ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

10.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԴ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-ական ԹԹ.

Մինչեւ 1960-ական թթ. Խորհրդային Միության մեջ արգելված էր խոսել Մեծ եղեռնի մասին: 1926թ. Հայ Առաքելական եկեղեցուն արգելվեց ապրիլի 24-ին նշել ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրությունը փոխվեց 1965թ., երբ Հայաստանում սկսվեց ազգային զարթոնքը: Դա կապված էր խրուշչովյան կառավարման տարիներին ԽՍՀՄ-ում ստեղծված հասարակական ազատության հետ: 1965թ. առաջին անգամ հայրենիքում նշվեց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրան նախորդել էր Հայաստանի ղեկավարության, առաջին հերթին ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանի տեւական աշխատանքը: 1960թ. վերջին նշանակվելով առաջին քարտուղար՝ Յ. Զարոբյանը ձեռնամուխ էր եղել խիստ որոշակի ազգային ծրագրերի իրագործմանը: 1961թ. նա ՀԿԿ ԿԿ քարոզչական բաժնում ստեղծեց Արտասահմանյան կապերի ենթաբաժին, որի առջեւ խնդիր դրեց զբաղվել Սփյուռքի հարցերով: 1964թ. մայիսին ՀԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց Սփյուռքահայության հետ մշակույթային կապի կոմիտեն:
Արդեն 1961թ. Յ. Զարոբյանը հետաքրքրվում էր Եղեռնի 50-րդ տարեդարձի հարցերով: 1961թ. հունիսին ԽՄԿԿ ԿԿ ուղղված դիմումում Գրիգոր Զոհրապի 100-ամյակը նշելու առիթով Զարոբյանը անդրադարձավ նաեւ 1915թ. ողբերգությանը: Նա շեշտում էր, որ 1915թ. հայկական կոտորածի օրերին հայ մտավորականության մյուս ներկայացուցիչների հետ Զոհրապը բանտարկվել եւ թուրքերի կողմից գազանաբար սպանվել է: Լույս տեսան մի շարք պատմագիտական աշխատություններ, որոնցում բացահայտվում էր Հայոց ցեղասպանությունը:
1964թ. հուլիսի 16-ին մի խումբ հայ մտավորականներ ՀԿԿ ԿԿ-ին նամակ գրեցին Եղեռնի 50-րդ տարին նշելու խնդրանքով եւ ներկայացրին 11 առաջարկություններ, այդ թվում հուշարձան կառուցելու մասին: 1965թ. ապրիլի 24-ին եղեռնի 50-րդ տարվա առիթով Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում առաջին անգամ կառավարական մակարդակով նշվեց եղեռնի տարելիցը: Նրան ներկա էր ՀԽՍՀ ողջ ղեկավարությունը, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ը: Նույն օրը Երեւանում կայացավ համազգային ցույց, որը ԽՍՀՄ պատմության մեջ առաջին զանգվածային ելույթն էր: Մոտ 30-40.000 ցուցարարներ էին հավաքվել Լենինի (Հանրապետության) հրապարակում: Նրանց առաջ ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Ա. Քոչինյանը, որին ցուցարարները հանձնեցին իրենց պահանջագիրը: Երեկոյան ցուցարարները հավաքվեցին Օպերայի շենքի հրապարակում եւ իշխանություններից պահանջեցին դատապարտել հայոց եղեռնը, հասնել նրա միջազգային ճանաչմանը, պաշտպանել հայության պատմական իրավունքները: Ցուցարարներն իրենց ներկայացուցիչներին ուղարկեցին Օպերայի շենք` իմանալու այդ օրը Ա. Քոչինյանին հանձնված թղթերի ճակատագրի մասին: Նրանց, պատասխանելու փոխարեն, ծեծեցին: Այդ միջադեպն էլ պատճառ դարձավ, որ ցուցարարները քարկոծեն եւ ջարդեն Օպերայի շենքի ապակիները: Հաջորդ օրերին ցուցարարների արարքները վերին մակարդակով դատապարտվեցին, ցույցի մի շարք մասնակիցներ ձերբակալվեցին: Հայ մտավորականության մի շարք ներկայացուցիչներ` Սիլվա Կապուտիկյանը, Սեւակ Արզումանյանը, Համո Սահյանը եւ այլն, հանդես եկան ձերբակալվածների պաշտպանությամբ:
1965թ. ապրիլի 24-ին Մայր Աթոռում Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ը պատարագ մատուցեց, կատարվեց հոգեհանգիստ՝ նվիրված հայ նահատակների հիշատակին: 1965թ. հոկտեմբերի 31-ին Վազգեն Ա-ը Մայր Տաճարի հյուսիսային կողմում բացեց Եղեռնի նահատակների հուշարձանը: Հայաստանում տեղի ունեցան նաեւ բազմաթիվ այլ միջոցառումներ: Գրողների տանը կազմակերպվեց նահատակ գրողների հիշատակին նվիրված երեկո, որում խոսեցին Ստ. Զորյանը, Գեւորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլն: 
1967թ. Ծիծեռնակաբերդի բլրի վրա ավարտվեց 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցումը: 1960-ական թթ. ազգային զարթոնքի նշանակալի դրսեւորումներից դրսեւորումներից էր 1968թ. Սարդարապատի հերոսամարտի 50-ամյակի նշումը եւ նրան նվիրված հուշարձանի կառուցումը:
Եղեռնի 50-րդ տարվա միջոցառումների կազմակերպման մթնոլորտում աշխուժացան նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերը: Եթե 1964թ.՝ հիմնադրման պահին Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն կապեր էր հաստատել սփյուռքահայ 620 կառույցների եւ գործիչների հետ, ապա 1965թ. մայիսին արդեն 900-ի հետ: Երեւանում կազմակերպվեց մտավորականության հանդիպում սփյուռքահայ ուսանողության հետ, նշվեց Վահան Թեքեյանի մահվան 20-ամյակը: 
ՀԿԿ ԿԿ-ն որոշեց 1965թ. կատարելագործման նպատակով Հայաստան հրավիրել 30 սփյուռքահայ ուսուցիչների, իսկ հանգստանալու նպատակով 60 սփյուռքահայ դպրոցականների: Այդուհետ այդ երեւույթը դարձավ կանոնավոր: Դեռեւս 1962թ. ՀԿԿ ԿԿ Բյուրոն որոշել էր Երեւանում սփյուռքահայ դպրոցների համար տպագրել դասագրքեր: 1965թ. դա ստացավ առավել կազմակերպված բնույթ: 1965թ. հիմնադրվեց «Հայրենիքի ձայն» թերթը, որպես Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի պաշտոնաթերթ: 
1965թ. Հայաստանի ղեկավարությունը ԽՍՀՄ ղեկավարությունից խնդրեց թույլատրել շարունակել հայրենադարձությունը: Հայաստանի կառավարությանն արտոնվեց 1965-1970թթ. կազմակերպել տարեկան 1.000 մարդու հայրենադարձություն: 
Համազգային զարթոնքի պայմաններում դարձյալ բարձրացվեց Ղարաբաղի հարցը: Ղարաբաղի ավելի քան 40.000 բնակիչներ ստորագրություններ դրեցին Ղարաբաղը Հայաստանին միացնելու օգտին: Նույն հարցով հանդես եկան նաեւ Խորհրդային Հայաստանի 1.906 մտավորականներ: 1966թ. Հայաստանի ղեկավարությունը երկու անգամ Խորհրդային Միության ղեկավարության առաջ բարձրացրեց Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը Հայաստանին միացնելու հարցը: Սակայն, Խորհրդային Միության որոշ ղեկավարների եւ Ադրբեջանի անբարյացակամության, վերջինիս նորանշանակ ղեկավար Հեյդար Ալիեւի գաղափարական-քաղաքական եւ տնտեսական հակաքայլերի հետեւանքով հարցն այս անգամ էլ չլուծվեց:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets