ՄԵՆՅՈՒ

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԳՐԱԿԱՆ - ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ, ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ, ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ, ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ, ԱԶԳԱՅԻՆ, ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԿՐԹԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԲԼՈԳ   «Բոլորն ուզում են իրենց երեխաներին թողնել լավ աշխարհ, իսկ ես աշխարհին ուզում եմ թողնել լավ երեխաներ» ԿԱՐԼՈՍ ՍԼԻՄ ԷԼՈՒ  
Drop Down MenusCSS Drop Down MenuPure CSS Dropdown Menu

09.08.2013

ՍԵՐՏՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ դաս ՀԳ

Հեղինակ` Ս. Պողոսյան, Արմեն Ասրյան, Խ. Ստեփանյան, Է. Հովհաննիսյան 
Հայոց Պատմություն

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ 1945-1988 ԹԹ.

Թեեւ պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը չէր ավերվել, այնուամենայնիվ այն վերակառուցման եւ վերականգնման անհրաժեշտություն էր զգում, որովհետեւ պատերազմի ժամանակ ամբողջովին հարմարեցվել էր ռազմական արտադրության պահանջներին: 1945թ. հուլիսին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց օրենք ժողողովրդական տնտեսության վերականգման ու զարգացման մասին: 1947թ. դրությամբ ավարտվեց տնտեսության վերակառուցումը: Հայաստանի արդյունաբերության զարգացման տեմպերը ամենաբարձրերից էր ԽՍՀՄ-ում: 
Հայաստանի արդյունաբերությունը հետագա զարգացում ապրեց 1950-ական թթ.: Այն բնորոշվում էր ծանր արդյունաբերության՝ գունավոր մետաղների արտադրության, մետաղամշակման, մեքենաշինության, հատկապես քիմիական արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության աճի բարձր տեմպերով: Հայաստանի արդյունաբերության միակողմանի զարգացումը՝ էներգատար եւ մետաղատար ուղղությունների եւ քիմիական արդյունաբերության զարգացումը ծանրացրեց հանրապետության բնապահպանական վիճակը, ստիպեց նոր հիդրոէլեկտրակայաններ հիմնել եւ անխնա օգտագործել Սեւանի ջուրը: Դրա հետեւանքով 1952թ. Սեւանա լճի կղզին վերածվեց թերակղզու: 
1976թ. Մեծամորում գործարկվեց հայկական հայկական ատոմակայանը: Խիտ բնակչություն ունեցող Արարատյան դաշտում, սեյսմիկ գոտում նրա կառուցումը հետագայում շատերի կողմից գնահատվեց սխալ: Այնուամենայնիվ, այն Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: 
1960-1970-ական թթ. Հայաստանում կառուցվեցին նոր քաղաքներ` Աբովյանը, Չարենցավանը, Քաջարանը, Ջերմուկը, վերակառուցվեցին Ալավերդին, Ղափանը, Արթիկը, Էջմիածինը եւ այլն: 
Հետ պատերազմյան շրջանում աճեց Հայաստանի բնակչությունը: Դրան նպաստեց նաեւ 1946թ. սկսված հայրենադարձությունը: Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակը, ինչպես նաեւ հայկական պատմական տարածքները Թուրքիայից վերցնելու եւ Հայաստանին միացնելու մասին ԽՍՀՄ ղեկավարության ցանկությունը խթանել էին սփյուռքահայության նոր հայրենադարձությունը:
1946թ. Լիբանանից, Սիրիայից, Իրանից, Հունաստանից եւ այլ երկրներից Հայաստան ներգաղթեցին 51.000 հայեր, 1947թ.` 35.000, 1948թ.՝ 10.000 հայեր: Հայրենադարձությունը շարունակվեց նաեւ հետագայում, սակայն բավական թույլ ձեւով: 1950-ական թթ. Հայաստան ներգաղթեց 4.000, 1960-1970-ական թթ.՝ 32.000 հայ: 1980-ական թթ. վերջից եւ հատկապես 1990-ական թթ. սկզբներից, կապված Հայաստանում սոցիալ-տնտեսական անապահովության` կենսամակարդակի անկման, իշխանական կամայականությունների, կաշառակերության երեւույթների խորացման հետ, հայրենադարձները, նրանց հարազատները եւ հարյուրհազարավոր տեղացիներ հեռացան հայրենիքից:
Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին ծանր հարված հասցրեց 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած 9 բալ ուժգնությամբ Սպիտակի երկրաշարժը: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի 40%-ը՝ 1.130.000 բնակչությամբ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները եւ հարյուրից ավելի գյուղեր: Պաշտոնական տվյալներով զոհվեց 25.000 մարդ, 530.000-ը դարձավ անօթեւան: Լրիվ կամ մասամբ ավերվեցին 230 արդյունաբերական ձեռնարկություններ եւ արտադրամասեր՝ 82.000 աշխատատեղով: Երկրաշարժի հետեւանքով հանրապետությունում վնասվեց մոտ 9 մլն քառ. մետր բնակտարածություն, որը կազմում էր ընդհանուր բնակֆոնդի 17%-ը: Աղետը Հայաստանի տնտեսությանը ընդհանուր առմամբ հասցրեց 13 մլրդ ռուբլու վնաս:
Դրությունն անմխիթար, վայրիվերումներով լի էր հասարակական-քաղաքական կյանքում: Պատերազմից հետո բռնությունները ԽՍՀՄ-ում վերսկսվեցին: Հայաստանում 1945-1952թթ. շինծու մեղադրանքներով բռնադատվեց 2.946 մարդ: 1948թ. աքսորի կամ կրկին դատապարտման ենթակվեցին 1930-ական թթ. դատապարտվածները, որոնք նոր-նոր էին տուն վերադարձել: Հետպատերազմյան տարիներին ԽՍՀՄ կառավարությունն իրականացրեց ամբողջ ժողովուրդների եւ բնակչության առանձին խմբերի արտաքսում իրենց հայրենի բնակավայրերից դեպի հեռավոր շրջաններ: Ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում պետական անվտանգության մարմինները կազմեցին անբարեհույս տարրերի` նախկին դաշնակցականների, հայ լեգեոնականների, գերիների եւ նրանց ընտանիքների անդամների, նախկինում բռնաճնշման ենթարկվածների ընտանիքների անդամների ցուցակներ: 1949թ. հունիսի 14-ի առավոտյան խիստ գաղտնի պայմաններում Հայաստանից Ալթայի երկրամաս անժամկետ աքսորվեց մոտ 14.000 մարդ: Արտաքսվածների մեջ կային նաեւ որոշ հայրենադարձ հայեր, սակայն նրանց թիվը մեծ չէր: Ստալինի մահից հետո վերանայվեց նաեւ 1949թ. աքսորվածների հարցը, նրանք արդարացվեցին եւ իրավունք ստացան վերադառնալ իրենց բնակավայրեր:
Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում նկատելի էին նաեւ դրական երեւույթներ: Տարիներ շարունակ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրությունների կազմակերպումն արգելող խորհրդային վարչակարգը` 1945թ. արտոնեց կաթողիկոսական ընտրությունների կազմակերպումը: 1945թ. հունիսի 16-ին ս. Էջմիածնում գումարվեց Ազգային եկեղեցական ժողով, որին մասնակցում էին պատգամավորներ ԽՍՀՄ եւ արտասահմանյան թեմերից, օտարերկրյա հյուրեր: Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Գեւորգ Զ Չորեքչյանը: Վերաբացվեցին մի շարք եկեղեցիներ եւ վանքեր: Եթե պատերազմի տարիներին գործում էր 4 եկեղեցի եւ 2 վանք, ապա 1945-1947թթ. 13 եկեղեցի եւ 4 վանք: 1955թ. սեպտեմբերին Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրվեց Ռումինիայի թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Պալճյանը: 1955թ. հոկտեմբերի 2-ին Մայր տաճարում տեղի ունեցավ նորընտիր կաթողիկոս Վազգեն Ա-ի օծումը (1955-1994):
1970-ական թվականներից, ինչպես ամբողջ ԽՍՀՄ-ում, այնպես էլ Հայաստանում սկսվեց տնտեսության եւ հասարակական կյանքի լճացում: Հետզհետե արմատավորվեցին կաշառակերությունը, պաշտոնյաների կողմից կատարվող անօրինականությունները: Հասարակական սեփականությունը դիտվում էր ոչ մեկին չպատկանող, որի հետեւանքվ մեծ ծավալներ ընդունեց պետական ունեցվածքի թալանը: Ժողովուրդը կորցրեց հավատը իշխանությունների եւ պետական լրատվամիջոցների նկատմամբ: Այս ամենը ի վերջո ծանր ներքաղաքական ճգնաժամի հանգեցրեց ԽՍՀՄ-ին:

Комментариев нет:

Отправить комментарий

Blogger Widgets