Եկեղացու եւ Հովսեփ Պաղնացու հետ իրականացնում են Աստվածաշնչի թարգմանությունը: Հայերեն գրված առաջին բառերն էին Սողոմոնի առակներից թարգմանված «ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարո» նախադասությունը: Թարգմանչական գործունեությունից բացի Մաշտոցը եւ Սահակ Պարթեւը ձեռնամուխ են լինում գրերի տարածմանը եւ հայկական դպրոցների բացմանը: Առաջին վարդապետարանը ուսուցիչներ պատրաստելու համար հիմնվում է Վաղարշապատում: Հետո Մաշտոցը իր աշակերտների հետ կրկին մեկնում է Գողթն եւ Արեւելյան Հայաստանի մյուս շրջանները` դպրոցներ բացելու: 
Մաշտոցը հասկանում էր, որ անհրաժեշտ է հայոց գրերը տարածել նաեւ Արեւմտյան Հայաստանում, ուստի նա մեկնում է այնտեղ, սակայն հանդիպում է բյուզանդական իշխանությունների խոչընդոտներին: Մաշտոցը մեկնում է Կ. Պոլիս բյուզանդական կայսեր ու պատրիարքի մոտ եւ թույլտվություն է ստանում Արեւմտյան Հայաստանում դպրոցներ բացելու համար: Հայ պատմիչները վկայում են, որ Մաշտոցը տառեր է ստեղծել նաեւ վրացիների եւ աղվանների համար: 
Մեսրոպ Մաշտոցը մահանում է 440թ. եւ իր աշակերտ Վահան Ամատունու ցանկությամբ թաղվում է Օշականում, ուր կառուցվում է դամբարան, իսկ հետագայում` 1879թ. Ամենայն հայոց կաթողիկոս Գեւորգ Դ Կոստանդնուպոլսեցու կողմից նրա վրա կառուցվում է եկեղեցի:
Հայոց գրերի ստեղծումը հսկայական խթան հանդիսացավ հայկական մտավոր մշակույթի զարգացման համար, եւ պատահական չէ, որ 5-րդ դարը կոչվում է «ոսկեդար»: Թարգմանչական գրականության կողքին ստեղծվում է հայ մատենագրությունը, որում առաջնակարգ դերը պատկանում է պատմագրությանը:
Պատմագիտական ամենահին գործերից է Ագաթանգեղոսի «Պատմություն Հայոց» աշխատությունը, որը նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունմանը: Փավստոս Բուզանդի «Հայոց Պատմության» մեջ նկարագրված են 4-րդ դարի դեպքերը` քրիստոնեության ընդունումից մինչեւ Հայաստանի առաջին բաժանումը: Ղազար Փարպեցին շարունակել է Բուզանդին եւ նկարագրել է 387-485թթ. իրադարձությունները:
Կորյունը գրել «Վարք Մաշտոցի» աշխատությունը, ուր ներկայացրել է իր ուսուցչի կյանքն ու գործունեությունը:
Հին հայկական մատենագրության ամենակարկառուն ներկայացուցիչը պատմահայր Մովսես Խորենացին է: Նրա «Հայոց պատմություն»ը մեր ժողովրդի պատմության առաջին համակարգված եւ ամբողջական շարադրանքն է, սկսվում է նախապատմական շրջանից եւ շարունակվում մինչեւ 440թ.` Մեսրոպ Մաշտոցի մահը: Աշխատությունը խտացված է անկախության, ազատասիրության եւ հայրենասիրության սրբազան գաղափարներով: 
5-րդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վարդանի եւ Հայոց պատերազմի մասին» աշխատությամբ անմահացրել է հայ ժողովրդի 450-451թթ. ազատագրական պայքարը Պարսից տերության դեմ:
7-րդ դարի պատմիչներ են Սեբեոսը, Հովհան Մամիկոնյանը, Մովսես Կաղանկատվացին: Արաբական խալիֆայության դեմ հայ ժողովրդի պայքարին է նվիրված 8-րդ դարի պատմիչ Ղեւոնդի աշխատությունը:
5-8-րդ դարերում զարգանում էր նաեւ փիլիսոփայությունը: Դեռեւս 4-րդ դարում Աթենքում մեծ հռչակի հասած փիլիսոփա, հռետոր եւ մանկավարժ էր Պարույր Հայկազնը (Պրոերեսիոսը), որի պատվին Հռոմում արձան է կանգնեցվում` «Աշխարհի թագուհի Հռոմից` հռետորների թագավորին» մակագրությամբ: Մաշտոցի աշակերտներից էր փիլիսոփա Եզնիկ Կողբացին, որի «Եղծ Աղանդոց»-ը ուղղված էր զրադաշտականության դեմ: 6-րդ դարի հայ փիլիսոփաներից է Դավիթ Անհաղթը, որը գրել է «Սահմանք իմաստասիրության» աշխատությունը:
Բնական գիտությունների հիմնադիրը հայ իրականության մեջ համարվում է 7-րդ դարի գիտնական Անանիա Շիրակացին, որը գրել է մի շարք աշխատություններ, որոնցից կարեւոր են նրա թվաբանության դասագիրքը, «Տիեզերագիտությունը», որտեղ նա երկիրը նմանեցնում է ձվի կազմությանը: Նա ճիշտ է բացատրում Ծիր Կաթինի էությունը, խոսում է լուսնի եւ արեգակի խավարումների մասին եւ տալիս ճիշտ մեկնաբանություններ: Շիրակացուց մեզ են հասել նաեւ չափ ու կշռին, թանկագին քարերին նվիրված աշխատություններ: Շիրակացին սուր քննադատության է ենթարկում բախտագուշակներին, աստղագուշակներին եւ նրանց համարում կախարդներ: Իր բացառիկ արժեքով կարեւորվում է Շիրակացու «Աշխարհացույցը»:
5-8-րդ դդ զարգացած էր նաեւ ճարտարապետությունը եւ մանրանկարչությունը: Այդ շրջանի ճարտարապետական հայտնի կառույցներից են Օձունի, Հռիփսիմեի, Զվարթնոցի տաճարները: Աշխարհիկ կառույցներից հայտնի են Ամբերդի պալատ-ամրոցը, Դվինի կաթողիկոսական պալատը եւ այլն: Մեզ են հասել հիշյալ ժամանակաշրջանին վերաբերող մի շարք մատյաններ, որոնց էջերն ունեն գեղեցիկ նկարազարդումներ: Մեզ հասած ամենահին հայկական մանրանկարները Մատենադարանում պահվող 6-րդ դարին պատկանող «Փղոսկրյա» կոչվող ձեռագրի մանրանկարներն են:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets