ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

12.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԶ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՈՒՄԸ

1985թ. հռչակված «վերակառուցման» քաղաքականությունը եւ կիսատ-պռատ բարեփոխումներն ավելի խորացրին ԽՍՀՄ-ում տիրող սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամը: Օգտվելով կենտրոնական իշխանության թուլացումից` ԽՍՀՄ կազմի մեջ մտնող ազգային հանրապետություններն աստիճանաբար բռնեցին անկախացման ուղի: Հայաստանում այդ գործընթացը սկսվեց ղարաբաղյան շարժման հիմքի վրա, 1989թ. կեսերից:
Այսպիսի իրավիճակում, 1990թ. մայիսի 20-ին տեղի ունեցան ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններ, որում հիմնական տեղերը գրեթե հավասարապես զբաղեցրին ՀՀՇ-ն եւ ՀԿԿ-ն (Հայաստանի կոմունիստական կուսակցություն): Օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Դրանով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը, իսկ Ղարաբաղի հարցը թեւակոխեց նոր փուլ: Այն Հայաստանի անկախության գործընթացի սկիզբն ավետող առաջին իրավական փաստաթուղթն էր, որը նախանշեց նրա քաղաքական, տնտեսական եւ մշակութային զարգացման ուղիները: Նկատենք, որ թեեւ դեռեւս Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր եւ չուներ իրական անկախություն, սակայն այս ժամանակ դրվեցին Երրորդ հանրապետության հիմքերը:
Այդ փաստաթղթով ՀԽՍՀ-ն վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի ժողովրդի անունից հանդես գալու բացառիկ իրավունքը վերապահվեց ՀՀ Գերագույն խորհրդին: Ընդունվեցին նոր պետականության խորհրդանիշները՝ դրոշը եւ զինանշանը, որոնք առաջին հանրապետության խորհրդանիշներն էին: Հռչակվեց հանրապետության օրենքների գերակայությունը ԽՍՀՄ օրենքների նկատմամբ: Եթե ԽՍՀՄ տվյալ օրենքը հաստատված չէր Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետությունում: Հռչակագիրն արտոնում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, կուսակցությունների, ժողովների, մամուլի ազատություն: Վերականգնվում էին Հայ Առաքելական Եկեղեցու իրավունքները: Հռչակագրում հատուկ կետ մտցվեց հայոց ցեղասպանության մասին, թեեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ էր դրան: Հռչակագրի պատմական նշանակությունը կայանում է նաեւ նրանում, որ այն հիմք հանդիսացավ ազգային օրենսդրության եւ ՀՀ նոր սահմանադրության համար:
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում անցկացվեց հանրաքվե ԽՍՀՄ կազմից դուրս գալու եւ անկախանալու հարցով: Բնակչության ճնշող մեծամասնությունը, այսինքն՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39%-ը), «այո» ասաց անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն:
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական ընտրություններ: Ձայների ճնշող մեծամասնությամբ ՀՀ առաջին նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:
1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում Ռուսաստանի, ՈՒկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր` որպես միջազգային սուբյեկտ եւ աշխարհաքաղաքական իրողություն ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին: Միաժամանակ ազդարարվեց միջազգային նոր սուբյեկտի՝ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին: 
1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում նախկին խորհրդային 11 հանրապետություններ՝ Ռուսաստանը, ՈՒկրաինան, Բելառուսը, Ղազախստանը, ՈՒզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Մոլդովան, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրեցին ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիր: Դրանով ավարտվեց ԽՍՀՄ փլուզման գործընթացը: ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Մ. Գորբաչովը ստիպված հրաժարական տվեց: Հայաստանը դարձավ անկախ պետություն:
1991թ. վերջերից Հայաստանի Հանրապետությունը սկսեց միջազգային ճանաչում գտնել: 1991թ. դեկտեմբերին ՀՀ-ն ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան եւ այլ պետություններ: 1991թ. դեկտեմբերին ՀՀ անկախությունը ճանաչեց նաեւ Թուրքիան, որը, սակայն, հրաժարվեց հաստատել դիվանագիտական հարաբերություններ՝ դրա համար առաջադրելով մի շարք անընդունելի նախապայմաններ: 1992թ. մարտի 2-ին Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, այնուհետեւ անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets