ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

04.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԸ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐՑԱԽԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ 1918-1921 ԹԹ.

Անդրկովկասի անկախ հանրապետությունների հռչակումից հետո Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց հայկական պատմական տարածքներ հանդիսացող Ղարաբաղի (Արցախ), Նախիջեւանի եւ Զանգեզուրի նկատմամբ: Եթե Բաթումի պայմանագրով կաշկանդված Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չուներ դրանք հայտարարել իր տարածքները եւ ձեռնպահ էր մնում բացահայտ ու ակտիվ միջամտությունից, ապա տեղի հայությունը իր ամբողջ ուժով ծառացավ Ադրբեջանի զավթողական ծրագրերի դեմ: 
1918թ. հուլիսի 22-26-ը Շուշիում գումարված Ղարաբաղի հայության առաջին համագումարը մերժեց Ադրբեջանին ենթարկվելու պահանջը, Լեռնային Ղարաբաղը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր եւ ընտրեց Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդ: Ղարաբաղի հայության համագումարները, որոնք ընդհանուր առմամբ գումարվեցին 10 անգամ՝ մինչեւ 1920թ. մայիսի վերջը, ներկայացնում էին տեղի հայության կամքը, քանի որ նրան մասնակցում էին մեկական պատգամավորներ յուրաքանչյուր բնակավայրից:
1918թ. օգոստոսին Բաքվի վրա արշավող թուրքական բանակի հրամանատարությունը Ղարաբաղից գրավոր պահանջեց ճանաչել Ադրբեջանի իշխանությունը: Սակայն, սեպտեմբերին գումարված Ղարաբաղի հայության 2-րդ եւ 3-րդ համագումարները մերժեցին այդ պահանջը: Հիշենք, որ այդ ժամանակ Բաքուն արդեն գրավվել էր թուրք-թաթարական ուժերի կողմից, որով Ղարաբաղի կացությունը էլ ավելի էր ծանրացել: Այն հայտնվել էր շրջափակման մեջ: Ղարաբաղի հայությունը ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության կազմակերպման եւ ստեղծեց 3.000-ի հասնող զինված ուժեր:
1918թ. նոյեմբերին ղարաբաղցիների խնդրանքով Անդրանիկը շարժվեց դեպի Շուշի: Սակայն անգլիացիների պահանջով, որոնք թուրքերի հեռանալուց հետո Անդրկովկասում ունեին մեծ կշիռ, նա վերադարձավ Զանգեզուր:
1919թ. օգոստոսի 12-ին Շոշ գյուղում հրավիրված ղարաբաղահայության 7-րդ համագումարը անգլիացիների պահանջով եւ Ադրբեջանի ռազմական սպառնալիքի ներքո որոշեց ժամանակավորապես՝ մինչեւ Փարիզի կոնֆերանսում հարցի վերջնական վճռումը, ընդունել Ադրբեջանի իշխանությունը: Սակայն դրանից հետո էլ չդադարեցին Ադրբեջանի ոտնձգությունները Ղարաբաղի նկատմամբ, չնայած այն բանին, որ 1919թ. նոյեմբերի 23-ին Թիֆլիսում Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել էին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագիր: Ավելին, 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի պարտությունը Զանգեզուրում նրան ստիպեց միառժամանակ ձեռնպահ մնալ Զանգեզուրի նվաճման պլանից, եւ նա իր ողջ ուժերն ուղղեց Ղարաբաղի վրա: Ղարաբաղի սահմանին կենտրոնացնելով իր բանակի մեծ մասը` 1919թ. դեկտեմբերի 25-ին Ադրբեջանը անցավ հարձակման Ղարաբաղի վրա, իսկ 1920թ. փետրվարի 19-ին Շուշիի Ազգային խորհրդից պահանջեց Ղարաբաղը հայտարարել Ադրբեջանի անբաժանելի մաս:
1920թ. փետրվարի 28-ից մարտի 5-ը Վարանդայի Շոշ գյուղում գումարված Ղարաբաղի հայության 8-րդ համագումարը մերժեց Ադրբեջանին ենթարկվելու պահանջը:
1920թ. մարտին Ադրբեջանը ղարաբաղցիներից պահանջեց զինաթափվել: Մարտի 22-ից ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման անցան Ղարաբաղի վրա՝ 300 կիլոմետրանոց ճակատով: Մարտի 23-ի գիշերը ղարաբաղահայությունը ընդհանուր ապստամբություն բարձրացրեց զավթիչների դեմ: Սակայն ուժերը խիստ անհավասար էին եւ ադրբեջանական զորքերը գրավեցին Շուշիի հայկական մասը, հրդեհեցին այն` կոտորելով մոտ 10 հազար հայ: Սահմանային շրջաններից ծանր կացություն էր ստեղծվել հատկապես Ասկերանում, որտեղ 1920թ. ապրիլի 3-ին ճեղքելով ճակատը թշնամին ուղղություն վերցրեց դեպի Շուշի: Կռվի ընթացքում Դալի Ղազարը կրակեց մինչեւ վերջին փամփուշտը, ապա գերի չընկնելու համար վերջ տվեց իր կյանքին:
Ղարաբաղի համար այդ ծայրահեղորեն բարդ եւ ճակատագրական պահին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց օգնության հասնել նրան: 1920թ. ապրիլի 13-ին Զանգեզուրից Ղարաբաղ մտավ մի կողմից Դրոն՝ հայկական բանակի զորամասով, որն իր ձեռքը վերցրեց իշխանությունը, մյուս կողմից՝ Նժդեհը՝ Զանգեզուրի ինքնապաշտպանական ուժերով: Նրանք ընդունվեցին մեծ ջերմությամբ: Կազմվեց Ղարաբաղի ժամանակավոր կառավարություն:
1920թ. ապրիլի 25-ին Թաղավարդ գյուղում գումարված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը չեղյալ համարեց 7-րդ համագումարի կողմից Ադրբեջանի կառավարության հետ կնքած ժամանակավոր համաձայնագիրը եւ հռչակեց Լեռնային Ղարաբաղի միացումը ՀՀ-ին, որպես նրա անբաժան մաս: Ղարաբաղի Ժամանակավոր կառավարությունը որոշեց պաշտոնապես ընդունել ՀՀ պետական խորհրդանիշները, դրամը, եւ ենթարկվել Զանգեզուրի նահանգապետությանը:
Սակայն շուտով ՀՀ եւ Ղարաբաղի գլխին կուտակվեցին նոր ամպեր՝ կապված 1920թ. ապրիլի 28-ին Ադրբեջանի խորհրդայնացման հետ: Խորհրդային Ադրբեջանը եւ նրան աջակցող Կարմիր բանակը նոր պահանջներ ներկայացրին ՀՀ-ին: Նրանք ՀՀ կառավարությունից պահանջեցին հայկական զորքերը, որոնք օգնության էին հասել Ղարաբաղի հայությանը, հանել նրա տարածքից՝ սպառնալով պատերազմով: Մայիսի 25-ին հայկական զորքերը հեռացան Ղարաբաղից: Հաջորդ օրը՝ մայիսի 26-ին հրավիրված Ղարաբաղի հայության 10-րդ համագումարը Լեռնային Ղարաբաղը հայտարարեց խորհրդային: Դրանով, փաստորեն, ակամայից, սկիզբ դրվեց Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու պրոցեսին:
1920թ. դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի Հեղկոմը մի կողմից Հայաստանի խորհրդայնացումը, մյուս կողմից՝ Զանգեզուրի գրավումը հեշտացնելու նպատակով հռչակեց դեկլարացիա Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջեւանը Խորհրդային Հայաստանի մաս ճանաչելու մասին: 
Սակայն հետագայում Ադրբեջանի ղեկավարները հետ կանգնեցին իրենց որոշումից եւ քաղաքական պայքար սկսեցին հայկական Ղարաբաղին տիրելու համար:
Քանի դեռ կար անկախ Զանգեզուրը` բոլշեւիկյան կողմը չէր խոսում Ղարաբաղը Ադրբեջանին միացնելու մասին: Ավելին, 1921թ. հունիսի 3-ին ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումը միաձայն որոշեց Հայաստանի դեկլարացիայում նշել, որ Լեռնային Ղարաբաղը պատկանում է Հայաստանին: Դա թելադրված էր Զանգեզուրը խորհրդայնացնելու ժամանակ հայերի բուռն հակազդեցությունը չառաջացնելու Կովկասյան բյուրոյի ձգտմամբ: Ինչեւէ, Խորհրդային Հայաստանի կառավարությունը, հենվելով Ադրբեջանի հեղկոմի դեկլարացիայի եւ երկկողմ համաձայնության վրա, հունիսի 12-ին հրապարակեց մի հռչակագիր, որով Լեռնային Ղարաբաղը հռչակվում էր Հայաստանի անբաժան մաս: Ա. Մռավյանը նշանակվեց Ղարաբաղի արտակարգ կոմիսար, որին Ղարաբաղում ընդունեցին մեծ ուրախությամբ:
1921թ. հունիսի վերջին, երբ Զանգեզուրը գրավվեց բոլշեւիկների կողմից, փոխվեց վերաբերմունքը Ղարաբաղի հարցում: 1921թ. հունիսի 27-ին Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ քաղբյուրոն եւ կառավարությունը միացյալ նիստում որոշեցին Ղարաբաղը խլել Հայաստանից` վկայակոչելով տնտեսական գործոնը: 
1921թ. հուլիսի 2-7-ը Թիֆլիսում գումարվեց Կովկասյան բյուրոյի նիստ, որի նպատակն էր լուծել Անդրկովկասի երեք հանրապետությունների միջեւ առկա տարածքային վեճերը: Լոռիի, Ախալքալաքի, Զաքաթալայի, Զանգեզուրի հետ քննվեց նաեւ Ղարաբաղի հարցը: Հուլիսի 4-ի նիստում, որին մասնակցում էին նաեւ Օրջոնիկիձեն, Կիրովը, Ալ. Մյասնիկյանը, Նարիմանովը, որոշվեց Լեռնային Ղարաբաղը մտցնել ՀԽՍՀ մեջ: Սակայն, Նարիմանովը, Ա. Միկոյանը եւ այլոք բողոքեցին դրա դեմ: 1921թ. հուլիսի 5-ին հավանաբար Ստալինի միջամտությամբ ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոն որոշում ընդունեց Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում՝ ինքնավար մարզի կարգավիճակով: Դա պատճառաբանվում էր Ադրբեջանի հետ Ղարաբաղի տնտեսական կապերով, ինչպես նաեւ հայերի եւ մահմեդականների միջեւ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությամբ:
1921թ. հուլիսի 16-ի նիստում ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոն այդ որոշումը համարեց սխալ: Ղարաբաղցիները բուռն ձեւով բողոքեցին դրա դեմ, սակայն որոշ ժամանակ անց տարբեր ճնշումների տակ ստիպված էին տեղի տալ: 
1923թ. հուլիսի 7-ին Լեռնային Ղարաբաղից անջատվեց նրա դաշտային մասը եւ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ): 1923-1930թթ. ԼՂԻՄ-ից անջատվեցին մի շարք հայաշատ շրջաններ եւ միացվեցին արհեստականորեն ստեղծված Ադրբեջանի Շամխորի, Խանլարի, Դաշքեսանի եւ Շահումյանի շրջաններին: Ավելին` Շահումյանի շրջանից անջատեցին Գետաշենի հայկական ենթաշրջանը եւ նրա փոխարեն Շահումյանի շրջանին միացրին 4 ադրբեջանական գյուղեր: ԼՂԻՄ-ը Հայաստանից անջատելու նպատակով Ադրբեջանը 1923թ. ստեղծեց «Կարմիր Քուրդիստանի հանրապետությունը», որն իր սեւ գործը կատարելուց հետո 1929թ. վերացվեց: Նրա փոխարեն կազմավորվեցին Քելբաջարի (Քարվաճառ) եւ Լաչինի շրջանները: 
1921թ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 94,5%-ը հայեր էին (131.500), մնացյալը՝ այլ ազգեր, այդ թվում եւ ադրբեջանցիներ: Հետագա տասնամյակներում Ադրբեջանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ վարում էին ազգային-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ճնշման հետեւողական քաղաքականություն: Դրա հետեւանքով երկրամասի ազգագրական կազմը նկատելիորեն աղճատվեց: Եթե բնական աճի հետեւանքով 1989թ. Լեռնային Ղարաբաղի հայության թվաքանակը պետք է կազմեր մոտ 700.000, իսկ ադրբեջանցիներինը՝ 33.000, ապա փաստական պատկերն այլ էր. Լեռնային Ղարաբաղում ապրող 188.000 բնակչությունից հայեր էին 80%-ը՝ մոտ 150.000, մնացած 20%-ը՝ մոտ 38.000, ադրբեջանցիներ եւ այլն:
Զանգեզուրի նկատմամբ եւս Ադրբեջանը հավակնություններ ներկայացրեց: Երկրամասին տիրանալու նպատակով Ադրբեջանը սկսեց պատերազմական գործողություններ, սակայն հանդիպեց կազմակերպված դիմադրության: 1918թ. հուլիսից տեղի հայության ինքնապաշտպանությունը գլխավորում էր զորավար Անդրանիկը, իսկ 1919թ. մարտից երկրամասի ընդհանուր զինվորական հրամանատար, կոմիսար նշանակված փոխգնդապետ Արսեն Շահմազյանը:
Այդ ժամանակաշրջանում Ադրբեջանին հովանավորում էին անգլիացիները: Մասնավորապես, 1919թ. մայիսի 2-ին Շուշիից Գորիս ժամանած անգլիական առաքելության պետ, մայոր Մակ Մեյզնը զանգեզուրցիներից պահանջեց ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, սակայն գրավոր մերժում ստացավ: Ադրբեջանը որոշեց զենքի միջոցով հնազանդեցնել Զանգեզուրը: 1919թ. նոյեմբերի 1-ին ադրբեջանական զորքերը լայնածավալ հարձակման անցան Զանգեզուրի վրա: Մեծ դժվարությամբ կասեցնելով թշնամու առաջխաղացումը` նոյեմբերի 4-ին Զանգեզուրի հայկական ուժերը Արսեն Շահմազյանի գլխավորությամբ անցան հակագրոհի եւ ջախջախիչ հարված հասցրին ադրբեջանական զորքերին: Ադրբեջանական բանակի այս ջախջախիչ պարտությունը ունեցավ մեծ նշանակություն հայերի համար: Ընդհուպ մինչեւ 1920թ. հունիս ադրբեջանական բանակն այլեւս չհամարձակվեց հարձակումներ կատարել Զանգեզուրի վրա: 
Այս կապակցությամբ ցանկանում ենք ներկայացնել մի հուզիչ պատմություն: Գյուղերի հաջող պաշտպանության համար անհրաժեշտ էր մի քանի ժամ հետաձգել թշնամու առաջացումը Զաբուղից դեպի Տեղ գյուղ: Դրա համար պետք էր փակել Տեղ գյուղ ձգվող խճուղին եւ թշնամուն գամել գյուղ բերող վերելքի վրա: Գյուղի կենտրոնում հավաքված շուրջ 200 երիտասարդներին սպաներից մեկը նշում է, որ այդ խնդիրը զոհեր է պահանջում, թանկագին զոհեր, 3-4 հոգի եւ ավելացնում. «Ով հանձն է առնելու կատարել իմ այս խնդրանքը, պետք է քաջ գիտակցի, որ զրկվում է ամենաթանկ բանից՝ կյանքից»: Նա առաջարկում է շարքից դուրս գալ նրանց, ովքեր կամենում են նահատակվել հանուն հայրենիքի: Անշուշտ, կարելի էր սպասել, որ նվազագույնը մի քանի հայ երիտասարդներ կարձագանքեին այդ դիմումին: Սակայն, ի զարմանք, բայց ավելի շատ ի հպարտություն հայ երիտասարդների՝ սպան չէր հասցրել իր խոսքը ավարտել, երբ ամբողջ շարքը առաջացավ: Սպան հուզվեց եւ չկարողացավ արցունքները պահել: Նա մի կերպ շնորհակալություն հայտնեց՝ ավելացնելով, որ «Հայրենիքը չի մոռանա իր նվիրյալ որդիներին»: Նրանցից ընտրվեցին երեքը, որոնք մի զինվորի հետ շարժվեցին դեպի Զաբուղից եկող խճուղի եւ ամրացան ձորի վրա թեքված «Ցից քարի» մոտ: Նոյեմբերի 2-ի վաղ առավոտյան այստեղ էլ փոքրիկ խումբը ճակատամարտի մեջ մտավ Զաբուղից առաջացող թշնամու հետ: Հայ քաջորդիները չորս ժամ թշնամուն գամեցին բլրալանջերին, պատճառեցին հսկայական կորուստներ եւ իրենք էլ հերոսաբար զոհվեցին: Դա հայկական ուժերին թույլ տվեց նոր դիրքեր կառուցել: Չգիտենք, հայրենիքը ի դեմս ժամանակի պետական գործիչների եւ կառույցների մոռացավ թե՞ չմոռացավ նրանց եւ նրանց ընտանիքներին, սակայն պարտավոր էր չմոռանալ:
1919թ. հոկտեմբերից երկրամասի պաշտպանությունը գլխավորեց ՀՀ կառավարության կողմից այստեղ ուղարկված Գարեգին Նժդեհը: Նոյեմբերի կեսերին հետ մղելով թշնամու հերթական ոտնձգությունը` Նժդեհի գլխավորությամբ հայկական ուժերը թշնամուց ազատագրեցին 70-ից ավելի գյուղեր:
Զանգեզուրի նկատմամբ ոտնձգությունները նոր թափ ստացան Ադրբեջանի խորհրդայնացումից հետո: 1920թ. հուլիսի 4-ին 11-րդ Կարմիր բանակի զորամասերը Ադրբեջանի զորամասերի հետ ներխուժեցին երկրամաս եւ գրավեցին այն: Զանգեզուրցիները հիմնականում չդիմադրեցին թշնամուն` հուսալով, որ խորհրդայնացումից հետո իրենց դրությունը կլավանա: Նժդեհի նախազգուշացումները իրենց գլխին գալիք չարիքի մասին մնացին անլսելի եւ նա իր փոքրիկ ջոկատով բարձրանալով Խուստուփ լեռ` միայնակ շարունակեց պայքարը թշնամու դեմ: Նժդեհը բազմիցս օգնություն խնդրեց ՀՀ կառավարությունից, որը, սակայն, չէր կարող բացահայտ եւ էական օգնություն ցուցաբերել: 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքված ռուս-հայկական համաձայնագրում ՀՀ-ն նույնիսկ ստիպված էր համաձայնել, որ Զանգեզուրը հայկական այլ շրջանների հետ ժամանակավորապես զբաղեցվի խորհրդային ուժերի կողմից, որոնք տվյալ պահին արդեն գրավել էին նրա մեծ մասը: 
1920թ. նոյեմբերին այլեւս չկարողանալով հանդուրժել խորհրդա-ադրբեջանական ելուզակների բռնությունները զանգեզուրցիները ոտքի կանգնեցին եւ արյունահեղ կռիվների արդյունքում նրանց քշեցին երկրամասից: 
ՀՀ խորհրդայնացումից շատ չանցած՝ 1920թ. դեկտեմբերի 25-27-ին Տաթեւի վանքում գումարված համազանգեզուրյան առաջին համագումարը, թշնամիների դեմ պայքարը հաջողությամբ շարունակելու մտադրությամբ, որոշում ընդունեց Զանգեզուրը հռչակել Ինքնավար Սյունիք: Այն ընտրեց երկրամասի ժամանակավոր կառավարություն: Նժդեհը հռչակվեց Սյունիքի սպարապետ:
1921թ. փետրվարյան ապստամբության ճնշումից հետո ստեղծված նոր իրադրությունը զանգեզուրցիներին թելադրեց գումարել նոր համագումար: Ապրիլի 27-ին Տաթեւի վանքում գումարված համազանգեզուրյան 2-րդ համագումարը երկրամասը հայտարարեց Լեռնահայաստան: Նժդեհը ընտրվեց վարչապետ: 1921թ. հունիսի 1-ին Լեռնահայաստանը հռչակվեց Հայաստան: Ստեղծվեց նոր կառավարություն ՀՀ վերջին վարչապետ Ս. Վրացյանի գլխավորությամբ:
Մինչեւ հուլիս Նժդեհի գլխավորությամբ զանգեզուրցիները հաջողությամբ հետ մղեցին խորհրդա-ադրբեջանական զորքերի հարձակումները, երբեմն նույնիսկ դիմելով հակահարձակումների: 1921թ. հուլիսի 9-ին Նժդեհը հեռացավ Պարսկաստան` խոստանալով վերադառնալ, եթե երկրամասը փորձեն միացնել Ադրբեջանին:
Երկամյա կռիվների ընթացքում զանգեզուրցիները հակառակորդին պատճառեցին ծանր կորուստներ՝ 15 հազար սպանված, 7000 գերի եւ այլն: Թաթարներից ազատագրվեցին եւ հայերին վերադարձվեցին 200-ից ավելի գյուղեր:
Այսպիսով, Գարեգին Նժդեհի գլխավորությամբ զանգեզուրցիների մղած հերոսական պայքարը մեծ չափով նպաստեց, որ Զանգեզուրը մնա Հայաստանի կազմում:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets