ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

03.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ԿԷ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

1921 Թ. ՓԵՏՐՎԱՐՅԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Հայաստանի խորհրդայնացումից կարճ ժամանակ անց բոլշեւիկյան իշխանությունը ակտիվ պայքար սկսեց այսպես կոչված ժողովրդի թշնամիների դեմ: Դեկտեմբերին ձերբակալվեցին ՀՀ բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում Թ. Նազարբեկյանը, Մ. Սիլիկյանը եւ ուրիշներ, որոնց ոտքով քշեցին Ալավերդի՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով: Ապա ձերբակալվածներին ուղարկեցին Բաքվի եւ Ռուսաստանի բանտեր: 1921թ. փետրվարին Դիլիջանի շրջանում գնդակահարվեցին Սարդարապատի ճակատամարտի մեծ թվով հերոսներ, այդ թվում` Դանիել բեկ Փիրումյանը: Նրա եղբայր Պողոս բեկ Փիրումյանը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց: 
Անխնա հալածվում էր հայ մտավորականությունը, կողոպտվում հայ գյուղացիությունը: Բանակի կարիքները բավարարելու համար բնակչությունից բռնագրավվում էին պարենային եւ այլ ապրանքներ: Հացահատիկը բռնագրավվում էր նույնիսկ չքավոր գյուղացիներից: 
Ժողովրդի համբերությունը լցվում էր: Արդյունքում փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին Արագածի ստորոտում վերաբնակված սասունցիները: Մինչեւ փետրվարի 17-ը ապստամբները գրավեցին Աշտարակը, Էջմիածինը, Բաշ-Գառնին, Ախտան (Հրազդան) եւ այլ բնակավայրեր: Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը Կուռո Թարխանյանի եւ Բաշգառնեցի Մարտիրոսի գլխավորությամբ մտան Երեւան: Բոլշեւիկները եւ կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու (Արտաշատ): Բանտերից ազատվեցին Հ. Քաջազնունին, Լեւոն Շանթը, Ն. Աղբալյանը եւ 100-որ այլ պետական գործիչներ ու մտավորականներ:
Երեւանի գրավումից անմիջապես հետո Սիմոն Վրացյանի գլխավորությամբ ստեղծվեց «Հայրենիքի փրկության կոմիտե», որը պետք է կառավարեր երկիրը մինչեւ կառավարության ձեւավորումը: Կոմիտեն փետրվարի 18-ին ժողովրդին ուղղած իր առաջին ուղերձում՝ կոչ էր անում պաշտպանել կարգ ու կանոնը, խստիվ կատարել Կոմիտեի բոլոր կարգադրությունները: Հայաստանի տարածքի մի մասի վրա վերականգնվեց անկախությունը, որը տեւեց մեկ ու կես ամիս: 
Փետրվարի 18-ի իրադարձության մասին Կոմիտեն հաղորդեց Փարիզում գտնվող ՀՀ պատվիրակությանը, մեծ պետությունների կառավարություններին՝ Փարիզ, Լոնդոն, Հռոմ, Ազգերի լիգա եւ այլն, սակայն այդ բոլորը մնաց անպատասխան: Հաղորդագիր ուղարկվեց նաեւ Վրաստան, որտեղ, ՀՀ խորհրդայնացումից հետո, հայերի նկատմամբ սկսվել էին բռնություններ: Փետրվարի 21-ին Վրաստանը պատասխանեց Հայաստանին, որից հետո վերականգնվեց Հայաստանի դեսպանատունը Թիֆլիսում, կասեցվեցին բռնությունները: Սակայն փետրվարի 25-ին Վրաստանը խորհրդայնացվեց: Ի դեպ, Վրաստանի խորհրդայնացումից հետո նրա կողմից գրավված Լոռու «Չեզոք գոտին» վերամիավորվեց Հայաստանին:
Մեծ պետությունները որեւէ օգնություն ցույց չտվեցին Հայաստանին: Բոլորի համար պարզ էր, որ խորհրդային իշխանության վերականգնումը միայն ժամանակի խնդիր էր: Պատերազմում Թուրքիայից ջախջախիչ պարտություն կրած եւ տարածքների գրեթե կեսը կորցրած փոքր Հայաստանը չէր կարող երկար ժամանակ դիմադրել խորհրդային բանակին:
Անկախության ամբողջ ընթացքում արյունահեղ մարտեր էին մղվում կարմիր բանակի դեմ: Արդեն փետրվարի 27-ին բոլշեւիկները փորձեցին ընդհանուր հարձակմամբ գրավել Երեւանը, սակայն մարտի 1-ին ստիպված էին նահանջել: Երկշաբաթյա դադարից հետո բոլշեւիկյան զորամասերը անցան նոր հարձակման եւ մարտի 16-ին գրավեցին Ղամարլուն: Սակայն հաջորդ օրը անցնելով հակահարձակման հայկական զորամասերը մարտի 20-ին ազատագրեցին այն` բոլշեւիկներից խլելով 2 թնդանոթ, 2 գնդացիր եւ այլն: Որքան էլ դիմադրությունը հերոսական էր, սակայն ուժերն անհավասար էին: Մարտի 25-ին սկսվեց բոլշեւիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով: Նրանք գրավեցին Ապարանը, Կոտայքը եւ, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան Երեւան: Մայրաքաղաքը ավերածությունից փրկելու եւ ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց Երեւանը հանձնել առանց մարտի: Քաղաքը բոլշեւիկներին հանձնելու համար ստեղծվել էր հանձնախումբ, որի մեջ ընդգրկվել էին Պարսից հյուպատոսը, ամերիկացի բժիշկ Լոշերը եւ Հ. Թումանյանը: «Հայրենիքի փրկության կոմիտեն», զորքը եւ մեծ թվով բնակիչներ Բաշ-Գառնի-Դարալագյազ գծով բռնեցին դեպի Զանգեզուր նահանջի ճանապարհը: Զանգեզուրում նրանք միացան Գ. Նժդեհի ուժերին, իսկ հուլիսին նրա հետ անցան Պարսկաստան:
Ապստամբության պատճառները քննարկվեցին Հայաստանի բոլշեւիկյան իշխանությունների կողմից, եւ որոշվեց ավելի մեղմ ու հանդուրժողական մոտեցում ցուցաբերել բնակչության նկատմամբ:
Փետրվարյան ապստամբության ճնշումից հետո Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն վերակառուցվեց Ժողկոմխորհի, որի նախագահ նշանակվեց ականավոր պետական եւ կուսակցական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets