ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

02.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԸ 

1920թ. սերտ հարաբերություններ էին հաստատվել Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ: Դա պայմանավորված էր Անտանտի տերությունների դեմ պայքարի ընդհանուր շահերով: Այդ հարաբերությունների շրջանակում Ռուսաստանը ձեռնամուխ եղավ Անդրկովկասում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելուն: 1920թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան Ադրբեջան եւ այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր: Հայաստանի եւ Վրաստանի խորհրդայնացումը թողնվեց հարմար պահի:
1920թ. սեպտեմբերին Բաքվում տեղի ունեցավ Արեւելքի ժողովուրդների համագումար, որտեղ հարց բարձրացվեց Ռուսաստանի ու Թուրքիայի մեջտեղից վերացնել հայկական սեպը: Այստեղ խոսք գնաց այն մասին, որ թուրքական բանակը հարձակվի Հայաստանի վրա, իսկ ռուսական բանակը հայերին պաշտպանելու պատրվակով մտնի Հայաստան եւ խորհրդայնացնի այն:
Ելնելով այն հանգամանքից, որ հայ-թուրքական պատերազմում Հայաստանը պարտվում էր` 1920թ. հոկտեմբերի 14-ին Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում ընդունեց Հայաստանը խորհրդայնացնելու մասին: 
Հայ-թուրքական պատերազմում հայկական բանակի ծանր պարտություններից հետո` 1920թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը եւ Բաքվում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշեւիկ Սարգիս Կասյանը, մտան Իջեւան, որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման եւ Հայաստանի խորհրդայնացման մասին: Նրանց հրապարակած հայտարարության մեջ համոզմունք էր հայտնվում, որ Խորհրդային Ռուսաստանի օգնությամբ կվերականգնվի երկրի քայքայված տնտեսությունը եւ կկառուցվի նոր կյանք:
ՀՀ կառավարությունը հարկադրված բանակցություններ սկսեց Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: 1920թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրվեց համաձայնագիր: Դրանով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն, իշխանությունը անցնում էր ժամանակավոր Ռազմահեղափոխական կոմիտեին: Ռուսաստանն ընդունում էր, որ ՀԽՍՀ անբաժան մասն են կազմում Երեւանի նահանգը, Կարսի մարզի մի մասը, Զանգեզուրի գավառը, Ղազախ գավառի մի մասը, Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք Հայաստանին էին պատկանում մինչեւ 1920թ. հոկտեմբերի 23-ը: Հայկական բանակի հրամկազմը եւ Հայաստանի քաղաքական ուժերի անդամները չպետք է ենթարկվեին հետապնդումների: Խորհրդային Ռուսաստանը պետք է ռազմական ուժեր կենտրոնացներ ՀԽՍՀ անկախությունը պաշտպանելու համար: Համաձայնագիրը ստորագրելուց հետո ՀՀ կառավարությունը հեռանում էր իշխանությունից, որը մինչեւ Հայհեղկոմի ժամանումը անցնելու էր զինվորական հրամանատարությանը՝ ի դեմս Դրոյի, իսկ նրան կից ՌԽՖՍՀ-ի կողմից կոմիսար էր նշանակվում Օ. Սիլինը: Համաձայնություն ձեռք բերվեց նաեւ այն մասին, որ իշխանությունը Դրոյին եւ Սիլինին հանձնվի դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 12-ին:
Երեւանի համաձայնագրից հետո ՀՀ կառավարությունը ստորագրեց իշխանությունից հրաժարվելու եւ այն զինվորական հրամանատար Դրոյին հանձնելու մասին ակտ:
1920թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն մտավ Երեւան եւ ձեռնամուխ եղավ նոյեմբերի 29-ի դեկլարացիայի կենսագործմանը:
Հայհեղկոմի դեկրետով ամբողջ հանրապետությունում ստեղծվեցին գավառային, շրջանային եւ գյուղական հեղկոմներ: Դրանք իշխանության նշանակովի, ժամանակավոր մարմիններ էին, որոնք ունեին օրենսդիր եւ գործադիր իրավասություններ եւ գործելու էին մինչեւ խորհուրդների ընտրությունները: Ինչպես Խորհրդային Ռուսաստանում, Հայաստանում եւս պետության կենսագործունեությունը ղեկավարելու նպատակով ստեղծվեցին ժողովրդական կոմիսարիատներ եւ ժողովրդական տնտեսության խորհուրդ: Հայաստանի Ռազմհեղկոմի անդամները կոչվեցին ժողովրդական կոմիսարներ՝ բաժանելով կառավարման ֆունկցիաները՝ ներքին գործերի, հողագործության, լուսավորության, արտաքին հարաբերությունների եւ այլն: 
Հայհեղկոմի կողմից վերացվեցին ինչպես պետական կառավարման նախկին մարմինները, այնպես էլ դատարանները: Վերջիններիս փոխարեն ստեղծվեցին ժողովրդական դատարաններ եւ հեղափոխական տրիբունալներ: Հատուկ դեկրետով վերացվեցին նաեւ դասային տարբերությունները, տիտղոսները (բեգ, խան, իշխան) եւ կոչումները (ազնվական, կալվածատեր, վաճառական): Հայկական բանակը վերակազմավորվեց Խորհրդային Հայաստանի կարմիր բանակի:
1920թ. դեկտեմբերի 6-ին ստեղծվեց Հակահեղափոխության դեմ պայքարի արտակարգ հանձնաժողովը` հակահեղափոխության, շահադիտության (սպեկուլյացիայի) եւ հանցագործության դեմ պայքարելու համար: Այն դարձավ խորհրդային իշխանության ամուր հենարանը:
Առանձին դեկրետներով ազգայնացվեցին հողը, ընդերքը, անտառները, ջրերը, մի շարք արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավոր բանկերը:
Խորհրդային պետականության հաստատմանը զուգընթաց կազմավորվեցին Հայաստանի կոմունիստական (բոլշեւիկյան) կուսակցության կազմակերպությունները: 1921թ. սկզբին կոմկուսն ուներ 5.300 անդամ եւ թեկնածու: ՀԿ(բ)Կ Կենտկոմն էր կազմակերպում եւ ղեկավարում խորհրդային իշխանության հաստատման գործընթացը: Հայաստանում աստիճանաբար հաստատվում էր կոմկուսի մենատիրությունը:
1921թ. դեկտեմբերից 1922թ. հունվար ընկած ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցան խորհուրդների ընտրություններ: Ժողովրդի ակտիվ մասնակցության պայմաններում ընտրվեցին 9 գավառային, 39 գավառակային եւ մոտ 900 գյուղական խորհուրդներ:
1922թ. հունվարի 30-ին Երեւանում իր աշխատանքը սկսեց Հայաստանի խորհուրդների առաջին համագումարը: Համագումարն ընդունեց Հայաստանի առաջին սահմանադրությունը, որն աննշան փոփոխություններով կրկնում էր Ռուսաստանի սահմանադրությունը: Այնուամենայնիվ, այն նշանակալի իրողություն էր մեր ժողովրդի համար, քանզի նա մի կողմից հայոց պատմության ընթացքում գործողության մեջ դրված առաջին սահմանադրությունն էր, մյուս կողմից՝ նպաստեց Հայաստանի երկրորդ Հանրապետության հիմքերի հաստատմանը:
Սահմանադրության համաձայն Հայաստանում ամբողջ իշխանությունը պատկանում էր բանվորների, գյուղացիների եւ կարմիրբանակայինների խորհուրդներին: Հողը, ընդերքը, անտառները, բանկերը, երկաթուղիները, գործարանները հայտարարվում էին սոցիալիստական սեփականություն: Հռչակվում էր բոլոր ազգերի իրավահավասարություն: Եկեղեցին անջատվում էր պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց: Աշխատավորների համար սահմանվում էր ձրի կրթություն:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets