ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

05.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԹ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԸ 1921-1923 ԹԹ.

1920թ. սկսված խորհրդա-թուրքական հարաբերություններն իրենց զարգացումը ստացան 1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում գումարված կոնֆերանսում: 
Կոնֆերանսը նախապես ծրագրվում էր անցկացնել քառակողմ` նաեւ Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ նպատակով Մոսկվա էր մեկնել հայկական պատվիրակություն` ՀԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ: Հայկական կողմը պատրաստվում էր պահանջել վերականգնելու մինչեւ 1920թ. հայ-թուրքական պատերազմը եղած սահմանագիծը եւ վերադարձնել Կարսի ու Սուրմալուի գավառները: 
Սակայն թուրքական կողմը կտրականապես դեմ արտահայտվեց կոնֆերանսին հայկական պատվիրակության մասնակցությանը: Դրա հետեւանքով կոնֆերանսը վերածվեց ռուս-թուրքական բանակցությունների: Այնտեղ ոտնահարվեցին հայ ժողովրդի շահերը:
1921թ. մարտի 16-ին Մոսկվայում կնքվեց ռուս-թուրքական «բարեկամության եւ եղբայրության» պայմանագիր: Այն բաղկացած էր 16 հոդվածներից եւ հավելվածներից: Կողմերը համաձայնվում էին չճանաչել որեւէ հաշտության պայմանագիր կամ միջազգային ակտ, որը կողմերին ուժով կպարտադրվեր: Ռուսաստանը համաձայնվում էր չճանաչել Թուրքիային վերաբերող եւ նրա Ազգային մեծ ժողովի կառավարության կողմից չճանաչված որեւէ միջազգային ակտ: Անշուշտ, խոսքը գնում էր առաջին հերթին Սեւրի պայմանագրի մասին: Պայմանագրով որոշվում էր Թուրքիայի հյուսիս-արեւելյան սահմանը, որը Հայաստանի հարեւանությամբ անցնելու էր Ախուրյան եւ Արաքս գետերով: Թուրքիային էր զիջվում Կարսի մարզը, ինչպես նաեւ երբեւէ նրա կազմում չգտնված Սուրմալուի գավառը: Պայմանագրի 3-րդ հոդվածով, որպես ինքնավար տարածք, երրորդ կողմին, այսինքն Հայաստանին, չզիջելու պայմանով, Ադրբեջանին էր հանձնվում Նախիջեւանը: Ռուսաստանը պարտավորվում էր Անդրկովկասյան հանրապետությունների նկատմամբ ձեռնարկել քայլեր, որպեսզի նրանք ճանաչեին այդ պայմանագրում առկա իրենց վերաբերող հոդվածները:
Ալ. Բեկզադյանի գլխավորած Խորհրդային Հայաստանի պատվիրակությունը, որին չէր թույլատրվել մասնակցել կոնֆերանսի աշխատանքներին, բողոք ներկայացրեց Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը` հակահայկական պայմանագիր ստորագրելու առթիվ, սակայն բողոքը հաշվի չառնվեց:
1921թ. սեպտեմբերի 26-ին, Կարսում, Ռուսաստանի մասնակցությամբ՝ մի կողմից Թուրքիայի, մյուս կողմից՝ Խորհրդային Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ սկսվեցին բանակցություններ` սահմանային հարցերը կարգավորելու համար: Կարսի կոնֆերանսով Ռուսաստանը եւ Թուրքիան անդրկովկասյան հանրապետություններին ստիպում էին ճանաչել Մոսկվայի պայմանագրի դրույթները: Այստեղ մերժվեցին հայկական կողմի բոլոր պահանջներն ու առաջարկները: Թուրքիան մինչեւ վերջ պնդեց պահպանելու Մոսկվայի պայմանագրի սկզբունքները:
1921թ. հոկտեմբերի 13-ին Կարսում կնքվեց մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ոգուն համապատասխան պայմանագիր: Հայաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան ճանաչում էին Նախիջեւանի անցումը Ադրբեջանին: 
1921թ. նոյեմբերի 6-ին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կնքված համաձայնությամբ Լոռին մնաց Հայաստանին, իսկ Ախալքալաքը, Ծալկան, Բոլնիս-Խաչենը անցան Վրաստանին:
Սեւրի պայմանագրից ամիսներ անց եվրոպական մեծ տերությունները` Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, եւս փոխեցին իրենց վերաբերմունքը Հայկական հարցում: Դա առաջին անգամ ակնհայտ երեւաց 1921թ. փետրվարի 21-ից մինչեւ մարտի 14-ը գումարված Լոնդոնի կոնֆերանսում: Ա.Ահարոնյանը եւ Պողոս Նուբարը կոնֆերանսում պահանջեցին պահպանել Սեւրի պայմանագրի սկզբունքները եւ միջոցներ ձեռնարկել Արեւմտյան Հայաստանը թուրքերից ազատագրելու համար: Սակայն այնտեղ որոշվեց վերանայել Սեւրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները: Կոնֆերանսը սահմանափակվեց Թուրքիայի արեւելյան նահանգներում «Հայկական ազգային օջախ» ունենալու հայերի իրավունքի ձեւական ճանաչմամբ, որը, սակայն, կտրականապես մերժվեց թուրքական պատվիրակության կողմից:
Հայկական հարցը քննվեց նաեւ 1922թ. նոյեմբերի 20-ից 1923թ. հուլիսի 24-ը Լոզանում (Շվեյցարիա) հրավիրված միջազգային կոնֆերանսում: Նրան մասնակցում էին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, Հունաստանը, Ճապոնիան, Ռումինիան, Հարավսլավիան, դիտորդի կարգավիճակով` ԱՄՆ-ը: 
Լոզան ժամանած Ավ. Ահարոնյանի եւ Ալ. Խատիսյանի գլխավորած ՀՀ պատվիրակությանը չթույլատրվեց պաշտոնապես մասնակցել կոնֆերանսին: Հիմնավորումն, անկասկած, իրավացի էր, այն այլեւս չէր ներկայացնում Հայաստանը, քանզի այնտեղ հաստատվել էին խորհրդային կարգեր: Չթույլատրվեց մասնակցել նաեւ Գ. Նորատունկյանի գլխավորած Հայ ազգային պատվիրակությանը: 
Հայկական զույգ պատվիրակությունները կոնֆերանսին ներկայացրին Հայկական հարցի լուծման, ավելի ճիշտ Հայաստանի սահմանագծման երեք տարբերակ. 1) «Հայկական ազգային օջախի» ստեղծում Վիլսոնի սահմանագծած Հայաստանի տարածքում, 2) Երեւանի հանրապետության սահմանների ընդարձակում՝ նրան միացնելով Արեւմտյան Հայաստանի մի մասը դեպի Սեւ ծով ելքով, 3) հակառակ դեպքում՝ Հայկական ազգային օջախի ստեղծում Կիլիկիայում: Հայկական հուշագիրը չէր ամրապնդվում որեւէ իրական գործոնով եւ, ինչպես սպասելի էր, տապալվեց: 
Լոզանում Հայկական հարցը վերածվելով «հայ գաղթականության» հարցի, փոխանցվեց Ազգերի լիգային, քանզի Թուրքիան մերժեց հայ գաղթականներին իրենց նախկին բնակավայրեր վերադառնալ թույլատրելու առաջարկությունը: Լոզանի հաշտության պայմանագրով Հայկական հարցը որպես միջազգային հարց հանվեց օրակարգից: Վերանայվեց Սեւրի պայմանագիրը՝ հաստատելով Թուրքիայի արդի սահմանները:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets