ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

17.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՁԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ 9-14-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

9-14-րդ դարերում հայկական մշակույթը հասավ զարգացման բարձր աստիճանի, որը նախեւառաջ պայմանավորված էր հայկական պետականության վերականգնմամբ: Հայ թագավորների եւ իշխանների հոգատարությունը, քաղաքական կյանքի վերածնունդը, հարեւան երկրների հետ բազմապիսի շփումների աշխուժացումը լուրջ խթան հանդիսացան մշակութային վերելքի համար: 
Առանձնակի աշխուժացում ապրեց կրթական կյանքը: Գործում էին տարրական եւ բարձր տիպի դպրոցներ: Տարրական դպրոցները գործում էին պետության եւ եկեղեցու միջոցներով եւ տալիս էին նախնական կրթություն: Կային նաեւ վճարովի մասնավոր դպրոցներ: Տարրական դպրոցներում սովորեցնում էին տառաճանաչություն, ընթերցանություն, թվաբանություն, երգեցողություն: Տարրական դպրոցից հետո հետագա կրթությունը շարունակվում էր վարդապետարաններում, որոնց հիմնումը նոր երեւույթ էր հայ իրականության մեջ: Վարդապետարանները այդ ժամանակի բարձրագույն դպրոցներն են եղել: Վարդապետարան ավարտողները ստանում էին վարդապետի աստիճան, որը նրանց ուսուցչությամբ զբաղվելու իրավունք էր տալիս: Վարդապետարաններից հայտնի էին Անիի, Գլաձորի, Տաթեւի համալսարանները: Անիի համալսարանը իր ծաղկման շրջանն ապրել է 11-12-րդ դարերում` Հովհաննես Իմաստասերի ուսուցչապետության օրոք: Գլաձորի համալսարանը հիմնադրվել է 13-րդ դարի վերջին` Ներսես Մշեցու կողմից: Համալսարանը վայելել է Պռոշյան եւ Օրբելյան իշխանների հովանավորությունը: Գլաձորի համալսարանի համբավավոր ուսուցչապետերից էր նաեւ Եսայի Նչեցին: Տաթեւի համալսարանը, որը սկսել է գործել Գլաձորի համալսարանի փակվելուց հետո, նույնպես ժամանակի հայտնի կրթական կենտրոններից էր: Այստեղ դասավանդել են նշանավոր գիտնականներ Հովհան Որոտնեցին եւ Գրիգոր Տաթեւացին: Միջնադարյան Հայաստանի համալսարաններում սովորում էին հարյուրավոր երիտասարդներ: 
Պետականության պայմաններում Հայաստանում զարգանում էր նաեւ գիտությունը` պատմագրությունը, փիլիսոփայությունը, իրավագիտությունը, բնական գիտությունները: 
«Հայոց պատմությունների» շարքը շարունակեց կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին, որի աշխատությունը ներառում է Հայաստանի պատմությունը հնագույն ժամանակներից մինչեւ 924թ.: Այս շրջանում տարածված էր առանձին հայկական թագավորությունների եւ նշանավոր տոհմերի պատմության շարադրումը: Այսպես` Թովմա Արծրունին գրեց «Պատմություն Արծրունյաց տան», աշխատությունը, Ստեփանոս Օրբելյանը` «Սիսական նահանգի պատմությունը», իսկ Սմբատ Գունդստաբլը` Կիլիկյան Հայաստանի արքայատոհմերից երկուսի` Ռուբինյանների եւ Հեթումյանների ժամանակաշրջանին վերաբերվող «Տարեգիրքը»: Որոշ հայ պատմիչներ էլ գրի են առել հարեւան երկրների պատմությունը: Նման աշխատությունները կոչվում էին «Տիեզերական պատմություն»: Միջնադարյան հայ պատմիչներից տիեզերական պատմություններ են գրել Ստեփանոս Տարոնեցին, Վարդան Արեւելցին:
Նշված ժամանակաշրջանում վերելք է ապրում նաեւ հայ փիլիսոփայական միտքը, որի ներկայացուցիչներն էին Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, Հովհաննես Իմաստասերը, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթեւացին:
Աննախադեպ էր հայ իրավագիտության զարգացումը: 12-րդ դարի սկզբին կենցաղային հարցեր կարգավորող կանոնագիրք գրեց Դավիթ Գանձակեցին: 12-րդ դարի վերջին Մխիթար Գոշը գրեց «Գիրք դատաստանի» նշանավոր աշխատությունը, որը երկար ժամանակ օգտագործվել է որպես օրենսգիրք եւ դեռեւս միջնադարում թարգմանվել է տարբեր լեզուներով: 13-րդ դարում Սմբատ Գունդստաբլի գրած Դատաստանագիրքը հարմարեցված էր Կիլիկյան Հայաստանի պայմաններին:
9-14-րդ դարերում Հայաստանում զարգանում էին նաեւ բնական գիտությունները` թվաբանությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը, բժշկագիտությունը: Առանձնապես հիշատակության է արժանի 12-րդ դարի հռչակավոր բժիշկ Մխիթար Հերացին, որն իր գործունեությունը ծավալել է Կիլիկիայում: Մ. Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատությունը գրված է ժողովրդին հասկանալի լեզվով եւ չափազանց օգտակար է:
Մեծ զարգացում ապրեց նաեւ հայ ժողովրդական բանահյուսությունը, գեղարվեստական գրականությունը, առակագրությունը: Բանահյուսության մեջ հարստացվեցին ժողովրդի կողմից ստեղծվող երգերը, հարսանեկան, սիրային խաղիկները: Լրացվեց «Սասունցի Դավիթ» ժողովրդական էպոսը: 
Ժամանակաշրջանի հայ գրականության ամենավառ դեմքը համարվում է Գրիգոր Նարեկացին, որի «Մատյան ողբերգության» պոեմը գրված է բանաստեղծական բարձր ճաշակով ու ճոխ լեզվով: Նարեկացու այս աշխատությունը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Նարեկ» անունով: Այն թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով եւ մեծ հռչակ է վայելում:
Իրենց գրական ստեղծագործություններում հայ ժողովրդի վիճակն են ներկայացրել Ներսես Շնորհալին եւ Ֆրիկը: Ներսես Շնորհալին գրել է նաեւ հանելուկներ: 12-13-րդ դարերում որպես գեղարվեստական գրականության առանձին ճյուղ Հայաստանում զարգանում է առակագրությունը, որի կարկառուն ներկայացուցիչներն էին Մխիթար Գոշը եւ Վարդան Այգեկցին:
Բուռն վերելք ապրեց հայ ճարտարապետությունը: Առաջ եկան վանական համալիրները, որոնք իրենց մեջ ընդգրկում էին եկեղեցիներ, մատուռներ եւ օժանդակ շենքեր: Նշանավոր է Այրիվանքի (Գեղարդավանքի) վանական համալիրը` ժայռափոր եկեղեցիներով: Մանուել ճարտարապետը Աղթամար կղզում 10-րդ դ. առաջին քառորդում կառուցում է Սուրբ Խաչ եկեղեցին: Եկեղեցու պատերը դրսից զարդարված են գեղեցիկ քանդակներով, իսկ ներսից` որմնանկարներով: Դարաշրջանի հայ ճարտարապետության փայլատակման իսկական արգասիք էր Անին: Անիի ամենանշանավոր կառույցը Մայր տաճարն էր (10-րդ դ. վերջ), որի ճարտարապետը Տրդատն էր:
Հայ մշակույթի մեջ նոր երեւույթ էին խաչքարերը: Խաչքարային արվեստը անընդհատ կատարելագործվել է: Խաչքարն ընդհանրապես հայ մշակույթի յուրահատկության եւ կատարելության դրսեւորումներից մեկն է համարվում: Միջնադարում խաչքար կերտող վարպետներից նշանավոր է ճարտարապետ, քանդակագործ եւ մանրանկարիչ Մոմիկը: 
Հայ միջնադարյան ճարտարապետության բաղկացուցիչ մասն էին կազմում քանդակագործությունը եւ որմնանկարչությունը, որոնք նույնպես բուռն վերելք ապրեցին:
Զարգացման բարձր մակարդակի հասավ մանրանկարչությունը: Հայ մանրանկարիչները գեղեցիկ նկարներով զարդարում էին մատյանների առաջին էջերը, լուսանցքները եւ կարեւոր հատվածները: Մանրանկարչությունն առանձնապես բուռն վերելք ապրեց Կիլիկիայում: Կիլիկյան Հայաստանի մանրանկարչության ամենակարկառուն ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն էր:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets