ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

18.08.2013

ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿ»

Աղոթքները մեր բոլոր,
Շարականները բոլոր,
Որ գրել ենք դարերի երկար ընթացքում
Ու մանավանդ խավարում միջնադարերի,
Իսկ օսմանական թուրքության
Անմարդկային գազանության
Գիշատչային բռնաբարության գեհենում,
Խճողակով ձեր արյան լերդնած պալարի,
Խճողակով փշրափշուր ձեր ոսկորների,
Որ Դեր Զորի ավազը չկարեց մարսել,
Որ ործկաց ու զգայռեց ամբողջ տարածքով…

Աղոթքները մեր բոլոր,
Շարականները բոլոր,
Պատարագում եմ ես ձեզ,
Զոհում եմ առ ձեզ,
Զզվանքով, որ մինչեվ այժմ
Չզորեցինք որակել,
Արժեվորել ըստ արդյամբ մեր նկունության,
Նկունությամբ հայրենի պետականության,
Նկունությամբ մեր խղճուկ մնացորդացի,
Որ եկել է ժառանգելու հրիտակը ձեր
Արաբական անջրդի անապատների,
Ավազների մեջ փղձկված ձեր զոհվածության…

Նահատակներ մեր բոսոր արյունահեղված,
Բռնաբարված որպես մայր,
Պղծված որպես քույր,
Աղճատված որպես եղբայր ու պարմանի,
Գանգաջախջախ սպանված որպես երեխա,
Մանուկ և սուրբ նորածին,
Որ որպես գոյ, մարդեղեն,
Դեռ մեղք չի գործել,
Հաստատելու մարդկային իր իրավունքը…
Եվ որպես այր, մարդ ու հայր,
Թեեվ տեր, բայց կրտած լաճ,
Բազմապատիկ կտտանքով
Խոխողված, մաշկազերծված…
Ստորության անդունդը նետված գարշահոտ…

Նահատակներ սրբազան,
Նահատակներ մեր բազում,
Նզովանքով մի խենեշ
Անձնասպան եմ ես լինում
Ձեր փոշու վրա,
Որ այսքան ավուր
Չկարողացանք թաղել ձեր փոշին
Հայրենիքում կամ մեր սրտում,
Ու պատմության փոթորիկը չի զորում ավլել
Բոզ աշխարհի պառավուկ, դժնի երեսից…
Դժնի երեսից…

Նահատակներ բյուրբազում
Անձնասպան եմ ես լինում
Անզորության նողկանքով դիակիս վրա…

Ու ինչպես ծեսն է հնոց,
Ահա կելնեն սեվագլուխ կղերները մեր,
Ու փոխարեն ի վերին Երեվանը մեր՝
Կկոնգոռնեն ի վերին… ողբ… Երուսաղեմ…
Ջհուդական ուրացող նզովանքով հեղգ…

Ողբ է… ողբ է հարյուրամյա…
Ժողովներ են մշակում
Նույն շարականները երգելու,
Կատարելու սուրբ պատարագ հանդիսավոր,
Հոգեհանգիստ, պաշտամունք
Խնկահոտախառն,
Որ ժահում է թուլության մեղկ շնչառությամբ։

Ո՜հ… ողբերս ու՞ր լացեմ իմ անզորության,
Անպետական սփյուռքով բազմաձայնության…

Իսկ հայրենիքը… մի բուռ… բազմաբուռ ճեղքված,
Որ պետական բռունցքով ազգ է փշրտում,
Ու բռունցքի ճեղքերից թափում է թափում…
Այլասերվող արտագաղթ… ապազգայնացում,
Հայրենական տարածքի բիրտ ազգաթափում։
Իսկ ցեղասպանության նահատակներիս հիշատակները
Արյունահեղձ ու փոշիացած
Մնում են թուրքության թալանած դրամագլուխը
Արաբական քարյուղահոս անապատներում,
Եվրոպայից ու Ամերիկայից շահելով
Քաղաքական ու ռազմավարական շահ ու տոկոսներ։

Իսկ ցեղասպանության նահատակներիս հիշատակները,
Տարածքներ, կոթողներ, վանքեր, խաչքարեր
Դեռ մնում են սփռված
Թուրքասեփականացված պետականությամբ
Ամերիկյան ու եվրոպական ռազմական դաշնակցությամբ,
Ռուսական էլ զենքերով ժանիքավորված։

Իսկ ազգափախ հայրենիքի պետերը շնչահեղձ
Անճարությամբ մոտենում են
Եվրոմիության, կամ
Եվրասիական Միության կախաղանին։

Բայց հնչում է Նրա ձայնը,
Որ իմ բառաչն է անհուսահեղց,
Որ ոչոք չմոտենա կախաղանին
Ինձնից բացի…

Զանգն է զուր… բառաչս է զուր…
Ցեղասպանության Նահատակներս են բառաչում,
Որ ես եմ բառաչում,
Ինքնասպանության վերջնական մոլությամբ,
Ոչոք չմոտենա կախաղանին
Ինձնից բացի…

Դավադրությունը շարունակվում է
Իմ ինքնասպանության հարյուրամյակին,
Որ Նահատակներիս Ցեղասպանության
Հարյուրամյա տարելիցն է…

Եվ իմ արյան լերդի
Ու ոսկորներիս փշրանքի վրա
Սփռված արդեն
Չորս ծագերում աշխարհի
Թուրքությունը զավթած իմ հայրենիքն է յուրացրել,
Որպես ռազմավարական դաշնակից
Ամերիկայի ու Եվրոպայի,
Ժանիքավորված նաեվ ռուսական զենքերով։

Անզորության իմ ողբերը ու՞ր լացեմ… ո՜հ…

Ողբով, աղոթքով ու սուգով կոծված ու հուշարձանացված,
Այլեվ քաղաքակիրթ բոլոր մանրամասնություններով
Նահատակներիս Ցեղասպանության հարյուրամյակ,
Իմ ինքնասպանության հարյուրերորդ
Տարելից եմ նշանավորում։

Այս ողբը… այս ողբը…
Իմը չէ, ոչ։
Իմը չէ։
Ես քայլում եմ ամերիկյան սուրբ հողի վրա,
Ապահովությանս հավաստիքով ու երաշխիքով.
Մինչդեռ նահատակներս մնում են անապատներում,
Որպես չոչնչացող փոշի, ցանուք ու մղեղ,
Որպես փոշի,
Որ իմ մնացորդն է,
Որ ուզում է մարմնավորվել որպես
Իրավունք,
Կյանք,
Հայրենիք…
Որ մնում է չճանաչված, թուրքաթալան,
Անի ու Մշո Սուրբ Կարապետ,
Վան ու Մհերի Դուռ…
Նեմրութի դիցարան…
Իսկ ծայրամասի որպես մնացուկ ու հույս,
Մի փոքրիկ Հայաստան,
Որ պահանջ էլ չունի
Իմ աճյուններին տեր կանգնելու…
Ահա իմ անտերության հարյուրամյա տարելիցը…

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets