ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

08.08.2013

«Այն, ինչ պետական մակարդակով չի արվում, որոշեցի անել ես՝ իմ ուժերով»

Հարցազրույց nakhshkaryan.blogspot.com ազգային, պատմամշակութային կայքի հեղինակ Արա Նախշքարյանի հետ: 

- Արա, շնորհավորում եմ Ձեզ՝ օրերս կայացած Ձեր «Լիսբոնի իմ ընկերները» գրքի շնորհանդեսի առիթով, և կխնդրեի՝ պատմել՝ ի՞նչ գիրք է, ինչի՞ մասին է:
- Շնորհակալ եմ: Որպես այդպիսին՝ կարելի է նաև գրքույկ անվանել, որովհետև ծավալով փոքր է: Այնտեղ ներկայացված է 1983թ. հայտնի դեպքերը, երբ 5 հայ անձնազոհ ընկերներ հուլիսի 27-ին նախադեպը չունեցող գործողություն ծրագրեցին Լիսաբոնում՝ թուրքական դեսպանատան հետ կապված: Իր բնույթով սա տեռորիստական ակտ չէր, այլ անձնասպանություն, տղաները մինչև վերջ մնացին, ոչ թե տեռորիստների պես խփեցին ու փախան: Քանի որ ամեն տարի ես այդ օրը նշելու համար տարբեր նախաձեռնություններով էի հանդես գալիս՝ մոմավառություն, դրոշ այրել, այս անգամ էլ մտածեցի, որ այդ ամենը հնացել է և նախաձեռնեցի գրքի հրատարակումը: Գիրքը միակ մնայուն արժեքն է, որ կմնա հիշողության մեջ, տանը, սեղանի վրա: Այն կարողացա տպագրել մեկենասների շնորհիվ: Լիբանանից տղաներից մեկի՝ Սարգիս Աբրահամյանի եղբայրը 300 դոլար փոխանցեց, հետո Սիմոն Յահնիյանի եղբայրը՝ 200 դոլար փոխանցեց, նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերեցին իրաքահայեր, ռուսահայեր, կանադահայեր, Շվեյցարիայի հայերը, նաև Հայաստանից բարերարներ եղան: Ասեմ, որ գրքի տպագրումը մինչև տարեվերջ պիտի շարունակեմ, որ ամբողջ Հայաստանում այն տարածվի: Սա մեր Հայոց պատմության «Աստվածաշնչի» այն կորած գլուխն է, որ մենք գտել ենք ու պարտավոր ենք սերտելու:
- Մեր պատմության նմանատիպ բազմաթիվ անհայտ ու հայտնի էջեր՝ ամենօրյա թարմացվող լրահոսի միջոցով, Դուք անընդհատ մատուցում եք համացանցից օգտվող հանրությանը: Հետաքրքիր է, ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը:
- Տանը հայրենասիրական, ազգային բնույթի նյութերի հսկայական արխիվ ունեի՝ թե՛ վիդեոների, թե՛ գրականության տեսքով, և որոշեցի բլոգի միջոցով այդ ազգային արժեքներին հասարակությանը հաղորդակից դարձնել: Առաջին 2-3 նյութերը տեղադրելուց հետո տեսա, որ դրանք շատ արագ տարածվում էին համացանցում ու ժողովուրդը դրա կարիքն ունի: Անցած տարի բաց նամակով դիմեցի երկրի նախագահին՝ հարցադրելով, թե մի՞թե հնարավոր չէ շաբաթվա մեջ գոնե մի օր Հայաստանում գործող բոլոր հեռուստառադիո ընկերություններին ու թերթերին հրահանգվի միայն հայկական նյութեր մատուցել, բացատրեցի, որ 5000 տարվա վաղեմություն ունեցող մեր պատմությունը, արվեստն ու մշակույթը քցել ենք գետնին ու անխնա հարվածում ենք: Բայց արձագանք չեղավ: Ու որոշեցի. այն, ինչ պետական մակարդակով չի արվում, անեմ ես՝ իմ ուժերով: Փառք Աստծո, կարծես թե ստացվել է. 508 օրական բլոգն ունի 560.000 այցելու, օրական շուրջ 12.000 այցելու: Բլոգի նյութերը թարմացվում են ամեն օր և տարածվում համացանցում՝ սոցիալական կայքերի, այլ լրատվական կայքերի միջոցով: Շատ-շատ ճանաչված, ավելի հին կայքեր երազում են այդ թվին հասնել: Ու հետո, ես հասկացա, որ մարդիկ ազգային արժեքներին ծանոթանալու կարիք ունեն և, փաստորեն, բլոգը կարողացավ մարդկանց մեջ վերահաստատել պատմական արժեքների հանդեպ իր կայուն հավատարմությունը: Մի կարևոր հանգամանք ևս. կայքն իր բնույթով հայրենասիրական է և այնտեղ չես տեսնի ոչ մի բնույթի գովազդ, կայքի միջոցով ես գումար չեմ աշխատում:
- Հասարակական, քաղաքական կյանքը՝ իր զարգացումներով, բողոքի ալիքներով ու ցույցերով, ընդվզումներով, ինչ-որ կերպ արտացոլվո՞ւմ է Ձեր կայքում:
- Կայքում տեղ են գտնում այն ամենը, ինչ վերաբերվում է հայրենիքին: Եթե այլ կայքերում էլ նմանատիպ նույթեր եմ գտնում, տեղադրում եմ իմ բլոգում՝ մտածելով, որ դա հասարակությանն է: Կայքը ստեղծված օրվանից մինչ օրս ես մենակ եմ աշխատեցնում ու, հնարավոր է, շատ բաներից տեղյակ չլինեմ: Կան մարդիկ, որ գլխի են քցում, ու ես անմիջապես արձագանքում եմ: Աշխատում եմ, որ ոչինչ աչքիցս չվրիպի: Քաղաքական թեմաներից փորձում եմ զերծ մնալ, զուտ չքաղաքականացնելու խնդիր կա, քանի որ ես ինքս դաշնակցական եմ և հանկարծ չստացվի, որ միակողմանի եմ ներկայացնում:
- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր բլոգի արդյունավետությունը:
- Կայքում փնտրված ու կարդացված նյութերից եկել եմ այն եզրակացության, որ ուսուցողական բնույթի նյութերն են շատ որոնվել, ըստ երևույթին, ուսանողների, աշակերտների կողմից: Մի օր ընկերներիցս մեկը զանգեց, ասաց. «Ինձ հարցնում են, թե Սոսե մայրիկի մասին նյութ ենք փնտրում, «Արանախշքարյան» կայքից ենք գտել, արժե՞ օգտվել»: Ասել է. «Միայն էդտեղից պիտի օգտվել, ուրիշ տեղից չես էլ գտնի»: Այսինքն՝ հասարակությունը կարողացավ օգտվել: Կարող եմ ասել, որ կայքը հաջողված է:
- «Լիզբոնի իմ ընկերները» գրքի հրատարակումը համացանցային տիրույթից դուրս գալու առաջին փորձն էր: Առաջիկայում նպատակ կա՞ բլոգի մյուս նյութերը ևս առցանց տիրույթից հանելու ու այլ կերպ մատուցելու համացանցից չօգտվող հանրությանը:
- Դա ծախսերի հետ է կապված ու, քանի որ ֆինանսավորում չունեմ, իմ բազմաթիվ նախագծեր կիսատ են մնում: Առայժմ, մինչև տարեվերջ, միայն 1.500 օրինակով գրքույկն է դարձյալ լույս տեսնելու: Նմանատիպ նոր նախագիծ եմ որոշել անել, բայց դա արդեն 5 տարի հետոյի համար է՝ նպատակ ունեմ այս նույն գիրքը ավելի ընդգրկուն, Լիսբոնի հետ առնչվող բոլոր մանրամասներով ներկայացնել հանրությանը: 
Զրուցեց՝ Մ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
«ՇՐՋԱՊԱՏ» շաբաթաթերթ
ք. Գյումրի

1 комментарий:

  1. Մենք Ձեզ շատ սիրեցինք պարոն Նախշքարյան: Ձր արված աշխատանքը բոլորիս է անհրաժեշտ: Ձեզ երկա՜ր ու ձիգ կյանք:

    ОтветитьУдалить

Blogger Widgets