ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

11.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԵ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ: ԼՂՀ ՀՌՉԱԿՈՒՄԸ

1985թ. ԽՍՀՄ-ում հռչակված «վերակառուցման» եւ դեմոկրատացման կուրսը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայության կողմից ընկալվեց Հայաստանի հետ վերամիավորվելու իրական հնարավորություն: 1988թ. փետրվարի 14-ից Լեռնային Ղարաբաղում սկսվեցին համաժողովրդական հուժկու հանրահավաքներ՝ Հայաստանի հետ վերամիավորվելու նշանաբանով: 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց խնդրել Ադրբեջանի, Հայաստանի եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդներին, որպեսզի ԼՂԻՄ-ը միացվի Հայաստանին: Այդ արդարացի որոշումը թշնամաբար ընդունվեց թե՛ Ադրբեջանի եւ թե՛ Մոսկվայի կողմից: Այս որոշումն էլ սկիզբ դրեց հայ ազգային-ազատագրական պայքարի հերթական փուլին՝ ղարաբաղյան շարժմանը, որին վիճակված էր անցնել ծանր ու երկարատեւ ճանապարհ: 1988թ. փետրվարի 21-ից ամբողջ Հայաստանում ծավալվեցին 100.000-ոց հանրահավաքներ, որոնցում ժողովուրդն իր զորակցությունն էր հայտնում արցախահայությանը: Շարժման ղեկավարությունն իր վրա վերցրեց «Ղարաբաղ» կոմիտեն: Հայաստանի իշխանությունները ցուցաբերեցին անտարբերություն ժողովրդի ձգտումների նկատմամբ, չփորձեցին որեւէ կերպ ազդել իրադարձությունների զարգացման վրա եւ կարճ ժամանակ անց հեղինակազրկվեցին:
ԽՍՀՄ-ի եւ Ադրբեջանի ղեկավարություններն առաջին իսկ օրերից ձեռնամուխ եղան ղարաբաղյան շարժման ճնշմանը: 1988թ. փետրվարի 22-ին Մոսկվայի գիտությամբ Աղդամից 10.000-ոց ադրբեջանական ամբոխը շարժվեց Ղարաբաղի Ասկերանի շրջանի հայկական գյուղերի վրա: Սակայն, տեսնելով հայ աշխարհազորայինների ամուր շարքերը, ստիպված հեռացավ: 1988թ. փետրվարի 27-29-ին ադրբեջանական իշխանությունները Սումգայիթ քաղաքում կազմակերպեցին հայ բնակչության ջարդ: 
Հետզհետե խորանում էր հակահայկական քաղաքականությունը Ադրբեջանում, հայերին սպանում, թալանում էին ամբողջ Ադրբեջանում: Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանում սկսվեց հայերի բռնի արտաքսում: Մինչեւ 1988թ. վերջը Ադրբեջանից արտաքսվեց մոտ 200.000 հայ: Միաժամանակ Ադրբեջանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ եւ օգնությամբ իրականացրին այստեղ բնակվող ադրբեջանցիների կազմակերպված հեռացումը: Նրանց ոչ միայն թույլ տրվեց վաճառել իրենց տները, այլեւ հատկացվեցին փոխադրամիջոցներ Ադրբեջան հասնելու համար: Ղարաբաղյան շարժմանը ծանր հարված հասցրեց 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժը:
Ազատագրական շարժման ուժերը միավորելու նպատակով 1989թ. նոյեմբերին ստեղծվեց Հայոց համազգային շարժում կազմակերպությունը, որի Վարչության նախագահ ընտրվեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: 
1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը, հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա եւ արձագանքելով հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը, ընդունեցին որոշում Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում էին Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները:
1990թ. հունվարին Ադրբեջանի ժողովրդական ճակատը Բաքվում կազմակերպեց հայկական նոր ջարդ: ԽՍՀՄ իշխանությունները միջամտեցին միայն այն ժամանակ, երբ Ժողովրդական ճակատը անցավ խորհրդային կարգերի տապալմանը: Դրանից հետո 100.000-ավոր հայեր, մի կերպ ազատվելով բռնություններից, հեռացան Ադրբեջանից:
Օգտվելով շրջափակված Արցախի եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր կացությունից` Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ աջակցությամբ 1990թ. սկսեց ռազմական հարձակում Հայաստանի սահմանային շրջանների վրա: Հայ աշխարհազորայինները թշնամուն հասցրին ծանր հարվածներ: 1991թ. ապրիլի վերջին խորհրդային զորքերի օգնությամբ բռնի տեղահանվեցին Խանլարի շրջանի Գետաշեն եւ մյուս հայկական գյուղերը: 
1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի ժողպատգամավորների միացյալ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, որպես անկախ պետություն: ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը:
1991թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, եւ ձայների բացարձակ մեծամասնությամբ բնակչությունը կողմ արտահայտվեց ԼՂՀ անկախությանը:
Ադրբեջանական ուժերի հարձակումը նոր թափով վերսկսվեց 1991թ. վերջից: Հայաստանի սահմանին եւ Արցախի ներսում ստեղծված ռազմական հենակետերից, ինչպես նաեւ օդուժի միջոցով հրթիռակոծվում էին Հայաստանի եւ հատկապես Արցախի բնակավայրերը:
Ադրբեջանական ռազմական հենակետերի ոչնչացումը դարձել էր առաջնահերթ խնդիր: Հայ ազատամարտիկները 1992թ. փետրվարին ուժգին հարձակմամբ ազատագրեցին Խոջալուն, որը թշնամու կարեւոր հենակետերից էր: Արցախյան պատերազմի առանցքային իրադարձություններից է Շուշիի ազատագրումը: Այնտեղից երկու տարի թշնամին հրետակոծում եւ գնդակոծում էր Ստեփանակերտը, փակում այնտեղ տանող ճանապարհը: Հայկական ուժերը Կոմանդոսի՝ գնդապետ Արկադի Տեր-Թադեւոսյանի գլխավորությամբ 1992թ. մայիսի 9-ին ազատագրեցին Շուշին, որը արմատական բեկում էր արցախյան պատերազմում: Ապա ազատագրվեց Լաչինը եւ Հայաստանի հետ ճանապարհը բացվեց, վերացվեց Արցախի շրջափակումը: Հայաստան-Ղարաբաղ ցամաքային կապի ապահովումը արմատական ազդեցություն ունեցավ ղարաբաղյան ազատագրական պատերազմի հետագա ընթացքի վրա, հիմք հանդիսացավ հետագա տարածքային ձեռքբերումների համար: Շուշիի եւ Լաչինի ազատագրումը մեծ ոգեւորություն առաջացրեց հայ ժողովրդի շրջանում, բարձրացրեց հայկական զինված ուժերի մարտական ոգին: 
Հայկական ուժերի այդ մեծագույն հաղթանակներին միառժամանակ հաջորդեցին ցավալի պարտությունները: 1992թ. հունիսին անցնելով հարձակման ադրբեջանական զորքերը գրավեցին Շահումյանի շրջանը եւ Մարտակերտի շրջանի մեծ մասը: Դրա գլխավոր պատճառներից մեկը ներքաղաքական հակասությունների սրումն էր ԼՂՀ-ում, ինչպես նաեւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի ղեկավարությունների միջեւ: Վերակազմակերպվելով` 1993թ. գարնանը հայկական ուժերն անցան լայնածավալ հակահարձակման եւ ազատագրեցին Մարտակերտի շրջանի մեծ մասը, Աղդամի, Քելբաջարի (Քարվաճառ), Ֆիզուլու, Կուբաթլուի, Ջաբրաիլի եւ Զանգելանի շրջանները:
1993թ. դեկտեմբերին ղարաբաղյան ռազմաճակատի ողջ երկարությամբ թշնամին դարձյալ անցավ հարձակման: Ադրբեջանական բանակը զինված էր թուրքական, ամերիկյան եւ այլ երկրների նորագույն տեխնիկայով, ռուսական բանակից ձեռք բերված տանկերով: Ադրբեջանական բանակին օգնում էին թուրքական ռազմական մասնագետներ, հազարավոր աֆղան մոջահեդներ եւ այլ երկրների վարձկաններ: Թեեւ թշնամու ուժերը մի քանի անգամ գերազանցում էին՝ հայկական ուժերը ջախջախիչ հարված հասցրին նրան եւ ստիպեցին հրաժարվել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտքից: Միայն մեկ ամսվա ընթացքում ոչնչացվեց ավելի քան 4.000 թշնամական զինվոր: 
1994թ. մայիսի 12-ին Ռուսաստանի միջնորդությամբ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ կնքվեց զինադադար: Այսպիսով` մոտ վեց տարի տեւած պայքարն ավարտվեց հայ ժողովրդի փառավոր հաղթանակով: Արցախյան պատերազմը ցույց տվեց, որ մեր ժողովուրդը կարող է հաղթել նույնիսկ թվապես մի քանի անգամ գերազանցող թշնամուն, եթե լինի միասնական եւ հույսը դնի իր բազկի վրա: 
Միայն ժամանակի հարց է Ադրբեջանին մնացած Շահումյանի, Նախիջեւանի եւ հայկական այլ տարածքների վերադարձը մայր հայրենիքին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets