ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

06.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս Հ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1920-1930-ԱԿԱՆ ԹԹ.

Խորհրդային Հայաստանը գտնվում էր բավական ծանր վիճակում: Թուրքական արշավանքի հետեւանքով քայքայվել էր երկրի ամբողջ տնտեսությունը, տրանսպորտային ցանցը: Շարունակվում էին սովը, համաճարակները: Երկրում կար մոտ 235.000 սովյալ, որոնց մեծ մասը գաղթական էր:
Երկրի քայքայված տնտեսության վերականգնման, անվտանգության ապահովման համար կարեւորագույն քայլ էր նրա մուտքը Անդրկովկասյան ֆեդերացիա եւ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ):
1917-1921թթ. նախկին ռուսական կայսրության տարածքում առաջացել էին մի շարք խորհրդային ազգային հանրապետություններ, որոնք շրջապատված էին հակախորհրդային, թշնամական ուժերով: Խորհրդային հանրապետությունների հետագա փոխհարաբերությունների հարցը գտնվում էր նրանց ղեկավարությունների, առաջին հերթին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության, անձամբ Վ. Ի. Լենինի ուշադրության ներքո: Բեկում մտցնելով Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի մեջ՝ Խ. Ռուսաստանի ղեկավարությունը քայլեր ձեռնարկեց խորհրդային հանրապետությունների միավորման ուղղությամբ: Այդ հարցը հատուկ քննարկման նյութ դարձավ 1921թ. մարտին Մոսկվայում գումարված ՌԿ(բ)Կ 10-րդ համագումարում: Այդտեղ ընդունված բանաձեւում նշվում էր, որ խորհրդային հանրապետությունների պաշտպանության, փոխօգնության, տնտեսության վերականգնման, ազգերի համերաշխության, ռազմաքաղաքական սերտ հարաբերություններ հաստատելու ընդհանուր շահերը թելադրում են առանձին խորհրդային հանրապետությունները միավորել:
Միավորման լավագույն ձեւ համարվեց ֆեդերացիան՝ դաշնությունը, որի հիմքում պետք է դրվեր խորհրդային հանրապետությունների փոխադարձ վստահության, դաշնության մեջ մտնելու կամավորության եւ ինքնիշխանությունը պահպանելու սկզբունքները: Առաջին քայլերից մեկն այդ ուղղությամբ Անդրկովկասյան հանրապետությունների դաշնության ստեղծումն էր:
Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը Ալ. Մյասնիկյանի գլխավորությամբ սկզբից եւեթ պաշտպանեց Անդրֆեդերացիայի ստեղծման գաղափարը՝ գտնելով, որ այն բխում է հայ ժողովրդի եւ Հայաստանի շահերից: Անդրկովկասի հանրապետություններից Հայաստանը գտնվում էր ամենից ծանր սոցիալ-տնտեսական վիճակում, չուներ սահման Ռուսաստանի հետ, ելք դեպի ծով եւ այլն:
1922թ. հունվարի 30-ին բացվեց Հայաստանի խորհուրդների 1-ին համագումարը, որտեղ դրական արձագանք ունեցավ Անդրկովկասյան դաշնություն ստեղծելու գաղափարը: Այս համագումարում ընդունվեց Խորհրդային Հայաստանի սահմանադրությունը: Այն առաջինն էր հայոց պետականության պատմության մեջ: 
Ռուսաստանի նախաձեռնությամբ Թիֆլիսում գումարված Անդրկովկասյան երեք հանրապետությունների ներկայացուցիչների կոնֆերանսի կողմից 1922թ. մարտի 12-ին ստեղծվեց Անդրկովկասի Ֆեդերատիվ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԱՖԽՍՀՄ), որի կենտրոնը դարձավ Թիֆլիսը: 
1922թ. դետեմբերի 10-13-ը Բաքվում գումարված Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը ԱՖԽՍՀՄ-ն վերանվանեց Անդրկովկասի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետության (ԱՍՖԽՀ), ընդունեց նրա սահմանադրությունը եւ որոշեց միավորվել խորհրդային մյուս հանրապետությունների` Ռուսաստանի, ՈՒկրաինայի եւ Բելոռուսիայի հետ:
Անդրֆեդերացիան գոյություն ունեցավ մինչեւ 1936թ., երբ նրա կազմում գտնվող հանրապետությունները ուղղակիորեն մտան ԽՍՀՄ կազմի մեջ:
1922թ. դեկտեմբերի 30-ին ՌԽՖՍՀ-ի, ՈՒկրաինայի Բելոռուսիայի եւ ԱՍՖԽՀ-ի ներկայացուցիչներն ստորագրեցին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն (ԽՍՀՄ) ստեղծելու մասին պայմանագիրը, որը հաստատվեց ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում: Խորհրդային յոթանասուն տարիներին Հայաստանն ապրեց աննախադեպ տնտեսական, գիտական, կրթական եւ մշակութային վերելք:
1921թ. փետրվարյան ապստամբությունից անմիջապես հետո Հայաստանի իշխանությունները ձեռնամուխ էին եղել երկրի քայքայված տնտեսության վերականգնմանը: Այդ գործում Հայաստանին որոշակի օգնություն ցուցաբերեցին Ռուսաստանը եւ ՈՒկրաինան: 
1921թ. աշնանը հրապարակած դեկրետներով Հայաստանի Ժողկոմխորհը թափ հաղորդեց բամբակագործության, ծխախոտագործության, խաղողագործության զարգացմանը: Գյուղատնտեսության վերականգնման համար կարեւոր էր ոռոգման ցանցի վերականգնումն ու հետագա զարգացումը: Այդ նպատակով կառուցվեցին մի շարք նոր ջրանցքները: 1925-1926թթ. ցանքատարածությունները գրեթե հավասարվեցին 1913թ. մակարդակին:
Զարկ տրվեց քաղաքաշինությանը: 1924թ. հաստատվեց Երեւանի նոր հատակագիծը, որը կազմել էր ակադեմիկոս Ալ. Թամանյանը: 
1920-ական թթ. սկզբին կոմունիստական կուսակցությունը Լենինի գլխավորությամբ մշակեց մեկ առանձին երկրում սոցիալիզմ կառուցելու տեսությունը: Դրա կարեւորագույն բաղադրիչներն էին երկրի ինդուստրացումը, որպես սոցիալիզմի նյութատեխնիկական բազայի ստեղծման կարեւորագույն գործոն, գյուղատնտեսության կոլեկտիվացումը եւ կուլտուրական հեղափոխությունը: 1925թ. Խորհրդային Միությունը որդեգրեց ինդուստրացման կուրս, ըստ որի ԽՍՀՄ-ը մեքենաներ եւ սարքավորումներ ներմուծող երկրից պետք է վերածվեր այդպիսիք արտադրող երկրի, որպեսզի ապահովվեր երկրի տնտեսական ինքնուրույնությունը: Հայաստանը եւս ընդգրկվեց ինդուստրացման ծրագրի մեջ: Կառուցվեցին տասնյակ հիդրոէլեկտրակայաններ, արդյունաբերական ձեռնարկություններ: 
Արդեն 1940թ. Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքը 1913թ. մակարդակը գերազանցեց 9 անգամ եւ կազմեց հանրապետության համախառն արտադրանքի 72%-ը, Հայաստանը վերածվեց զարգացող արդյունաբերություն ունեցող երկրի
1940թ. դրությամբ առկա կարեւորագույն դրական տեղաշարժերից էր հանրապետության բնակչության արագ աճը: 1926թ. 881.000-ի դիմաց 1939թ. բնակչության թիվը հասել էր 1.282.000-ի: Դա տեղի էր ունեցել հիմնականում բնական աճի, մասամբ նաեւ հայրենադարձության շնորհիվ: Պակաս կարեւոր չէր նաեւ այն, որ գրեթե դադարել էր արտագաղթը երկրից: ՀԽՍՀ աչքի էր ընկնում բնակչության ազգային կազմի միատարրությամբ, բնակչության 83%-ը կազմում էին հայերը:
1927թ. սկսվեց գյուղատնտեսության կոլեկտիվացումը: Տասնյակ հազարավոր գյուղացիական տնտեսություններ՝ ունեւոր, միջակ, չքավոր, ինչպես նաեւ նոր հողակտորներ ստացած արեւմտահայ գաղթականներն ու հայրենադարձները բռնությամբ հողազրկվեցին եւ մտցվեցին կոլտնտեսությունների մեջ: Ցավալի էր հատկապես այն, որ քիչ-շատ ունեւոր գյուղացիները ճանաչվեցին կուլակ եւ ունեզրկվեցին: Գրեթե ամենուր իշխանությունները հանդիպում էին դիմադրության: Մի շարք վայրերում՝ Շամշադինում, Թալինում, Վեդիում, Դարալագյազում (Վայոց Ձոր) գյուղացիության դիմադրությունը ստացավ զինված դիմակայության բնույթ: Գյուղացիության մի մասի բողոքն ընդունում էր այլ բնույթ. նախքան կոլտնտեսություն մտնելը նրանք ոչնչացնում էին իրենց անասունները, գյուղատնտեսական գործիքները, որպեսզի չտային կոլտնտեսություններին: Դրա հետեւանքով 1929-1934թթ. հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվեց 30, իսկ մանր եղջերավորներինը՝ 50%-ով: 1937թ. դրությամբ Հայաստանում գյուղացիության մեծ մասը մտցվեց կոլտնտեսությունների մեջ:
Կոլեկտիվացումը ԽՍՀՄ տարբեր շրջաններում պատճառ դարձավ միլիոնավոր մարդկանց սովամահության, իսկ Հայաստանում հազարավոր ընտանիքների արտագաղթի: Կոլտնտեսությունները գյուղացիության դժկամության, նյութատեխնիկական բազայի թուլության, աշխատանքի արդյունավետության բարձրացման մեջ շահագրգռվածության բացակայության պայմաններում գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու փոխարեն քայքայեցին այն:
1920-ական թթ. սկզբից հալածանքներ սկսվեց քաղաքական մյուս ուժերի, հատկապես Դաշնակցության դեմ՝ նրանց վերացնելու նպատակով: Ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում հաստատվեց կոմկուսի մենատիրությունը: Այն իր ձեռքում կենտրոնացրեց Հայաստանի ղեկավարման ողջ համակարգը, քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքը: Կոմկուսը ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում սոցիալիստական հասարակարգ կառուցելու կարեւոր միջոց դարձրեց քաղաքական բռնությունները: Մարդիկ պատասխանատվության էին ենթարկվում ոչ միայն տվյալ պահին կատարած արարքների, այլեւ նախկինում գործած սխալների, անգամ իրենց հարազատների գործած սխալների համար: 
1920-ական թթ. հալածանքներ սկսվեցին նաեւ կոմկուսի նախկին ղեկավար գործիչների դեմ: Շինծու մեղադրանքներով բանտարկվեցին հարյուրավոր կոմունիստներ: Հիմնականում մեղադրում էին ազգայնականության մեջ: Բռնությունների ալիքը ուժեղացավ 1936-1938թթ.: Հայաստանում քաղաքական բռնաճնշումների ենթարկվեց ավելի քան 15.000 մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց:
Ծանր բռնությունների ենթարկվեց նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Ազգայնացվեցին հոգեւոր հաստատություններին պատկանող կուլտուր-կրթական հիմնարկությունները՝ դպրոցները, թանգարանները, գրադարանները, տպարանները՝ իրենց շարժական եւ անշարժ գույքով: 1920թ. դեկտեմբերին Հայհեղկոմը բռնագրավեց Էջմիածնի վանքի շենքերն ու հարստության մի մասը, այդ թվում Ճեմարանի շենքը, ս. Էջմիածնի, ս. Հռիփսիմեի, ս. Գայանեի, ս. Զվարթնոցի շինությունները, էջմիածնապատկան այգիները եւ այլն: 1922թ. Ամենայն հայոց կաթողիկոսը միաբաններին ուղղած կոնդակում դատապարտեց խորհրդային իշխանության քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ՝ այն համեմատելով պարսից շահերի կողմից Արարատյան դաշտը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Մինչեւ 1937թ. Հայաստանում փակվեցին 800 եկեղեցի, որոնցից շատերը քանդվեցին: 
1920-1930-ական թթ. Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի մի մասնիկն էր հայրենադարձությունը: 1920-1930-ական թթ. Հունաստանից, Իրանից, Սիրիայից, Թուրքիայից, Ֆրանսիայից Հայաստան ներգաղթեցին 42.000 հայեր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets