ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

13.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Անկախության ուղին բռնած հանրապետությանը ծանր փորձություններ էին սպասում: Այն կտրվել էր նախկին տնտեսական համակարգի բոլոր օղակներից: Բացի այդ, փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը, ընդհատվեց երկաթուղային կապը: Սկսվեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը, որը գնալով ավելի մեծ չափեր ընդունեց: Կանգնեցին հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկությունները, ուսումնական հաստատություններում դադարեցին պարապմունքները, բնակչությունը զրկվեց ջեռուցումից: Հայաստանի տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ:
Նորանկախ երկրի համար առաջնահերթ նշանակություն ուներ ազգային պետության անվտանգության պահպանումը: Դրա երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը: 1992թ. հունվարի 28-ին ստեղծվեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը, որի առաջին նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: 1992-1993թթ. ստեղծվեց լավ կազմակերպված եւ մարտունակ բանակ: Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները, զորատեսակները, սպայական կազմը եւ սպառազինությունը ձեւավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա, աճեց բանակի թվաքանակը: Մեծ ուշադրություն դարձվեց բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը:
Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում: Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության համար:
Անկախության ուղին բռնած Հայաստանում սկսվել էր պետական շինարարության գործընթացը: Ելնելով «Անկախության մասին» հռչակագրի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման մասին դրույթներից` ՀՀ Գերագույն խորհուրդը, պետության կայացման գործընթացն արագացնելու նպատակով, 1991թ. հունիսին սահմանեց Հայաստանի նախագահի պաշտոնը՝ հրաժարվելով իր լիազորությունների մի մասից: 1991թ. օգոստոսին ընդունվեց «ՀՀ նախագահի մասին» օրենքը, որի համաձայն նախագահը գլխավորելու էր գործադիր իշխանությունը: 
1991թ. հոկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա վերընտրվեց 1996թ.:
1998թ. փետրվարին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց: 1998թ. մարտի 16-ին անցկացված ՀՀ երրորդ նախագահական ընտրությունների արդյունքում նախագահ դարձավ Ռ. Քոչարյանը, որը 2003թ. երկրորդ անգամ ընտրվեց ՀՀ նախագահ: 2008թ. հերթական նախագահական ընտրություններում նախագահ ընտրվեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ պետական կյանքի կարեւոր իրադարձություններից էր 1995թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով պետության հիմնական օրենքի՝ Սահմանադրության ընդունումը: Այն կոչված էր դնել ամբողջատիրական եւ ավտորիտար համակարգից դեպի ժողովրդավարական պետության անցնելու հիմքերը: Դրանով երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագուն խորհուրդը, վերանվանվեց Ազգային ժողով: 2005թ. նոյեմբերի 27-ին ՀՀ Սահմանադրության մեջ կատարվեցին փոփոխություններ: 
1995թ. դեկտեմբերին 4-ին ՀՀ-ում կատարվեցին վարչատարածքային փոփոխություններ: Երկիրը բաժանվեց մարզերի եւ համայնքների: Ստեղծվեցին 10 մարզեր՝ Արագածոտն, Շիրակ, Սյունիք, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Արարատ, Արմավիր, Վայոց ձոր, Տավուշ: Մարզի կարգավիճակ տրվեց Երեւանին, որով մարզերի թիվը դարձավ 11: 
1999թ. ավարտվեց ՀՀ սահմանադրությամբ նախատեսված նոր դատական համակարգի կազմավորումը: Ստեղծվեցին առաջին ատյանի, վերաքննիչ-վճռաբեկ, ինչպես նաեւ սահմանադրական, տնտեսական, զինվորական եւ այլ դատարաններ: Կատարվեցին քայլեր դատախազական համակարգի վերափոխման ուղղությամբ:
Ցավալիորեն անկախացումից հետո Հայաստանի տնտեսական կյանքը վայրէջք ապրեց: Դրա պատճառներից էին ԽՍՀՄ փլուզումը, 1988թ. Սպիտակի երկրաշարժը, Հայաստանի շրջափակումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից: Սակայն այն ուներ նաեւ ներքին պատճառներ: Անկազմակերպ եւ վայրենի ձեւով, չնչին գներով իրականացվեց պետական ունեցվածքի, այդ թվում արդյունաբերության սեփականաշնորհում: Սեփականաշնորհվող ձեռնարկությունները պետության կողմից մատնվեցին անտարբերության, որի հետեւանքով դրանք չգործարկվեցին, այլ դրանց գույքը վաճառքի հանվեց այլ երկրներ: Դա հանգեցրեց արդյունաբերության փոշիացմանը, պետական ունեցվածքի կենտրոնացմանը մի խումբ մարդկանց ձեռքում: Դրա անմիջական հետեւանքը եղավ համատարած գործազրկությունը, բնակչության սոցիալական դրության խիստ ծանրացումը:
Տնտեսության եւ բնակչության վրա ծանր ազդեցություն ունեցավ հողի սեփականաշնորհումը: Վերացվեցին կոլտնտեսությունները եւ հողը տրվեց շուրջ 320.000 գյուղացիական անհատական տնտեսությունների: Գյուղատնտեսական տեխնիկան սեփականաշնորհվեց եւ հայտնվեց մի խումբ մարդկանց ձեռքում, քայքայվեց ոռոգման համակարգը: Այդ ամենը հանգեցրեց գյուղատնտեսության անկմանը եւ գյուղական բնակչության արտագաղթի մեծացմանը դեպի քաղաք: 
Գների չմտածված ազատականացումը նոր թշվառությունների մատնեց ժողովրդին: Մեկ տարվա ընթացքում` 1991թ. դեկտեմբերից մինչեւ 1992թ. դեկտեմբեր, գներն աճեցին մոտ 14 անգամ: 1993թ. նոյեմբերին շրջանառության մեջ դրվեց ազգային դրամը: Դա անհրաժեշտ քայլ էր անկախ պետության համար: Սակայն տնտեսական երաշխիքների բացակայության պայմաններում դրամն արագորեն արժեզրկվեց` էլ ավելի ծանրացնելով ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը: Դրա հետեւանքով ավելի քան 1 մլն մարդ արտագաղթեց երկրից: 
Վերջին տարիներին նկատվում է տնտեսության որոշակի վերելք, գործարկվել են մի շարք ձեռնարկություններ, բացվել են աշխատատեղեր, որի հետեւանքով բնակչության սոցիալական դրությունը որոշակիորեն սկսել է բարելավվել:
Հանրապետության իշխանությունների հիմնական խնդիրն էր ղարաբաղյան պատերազմի դադարեցումը եւ շրջափակման վերացումը, որը հնարավորություն կտար բարելավել տնտեսական վիճակը: Այս նկատառումներով առաջնային պլան մղվեց ղարաբաղյան հակամարտության գոտում երկարաժամկետ զինադադարի եւ խաղաղ բանակցությունների հարցը: Սակայն Ադրբեջանի իշխանությունները մերժում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի քաղաքական մեթոդներով կարգավորմանն ուղղված ամեն մի առաջարկ՝ առաջ քաշելով Ղարաբաղը կրկին իրենց ենթարկելու անիրական պահանջներ: Միջազգային բանակցություններում Հայաստանը որդեգրել էր հետեւյալ ճկուն սկզբունքը. «Հայաստանը կվավերացնի յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ընդունելի կլինի Ղարաբաղի ժողովրդի համար եւ ստորագրված ԼՂՀ ղեկավարության կողմից»: Իսկ ԼՂՀ ղեկավարության դիրքորոշումը միանգամայն հստակ էր. այն բացառում էր որեւէ ուղղակի ենթակայություն Ադրբեջանին: 
Սակայն, արտաքին ուժերի աճող քաղաքական ճնշումը ՀՀ իշխանություններին դրդեց գնալ ղարաբաղյան հարցում հնարավոր զիջումների քննարկմանը: Հանրապետության նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ենթարկվելով այդ ճնշմանը, փաստարկեց Ղարաբաղը «փուլ առ փուլ» Ադրբեջանի կազմ վերադարձնելու անհրաժեշտությունը: Հանուն Ղարաբաղի ազատության՝ անհուն զրկանքներ կրած ժողովուրդն ըմբոստացավ Ղարաբաղյան հարցում ցանկացած նահանջի դեմ: Արդյունքում 1998թ. փետրվարի 3-ին կատարվեց իշխանափոխություն: Ռ. Քոչարյանի իշխանության անցնելուց հետո սկսվեց ղարաբաղյան բանակցությունների նոր փուլը:
Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի իշխանությունները ձգտում էին պահպանել ռազմա-քաղաքական հավասարակշռությունը արեւմտյան, հարավային եւ հյուսիսային երկրների տնտեսական ու քաղաքական շահերի միջեւ: ՀՀ-ն փորձում էր եւ փորձում է մասնակից դառնալ տարածաշրջանային տրանսպորտային տարանցիկ մայրուղիներին, երկիրը դուրս բերել հնարավոր մեկուսացումից: Այդ գործը գլուխ բերելու համար օգտագործվում են նաեւ Հայկական սփյուռքի հնարավորությունները: 
ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը ԱՊՀ շրջանակներում հարաբերությունների խորացումն էր, քանզի այն ՀՀ համար ունի ռազմա-քաղաքական եւ անվտանգության ապահովման նշանակություն: Առաջնահերթ կարեւորություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացումը, որոնք ընդգրկել են ռազմա-քաղաքական, անվտանգության, տնտեսական, մշակութային ոլորտները: Ռուսաստանի հետ կնքվել են 100-ից ավելի պայմանագրեր ու համաձայնագրեր: Դրանցից կարեւորներից է 1995թ. մարտին կնքված «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագիրը, որի համաձայն ՀՀ-ում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանում: Բարեկամական հարաբերություններ հաստատվեցին ՈՒկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, ՈՒզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի հետ: Վերջինս Հայաստանին գազի գլխավոր մատակարարներից է:
Հայաստանի համար կարեւորություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները: Դրանք արտաքուստ բարեկամական են, սակայն ներքուստ կա որոշակի լարվածություն: Պատճառը Վրաստանում հայկական մշակութային հուշարձանների նկատմամբ կատարվող ոտնձգություններն են, Ջավախքի նկատմամբ վրացական իշխանությունների անբարյացակամ քաղաքականությունը եւ այլն:
Բարեկամական հարաբերություններ են հաստատվել Իրանի հետ: Երկու երկրների միջեւ ստորագրվեցին տնտեսության, մշակույթի, տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագրեր: Հատկապես կարեւոր էր 1997թ. Իրան-Հայաստան գազամուղի կառուցման մասին պայմանագրի ստորագրումը: Գազամուղի պաշտոնական բացումը կատարվեց 2007թ. մարտին: 
ՀՀ-ն ջանքեր գործադրեց եւ շարունակում է գործադրել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար, սակայն Թուրքիան առաջադրում է անընդունելի նախապայմաններ. հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից եւ պահանջատիրությունից, ճանաչել Ադրբեջանի գերակայությունը Ղարաբաղի նկատմամբ:
ՀՀ-ն լավ հարաբերություններ հաստատեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Կանադայի, Արգենտինայի, ՈՒրուգվայի, Չինաստանի եւ այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները ընդգրկում են տարբեր ոլորտներ: Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է մոտ մեկ մլրդ դոլարի «մարդասիրական օգնություն»:
1998թ. ի վեր ՀՀ արտաքին քաղաքականության կարեւոր խնդիրներից է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը: 

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets