ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

15.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Հայկական մշակույթը սկզբնավորվում է հազարամյակների խորքից, երբ Հայաստանում ստեղծվում են մշակութային առաջին արժեքները: Հնագույն մշակույթը հեթանոսական ժամանակաշրջանում է զարգացել եւ գոյատեւել է մինչեւ Հայաստանում քրիստոնեության ընդունումը:
Հնագույն մշակույթի տարրերից ամենահինը ժայռապատկերներն ու ժայռագրություններն են, որոնցից հայտնաբերվել են Արագածի լանջին, Գեղամա եւ Սյունյաց լեռներում, Արեւմտյան Հայաստանի տարբեր վայրերում: Ժայռապատկերների միջոցով մենք պատկերացում ենք ստանում մեր նախնիների կյանքի, կենցաղի, զբաղմունքների, աշխատանքային գործունեության, տիեզերագիտական պատկերացումների մասին եւ այլն: Ք. ա. III հազարամյակից. սկսած ժայռապատկերներում ի հայտ են գալիս ժայռագրությունները կամ պատկերագրերը: Գիտնականների մի մասի կարծիքով այդ պատկերագրերն օգտագործվել են մաշտոցյան գրի ժամանակ:
Հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից ունեցել է իր կրոնական պատկերացումները եւ հավատքը: Դեռեւս հնագույն ժամանակներից տարածված են եղել երկնային լուսատուների, առանձին ցեղերի մոտ տարածված տոտեմների պաշտամունքները: Տարածված է եղել նաեւ սրբազան «կենաց ծառերի» պաշտամունքը:
Հայ ժողովրդի կազմավորմանը զուգընթաց ձեւավորվել է հայկական հնագույն կրոնական պանթեոնը (դիցարանը), որում, ըստ երեւույթին, տեղ են գտել ժողովրդի համար պաշտելի դարձած առաջնորդները: Հին պանթեոնի գլխավոր աստվածը եղել է Հայկը, որը համարվում է մեր նահապետը: Ըստ ավանդության մեր ժողովուրդը հայ անունը ստացել է նրա անունից: Հին պանթեոնի աստվածներից էին նաեւ արհեստների եւ արվեստների հովանավոր Տորքը, բնության աստված Արա Գեղեցիկը, ջրի աստված Ծովինարը եւ այլն:
Արարատյան թագավորությունն ունեցել է զարգացած եւ ինքնատիպ մշակույթ, որի մասին մենք պատկերացում ենք կազմում նրա թագավորների թողած ավելի քան 600 սեպագիր արձանագրությունների միջոցով:
Վանի թագավորության մեջ պաշտում էին 79 աստվածներ, որոնց անունները Իշպուինի եւ Մենուա թագավորները արձանագրել են Վանի մոտ` «Մհերի դուռ» կոչվող ժայռի վրա: Հետագայում ավելացել են եւս երեք աստվածներ: Գլխավորը տիեզերքի աստված Խալդին էր, որի տաճարը գտնվում էր Մուսասիրում: Նա պատկերվում էր առյուծի վրա կանգնած մարդու կերպարանքով: Նրա կինը Արուբանի աստվածուհին էր: Երկրորդը պատերազմի ու տարերքի աստված Թեյշեբան էր: Տաճարը Կումենու քաղաքում էր, կինն էր Խուբա աստվածուհին: Երրորդը արեւի աստված Շիվինին էր, որի տաճարը Տուշպայում էր, կինն էր մայրաքաղաքի հովանավոր աստվածուհի Տուշպուեան:
Այստեղ բարձր զարգացման էին հասել քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, ջրանցքաշինությունը եւ տնտեսության ու մշակույթի այլ ճյուղեր: Դրա վառ վկայություններից է Էրեբունի ամրոցը, որն ունեցել է եռանկյունաձեւ միջնաբերդ՝ 15-20 մ բարձրությամբ եւ մոտ 3 մ լայնությամբ: Այն ունեցել է պալատական համալիր՝ իր աշխարհիկ եւ հոգեւոր շենքերով, թագավորական սյունազարդ, հանդիսավոր ընդունելության հրաշալի դահլիճ, Խալդ աստծուն նվիրված տաճար, ցորենի խոշոր պահեստ, գինու մառան եւ այլն:
Ճարտարապետական բարձր մակարդակով եւ առանձնահատկություններով հատկապես աչքի է ընկել Մուսասիրում գտնվող Խալդի աստծո տաճարը: Նրա մասին մենք պատկերացում ենք կազմում Դուր Շարուկինի պալատի դահլիճներից մեկում Սարգոն I-ի հրամանով քանդակված Մուսասիրի տաճարի գրավման տեսարանից, որի նկարն է միայն պահպանվել: Այն եղել է սյունազարդ: Քանդակը, որը գտնվել էր 1840-ական թթ., Ֆրանսիա տեղափոխելիս խորտակվել է Տիգրիս գետում: Հետազոտողները այն համարում են հունական դասական ճարտարապետության նախատիպերից մեկը:
Կառուցված ջրանցքներից հատկապես հռչակավոր է Մենուայի կառուցած 72 կմ երկարությամբ ջրանցքը Վանում, որը հայտնի է Շամիրամի ջրանցք անունով եւ գործում է առ այսօր: Բավական է նշել, որ ջուրը տեղ տեղ անցնում է մոտ 20 մ բարձրություն ունեցող անշաղախ պատերի վրայով, որոշ տեղերում` փորված ժայռերի միջով:
Երվանդունիների օրոք ձեւավորվում է հայկական կրոնական նոր պանթեոնը, որն իր վրա կրում էր պարսկական ազդեցությունը: Նոր պանթեոնի գերագույն աստվածն էր Արամազդը, որը բոլոր աստվածների հայրն էր, երկնքի եւ երկրի արարիչը:
Հայերի մոտ առանձնապես մեծ տարածում է ունեցել մայրության եւ պտղաբերության աստվածուհի Անահիտի պաշտամունքը: Անահիտը եղել է Հայոց աշխարհի եւ Արտաշատ մայրաքաղաքի հովանավոր աստվածուհին:
Քաջության, հերոսության, ռազմի եւ ամպրոպի աստվածն էր Վահագնը: Սիրո եւ գեղեցկության աստվածուհին էր Աստղիկը: Նա կապված է եղել նաեւ ջրի պաշտամունքի հետ եւ նրան էր նվիրված Վարդավառի տոնը: Արեւի աստվածն էր Միհրը, իսկ դպրության աստվածը` Տիրը: Նանեն հանդիսանում էր ողջախոհության եւ ընտանիքի հովանավոր դիցուհին: Ինքնատիպ աստվածներ էին Ամանորը` նոր տարվա աստվածը եւ Վանատուրը` հյուրընկալության աստվածը:
Ք.ա. 3-րդ դարից Հայաստանում սկսում է տարածվել հելլենիստական մշակույթը, որը ձեւավորվել էր Արեւելքի ժողովուրդների եւ հունական մշակույթի շփման միջոցով: Հելլենիստական մշակույթը բարերար ազդեցություն ունեցավ հայկական մշակույթի վրա:
Հայաստանում, ինչպես ժամանակի այլ երկրներում, պետական գրագրությունները կատարվել են հիմնականում արամեերենը եւ հունարենը: Որոշ գիտնականների կողմից առաջ է քաշվում կարծիք, որ գոյություն է ունեցել նաեւ հայկական մեհենական գիր: 
Նախաքրիստոնեական Հայաստանում ստեղծվել են նաեւ գրական եւ պատմական երկեր: Առաջին հայ հեղինակը եղել է Արտաշես I-ի որդի Վրույրը, որի մասին մեզ տեղեկություններ է հայտնում Պատմահայր Մովսես Խորենացին: Տեղեկություններ են պահպանվել նաեւ Ք.ա. 1-ին դարի պատմագիրներից Ողյումպ քրմի մասին, որը գրել է «Մեհենական պատմություն» աշխատությունը, որը, ցավոք, մեզ չի հասել: Տիգրան Մեծի ժամանակ Հայաստանում են ապրել եւ ստեղծագործել հույն նշանավոր պատմագիր եւ հռետոր Ամ ֆիկրատես Աթենացին եւ Մետրոդորոս Սկեպսացին: 
Ասորի պատմագիր եւ փիլիսոփա Մար Աբաս Մծուրնացին հայոց Վաղարշ II արքայի հանձնարարությամբ գրում է Հայաստանի պատմությունը: Այս աշխատությունը եւս մեզ չի հասել, սակայն դրանից մեծապես օգտվել է Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունը» շարադրելիս:
Իր ժամանակի զարգացած գործիչներից էր հայոց Արտավազդ II թագավորը, որը պատմիչների վկայությամբ գրել է ողբերգություններ, ճառեր եւ պատմական աշխատություններ:
Հայաստանում որոշակի տարածում է ունեցել նաեւ թատրոնը: Թատերական ներկայացումներ հիմնականում բեմադրվել են մեծ քաղաքների` Արտաշատի, Տիգրանակերտի թատրոններում, արքայական պալատներում, իսկ հասարակ ժողովրդի շրջանում տարածված էին գուսանների կողմից կազմակերպվող ելույթները, որտեղ հաճախ հանդես էին գալիս դերասանուհի-պարուհիները, որոնք կոչվում էին «վարձակներ»:
Մշակույթի զարգացած բնագավառներից էր հայկական հնագույն տոմարը, որը եղել է արեգակնային: Հին հայերի մոտ տարին բաժանված է եղել 12 երեսունօրյա ամիսների եւ մեկ կարճատեւ ամսի, որը կոչվել է Ավելյաց եւ ունեցել է հինգ օր: Յուրաքանչյուր ամիս, ամսվա օր եւ անգամ օրվա ժամերը ունեցել են իրենց անվանումները: Նոր տարվա սկիզբը համարվել է Նավասարդ ամսի 1-ը (օգոստոսի 11-ը): Ըստ Ղեւոնդ Ալիշանի Ք.ա. 2492թ. հենց այդ օրն է Հայկ նահապետը նետահարել Բելին: 
Հելլենիստական ժամանակաշրջանում բարձր զարգացման է հասել նաեւ ճարտարապետությունը եւ քանդակագործությունը: Կառուցվել են տասնյակ քաղաքներ, որոնց մասին հիացմունքով են խոսել անգամ օտարները: Սակայն դրանցից ամբողջական տեսքով գրեթե ոչինչ չի պահպանվել: Միակ երջանիկ բացառությունը Ք.ա. 3-րդ դարում կառուցված, 1-ին դարում վերակառուցված Գառնիի թագավորական ամրոցն է, որը կիսականգուն վիճակով հասել է մեզ: Հայկական հնագույն ճարտարապետության զարդերից է Տրդատ I-ի օրոք կառուցված Գառնիի հեթանոսական սյունազարդ տաճարը: Հետագայում Գառնիում կառուցվել է պալատական բաղնիքի շենքը: Այն իր 5 սենյակներով եւ բաժանմունքներով, տաքացման համակարգով հրաշալի կառույց է, որի հատակին կա նաեւ գունավոր խճանկար:
Հնագույն մշակույթի բնագավառներից էր ժողովրդական բանահյուսությունը, որից մեզ տեղեկություններ են հասել միջնադարյան մեր պատմիչների՝ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Գրիգոր Մագիստրոսի եւ այլոց շնորհիվ: Ժողովրդական բանահյուսությոան թեման եղել է պատմական իրական կյանքը, նախնիների հերոսական գործերը եւ այլն: Մեզ են հասել «Հայկ եւ Բել», «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ», «Տիգրան եւ Աժդահակ», Վահագնի եւ այլ հերոսների մասին առասպելներ կամ զրույցներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets