ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.08.2013

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ - Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյան

Էռնեստ (Երվանդ) Հերբերտ Դերվիշյան, (օգոստոսի 10, 1916 – մայիսի 20, 1984), հայազգի ամերիկյան բանակի սպա, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։

Ծնվել է 1916 թվականին ԱՄՆ Ռիչմոնդ քաղաքում։ Ստացել է Երվանդ անունը։ 1933 թվականին ավարտել է Ջոն Մարշալի անվան միջնակարգ դպրոցը։ 1937 թվականին հանձնելով Վիրջինիա նահանգի քննությունները ստանում է իրավագիտության բակալավրի աստիճան։ 1941 թվականի սեպտեմբերին իր ծննդավայրից մեկնում է բանակ և որպես շարքային ծառայության անցնում։ Վերապատրաստվել է Հարավային Կարոլինայում։ 1944 թվականին, Իտալիայում ֆաշիստների դեմ մարտերին մասնակցելիս, հետևակային 34-րդ դիվիզիայի տեխնիկական սերժանտ էր։

Հերոսական արարքը
1944 թվականի Մայիսի 23-ին Սիստեռնայի մոտ ամերիկյան ջոկատն ընկնում է շրջապատման մեջ։ Ամբողջ ջոկատից ողջ է մնում միայն Դերվիշյանը։ Անընդհատ դիրքը փոխելով և հրաձգություն վարելով նա փորձում է տպավորություն ստեղծել, թե ջոկատը մարտունակ է։ Երբ զինամթերքը սպառվում է, միայն ատրճանակով զինված Դերվիշյանը անցնում է թշնամու դիրքերը, խլում մեկ գնդացիր և անակնկալի բերում հակառակորդի ջոկատին։ Արդյունքում՝ մեն-մենակ գերևարում է թշնամու 45 զինվորի, խլում երեք գնդացիր և տասն ատրճանակ։

Գնահատականը
Պատերազմի ավարտից հետո էլ Էռնեստ Դերվիշյանը շարունակեց իր ծառայությունը Եվրոպական և խաղաղօվկիանոսյան տարբեր շրջաններում: Զորացրվել է ավագ լեյտենանտի կոչումով (ըստ այլ տվյալների գնդապետի)։ Բացի Կոնգրեսի պատվո շքանշանից, Դերվիշյանը պարգևատրվել է մի շարք երկրների շքանշաններով՝ լեհական վտարանդի կառավարության կողմից` Պատվո մեդալով, Բրոնզե աստղով և իտալական հրամանատարության կողմից՝ Արծաթե խաչով, ռազմական արիության խաչով և այլն: Զորացրվելով` Դերվիշյանը զբաղեցրել է ռազմական բարձր պաշտոններ՝ եղել է Ամերիկյան ազգային լեգեոնի փոխհրամանատար, ռազմական պետական կարևոր հարցերով խորհրդական:
ԱՄՆ ազգային հերոս Էռնեստ Դերվիշյանը մահացել է 1984 թվականին և թաղված է ծննդավայրի Վեստհեմփթն հիշատակի պուրակում։

Ծանոթագրություններ

Ե. Խալեյան, «Սփյուռքահայության Մասնակցությունը ՀակաՖաշիստական Պայքարում, 1941-1945», Երևան, ԳԱ, 1970, էջ 160
Tashjian, James H. The Armenian American in World War II. Boston: Harenik Association, 1952, p. 70.

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets