ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

07.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԱ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

1939թ. սեպտեմբերի 1-ին ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Լեհաստանի վրա, որով սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Դրանից մեկ շաբաթ առաջ` օգոստոսի 23-ին Գերմանիան եւ ԽՍՀՄ-ը ստորագրել էին չհարձակման համաձայնագիր, որով ազդեցության գոտիների էին բաժանել Արեւելյան Եվրոպան: 1939-40թթ. Գերմանիան գրավեց գրեթե ողջ Եվրոպան, իսկ ԽՍՀՄ-ը տարածքներ գրավեց Լեհաստանից, Ֆինլանդիայից, Ռումինիայից, խորհրդայնացրեց Մերձբալթյան հանրապետությունները:
1941թ. հունիսի 22-ին Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա: Սկսվեց խորհրդային ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը: Այն բաժանվում է երեք ժամանակաշրջանի: Առաջին փուլն ընդգրկում է 1941թ. մինչեւ 1942թ. նոյեմբեր ամիսը, երբ խորհրդային բանակը հիմնականում կրում էր պարտություններ եւ նահանջում՝ թշնամուն թողնելով հսկայական տարածքները: Եկրորդ փուլը սկսվում է 1942թ. նոյեմբերին, երբ ծավալվեց Ստալինգրադի ճակատամարտը, որում խորհրդային բանակը տարավ պատմական հաղթանակ եւ բեկում մտցրեց պատերազմի ընթացքի մեջ: Այն ամրապնդվեց 1943թ. ամռանը Կուրսկի ճակատամարտում տարած հաղթանակով: Երրորդ փուլն ընդգրկում է 1944-1945թթ., երբ խորհրդային զորքերը թշնամուց ազատագրեցին օկուպացված շրջանները, Արեւելյան Եվրոպայի երկրները եւ հաղթականորեն մտան Բեռլին:
1945թ. մայիսի 9-ին Գերմանիայի պարտությամբ ավարտվեց Հայրենական մեծ պատերազմը, իսկ սեպտեմբերի 2-ին Ճապոնիայի կապիտուլյացիայով ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը հսկայական արհավիրքներ պատճառեց ամբողջ մարդկությանը:
Հայ ժողովրդի համար ԽՍՀՄ հաղթանակն ուներ գոյապահպանական նշանակություն, քանզի Թուրքիան գաղտնի բանակցություններ էր վարում Գերմանիայի հետ եւ 26 դիվիզիա էր կենտրոնացրել Անդրկովկասի սահմանին` ԽՍՀՄ վրա հարձակվելու համար: Թուրքերի ներխուժումը Անդրկովկաս հավասարազոր էր Արեւելյան Հայաստանի վերացմանը: Հայ ժողովուրդն ամենաակտիվ մասնակցություն ցուցաբերեց Գերմանիայի ջախջախման գործին ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլ նաեւ Սփյուռքում: Խորհրդային բանակ զորակոչվեցին մոտ 600.000 հայեր, որոնցից մոտ 300.000-ը զոհվեց պատերազմում:
Պատերազմին մասնակցեցին հայկական ազգային վեց դիվիզիաներ: 76-րդ լեռնահրաձգային դիվիզիան աչքի ընկավ Ստալինգրադի ճակատամարտում եւ ցուցաբերած սխրագործությունների համար վերակազմավորվեց 51-րդ գվարդիական դիվիզիայի: Այնուհետեւ այն մասնակցեց Կուրսկի ճակատամարտին, ՈՒկրաինայի ու Մերձբալթիկայի ազատագրմանը: 89-րդ դիվիզիան ռազմաճակատ մեկնեց 1942թ. սեպտեմբերին եւ Կովկասի նախալեռներից կռիվներով հասավ Բեռլին՝ անցնելով 3700 կմ: Դիվիզիայի հրամանատարը գեներալ Նվեր Սաֆարյանն էր: Նրա գլխավորությամբ դիվիզիան Ղրիմում մասնակցեց Թամանյան թերակղզու ազատագրմանը, որի համար ստացավ «89-րդ Թամանյան դիվիզիա» անունը: 390-րդ դիվիզիան մարտական ուղին սկսեց Կերչի թերակղզում 1942թ. հունվարից: Կերչի կռիվներում դիվիզիան ունեցավ մեծ կորուստներ, զոհվեց հրամանատար, գնդապետ Սիմոն Զաքյանը: 409-րդ դիվիզիան մարտական ուղին սկսելով Թերեքի մոտից` հաղթականորեն հասավ մինչեւ Դանուբ: 408-րդ դիվիզիան մասնակցեց Կովկասի սեւծովյան ափերին մղվող կռիվներին: 261-րդ դիվիզիան պաշտպանում էր ԽՍՀՄ սահմանը Թուրքիայի հնարավոր ոտնձգությունից, որը սպասվում էր Մոսկվայի եւ Ստալինգրադի անկման դեպքում:
Այս դիվիզիաներից բացի հայերը նշանակալի կշիռ ունեին մի շարք այլ դիվիզիաներում եւս: Բացի այդ, Հայաստանի իշխանությունների որոշմամբ Հայաստանում ստեղծվեցին 10-յակ կործանիչ գումարտակներ, որոնց նպատակը ռազմական նշանակության օբյեկտների պաշտպանությունն էր, ինչպես նաեւ թշնամու դիվերսիաների դեմ պայքարելը: Նրանց մեջ ընդգրկվել էր մոտ 15.000 մարդ: 
Հայ զինվորականները մասնակցեցին գրեթե բոլոր կարեւորագույն ճակատամարտերին: Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը տվեց ԽՍՀՄ 117 հերոս (36-ը հետմահու) եւ մոտ 70 գեներալ: Ավելի քան 7.000 հայազգի զինվորներ պարգեւատրվեցին շքանշաններով եւ մեդալներով: Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման արժանացավ օդաչու, գնդապետ Նելսոն Ստեփանյանը: Նա հայտնի էր «Բալթիական մրրկահավ» անունով եւ ոչնչացրել է թշնամու 27 ինքնաթիռ, 85 տանկ, 13 նավ, 600 ավտոմեքենա եւ այլն:
Հայ ժողովուրդը Հայրենական պատերազմին տվեց բազմաթիվ նշանավոր զորահրամանատարներ: Մարշալ Հովհաննես Բաղրամյանի զորավարական տաղանդը ըստ ամենայնի երեւաց Բելոռուսիայի եւ Մերձբալթիկայի ազատագրման ժամանակ: Նա 1944թ. արժանացավ ԽՍՀՄ հերոսի կոչման: Խորհրդային ռազմածովային ուժերի նշանավոր հրամանատարներից էր ծովակալ Հովհաննես Իսակովը: Նա 1942-1943թթ. գլխավորել է Սեւծովյան նավատորմը: Արժանացել է հերոսի կոչման, նշանակվել ԽՍՀՄ ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբի պետ: Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) ԽՍՀՄ ավիացիայի շտաբի պետն էր: Ճանաչված զորավար էր զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը:
Հայերը հարկադրված որոշակի մասնակցություն ունեցան ռազմական գործողություններին նաեւ գերմանացիների կողմում: Գերմանացիները տարբեր ազգերի ռազմագերիներից կազմում էին ազգային լեգեոններ ԽՍՀՄ դեմ նրանց օգտագործելու համար: Նժդեհի, Դրոյի եւ այլոց նախաձեռնությամբ ստեղծվեց նաեւ հայկական լեգեոն: Դա մի հուսահատ փորձ էր պատերազմում ԽՍՀՄ պարտության դեպքում Գերմանիայի բարյացակամությունը շահելու եւ Թուրքիայի կողմից իրագործվելիք հայկական ջարդերը կանխելու համար:
Պատերազմին ակտիվ մասնակցություն ունեցավ նաեւ Հայկական սփյուռքը: Այն իր մասնակցությունը բերեց զինված պայքարի, դրամական հանգանակության, ինչպես նաեւ գաղափարական պայքարի ձեւով: Սփյուռքում հավաքված գումարներով ստեղծվեցին «Սասունցի Դավիթ», «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյունները: Ֆրանսիայում հայերը ակտիվորեն մասնակցեցին ֆաշիզմի դեմ ֆրանսիական ժողովրդի մղած պայքարին: Սփյուռքահայ պարտիզաններից առավել հայտնի էր Ֆրանսիայում գործող Միսաք Մանուշյանի պարտիզանական ջոկատը: Սփյուռքահայությունը պատերազմին մասնակցեց նաեւ դաշնակից երկրների բանակներում: Միայն ԱՄՆ զորքերում կռվում էին մոտ 20.000 հայ զինվորներ:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets